Քրիստոնեաների բարեհաջող դրությունը հասարակության և պետության նկատմամբ 3-րդ դարում

 Քրիստոնեաների բարեյաջող դրութիւնը հասարակութեան եւ պետութեան նկատմամբ.
-Մարկոս Աւրելիոս կայսեր մահից սկսած Հռովմի պետութիւնը մի ամբողջ դար քաղաքական և նիւթական քայքայուած վիճակի մէջ է ընկնում, մինչև որ Աւրելիանոսն ու Դիոկղետիանոսը նորից կազմակերպում են պետութիւնը: Կոմմոդոսի սպանումից յետոյ մի շարք կռիւներ են լինում գահի համար, մինչև Աֆրիկացի Սեպտիմոս Սեւերոսը վերջ է դնում նոցա: Պետութեան մէջ խիստ զգալի է դառնում կենդրոնացման սիստեմի պակասութիւնը, որ պատճառ էր դառնում յեղափոխութիւնների ու գահաժառանգութեան կռիւների Պրովինցներում եղած ամենակարող զօրքի շնորհիւ. այնպէս որ այժմ ձգտում են կենդրոնացման գործը յառաջ տանել, մանաւանդ որ պետութեան կարիքների համար շատ փող էր հարկաւոր, բայց հարկերի անկանոնութեան և ժողովրդի աղքատացած լինելու պատճառով քիչ բան էին կարողանում ստանալ (Սասանեան պետութեան յառաջ գալն արևելքում): Այդպիսով հանդէս է գալիս փոխանակ բազմաթիւ անկախ երկիրների դաշնակցութեան, մի պետութիւն: Իտալիան էլ դառնում է միւս պրովինցների նման, իսկ Հռովմը այժմ ո՛չ թէ այլ ևս աշխարհի իշխանուհին է, այլ կայսեր աթոռանիստը և զինուորական կենդրոնը: Ասպետներից կայսրն իրեն համար մի հլու ծառայող դասակարգ է ստեղծում և վերացնում է սենատը: Սակայն դժուար էր քայքայման գործողութեան առաջը միանգամից առնել: Առանձնապէս պետութեան հիւսիսում և արևելքում բարբարոս ազգերն սկսում են աւելի ոյժ ստանալ և իրենց ազգային առանձնայատկութիւններն երևան հանել. յատկապէս արևելքում սկսւում են արդէն քայքայման գործողութիւնները, այնպէս որ 221-ին Ասորիքում յառաջ է գալիս Պալմիրայի պետութիւնը, Զենոբիա թագուհու իշխանութեան ներքոյ, որ միայն անուամբ հպատակ էր Հռովմայեցւոց և որին միայն Աւրելիանոս կայսրը վերջ դնել կարողացաւ: Սեպտիմոս Սեւերոսի որդի Կարակալայի 212-ին հրատարակած հրովարտակը, որ բոլոր հպատակներին Հռովմի քաղաքացիութեան իրաւունքն է շնորհում, ցոյց է տալիս, թէ ինչ մեծ փոփոխութիւն էր տեղի ունեցել հռովմէական պետութեան մէջ: Ազգային օրէնքներն ու առանձնայատկութիւնները վերանում են և հանդէս է գալիս ընդհանուր օրէնքի գաղափարը, որ «մեզ հետ է ծնուել» (Պապինիան † 212, Ուլպիան † 228): Տիեզերաքաղաքացիութիւնն է կայսերական տիեզերական պետութեան համապատասխան և յարմար սկզբունքը: Այս բոլոր հանգամանքները պատճառ են դառնում, որ Արևելքի ու Արևմուտքի քաղաքակրթութիւնները խառնուին իրար և այդ ժամանակից սկսած պետութեան արևելեան մասն սկսում է մրցման մէջ մտնել արևմտեան մասի հետ. արդէն սկսում են մտածել պետութեան երկու մասի բաժանելու մասին երկու որդիների մէջ. և անմիջական զարգացումը յօգուտ Արևելքի է յառաջ ընթանում, մանաւանդ որ բռնակալութեան ձգտող կայսրութիւնը իւր նախապատկերներն ունէր Արևելքում և ոչ թէ Արևմուտքում: Ասորական մի ամբողջ ընտանիք կայսերական գահի վերայ է բարձրանում և այդպիսով Արևելքը մուտք է գործում Հռովմ, և տիեզերական պետութեան գահն իւր ձեռքն առնում:
Բնական էր, որ այսպիսի բարեյաջող պայմաններում շատ արագ պիտի կատարուէր զանազան կրօնների ու կրօնական հասկացողութիւնների խառնուրդը, և որ այդպիսի դրութիւնը խիստ ցանկալի էր նաև քրիստոնէութեան տարածման ու ամրապնդման համար: Քանի ժողովուրդն աղքատանում ու ճնշւում էր, և քաղաքական հետաքրքրութիւնը սառչում, այնքան աւելի զօրանում էր հեթանոս հասարակութեան մէջ կրօնական զգացմունքն ու հոգևոր բարեպաշտութեան տենչը: Ինչպէս որ քաղաքականութեան և օրէնքի, այնպէս էլ կրօնի համար ոչնչանում են բոլոր ազգային պատնէշները: Առաջաւոր Ասիայի պաշտամունքներն իրենց սուր հակասութիւններով և յափշտակիչ խորհրդաւոր ծիսակատարութիւններով, այժմ մանաւանդ պարսկական Միթրայի լուսոյ կրօնն, ամենակարևոր նշանակութիւն են ստանում: Հռովմը դառնում է կրօնների խառնուրդի կենդրոնը և աստուածների մի ամբողջ խումբ մուտք է գործում Հռովմ: Հետզհետէ սկսում են այդ աստուածները ձուլուել իրար հետ — կամ մի Աստուածն է աստուածների գլխաւոր դառնում, որին ծառայում են բոլոր միւսները, կամ նոքա բոլորն էլ նկատւում են մի անանուանելի Աստուծոյ երևոյթներ: Եւ գլխաւորն այստեղ այն է, որ այս տրամադրութիւնն ապրում էր ժողովրդի մէջ, և ո՛չ թէ միայն փիլիսոփաների գլխի ծնունդ էր: Շարժումն այնքան զօրեղ էր, որ կրօնների խառնուրդը ոչ միայն ժողովրդական, այլ պաշտօնական է դառնում. նրա մէջ սկսում են մասնակցութիւն ունենալ նաև կայսերական տան անդամները, մանաւանդ ասորական ծագումն ունեցող կայսրուհիները: Կրօնի ու փիլիսոփայութեան փոխառութիւնը միմեանցից կատարելութեան է հասնում: Իդէալիստական բարոյական փիլիսոփայութեան արդիւնքները օգտակար են դառնում ժողովրդի բարեպաշտութեան համար. փիլիսոփայութիւնը Նոր-Պղատոնականութեան մէջ սկզբունք է ընդունում յայտնութեան կարևորութիւնը. ուրեմն հաւատացող է դառնում:
Ինչքան էլ որ այս ամբողջ շարժումը քրիստոնէութեան համար օգտակար էր, այնուամենայնիւ չի կարելի ուրանալ, որ մի այնպիսի կրօնների խառնուրդ, որ բոլոր կրօնների յարաբերական արժէքն է շեշտում, մահացու թշնամի միայն կարող էր լինել բացարձակ հեղինակութիւն պահանջող քրիստոնէութեան: Սակայն այս շրջանում քրիստոնէութիւնը բարեյաջող պայմանների շնորհիւ միշտ դէպի առաջ է գնում: Աւելի վտանգաւոր էր քրիստոնէութեան համար իւր ներքին զարգացումը. որովհետև գնոստիկեաններին մերժելուց յետոյ էլ քրիստոնէութիւնն ազդեցութիւն էր կրում հեթանոսութիւնից և կամենալով մի քրիստոնէական փիլիսոփայութիւն ստեղծել, կորցնում էր իւր իսկական բնոյթը իբրև պատմական կրօն:
Թէև այս ամբողջ շրջանում ընդհանրապէս վերցրած քրիստոնէութիւնը խաղաղութիւն էր վայելում, բայց պատահել են նաև հալածանքներ, որոնք յառաջ են եկել կայսրների տարբեր վերաբերմունքից ու անհաստատ տրամադրութիւններից: Մենք տեսանք, որ Կոմմոդոսի ժամանակ (180-192) հալածանքը դադարեց: Մինչև անգամ կայսերական պալատում, ուր Մարցիան իշխող դեր էր կատարում, քրիստոնեաները հանգիստ կերպով պաշտօներ էին կատարում (Իրեն. IV. 30): Հռովմի Վիկտոր եպիսկոպոսի հետ (189-198) միասին Մարցիան կարողացաւ կայսեր հաճութիւնն առնել ազատելու քրիստոնեայ խոստովանողներին, որոնք աքսորուած էին Սարդինիայի հանքահորերն աշխատելու. և նրա դաստիարակ Հիացինթուսը կատարեց այդ գեղեցիկ յանձնարարութիւնը: Հիացինթոսը կարողացաւ, շեշտելով իր դիրքը կայսրուհու նկատմամբ, այս ժամանակ ազատել նաև Կալլիստոսին, որ յետոյ պապ դարձաւ, թէև նա ուրիշ պատճառով էր աքսորուած: Պալատի օրինակն ազդում էր ի հարկէ նաև նահանգների վրայ. «Ողորմած Աստուածը քրիստոնեաներին մի տևական խաղաղութիւն պարգևեց», ասում է 193 թուին մի հակամոնտանիստ (Եւս. V. 16):
Դրութիւնը նոյնը մնաց նաև Մարցիայի սպանումից յետոյ (193), դրան հետևող գահաժառանգութեան կռիւների ժամանակ և Սեպտիմոս Սեւերոս կայսեր առաջին տարիներում (193-211). վերջինս Պունիացի էր և համաձայն աստղագիտութեան ցուցման մօտ 185 թուին ամուսնացել էր ասորուհի Յուլիա Դոմնայի հետ: Սոքա իրենց առաջին որդի Բասսիանոսի համար, որ յետոյ կայսր դարձաւ Անտոնինոս Կարակալա անուամբ, վարձեցին մի քրիստոնեայ դայեակ և մի հրէայ երեխայ էլ տուին նրան խաղընկեր: Քրիստոնեայ Պրոկուլոսին, որ նրան իւղով բժշկել էր, նա մինչև մահը իւր պալատում պահեց երախտագիտաբար, և վաստակաւոր քրիստոնեայ պալատականներին ո՛չ միայն հանդուրժում էր, այլ և պաշտպանում էր յարձակումների դէմ: Այս բոլոր հանգամանքները ցոյց են տալիս, որ 197 թուին Աֆրիկայում սկսուած հալածանքը, որ Տերտուլիանոսի «Ջատագովութեան», «Առ հեթանոսս» և այլ գրուածքների առիթ է եղել, միայն տեղական և անցողակի բնոյթ է ունեցել: Կղեմէսը Աղէքսանդրիայում 200 թուին իւր յորդորն է գրում յոյներին երկարատև և հաստատուն խաղաղութեան ազդեցութեան տակ:
Միայն Գ. դարու սկզբում յեղաշրջումն է կատարւում կայսեր քաղաքականութեան մէջ քրիստոնեաների նկատմամբ: Պատերազմների պատճառով երկար ժամանակ արևելքում մնալով, նկատեց նա թէ ինչպիսի հսկայական չափերով տարածուած էր քրիստոնէութիւնը. այդ պատճառով նա խիստ կերպով ոչ՛հրէից թլփատութիւնն արգելելուց յետոյ, 201 թուականին առանձին հրամաններով խիստ պատիժների արժանի հրատարակեց նաև քրիստոնէութիւնը: Նրա նպատակն էր թէ հրէական և թէ քրիստոնէական քարոզչութեան առաջն առնել: Նա պատժից ազատ հրատարակեց քրիստոնեաներին, ուրեմն չվերացրեց նախկին իրաւական սկզբունքները. բայց նաև մի ընդհանուր ու սիստեմատիկական ինքուիզիտորական հալածանք չհանեց քրիստոնէից դէմ: Այնուամենայնիւ այդ հրամանների շնորհիւ Պրովինցներում այնպիսի սոսկալի հալածանքներ սկսուեցին, որ այդ յանկարծակի փոփոխութեան պատճառով քրիստոնեաները սկսեցին հաւատալ, որ աշխարհի վախճանը եկել է (Եւս. VI. 7): Ասորիքում և Պոնտոսում եպիսկոպոսները բոլոր սոցիալական կապերը քանդեցին ու իրենց համայնքների հետ միասին դէպի անապատ դիմեցին՝ յանդիման Տիրոջ գալստեան (Հիպպոլիտ. մեկնութիւն Դանիէլի). իսկ մոնտանական հակումներն էլ նոր սնունդ ստացան:
Աղէքսանդրիայում, որտեղ այնքան զօրեղ էր Պրոպագանդան, մարտիրոսութեան պսակն ընդունեցին երիտասարդ Օրիգենէսի հայրը՝ Լէոնիդէսը և նրա աշակերտներից մի քանիսը. Օրիգենէսն ինքն էլ մեծ ձգտում ու փափագ ունէր այդ փառքը վաստակելու, և նրա մայրը հազիւ կարողացաւ յետ պահել նրան իւր մտադրութիւնն ի կատար ածելուց: Արևմուտքում՝ ինչպէս երևում է դարձեալ հիւսիսային Աֆրիկան է հալածանքի առանձին կենդրոն դարձել: 202-ի կամ 203-ի Մարտի 7-ին մարտիրոսացան 5 նորադարձներ, ի թիւս որոց և Պերպետուան ու Ֆելիցիտասը. մէկը ազնիւ ցեղից, միւսը ստրկուհի, մէկը երեխան դեռ կրծքին, միւսը բանտում ծնած: Պերպետուայի հօր աղաչանքներն ու Պրոկուրատորի բոլոր փորձերն անկարող եղան յետ կանգնեցնելու նրանց իրենց մտադրութիւնից: Նոքա նախ վայրենի ցուլի առաջ ձգուեցան տանջուելու համար և ապա գլխատուեցան: Նոցա վկայաբանութեան հեղինակը գուցէ Տերտուլիանոսը լինի. յամենայն դէպս արևմտեան եկեղեցում այս վկայաբանութիւնը համարեա կանոնական հեղինակութիւն ունէր և կարդացւում էր եկեղեցում: Հալածանքը վաղուց արդէն դադարել էր, երբ գահ բարձրացաւ Անտոնինոս Կարակալլան, Սեւերոսի որդին (211-217): Սրա թագաւորութեան հէնց առաջին տարին հալածանք սկսուեց Նումիդիայում, Մաւրետանիայում և Աֆրիկայում, չնայելով Տերտուլիանոսի յորդորական գրուածքին առ Սկապուլա կուսակալը, որովհետև մի զինուոր հրաժարուել էր իրեն հանդիսաւոր կերպով պսակ դնելուց: Սակայն այս հալածանքը թեթև էր և շուտով էլ Lex antoniana de civitate-ն քրիստոնեաներին էլ օրէնքի առաջ հաւասար հռչակեց միւսներին: Այս կայսեր ժամանակ մեծ իրաւաբան Ուլպիանը ի մի է հաւաքում բոլոր կայսերական հրամանագրերը քրիստոնեաների դէմ իւր «Պրոկոնսուլի պաշտօնը» գրքի մէջ: Սակայան նրա սկզբունքներն այլ ևս գործադրութեան մէջ չեն կարողանում մտնել և դեռ Կարակալլայի օրերում սկսւում է մի երկարատև խաղաղութիւն:
Այնուհետև գահ են բարձրանում Սեպտիմոսի թագուհու, Յուլիա Դոմնայի շնորհիւ մի շարք Ասորիներ, որոնք բոլորն էլ կողմնակից էին կրօնների խառնուրդին: Յուլիա Դոմնան ինքն էլ, որ պետութեան գործերն էր վարում իւր որդու բացակայութեան պատճառով պատերազմների առթիւ, ազդում էր ամբողջ արքունիքի վրայ և զօրացնում էր կրօնների խառնուրդ ստեղծելու տրամադրութիւնը: Իւր որդի Կարակալլայի հետ միասին նա պաշտում է Ապոլոնիոս Տիւյանացուն, որի կեանքն ու գործունէութիւնը րոմանի ձևով գրում է, կասկածելի աղբիւրների հիման վրայ, յոյն սոփեստ Փիլոստրատոսը նրա առաջարկութեամբ, աշխատելով Ապոլոնիոսին ներկայացնել իբրև մի նոր Պիւթագորաս կամ հեթանոսական Մեսիա: Սակայն նրա հայեացքները փիլիսոփայօրէն զտուած բարեպաշտութեան և բարքերի մաքրութեան մասին, ապա այն հանգամանքը, որ այստեղ էլ կարիք է զգացւում վերանորոգութիւնը կապել մի իբրև սուրբ պաշտուած պատմական անձնաւորութեան և նրա գործունէութեան հետ, ցոյց է տալիս, թէ ինչքան մօտեցել էին տրամադրութիւնները քրիստոնէութեանը: Բազմաստուածութիւնը մեղմանում է և նրա տեղը բռնում է մի տեսակ արևի միաստուածութիւն. ամենաբարձր իմաստութիւնը գտնւում է առասպելական Արևելքում՝ հնդկական բրահմանների մօտ: Յամենայն դէպս այդ դիրքը իսկոյն ըմբռնւում է իբրև Քրիստոսի հեթանոսական հակապատկեր:
Յուլիա Դոմնայի երկու ազգականներն էլ, որոնք Արևելքից բերուեցան և գահ բարձրացան, իրենք արևելցի լինելով չունէին այլ ևս հռովմէական սկզբունքը քրիստոնէութեան նկատմամբ: Անամօթ անառակութեան և կախարդական ցնորքների յետևից ընկած երիտասարդ Բասսիանոս Հելիոգաբալը (218-222) ծայրայեղ մոլեռանդութեամբ ուզում էր ոչ միայն Հռովմի, այլ և հրէից, Սամարացւոց և քրիստոնէից կրօնների պաշտամունքները կապել Էմեսայի արևի Աստուած Էլագաբալի պաշտամունքի հետ, որին նուիրուած էր եղել նա իբրև երեխայ և որի անունն իսկ առել էր իւր վրայ: Շատ շուտով ուրեմն բոլոր հպատակներին քաղաքացիութեան իրաւունքը շնորհելուց յետոյ, հանդէս է եկել մի թէկուզ խառնուրդներից յառաջացած միաստուածութիւն պետութեան մէջ տիեզերական կրօն դարձնելու գաղափարը: Դրանով սակայն բազմաստուածութիւնը մեծ վնաս չէր կրում. այդ է ցոյց տալիս Ասորիքի արևի Աստուծոյ և Կարթագենի երկնքի Աստուածուհու հարսանեաց մեծ տօնը: Էլագաբալի ժամանակ եկեղեցին խաղաղութիւն էր վայելում և կայսեր Բ. ամուսնուն՝ Յուլիա Աքուիլա Սեւերային է ներկայացրել թերևս Հիպպոլիտը իւր «Բան յորդորականը»:
Աւելի ազնիւ կերպարանքով է երևում կրօնների խառնուրդը Էլագաբալի հօրեղբօրորդի Աղէքսանդր Սեւերոսի ժամանակ (222-235): Դարձեալ մի կնոջ ազդեցութեամբ, որ այս անգամ կայսեր մայր Յուլիա Մամմէան էր (որը 232-ին Օրիգենէսին պատուոյ պահակով Անտիոք կանչեց Եւս. VI 21, և որին Հիպպոլիտը մի գրուածք ընծայեց յարութեան մասին), արքունիքի վերաբերմունքը դէպի քրիստոնէութիւնը դրականապէս դէպի լաւը փոխուեց: Կայսեր աղօթատանը աստուածների պատկերների, Ապոլոնիոս Տիւյանացու և Որփէոսի կողքին դրուած էին նաև Աբրահամի ու Քրիստոսի պատկերները: Մի վճռահատութեան ժամանակ նա շեշտեց բոլորի առաջ առանձնապէս Տիրոջ խօսքը «Զամենայն, զոր միանգամ կամիջիք, թէ արասցէն ձեզ մարդիկ, այնպէս և դուք արարէք նոցա» (Մատթէոս Է. 12 հմմտ. Ղուկ. Զ. 31) և գրել տուեց այդ խօսքերը իւր պալատի պատերին: Մի վէճ էլ շինութեան տեղի մասին՝ վճռեց նա յօգուտ քրիստոնեաների: Նա գիտէր քրիստոնէութեան համայնական կազմակերպութիւնը, բայց չէր հալածում այն, ընդհակառակը նրանից բան էր սովորում: Հեթանոսները նրան Քրիստոսի համար տաճար շինելու ու աստուածների կարգն անցկացնելու նպատակ սկսեցին վերագրել, իսկ քրիստոնեաները շուտով սկսեցին նրան հաշուել մէկը նոցանից, որոնք բացարձակ կերպով իրենց հաւատն են ունեցել (Դիոնեսիոս Աղէքսանդրացին Եւս. Կես. մօտ VII 10):
Այսպիսի հանգամանքներում բնական էր, որ երբ կայսր դարձաւ Մաքսիմինոս Թրաքս բարբարոս զօրապետը, որի ապստամբութեան ժամանակ սպանուեցին Աղէքսանդրն ու իւր մայրը, մի հակաքրիստոնէական ուղղութիւն սկսուէր: «Առ որ ոխերիմ քինու ատելութեան ընդդէմ տանն Աղէքսանդրու` յորում բազում հաւատացեալք էին, յարոյց հալածանս, և զառաջնորդս եկեղեցեաց միայն իբրև պատճառս և քարոզս վարդապետութեան աւետարանին, հրամայեաց կոտորել» (Եւս. VI 28): Բայց ինչպէս երևում է նրա եռամեայ թագաւորութեան ժամանակ (235-238) նրա հրամանը չի իրագործուել. բայց նա առաջին անգամ ուղիղ կերպով ըմբռնել է քրիստոնէական եկեղեցու կազմակերպութեան և նրա ներկայացուցիչների վտանգաւորութիւնը: Հռովմի Պոնտիանոս եպիսկոպոսը և նրա հակառակորդ Հիպպոլիտը, որի բարեկամական յարաբերութիւնները Սեւերեան տան հետ յայտնի էին, Սարդինիա աքսորուեցան: Միայն Կապադովկիայում ու Պոնտոսում հալածանքը ծանր էր, բայց այն էլ տեղական էր թէ պատճառների և թէ տարածութեան տեսակէտից և միայն առաջնորդների համար չէր: Օրիգենէսը, որ այդ ժամանակ Նէոկեսարիայի Ֆիրմիլիանոս եպիսկոպոսի մօտ այցելութեան էր եկել, ստիպուած էր երկու տարի ծածկուած մնալ այստեղ:
Պետութեան մէջ եղած հետևեալ խառնակ տարիներում Գորդիանոսի օրով (238-244) քրիստոնէութիւնը կատարեալ խաղաղութիւն էր վայելում և այդ խաղաղութիւնը շարունակուեց նաև Բոստրացի Փիլիպպոս Արաբացու ժամանակ (244-249), որ մի աւազակային բէդուին ցեղի շէյխի որդի էր: Սրա մասին շուտով սկսեցին լուր տարածել, թէ նա քրիստոնեայ է եղել. (հմմտ. Եւս. VII 10. Դիոնեսիոս Աղէքսանդրացու կարծիքով քրիստոնէութեան յարած կայսրներ են եղել, որ միայն Աղէքսանդր Սեւերոսի և Փիլիպպոսի համար հասկանալ կարելի է): Եւս. VI 34-ի համաձայն նա միանգամայն ենթարկուել է մի եպիսկոպոսի վճռի, որ նրան միայն ապաշխարելուց յետոյ է թոյլ տուել աստուածպաշտութեան ներկայ լինել.-ըստ Լէոնտիոս Անտիոքացու (մօտ 350) այդ դէպքը պատահել է Անտիոքում, իսկ եպիսկոպոսն եղել է Բաբիլասը: Եւսեբիոսը (VI, 36) դեռ իւր ձեռքին է ունեցել Օրիգենէսի նամակները կայսերն ու նրա կնոջը Սեւերային ուղղուած. բայց նա միշտ էլ խօսում է այդ խնդրի մասին իբրև մի տարածուած կարծիքի, և ոչ թէ հաստատ իրականութեան մասին: Եւ իսկապէս էլ ոչ մի հաստատուն հիմք չկայ նրան քրիստոնեայ համարելու:
Երբ Հռովմը իւր հազարամեակն էր տօնում, Օրիգենէսը գրեց իւր մեծ գրուածքը հեթանոս Կելսոսի դէմ, և արտայայտեց քրիստոնեաների այն յաղթական զգացումը, թէ «բոլոր միւս կրօնները պիտի ոչնչանան և միայն քրիստոնէականը պիտի իշխէ, որովհետև աստուածային ճշմարտութիւնը հետզհետէ աւելի ու աւելի հոգիներ պիտի գրաւէ»: Հեթանոսական Հռովմի վերջը եկել էր:
Այս շրջանում փոխուել է նաև ջատագովութիւնը: Այժմ անցել էր արդէն ծանր հալածանքների շրջանը. քրիստոնեաները այլ ևս չէին կռւում գոյութեան ու իրաւունքի համար, այլ պահանջում էին, որ իրենց ճշմարտութիւններն ընդունելութիւն գտնեն կրթուածների կողմից: Ջատագովութիւններն այժմ պատահական գրուածքներ չեն, կարիքից առաջ եկած և ուղղուած կայսերն ու սենատին. նոքա այժմ ծառայում են քարոզչութեան գործին և գրւում են բոլոր կրթուած մարդկանց համար: Այժմ հեթանոսական կրօնն է կործանիչ քննադատութեան ենթարկւում և նրա տեղ քրիստոնէական հիմնական գաղափարները առաջ բերւում: Դորա համաձայն էլ ջատագովութիւններիձևը փոխուած է. նոքա աւելի «յորդորական խօսքեր» են, հանգիստ կերպով գրուած, և այժմ սկսում են ուշադրութիւն դարձնել նաև արտաքին ձևի և դիկցիայի կանոնաւորութեան վրայ: Այսպիսի ջատագովութեան ամենանշանաւոր ներկայացուցիչներն են 1. Մինուկիոս Ֆելիքս, 2. Տերտուլիանոս, 3. Կղեմէս Աղէքսանդրացի և 4. Օրիգենէս:
Մինուկիոս Ֆելիքսի գրուածքը «Դիալոգ Օկտաւիոս» վերնագրով յառաջ է եկել հաւանօրէն մօտ 220-ին. նրա մէջ Օկտաւիոսը հիմնուելով բնութեան վրայ, հեթանոս Ցեցիլիոս Նատալիսին ապացուցանում է, որ նախախնամութիւն և մի իմաստուն արարիչ կայ. նա շեշտում է քրիստոնէական զրպարտուած բարեպաշտութեան բարոյական զօրութիւնն ու մաքրութիւնը: Սակայն այստեղ էլ քրիստոնեան փիլիսոփայ է և իդէալիստ փիլիսոփաներն, ինչպէս Պլատոնը, համարեա թէ քրիստոնեայ, որովհետև Քրիստոսի նշանակութիւնը ի նկատի չէ առնւում: Մինուկիոսի գիրքը հին քրիստոնէական գրականութեան ամենագրաւիչ երկերից մէկն է: Տերտուլիանոսի, Կղեմէսի և Օրիգենէսի մասին ընդարձակ կերպով խօսք կլինի հետևեալ գլխում:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ