Սրբազան Ավանդության հետեւորդը

Ավանդությունը հավիտենության վկան է ժամանակի մեջ: Ավանդությունը հնոտի չէ, այլ մի անգին ու անգնահատելի գանձ, բայց ամեն ավանդություն չէ, որ գանձ է, այլ միայն ճշմարտության ավանդությանը:
Սակայն այսօր էլ ցավալիորեն շատերի համար առկախ է մնում պիղատոսյան՝ «ի՞նչ է ճշմարտությունը» հարցի պատասխանը:
Ինչպես Եկեղեցում սերնդեսերունդ փոխանցվում է ավանդությունը, այնպես էլ չարը բոլոր ժամանակներում ունի իր գաղափարակիցներն ու կամակատարները, որոնք ջանք չեն խնայում պատմությանը համընթաց առաջ տանելու եւ կատարելու նրա կամքը. պղծելու արարչությունը, մարդկությանը կտրելու իր աստվածազարմ արմատներից՝ կտրելով ավանդություն ավիշի կենսաբեր հոսքը դեպի ճյուղեր, տերեւներ եւ պտուղներ, ցանելով որոմի սերմեր եւ հետեւողականորեն մշակելով դրանք՝ փայփայելով որպես չարիքի ապագա հաստատուն բաոբաբ: Մտահոգիչ է նաեւ ավանդականի եւ արդիականի համատեղումը, հոգեւորի եւ աշխարհայինի «հարազատացումը», սեւի եւ սպիտակի սահմաների սվաղումը:
Ամեն բան միանգամից չի փոխվել, բայց փոխվել են շատ բաներ: Ներքին բարոյական խընդիրներ միշտ եղել են, բայց ազգի բարոյական նկարագիրը չի աղավաղվել այսպես՝ բոլոր ոլորտներում եւ բոլոր մակարդակներով: Ինչպես կեղտը սպիտակ ֆոնին, մեր այժմյան նեոհեթանոսությունը առավել ակնառու է քրիստոնեական փառավոր անցյալի ֆոնին. «Լավ է գանձ չունենալ, քան ունենալ ու արհամարհել»: Հին հայկական աստվածները ուղղակիորեն անմրցունակ են քրիստոնեական հանդերձանքով նեոհեթանոսության համեմատ, իսկ Հիսուս Քրիստոս ունի «լիիրավ» փոխարինողներ: Ազգայինը հիմա հիմք չէ, այլ դեկոր, հաց չէ, այ համեմունք, կյանք չէ, այլ կարոտ, իսկ հոգեւորն ու ավանդականը լեզվի ծայրով արտահանվող հոգու պարտք, միամիտներին գրավելու խայծ, աղբի վրա ցանված աղ: Աննկատ, բայց հետեւողականորեն մեզ զրկում են ազգային — քրիստոնեական նկարագրից՝ մեր հարատեւման գրավականից, որը մի օր իսպառ կանհետանա այն կրող վերջին հայի հետ, շատ կարճ ժամանակամիջոցում, բայց քանի այդ հայը կա, ավանդությունը կապրի ապագային փոխանցվելու հույսով: Անաղարտ քրիստոնեությունը շատ քչերին է հետաքրքրում, այն բավականին ողջախոհ, պահպանողական եւ պահանջկոտ է հանրաճանաչ ու հանրամատչելի լինելու եւ ամեն մեկին գոհացնելու համար: Ճշմարտությունը մերկ է, բայց ամեն մերկ բան ճշմարտություն չէ, այսօր շատ են հնչում մերկապարանոց եւ ընդհանրապես մերկ գաղափարներ եւ դատողություններ, բայց դրանցից ոչ մեկը անգամ մոտ չէ ճշմարտությանը: «Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարեք հավատի համար, այն հավատի, որ մի անգամ ընդմիշտ ավանդվեց սրբերին, քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծո շնորհը վերածեցին անառակության եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին» (Հուդա 1; 3 — 4): «Սրանք ցամաքած աղբյուրներ են եւ մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջները հավիտյան նրա՛նց համար են պահված. քանզի մեծախոս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից: Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է. որովհետեւ, եթե մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը. քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց:
Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թե՝ Շունը վերստին է դառնում իր փսխածին եւ թե՝ Լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետր. 2;17-22):

Լիլիթ Հովհաննիսյան

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ N 60