Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Սուրբ Պատարագի կատարման այս ամենասուրբ պահին պատարագիչն սկսում է Եկեղեցու բարեխոսության մեծ աղոթքը, որի մեջ աղոթում է Եկեղեցու բոլոր սրբերի համար՝ սկզբում ցածրաձայն, իսկ հետո բարձրաձայն. «Աստուածածին Սրբոյ Կուսին Մարիամու և ամենայն Սրբոց եղիցի յիշատակ ի սուրբ Պատարագս, աղաչեմք» (Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի և բոլոր սրբերի հիշատակը թող լինի այս Սուրբ Պատարագի մեջ, աղաչում ենք)։ Սարկավագը թելադրում է ժողովրդին, որ հիշեն Եկեղեցու սրբերին, առաքյալներին, մարգարեներին, հայրապետներին, առաջնորդներին, Հայ ՈՒղղափառ Եկեղեցու առաջին լուսավորիչներին՝ սուրբ Թադեոս և սուրբ Բարթուղիմեոս սրբազան առաքյալներին, ապա մինչև մեր օրերի մեծ հայրապետներին, կրոնավորներին, հավատացյալ թագավորներին և բարեպաշտ իշխաններին, վերջապես՝ բոլոր սրբերին, որովհետև նրանք ևս անդամ են և մասնակցում են Եկեղեցու կյանքին։ Հետևաբար պարտք ու պատշաճ է նրանց հոգևոր ներկայությունն էլ զգալ համայնական կյանքի այս կարևոր պահին։
Սրբերի հիշատակությունն, ուրեմն, խորհրդանշում է այս աշխարհի «զինվորյալ» և անդրաշխարհի «հաղթական» Եկեղեցիների միությունն ու անբաժանելիությունը։ Մենք նրանց բարեխոսությունը հայցում ենք՝ հավատալով, թե նրանք հիշում են մեզ Աստծո առջև և աղոթում են մեզ համար։ Սա նույնպես շատ կարևոր տեղ է գրավում մեր Եկեղեցու վարդապետության մեջ. այդ պատճառով էլ առանձին ուսումնասիրություն ունենք այս նյութի մասին. ովքեր փափագում են կարող են կարդալ։ Հավատացյալների Պատարագի երկրորդ մասը վերջանում է Տերունական աղոթքով՝ Հայր մերով։ Հայր մերից անմիջապես առաջ քարոզ է տրվում։ Սկզբնական շրջանում այս քարոզը տրվում էր Ճաշու Ավետարանի ընթերցումից հետո, սակայն այժմ ամեն տեղ տարածված է անմիջապես քարոզելու սովորությունը։