Փետրվարի 15 Շբ. Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն

Astvacashunch 2 - Փետրվարի 15  Շբ. Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն

Առ. 3.13-17։ Ես. 41.1-3։ Եփ. 6.10-17։ Ղկ. 21.10-19։

Առակներ

13Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։ 15Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։

ԵՍԱՅԻ

41 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին։ 2Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը, 3նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են։

Եփեսացիներ

10Եւ վերջապէս, զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. 11եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. 12որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ 13Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. 14եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ 15ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։ 16Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

10Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից։ 12Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։