Քրիստոնեության ազդեցությունը բարքերի և բարոյականության վրա

 Կաթոլիկ եկեղեցու առաջ գալն արդէն նշան էր, որ հին քրիստոնէական բացասական վերաբերմունքը դէպի աշխարհը վերացել էր: Թէ Մոնտանականութիւնը և թէ Նովատեաններին դուրս մղելով քրիստոնէութիւնն ապացուցեց, որ արդէն թուլացած է բարոյական իդէալների նկատմամբ նախնի քրիստոնէութեան ունեցած խիստ դիրքը. եկեղեցին սկսում է աշխարհականանալ:
Դրա անմիջական հետևանքն այն է լինում, որ քրիստոնեաների բռնած դիրքը դէպի պետութիւնն ու հասարակութիւնը փոխւում է և աւելի մեղմ ու դրական է դառնում: Այնուամենայնիւ այժմ էլ քրիստոնեան բացարձակ կերպով համաձայնել չէ կարող ներկայ պետութեան կարգերին. մանաւանդ առանձին հոգսերի առարկայ է զինուորութիւնը: Կարո՞ղ է քրիստոնեան զինուոր լինել կամ առհասարակ պետական պաշտօններ յանձն առնել, թէ նա պարտաւոր է խոյս տալ ամեն քաղաքականութիւնից:
Սկզբում քրիստոնեաները այս հարցին բացասական պատասխան տուին, առարկելով, թէ «Քրիստոնեան միշտ այնպէս խոնարհ պիտի լինի, ինչպէս ինքը Քրիստոս»: Սակայն այդ կարծիքը ընդհանուր համակրութիւն վայելել չկարողացաւ: Քրիստոնեաների մի ուրիշ խումբ սկսեց քարոզել, թէ պէտք չէ խոյս տալ պաշտօններից. և այս ըմբռնումը այնպէս շուտ տարածուեց ու ընդունելութիւն գտաւ, որ մենք շատ վաղ պատահում ենք քրիստոնեաների մինչև անգամ արքայական պալատներում: Նոյն տարբեր հասկացողութիւնն էր իշխում նաև զինուորութեան նկատմամբ. ոմանք կարծում էին, թէ քրիստոնեայ լինելով հանդերձ կարելի է զինուորական ծառայութեան մէջ մտնել, իսկ ուրիշներն ընդհակառակը, հիմնուելով Մատթ. ԻԶ. 52-ի վերայ, անկարելի էին համարում որև է քրիստոնեայի համար զինուորական երդումը կամ արիւն թափելը: Այս ծանր խնդրի հետևանքն էր, որ շատ քրիստոնեայ զինուորներ չարչարանքների էին ենթարկում և մարտիրոս դառնում, չկարողանալով կատարել պետութեան պահանջը և զոհել Աստուածներին: Սակայն բոլոր քրիստոնեաների համոզմամբ պետութեան հնազանդուելը պարտականութիւն էր. այսպէս են քարոզում գէթ Տերտուլիանոսն ու Օրիգենէսը: Քրիստոնեաներն այնուամենայնիւ ցանկանում էին մեկուսանալ և քաղաքականութիւնից բոլորովին հեռու մնալ: Պետութիւնը համարւում էր միանգամայն հեթանոսական մի կազմակերպութիւն. այդ պատճառով էլ մի կողմից անկարելի բան էր համարւում երբ և իցէ մի քրիստոնէի կայսր դառնալը, թէև միւս կողմից ջատագովութեան մէջ, սկսած Մելիտոնից, այն ջերմ յոյսն էր իշխում, թէ մինչև կայսեր գահը պէտք է տիրող դառնայ քրիստոնէութիւնը:
Բոլոր քրիստոնէական գրողները հակառակ էին ներկայացումներին ու դատապարտում էին թատրոնը և նման հաստատութիւնները միաձայն. մանաւանդ Տերտուլիանոսը շատ խիստ լեզուով է խօսում թատրոնների մասին: Այնուամենայնիւ քրիստոնեաները միշտ թատրոն յաճախում էին արդարանալով նրանով, թէ Ս. Գրքում թատրոնի դէմ ոչինչ չէ ասուած:
Աղքատների խնամատարութեան գործն ևս կարգաւորեց քրիստոնէութիւնը: Ողորմածութիւնը ո՛չ յունական և ոչ էլ լատինական առաքինութին է, թէև անշուշտ ողորմութիւն տուող անհատներ այստեղ էլ լինում էին. կարևոր նշանակութիւն ունեցողն այն է, որ աղքատների խնամատարութիւնը ոչ թէ առանձին անհատների ողորմած սրտերի յուսով մնաց, այլ նկատուեցաւ իբրև ամբողջ համայնքի պարտականութիւնը: Համայնքի իւրաքանչիւր անդամը իւր լուման պիտի ձևէր ընդհանուր գանձարանը և այս ձևով հաւաքուած փողով օգնութիւն էր տրւում աղքատներին, որբերին և օտարականներին: Գ. դարու կիսին Հռովմի համայնքը հոգում էր մօտ 1500 այրիների և կարօտեալների համար (Եւս. Եկ. պատմ. VI 43): Առանձին արժէք էր վերագրւում նաև հիւրասիրութեանը. 280 թուից յայտնի են համայնական հիւրանոցները: Կարթագենում իւրաքանչիւր համայնքի անդամ պարտաւոր էր այդ նպատակների համար ամսավճար տալ. նոյն գանձարանին լինում էին նաև մեծ նուիրատւութիւններ. օրինակ Կիպրիանոսը համայնքին կտակեց իւր կարողութեան կէսը: Մի քանի օրուայ մէջ Կիպրիանոսը կարողացաւ Նումիդիական գերուած քրիստոնեաներին ազատելու համար 100,000 սեստերցիա (մօտ 8500 րուբլի) հաւաքել: Բայց օգնութիւն տրւում էր ո՛չ միայն սեպհական համայնքի անդամներին, այլ նաև դուրսը: Հռովմի համայնքը իւր օգնութիւնն էր հասցնում մինչև Ասորիք և Արաբիա (Եւս. Եկ. պատմ. VII. 5): Օգնութեան գործը շատ կանոնաւորուած էր և գտնւում էր եպիսկոպոսի անմիջական իշխանութեան ներքոյ: Եպիսկոպոսի ձեռքին էր նաև գանձարանը: Նրան օգնում էին իբրև բոլորովին ստորադրեալ մարդիկ՝ սարկաւագները: Բայց այստեղ էլ պէտք է նկատել, որ ամեն ոք քրիստոնէական եկեղեցու օգնութեան վրայ յոյս դնել չէր կարող: Ընդհանուր սկզբունք էր Պօղոս առաքեալի խօսքը՝ «Ով չէ աշխատում, նա չպիտի նաև ուտի»: «Աղօթելն ու աշխատելը դառնում է քրիստոնէական կեանքի բովանդակութիւնը:
Ձեռքի աշխատանքը և արհեստները անպատիւ գործ էին համարւում հնումը: Քրիստոնէութեան հանդէս գալով այդ կարծիքը բոլորովին փոխւում է: Արդէն Պօղոս առաքեալը, ինչպէս տեսանք, յորդորում է աշխատանքի. «Առաքելոց վարդապետութիւնը» ընդհանրապէս չէ կամենում հանդուրժել անգործ մարդկանց և խորհուրդ է տալիս խուսափել այդպիսիներից:
Ամեն միջոցներով փող աշխատելն ևս չէր պախարակւում հնումը: Քրիստոնէութիւնը քարոզում է, որ այստեղ ևս բարոյականութիւնը պիտի իշխէ: Շատ է թէ քիչ մէկի կարողութիւնը, նշանակութիւն չունի. գլխաւորն այն է, թէ ինչպէս է տնտեսւում և որքան օգուտ ունի այն քրիստոնէական համայնքի համար: Կարողութիւնն ու հարստութիւնը քրիստոնէութեան տեսակէտից յամենայն դէպս երկրային բաներ են. իսկ ինչ որ երկրային է, չէ կարող ըստ ամենայնի լաւ լինել: Այդպիսի կարծիքներ է պաշտպանում օրինակ Տերտուլիանոսը. և անշուշտ այդպիսի հասկացողութիւնները մեծապէս նպաստել են ճգնական հայեացքների առաջ գալուն:
Հետաքրքրական է, թէ ինչ ազդեցութիւն է ունեցել քրիստոնէութիւնը ամուսնութեան և ընտանիքի վրայ: Հին աշխարհում անառակութեան վրայ այնքան էլ վատ աչքով չէին նայում և բացարձակ կերպով չէին պախարակում այն: Տերտուլիանոսն ասում է. «Հեթանոսներն ամուսնանում են, որպէս զի յետոյ ամուսնալուծութեան գրգռիչ հաճոյքն ունենան»: Առհասարակ բարոյական սկզբունքը բացակայում էր ամուսնութեան մէջ և օրէնքներն էլ աւելի նպաստում էին այդ դրութեան ամրապնդուելուն: Ամուսնութիւնը համարւում էր մի իրաւական հաղորդակցութիւն, զաւակներ ունենալու պայմանով փոխադարձ հաճութեամբ կայացրած միութիւն, որ ամեն րոպէ քանդել կարելի է: Պետութեան մէջ իշխում էր քաղաքական ամուսնութիւնը. շատ անգամ նոյն իսկ կարևոր չէր համարւում պայմանի ստորագրութիւնը: Տարբեր սեռի անհատներն ապրում էին իրար հետ և դրանով իսկ ցոյց տալիս, որ իրենք ամուսնացած են: Անառակութեան համար ո՛չ միայն պատիժ չկար, այլ և անուղղակի կերպով քաջալերւում էր այն. ապօրինի զաւակ ունեցողին ամեն կերպ օգնում էին օրինակ, և այդպէս էր պահանջում իսկապէս հասարակութեան խիղճը, որի մէջ հանդէս էին գալիս այդպիսի երևոյթներ:
Քրիստոնէութիւնը նոր սահմանումն չստեղծեց ամուսնութեան համար. քրիստոնէութեան համար ևս ամուսնութիւնը մի իրաւական հաստատութիւն մնաց, սակայն քրիստոնէութիւնը փոխեց նրա բովանդակութիւնը: Ամուսինների յարաբերութիւնը նման պիտի լինէր Քրիստոսի և իւր համայնքի յարաբերութեանը. իւրաքանչիւր քրիստոնէական տուն մի փոքրիկ եկեղեցի պիտի լինէր: Կղեմէս Աղէքսանդրացին ասում է՝ «Ամուսնութիւնը Աստուծոյ արքայութեան համար առաքինութիւններ սովորեցնող մի դպրոց է». Տերտուլիանոսը նկարագրում է ամուսնութիւնը իբրև մի շատ բարոյական հաստատութիւն, և շեշտում է գլխաւորապէս բարոյական նպատակը:
Քրիստոնէական եկեղեցին սկսում է պահանջել, որ ամուսնութիւնը մի կրօնական գործ դառնայ և իւրաքանաչիւր ամուսնացող զոյգ եպիսկոպոսի հաճութիւնն (meta gnwmhz tou episkopou) ու համայնքի օրհնութիւնն ստանայ: Արդէն Մոնտանիստների կարծիքով անառակութիւն պիտի համարել այն ամուսնութիւնները, որոնք առանց եկեղեցու օրհնութեան են եղել: Սակայն դրանով անառակութիւնը աշխարհից ի հարկէ չվերացաւ: Ամուսնալուծութիւնը պետական օրէնքով շատ հեշտ էր: Քրիստոնէական եկեղեցին սակայն այն սկզբունքի պաշտպան հանդիսացաւ, թէ միայն երբ ամուսնացած զոյգի մի անդամը անառակութիւն է արել, այն ժամանակ ամուսնալուծութիւնը թոյլատրելի է, և ո՛չ միայն թոյլատրելի է, այլ պէտք է այդ դէպքում ամուսնալուծութիւն պահանջել. իսկ եթէ մէկը չի կամենում իւր անառակ ամուսնուն թողնել, նրան պէտք է եկեղեցուց արտաքսել:
Այս նախնական շրջանում քրիստոնէական եկեղեցին ամուսնութիւնը թէև մի բարիք է համարում, սակայն կուսակրօնութիւնը նրա կարծիքով արդէն բարոյականութեան աւելի բարձր աստիճան է ներկայացնում. Մինուցիուս Ֆելիքսը և Աթենագորասն օրինակ այս կարծիքի էին: Մարդիկ կարծում էին թէ կուսակրօններն Աստուծոյ հետ աւելի մտերիմ և սերտ յարաբերութեան մէջ կարող են լինել: Հակառակ կարծիք էր պաշտպանում Կղեմէս Աղէքսանդրացին. նա ասում էր՝ «Ամուսնութիւնն աւելի լաւ է, քան թէ կուսակրօնութիւնը»:
Ուշադրութեան արժանի է եկեղեցու վարդապետների կարծիքն այն խնդրի մասին թէ արդեօք թոյլատրելի՞ է Ա. ամուսնու մահից յետոյ կրկին ամուսնանալը: Հերմասի կարծիքով այդպիսի վարմունքը թէև մեղք չէ, բայց աւելի լաւ է չանել. Աթենագորասը սակայն համարում է այդ պարզ անառակութիւն. իսկ Տերտուլիանոսն զգուշացնում է կրկին ամուսնութիւնից: Ուրիշ խօսքով մեծ բան էր համարւում բնական կարիքներից հրաժարուելը: Յետագայում տեսութիւնն ի հարկէ աւելի խստացաւ և վանականների հասկացողութեան համաձայն բնական կարիքներն ըստ ինքեանց անբարոյական հռչակուեցին:
Եկեղեցին սրբագործեց նաև ընտանեկան կեանքը: Հին աշխարհում տարածուած սովորութիւն էր ո՛չ միայն ծնուած, այլ նոյն իսկ չծնուած մանկանց սպանելը. այս վայրենի սովորութիւնը տարածուած էր սկզբում նաև քրիստոնէութեան մէջ, ինչպէս Բառնաբասի թուղթը և Առաքելոց Վարդապետութիւնը ցոյց են տալիս. սակայն վերջիններիս յանդիմանութիւններն ու խրատները առաջինն ու վերջինն են մնում. քրիստոնէութիւնը այստեղ էլ կեանքն յեղաշրջել կարողացաւ:
Ընտանիքի անդամներ էին համարում նաև ստրուկները, որոնց դրութիւնը խիստ դառն էր: Նոր Կտակարանի մէջ մենք ո՛չ մի տեղ չենք գտնում, ուր ասուած լինէր, թէ ստրկութիւնը պէտք է ոչնչացնել, վերացնել: Պօղոս առաքեալն յորդորում է միայն անարդար չլինել ստրուկների դէմ. Փիլեմոնից նա չի պահանջում իւր Ոնեսիմոս ստրկին արձակել, այլ միայն խնդրում է, թէև նրա կարծիքով մարդուն ստրկացնելն անարդարութիւն է (Ա. Կորնթ. Է. 21): Ստրուկները իրենց անձի տէրը չէին, և եթէ նոքա ընդունւում էին համայնքի մէջ, այդ էլ լինում էր տիրոջ նախօրօք հաճութեամբ: Բայց մի անգամ համայնքի մէջ ընդունուելուց յետոյ նոքա կարող էին բարձրանալ. այդպէս օրինակ Կալլիստոս պապը առաջ ստրուկ էր:
Այնուամենայնիւ հին եկեղեցին շատ հեռու էր ստրկութիւնը վերացնելու գաղափարից. ընդհակառակը ստրուկներ ունենալը շատ օրինական բան էր համարւում և քրիստոնեաներն իրենք ստրուկներ ունէին, որոնց հետ նոքա շատ անգամ աւելի վատ էին վարւում քան թէ հեթանոսները:
Կային թէև նաև այնպիսիները, որոնք բացարձակ ասում էին թէ «Ոչ մի մարդ իբրև ստրուկ չէ ծնուել«, կամ »Մենք ստրուկներ չունինք, նոքա մեր եղբայրներն են» (Լակտանցիոս), սակայն այդ խօսքերը ճիշտ չէին, քանի որ եկեղեցին ինքը ստրուկներ ունէր: Կղեմէսն ասում է «Ամեն ստրուկ ի բնութենէ վատ է». նոյն կարծիքի է նաև Տերտուլիանոսը, որը շատ թշնամի էր ստրուկներին. և այս կարծիքների համաձայն էլ գործն էր: Ստրուկին սպանելու համար եկեղեցին բաւականանում է միայն 7 — 5 տարուայ ապաշխարանք նշանակելով դիտմամբ և առանց դիտաւորութեան սպանութեան դէպքերում, դրանով ցոյց տալով, որ ստրուկների դրութիւնը սկզբունքով փոփոխութեան չէ ենթարկւում (Էլուիրայի ժողով): Ստրուկների կրօնական ազատութիւնն անգամ սահմանափակուեցաւ: Տէրը իրաւունք ունէր ստրկին արգելել եկեղեցի գնալը: Առանց տիրոջ թոյլտւութեան ստրուկն իրաւունք չունէր ամուսնանալու, և մինչև իսկ յանցանք չէր համարւում տիրոջ անառակութիւնը իւր ստրկի կնոջ հետ: Թէև շատերը այս բանի դէմ էին, սակայն ոչինչ հնար չեղաւ անել: Ազատի և ստրկի մէջ եղած ամուսնութիւնը սկզբում մինչև անգամ չէին ուզում ճանաչել: Կալլիստոս պապը միայն համարձակուեց այդ անարդարութիւնը վերացնել, այն էլ ուրիշներն սկսեցին նրան պախարակել, թէ ազատներին ու ստրուկներին հաւասար է համարում:
Այնպէս որ թէև տարածուած, բայց սխալ կարծիք է, թէ քրիստոնէութեան ազդեցութեամբ կայսրներն սկսեցին ստրուկների դրութիւնը պետութեան մէջ բարելաւել: Քրիստոնէութիւնը այստեղ շատ երկրորդական դեր է կատարել. և թէև եկեղեցուն մեղադրել չի կարելի որ նա ստրուկների խնդրում յեղափոխիչ դեր չէ կատարել, սակայն այսքանը կարելի է ասել ի նախատինս հին քրիստոնէական եկեղեցու, որ նա նպատակ անգամ չէ ունեցել այդ ուղղութեամբ գործելու և ստրկութիւնը վերացնել աշխատելու: Բայց այդպէս էր առհասարակ քրիստոնէութեան վերաբերմունքը դէպի բոլոր տիրող կարգերը: Եթէ քրիստոնեաներ եղել են, որ իրենց ստրուկներին արձակել են, այդ էլ արել են նոքա ճգնական սկզբունքներով արհամարհելով, աշխարհի բոլոր բարիքները:
Առհասարակ ճգնութիւնը սկսում է մեծ տեղ գրաւել: Որքան որ մի կողմից քրիստոնեաները սկսում են անարգել կերպով վայելել բարձր զարգացման հասած քաղաքակրթութեան բոլոր վնասակար ու անբարոյական կողմերը մուտք են գործում քրիստոնէութեան մէջ, այնքան էլ միւս կողմից առաջ է գալիս ու բոլորի ուշադրութիւնը գրաւում իբրև բարոյականութեան մի աւելի բարձր աստիճան՝ ճգնութիւնը:
Տեղեկութիւն ունինք, որ մինչև անգամ եպիսկոպոսները վաճառականական գործերով են պարապում, համայնքների մէջ մեծ չափով աւելացել են անառակութիւն, խաբեբայութիւն, պճնասիրութիւնն և այլն. այդ պատճառով էլ աւելի և աւելի սիրելի է դառնում աշխարհային զբաղմունքներից հեռանալն ու ճգնական կեանք վարելը: Սկսում են մեծ նշանակութիւն վերագրել պահեցողութեանը, յառաջ են գալիս աղքատութեան և կուսութեան իդէալները: Ամենամեծ պահանջներն անում էին ի հարկէ հոգևորականներից, և եթէ նրանք ուզում էին առաջնորդող դերի մէջ մնալ, պէտք է համակերպէին ժամանակի պահանջներին: Այդպէս արևելւում է նոցա ձեռնադրութիւնից յետոյ ամուսնանալ (Նէոկեսարիայի ժողովի ա. կանոն). մինչև անգամ սարկաւագը ձեռնադրութիւնից յետոյ միայն այն դէպքում ամուսնանալ կարող է, եթէ ձեռնադրութիւնից առաջ այդ իրաւունքն ստացել է: Այդ ձևով կազմւում է ճգնաւորների մի դասակարգ, որոնք դեռ ևս համայնքի մէջ են ապրում, բայց որոնց գոյութիւնն իսկ ցոյց է տալիս, որ քրիստոնէական եկեղեցու բարոյականութիւնը երկու մասի է բաժանուած, բարձրագոյն բարոյականութիւն՝ կատարեալների համար և սովորական բարոյականութիւն՝ հասարակ քրիստոնեաների համար: Քրիստոնէութիւնն սկսում է օրէնքի բնաւորութիւն ստանալ և մորալիզմի շնորհիւ մեծ արժէք են ստանում առանձին վաստակներն ու գործերը: Ողորմութեամբ ու ճգնական գործերով կարելի է գործած յանցանքները քաւել: Մարտիրոսական մահը ամենամեծ գործն է և այդ պատճառով էլ նահատակը անմիջապէս դրախտ է գնում: Եթէ նահատակը ինքը յանցանքներ չունի քաւելու, նրա վաստակից օգտուել կարող են ուրիշները:
Որդիական յարաբերութիւնն Աստուծոյ հետ փոխւում է իրաւական յարաբերութեան. իսկ հաւատը՝ իբրև մի շարք նախադասութիւնների ճշմարիտ լինելն ընդունելը, դառնում է մի գործ, որ նոյնպէս վաստակաւոր կարող է լինել Աստուծոյ առաջ:
Բայց Կաթուղիկէ Եկեղեցու հիմնարկութեամբ միայն մի աշխարհիկ քրիստոնէութիւն չէ ասպարէզ իջնում, այլ առաջ է գալիս մի քրիստոնեայ աշխարհ՝ իւր կարգ ու կանոնով ու կենցաղավարութեան ձևերով: Այդ նոր աշխարհի մէջ մտնելու առաջին քայլը Կատեխումեն դառնալն է: Որովհետև քրիստոնէութեան մէջ սկսել էին մուտք գործել նաև անվստահելի տարրեր, այդ պատճառով կարևոր է համարւում Կատեխումեն ընդունելուց առաջ, որոշ քննութեան ենթարկել՝ իմանալու համար ընդունելութիւն խնդրողի նպատակներն ու նախորդ կեանքը: Ովքեր որ և է հեթանոսական պաշտօն ունէին, որ անկարելի էր քրիստոնէական գաղափարների հետ միացնել, այդպիսիները պէտք է բոլորովին թողնէին իրենց պաշտօնը: Առհասարակ ուշք էին դարձնում ո՛չ թէ հարստութեան, հասակի, յարգի ու կերպարանքի, այլ ներքին ձգտումների ուժեղութեան վրայ (Տատիանոս): Այդպիսի քննութիւնից յետոյ ընդունուածին արդէն համարում էին քրիստոնեայ (Օրիգենէս, Հիպպոլիտ, Էլուիրայի ժողովը), թէև նա դեռ ևս պէտք է կրթուէր ու բարոյական դաստիարակութիւն ստանար: Որոշ ժամանակ անցնելուց յետոյ այդպիսիները ցանկութիւն էին յայտնում մկրտուելու և խոստանում էին անել այն, ինչ որ Տէրն է ցանկանում: Մի կողմից ուրեմն ապաշխարութիւն նախորդ սխալ կեանքի համար և միւս կողմից խոստումն նոր վերածնուած կեանքով ապրելու կազմում են՝ մկրտութեան բարոյական պահանջները:
Համայնքի մէջ մտնելուց յետոյ քրիստոնեան պարտաւոր է արդէն եղած կարգ ու կանոնին հնազանդուել: Ամենաէական պահանջներից է աստուածպաշտութեանը, գոնէ կիւրակէ օրերը, միշտ կանոնաւոր կերպով ներկայ լինել: Աստուածպաշտութեան ժամանակ պէտք է կարգ ու կանոն և պարկեշտութիւն (euschmonwz) իշխէ. այր ու կին, պսակուած և կոյս. ծեր ու այրի ջոկ ջոկ բաժանուած պիտի կանգնեն, իսկ երեխաները իրենց ծնողների մօտ: Սարկաւագների պաշտօնն է հսկել, որ անկարգութիւն չլինի, չծիծաղեն, չխոսեն կամ չքնեն:
Աստուածպաշտութեանը մասնակցելուց յետոյ երկրորդ տեղն են բռնում աղօթքը, ճգնութիւնը՝ գլխաւորապէս պահքն ու ողորմութիւնը: Ո՛չ միայն օրը պէտք է սկսուի ու վերջանայ աղօթքով, այլ նաև ճաշկերոյթը, բաղանիքը: Բայց աղօթքը կատարեալ է դառնում ողորմութեամբ, որ ազատում է մարդուն մահից և մաքրում է յանցանքները ( Տոբիաս ԺԲ. 8. շար., հմմտ. Կիպրիանոս, Վասն Ողորմութեան Ե.):
Ով որ չէ կարող այդ պահանջներին բաւականութիւն տալ և մեղանչում է քրիստոնէական կեանքի պահանջների դէմ, այդպիսին պէտք է արտաքսուի համայնքի միջից և ապաշխարութեան ենթարկուի: Միայն ի սրտէ զղջալուց և երկար ժամանակ ապաշխարելուց յետոյ կարող է անկեալը վերստին ընդունուել քրիստոնէական եկեղեցու գիրկը, ի հարկէ եպիսկոպոսի միջոցով, որ այդպիսով դառնում է նաև համայնքի դատաւորը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ