Տիրոջ օրը կգա, ինչպես գողը` գիշերով

Mek or - Տիրոջ օրը կգա, ինչպես գողը` գիշերով

Փառավորե՛նք Աստծուն հերթական լուսաբացի համար, գոհությու՛ն հայտնենք շատ սովորական առօրյայի համար, օրհնե՛նք Նրան, Ումով ապրում ենք, շարժվում ենք ու կանք, երկրպագե՛նք Նրան, Ով Սրբություն է, Ճշմարտություն եւ Կյանք:
Նորից արթնացել ենք. երկարել է ապաշխարության ժամանակը մինչեւ երեկո, եթե մտածում ենք մեր փրկության եւ բարի գործերով Աստծուն փառավորելու մասին, հակառակ դեպքում մեր ամեն մի քայլն ու շունչը կարող է վերջինը լինել:
Հիշենք Աստծուն, երբ հերթական անգամ հնարավորություն է ընձեռում մեզ` Իր բարի լույսին արժանացնելով, եւ չմոռանանք Նրան մեր գլուխը բարձին դնելուց առաջ, որպեսզի անկասկած լինենք, որ հերթական լուսաբացին պիտի արժանանանք: Վախենանք Աստծու՛ց եւ ոչ թե երեւակայական կամ իրական արհավիրքներից ու փորձություններից: Աստված միայն մեզ փորձանքներից ազատող ու մեր «անմեղ» ցանկությունները կատարող հրաշագործ չէ: Նա գիտի մեր մազերի թիվն անգամ ու Ինքն է սահմանում մեր կյանքի օրերի թիվը: Ժամանակ գտնենք ինքներս մեզ համար, մեր ապաշխարության եւ փրկության համար, քանի դեռ Նա Ինքը մեզ համար սահմանում է այդ ժամանակը, ողորմություն հայցենք Տիրոջից մինչեւ Նրա` դատաստանի աթոռին նստելը: Այս երերուն ու անհաստատ աշխարհում մեր աներեր ու հաստատուն հույսը թող միայն Նա լինի` Ամենակալը, եւ մեր բոլոր բարի ձեռնարկումները թող օծվեն Տիրոջ երկյուղով` հոգեւոր մակաբույծների դեմ միակ արդյունավետ միջոցով, որպեսզի պսակվեն հաջողությամբ եւ պտղաբերեն սրբություն եւ փառք, հավիտենություն ու անմահություն:
Աշխարհում իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախասահմանել է Տերը, այնպես, որ արդարները փառքի պսակն առնեն, իսկ անիրավները զրկվեն Աստծո տեսությունից: Ամենասարսափելի փորձության ու աղետի ժամն անգամ պիտի դիմագրավենք Տիրոջ երկրորդ փառավոր գալստյան սպասումով: Նրանք, ովքեր իրենց կյանքը կնվիրեն ապականությանը, նյութին, անցողիկին, այդ ամենի հետ էլ կկորչեն եւ կարժանանան չար ու անհոգի դեւերի բաժնին: Ապականությունը այսօր շատ հստակ ուրվագծեր ու բնորոշ գունավորում ունի, եւ բոլոր նրանք, ովքեր կզլանան ծանոթանալ իրենց Արարչի հետ, ովքեր, ծանոթ լինելով, կծուլանան մտերմանալ Նրա հետ, ովքեր մտերմանալով կդավաճանեն ու կլքեն Նրան, նրանք բոլորը պիտի ուրվագծվեն ու գունավորվեն որպես ապականության տարր եւ բաղադրիչ: Մոտ է մեծ նեղությունը, ոմանց համար որպես արքայություն տանող փրկության նեղ, բայց միակ ճանապարհ, ոմանց համար երկմտելու եւ երկընտրանքի պատճառ, այլընտրանքային ուղի, որի վերջնանպատակը, սակայն, հստակ չէ: Դատաստանի օրը մենք առավել կամաչենք ոչ այնքան մեր մեղքերի համար, որքան մեր անշնորհակալ էության, որովհետեւ այդ օրը հայտնի կդառնա, թե Տերը, բացի նրանից, որ մեզ կյանքի է կոչել, ինչերից է փրկել ու պաշտպանել, միայն այդ օրը կհասկանանք, թե ինչ է իրականում ցավ զգալը:
Տիրոջ օրը կգա, ինչպես գողը` գիշերով: Գնահատենք եւ նպատակային ու իմաստալից ապրենք մեզ շնորհվող ամեն մի նոր օրը. այն մեզ տրվում է ոչ թե մեր արժանիքների համար, այլ մեր Ամենակալ Աստծո մեծագույն սիրո եւ ողորմության շնորհիվ, որպեսզի օրվա մեջ հավիտենական կյանքի սերմեր ցանենք առատ բերքահավաքի հույսով:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 68
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան