Քրիստոնեության ջատագովական ըմբռնումը իբրև փիլիսոփայություն

 Այս ըմբռնման մէջ գլխաւոր գաղափարն այն է, որ քրիստոնեաներին յայտնագործուած վարդապետութեան մէջ արդէն տուած է այն, ինչ որ ամեն ճշմարիտ փիլիսոփայութիւն փնտրում է: Քրիստոնէական վարդապետութիւնն է միակ վստահելի և արդիւնաւոր փիլիսոփայութիւնը (Յուստինոս): Միայն նա է բերում կրօնական ազատիչ և վերանորոգիչ ճշմարտութիւնը, որը սաղմային դրութեան մէջ եղել է ճշմարիտ իմաստունների մօտ: Այդ պատճառով էլ յայտնութեան գաղափարն այստեղ իշխող է. փրկութիւնը գլուխ է գալիս գլխաւորապէս ճշմարիտ, կռապաշտական մոլորութիւնից ազատող աստուածաճանաչութեան յայտնութեան և «Նոր օրէնքի» շնորհիւ, որը դարձ է պահանջում և սուրբ կեանքի համար անմահութիւն խոստանում: Այսպիսով միանում են միմեանց հետ քրիստոնէական համայնական հաւատն ու հելլենական կրօնական փիլիսոփայութիւնը և հիմք դնում քրիստոնէական աստուածաբանութեան` կլասիկ աշխարհի գաղափարների միջոցով. սրանով ի հարկէ Ս. Գրքի փրկութեան գաղափարը իւր առանձնայատուկ բնոյթը կորցնում է: Այդպէս մուտք է գործում քրիստոնէութեան մէջ Լոգոսի գաղափարը: Ժամանակի փիլիսոփայութեան համաձայն` Աստուած այնքան բարձր է աշխարհից, անչարչարելի է և հոգևոր, որ կարիք է զգացւում նրա այդ յատկութիւնները պահպանել կարողանալու համար մի միջնորդ ևս ստեղծել, յանձին Լոգոսի: Վերջինս Աստծուց է յառաջ եկել` աշխարհի ստեղծագործութեան համար, ըստ թուի, բայց ոչ ըստ կամաց ուրիշ Աստուած է և յայտնել է իրեն Իսրայէլի մէջ և լուսաւորուած հեթանոսներին. վերջապէս այդ աստուածային բանականութիւնը մարմին է առել Յիսուսի մէջ, որն այդ իսկ պատճառով Աստուծոյ որդի է կոչւում (Յուստինոս): Իսկ Հոգին, որ գուշակել է Լոգոսի մարմնանալն ու Քրիստոսի կեանքի բոլոր մանրամասնութիւնները, ամենափառաւոր ապացոյցն է տալիս քրիստոնէական վարդապետութեան ճշմարտութեան: Qeozkai o logoz autou kaih sofia autou-կազմում են աստուածային ինքնագործունեութեան Ս. «Երրորդութիւնը»: Լոգոսը մարդ է դարձել, որպէս զի մեր ուսուցիչը լինի (Յուստինոս). այս գաղափարն առանձնապէս շեշտւում է: Նա նոր, աւելի հոգևոր դարձրած օրէնք է տուել, հակառակ Մովսիսի օրէնքին. այդ պատճառով էլ Նոր ուսուցչի հետևողները իսկական ճշմարիտ Իսրայէլը և Աստուծոյ ժողովուրդն են կազմում: Հեթանոսներին Յուստինոսն հաւատացնում է, որ Քրիստոսի պահանջները նոյնն են, ինչ որ իրենց իմաստուններն են պահանջել: Մարդու կամքն ազատ է ընտրելու աստուածահաճոյ օրէնքը. և ով որ այդ է ընտրում, իւր վարձը կստանայ յավիտենականութեան և Աստուծոյ հետ ունենալիք հաղորդակցութեան մէջ: Ամբողջ փրկութեան պատմութիւնը և նրա կենդրոնը, Քրիստոսի կեանքն ու մահը, մնում են առանց անկախ և կարևոր նշանակութեան այս աստուածաբանութեան մէջ: Դժուար թէ ջատագովների աստուածաբանութիւնը սրանով վերջանար. հետքեր կան, որոնք ցոյց են տալիս, որ Քրիստոսին ի նկատի ունին սոքա ևս իբրև փրկչի, որ իւր մահով ու յարութեամբ կռապաշտութեան դէմոներին է յաղթում, մկրտութեամբ մեղքի թողութիւն շնորհում, և մահն յաղթահարելով անմահութիւն պարգևում (afqarsia): Քրիստոսի յարութիւնը ապացոյց է, որ մենք ևս, այն էլ մարմնով, յարութիւն պիտի առնենք անպատճառ:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ