Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ

 «Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ կարող է մեզ հակառակվել» (Հռոմ.8:31):

 ԱՊՐԻԼ 24, 1915: Հայ ժողովրդի պատմության մեջ մեզ և հատկապես մեր վաղվա սերունդների համար անմոռանալի մի թվական պիտի մնա: 98 տարիներ առաջ, խաղաղ և ստեղծագործ մի ժողովրդի զավակները ենթարկվեցին ջարդի ու կոտորածի: Աբդուլ Համիդ «Կարմիր սուլթանի» ոճիրները այս անգամ ավելի կատարելագործված կերպով ի գործ էին դրվում երիտասարդ թուրքերի կողմից, որոնք ուզում էին Հայաստանը տեսնել առանց հայերի:

 Թարմ է դեռևս մեր ժողովրդի ցավն ու վերքը: 98 տարիները պատմության համար մի ակնթարթ են միայն: Դեռևս երեկ, մի քանի տասնյակ տարիներ առաջ, Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ: Վերածնվել են Մայր Հայրենիքն ու Սուրբ Էջմիածինը: Եվ Նոյան աղավնին ձիթենյաց մի նոր ճյուղ ամուր պահած սրտին տանում է դեպի ձյունածածկ Արարատները` մեր Սրբազան Լեռը:

 Ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր մարտիրոսացան: Աստվածապաշտ մի ժողովուրդ ենթարկվեց մարդակերպ գազան- ցեղի ահռելի և զազրելի տանջանքներին ու խաչելության և սակայն երբեք չուրացավ իր հավատն ու ինքնիրեն սրբացրեց` թափելով իր արյունը:

 Ինչքան էլ կոտորվեն հանճարեղ մեր ազգի մտավորականներն ու արվեստագետները, եկեղեցականներն ու հավատացյալները և կամ ազգի կեսը, մնացողները հողի տակ թաքնված արմատների նման, կծլեն դարձյալ աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես գեղատեսիլ սաղարթախիտ ու պտղալից մի ծառ: Թուրքը իրագործեց իր ճիվաղային ծրագիրը, բայց հայը դատարկ թողեց իր գերեզմանը, որովհետև ուզում էր ապրել ու ապրեցնել իր հինավուրց ազգը, այն կատարյալ համոզումով, թե` «Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ կարող է մեզ հակառակվել»:

 Մեզ այսօր կյանք է կտակված: Կյանք` ապրելու համար: Կյանք` լցնելու համար արյան գնով: Կյանք` նվիրվելու ու պարգևելու համար մեր Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, մեր ընտանիքներին ու մեր բարեկամներին:

 Հիշեցե’ք, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքի կտակագիրը մի նահատակ է: Մեր կյանքը հաստատում է նրանց աննախընթաց մահը: Մեր նախնիները կտակեցին մեզ իրենց կյանքը, այնպես ինչպես Հիսուս Իր Անձը զոհեց, որպեսզի մաքրենք մեր խղճմտանքը մեռյալ գործերից և ծառայենք կենդանի Աստծուն:

 Եկեք չմոռանանք անցյալը, սակայն նրա վրա հենվելով, մեր ներկայով և մանավանդ վաղվա ապագայի պայծառ տեսիլքով, կառուցենք մեր Տունը և տեր կանգնենք մեր ավանդություններին, եկեղեցիներին ու մշակութային ժառանգությանը, բայց մանավանդ առավել ևս տեր կանգնենք հայ ընտանեկան սրբության: Հայ ընտանիքի հիմքերը պետք է հաստատված լինեն գթասրտության, զոհաբերության, հավատարմության և սիրո վրա:

 Աղոթքի այս պահը` հոգիների լուսավորության պահն է: Սա այն պահն է, երբ մեր հոգիներում իջնում են Եղեռնի մեր նահատակները ու մեր մեջ են փչում Քրիստոսի Հարության շունչը, մի շունչ, որի սնունդը առաջնորդում է հավիտենական կյանքի:

 Խունկ և աղոթք մեր բյուրավոր նահատակների հիշատակին: Ամեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան