Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՂՋՈՒՅՆ ԿԱՆՈՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 Հասել ենք Սուրբ Պատարագի ամենախորհրդավոր պահին, և անհրաժեշտ է, որ Եկեղեցում լռություն տիրի, իսկ սրտերում՝ երկյուղածություն։ Դպիրները, ձայնակցելով երկնքի հրեշտակներին, երգում են. «Սուրբ, սուրբ, սուրբ (Եսայի Զ 1-6), որի ընթացքում քահանան իր ծածուկ, երկար աղոթքի մեջ հիշում և փառաբանում է Աստծուն, որ երբեք չի անտեսել մարդուն՝ երբեմն  Մարգարեներով, երբեմն օրենքներ հաստատելով, երբեմն քահանայություն հաստատելով, ուրիշ զոհի փոխարեն երինջներ, գառնուկներ զոհաբերելով։ Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ (Գաղատացիս Դ 4), Աստված իր Որդուն տվեց մեզ՝ որպես պարտք, պարտապան, զոհ, օծյալ, Աստծո Գառ, երկնային հաց, քահանայապետ և Պատարագ։
Քանզի Հիսուս Քրիստոսն է բաշխողը և բաշխվողը մեր մեջ «անծախապես», այսինքն՝ առանց սպառվելու, հատնելու։ Հիսուսը կատարյալ մարդ եղավ առանց ցնորքի և աստվածային բնության հետ անշփոթ միավորությամբ, մարմին առավ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամից։ Եվ աշխարհը փրկելու համար հոժար կամքով եկավ և ինքն իրեն պատարագեց մեր փրկության առիթը հանդիսացող խաչի վրա։
Այս աղոթքից հետո քահանան, Սեղանին երկրպագելով, բացում է Սկիհը և ընծայաբերվող հացը ձեռքն առնելով ու վեր բարձրացնելով՝ խորհրդավոր ձայնով ասում է.«Առէք, կերէք, այս է Մարմին իմ, որ վասն ձեր և բազմաց բաշխի՝ ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց»։ Հետո կրկին Սկիհը բարձրացնելով ասում է. «Արբէք ի սմանե ամենեքեան. այս է Արիւն իմ Նորոյ ՈՒխտի, որ յաղագս ձեր և բազմաց հեղանի՝ ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց»։ Սրանով տեղի է ունենում Սուրբ Պատարագի հիշատակությունը (Կանոնը), այսինքն՝ Հիսուսի Մարմինն ու Արյունը խորհրդանշող հացն ու գինին Աստծո առջև որպես զոհ են մատուցում ժողովրդին ի տես։
Դպիրներն ասում են՝ «ամեն», որը նշանակում է՝ լռելյայն խոստովանում և հավատում ենք, ապա երգում են «Հայր երկնավոր, որ զՈրդիդ քո…»։
Սրանով դպիրները ժողովրդի կողմից խնդրում են. «Ով երկնավոր Հայր, որ քո Որդուն մեզ համար մահվան մատնեցիր, որ մեր պարտքերն ու մեղքերն իր վրա վերցրեց։ Նրա թափած Արյունով աղաչում ենք՝ ողորմիր քո բանական հոտին՝ ժողովրդին»։ Քահանան ծածուկ աղոթքից հետո բարձր ձայնով աղոթում է Աստծուն. «Եւ զքոյս ի քոյոց Քեզ մատուցանեմք՝ ըստ ամենայնի և յաղագս ամենեցուն»։ Այսինքն՝ մեր այս ընծաները (հացն ու գինին), որ աստվածային բարությամբ շնորհել ես մեզ, քեզ ենք մատուցում։ Այս պահը, երբ քահանան բարձրացնում է Սկիհը, խորհրդանշում է Հիսուսի խաչին բարձրանալը։ Մեր հոգու աչքերով Հիսուսին տեսնում ենք Սուրբ Սեղանի վրա այնպես, ինչպես էր Գողգոթայի խաչի վրա՝ նույն սիրով և նույն զոհաբերությամբ։