Փետրվարի 9 † Կիր. Դ կիր. զկնի Ս. Ծննդեան

Astvacashunch 2 - Փետրվարի 9 † Կիր. Դ կիր. զկնի Ս. Ծննդեան

Ես. 63.7-9։ Բ. Տմ. 3.1-12։ Յհ. 6.22-38։

ԵՍԱՅԻ

7Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ։ Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ։ 8Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ».եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից։ 9Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան։

Բ Տիմոթէոս

3 Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից, 6քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. 7կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը։ 8Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ։ 9Բայց նրանք աւելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց յիմարութիւնը յայտնի կը լինի բոլորին, ինչպէս որ եղաւ այդ երկուսինը։ 10Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից։ 12Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

22Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ 23Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել։ 24Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու։ 25Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։ 26Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք։ 27Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»։ 28Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։ 29Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»։ 30Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես։ 31Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»։ 32Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»։ 34Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ 35Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի։ 36Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում։ 37Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։