Սրբությունը` խոզանոցում

Srbutyuny xohanocum - Սրբությունը` խոզանոցում

Սուրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է սուրբ:

Արարիչն Աստված Ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, ապրեց մեզ հետ, մեր կողքին` առանց մեղքերի, մկրտվեց Հովաննես Մկրտչի կողմից, քարոզեց, օրինակ ծառայեց Իր իսկ կյանքով, չարչարվեց մեր մեղքերի համար, խաչվեց` մեր մեղքերը գամելով Խաչին, եւ իր Սուրբ Արյունը հեղեց մեր փրկության համար, մեռավ խաչի վրա, թաղվեց եւ երրորդ օրը Հարություն առավ, երեւաց աշակերտներին եւ քառասուներրորդ օրը համբարձվեց Երկինք ու պիտի գա Հոր Փառքով` դատելու ողջերին ու մեռելներին:

 Սա Ավետարանի եւ Քրիստոսի Եկեղեցու դավանության առանցքային մաս է կազմում: Քրիստոսի Փրկչական առաքելությունը մարդու փրկության համար է, որ նա ստանում է Աստծո Ձեռքից իր հավատքով եւ դրանից բխած բարի գործերով: Կյանքի հորձանուտում արագ զարգացող այսօրվա աշխարհի աղմուկ-աղաղակը կարծես խլացրել է մարդու ականջները, բթացրել միտքը, սպանել խիղճը, ոչնչացրել հոգին, մարդու կյանքից դուրս մղել փրկության հույսը: Մարդու զգայարանները` պսակված բանական հավատով, որ Աստված պարգեւել է իր ստեղծագործությունը հասկանալու, վայելելու եւ ինչու ոչ` կատարելագործելու համար, օրինակ` քար — խաչքար, ծառայեցվում են չարին, եւ ամեն կերպ փորձում են Աստծուն եւ հենց մարդկայինը հանել մարդու ներաշխարհից եւ այնտեղ ներմուծել աշխարհը, մեղքն ու չարը: Ինչ է նշանակում էլեկտրոնային հասարակություն, այդպիսի հասարակություն կարելի է ստեղծել միայն այն մարդկանցից, ովքեր արդեն չեն հավատում, որ «Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ չի կարող անել»: Եւ մենք գնում ենք դեպի այդ հասարակության կառուցմանը:

 Հասարակ մարդիկ այսօր արհեստականորեն կտրված են հավատից, նրանց համար անհասանելի է գիտությունը, եւ զուրկ լինելով ինքնաճանաչողական որեւէ միջոցից` նրանք խոցելի են: Քրիստոնեությունը երբեք դեմ չի եղել մարդկային բանականությանը, ավելին` առաքյալը հորդորում է.«Ամեն բան քննե՛ք եւ բարի՛ն ամուր բռնեք»,- եւ անշուշտ, նա այդ ասում է համոզմունքով, որ քրիստոնեությու՛նն է միակ բարին: Սատանան հասկացավ, որ մարդուն կործանելու համար պետք է նրան կտրի սրբությունից` Եկեղեցուց, պետք է համոզի նրան բաց թողնել Քրիստոսի ձեռքը, այլապես մեղքի կատաղած ալիքներն ինքնին չեն կարող կլանել մարդուն: Չարին իր ծրագիրը հաջողվեց իրագործել լրիվ իր ոճի մեջ. նա ստեղծեց «եկեղեցի»` առանց Քրիստոսի, բայց այդ մասին քչերը գլխի ընկան: Ի տարբերություն սատանայի «եկեղեցու», որտեղ նա բացահայտ պաշտվում է, այս անքրիստոս «եկեղեցում» նա պաշտվում է, կարելի է ասել, միջնորդավորված` քողարկված, ձեւով: Այդ «եկեղեցիներում» ամենաշատն են խոսում Աստծո, Քրիստոսի, Սուրբ Հոգու մասին, սակայն մակաբուծում են անաստվածություն, անհավատություն, պղծություն եւ ուրացություն: Այդ ամենը հաստատում է հենց միայն այն, որ սրանք ժխտում են Սուրբ Պատարագի ընթացքում օրհնվող նշխարի եւ գինու իրական գոյափոխությունը, եւ դա այն դեպքում, երբ Տերն Ինքն է ասում.«Եթե չուտեք Իմ Մարմինը եւ չխմեք Իմ Արյունը, կյանք չեք ունենա…»: Միայն մեկ օրինակ բավական է` ապացուցելու համար. անգլիկան բողոքական «եկեղեցին» այսօր արդեն մկրտում է կենդանիներին եւ ամուսնացնում է համասեռամոլներին: Իսկ կանանց ձեռնադրությունները փոքրագույն չարիքն են:

 Այս «եկեղեցիների» եւ հեթանոս կրոնների խաչասերումից ծնվեցին այլազան աղանդները, որոնք ճագարային էնտուզիազմով եւ պետական լուռ հովանավորչությամբ բազմանում են հատկապես մեր փոքրիկ պետության մեջ:

 Հիսուս Իր սրբությունը չկիսեց պատահական մարդկանց հետ, քանի որ «Նա ինքը գիտեր, թե ինչ կա մարդու սրտում, եւ կարիք չկար, որպեսզի որեւէ մեկը ասեր Նրան»: Եւ Ինքն էլ հորդորում էր.«Ձեր սրբությունը մի՛ տվեք շներին եւ ձեր մարգարիտները մի՛ գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն եւ, ետ դառնալով, չպատառոտեն ձեզ»: Հորդորում էր` շեշտելով շների ու խոզերի այն հատկությունները, որոնք արգելակում են նրանց մեջ «սրբանալու» կարողությունը եւ ձգտումը, «քանզի շունը վերստին դառնում է իր փսխածին, եւ լվացված խոզը` թավալվելու ցեխի մեջ»:

 Նրանք, ովքեր այսօր սրբություն են պահում աշխարհում, աշխարհի սրբությունն են եւ սրբացնում են աշխարհը, նրանք քիչ են ու մարդկանց աչքին թվում են աննշան` խոզանոցի աղբի մեջ թաղված մարգարիտի նման, սակայն դժվար չէ հասկանալ, որ աղբի մեջ, թե թագուհու պարանոցին` մարգարիտը նույն մարգարիտն է, որի արժեքի մասին աղբը կամ խոզը ինքը զուրկ են որեւէ պատկերացումից:

Այսօր չարը գործում է նրա՛նց միջոցով, ովքեր «մեր մեջ էին, սակայն ելան մեր միջից, որովհետեւ մեզնից չէին, քանզի եթե մեզնից լինէին, մեր մեջ էլ կմնային»: Նրանք ելան Սրբության հանդիմանությունից` զինվելով Նրա դեմ արդեն տանուլ տված պատերազմում

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30, հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան