Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

 Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:

 Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը` Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը` Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը` Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը` Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը` Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը` Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը` Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը` Տ. Օշին քահանա, Արմեն սրկ. Սահակյանը` Տ. Դերենիկ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում հոգևորականի կարևոր դերակատարությանը: Սրբազան Հայրն ասաց. «Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին վերստին ցնծության և բերկրանքի մեջ է: Դժվար է բառերով փոխանցել այն ոգևորությունը, որ համակել է այս պահին Քրիստոսի անունով ժողովված հավատացյալների բազմությանը` հոգևորական, թե աշխարհական, ծեր, թե երիտասարդ: Ինչպես Եկեղեցու հայրերն են ասում` սա անպատմելի ուրախություն է, քանզի մարդկային խոսքն ի զորու չէ արտահայտելու այն հոգևոր փորձառությունը, որ այս պահին ապրում են հավատացյալները երկրի վրա, հրեշտակները երկնքում: Եկեղեցում նոր առաքյալներ են ծնվում` Տիրոջ խոսքի ծառայության համար, հավատքի վկայության նոր առաջնորդներ… Այս պահը ողջ Եկեղեցու համար հավատքի վերահաստատման սրբազան առիթ է, առաքելական սպասավորության վերանորոգության ներշնչման աղբյուր, հոգևոր կյանքի նոր հորիզոնների բացահայտման հրավեր»: Խոսքն ուղղելով քահանաներին` ձեռնադրող Սրբազանը պատգամեց. «Մարդկանցից ոչինչ չակնկալեք ձեր առաքելության ընթացքում, Աստծուն դարձրեք ձեզ ապավեն, հիշեք, որ դուք առաքված եք բառիս ամենալայն իմաստով և ամենակարևորը` Աստծու կողմից: Այս գիտակցության մեջ է թաքնված ձեր հավատի ուժը, այս ոգու առջև փլուզվում են բոլոր տեսակի պատնեշները, բացվում փակ դռները, այս ներշնչմամբ էր սուրբ Պողոսը հպարտորեն հայտարարում` «Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»»:

[print_gllr id=1696]