ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ, ԹԵ՞ ՎԱԼԵՆՏԻՆ

Վերջին մի քանի օրվա ընթացքում այս հարցը տալիս են շատերը, լսվում են թեր ու դեմ կարծիքներ: Ոմանք հակված են Վալենտինը նշելու, ոմանք` Սուրբ Սարգիսը, իսկ դեռ ոմանք էլ` ոչ մեկը: Բնականորեն ես մեր բոլոր երիտասարդներին, սիրահարներին, իրենց սիրահարված ու երիտասարդ զգացողներին խորհուրդ պիտի տամ նշել Սուրբ Սարգիսը: Սա բնական է ու անտարակուսելի: Բայց ոչ թե որովհետեւ մերժում եմ օտար տոներն ու սովորությունները եւ կամ հակակրանք ունեմ նրանց նկատմամբ, այլ պարզապես, որովհետեւ Սբ. Սարգիսը հայ-քրիստոնեական տոն է եւ իր մեջ սքանչելիորեն ներառնում է սիրո խորհուրդը եւ բացի իր հոգեւոր խորքից ունի նաեւ Վալենտին կոչված տոնի արտաքին բոլոր նշանները: Եւ եթե այդպես է, կարո՞ղ է ինձ որեւէ մեկը ասել, թե ինչո՞ւ պիտի օտար տոնը նշենք եւ ոչ մերը: Հայ ժողովուրդը բնականաբար կղզիացած ազգ չէ եւ ոչ էլ պետություն: Մենք դարերով շփվել ենք բազմաթիվ օտար ազգերի հետ, նրանց տվել ենք մերը եւ նրանցից փոխառել իրենցը: Սա բնական ընթացք է եւ ոչ երբեք մերժելի: Բայց որեւէ ազգ ու հանրություն ցանկացած երեւույթ, ցանկացած տոն, սովորություն ու ավանդություն փոխառելու անհրաժեշտություն է ունենում այն ժամանակ, երբ չունի իրենը, ազգայինը, ավանդականը: Այսպես է կյանքի տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ լեզվում: Հայերենն իր հարեւան լեզուներին տվել է բազմաթիվ բառեր, որոնց համարժեքը այդ լեզուներում չի եղել, եւ նրանք կամ պատճենել են բառը կամ ուղակի հարմարացրել իրենց լեզվական արտասանությանը: Նոյն ձեւով էլ մեր լեզուն է փոխառել բառեր օտար լեզուներից կամ պատճենել դրանք, երբ չի ունեցել իր համարժեքը: Ազդեցություններն ու փոխառությունները առկա են զանազան այլ ոլորտներում եւս: Հետեւաբար եթե ունենք մերը, ինչու փոխառենք ուրիշինը: Ես չեմ ուզում վատաբանել Վալենտինի օրը` լավն է, լավը չէ, նման սուրբ կա, թե չկա, ծաղիկ ու այլեւայլ նվերներ վաճառելու միջոց է եւ այլն: Բայց մեկ բան հստակ է` մերը չէ եւ մենք դրա համարժեքն ունենք, ուրեմն նրա պետքն էլ չունենք: Հարգենք իբրեւ օտարի տոն ու սովորություն, բայց նշենք մերը: Եւ սա եզակի տոնը չէ, որի նշումը ես չեմ հասկանում: Չեմ հասկանում օրինակ, թե ինչո՞ւ ենք մենք պետականորեն նշում մարտի 8-ը որպես ոչ աշխատանքային կանանց տոն: Շատ եմ ցավում, որ հայոց խորհրդարանը, 2001-ին`Քրիստոնեության պետական ընդունման 1700-ամյակի տարում, Ապրիլի 7-ը` Մայրության եւ Գեղեցկության Տոնը, որ մերն էր, ազգային-քրիստոնեական էր, որի մեջ քրիստոնեական սքանչելի իմաստ կար, գեղեցկության ու մայրության խորհուրդ կար, դարձրեց աշխատանքային եւ դրանով նվաստացրեց նրա կարեւորությունը, իսկ Մարտի 8-ը դարձյալ դարձրեց պետական-ոչ աշխատանքային: Մենք, ինչպես ասացի, աշխարհի մաս ենք կազմում եւ նշենք մարտի 8-ը, որպես կանանց համերշախության միջազգային օր եւ կամ կանանց իրավունքների պաշտպանության օր եւ նշելուց առավել հիշենք, որ կանայք իսկապես իրավունքներ ունեն, որոնք մենք իրավունք չունենք ոտնահարել ու անտեսել գրեթե ամեն օր: Կանանց հարգենք ու մեծարենք տարվա ամեն օր, չմոռանանք, որ նրանք իրենց ամուսինների ու ընկերների, եւ, ինչու ոչ, նաեւ եղբայրների ու զավակների սիրույն են արժանի ամեն ժամանակ: Իսկ ապրիլի 7-ին առավել եւս վերհիշենք, որ յուրաքանչյուր կին գեղեցկություն է, յուրաքանչյուր կին պոտենցիալ մայր է եւ Աստուծո արարչագործության շարունակող: Շատերն էլ օրինակ կարծիք հայտնեցին, թե ինչ պետք կա սիրո կամ սիրահարների տոնի, սիրո տոնը ո՞րն է: Սերը տոնի ու օրվա պետք չունի: Սիրում են ամեն օր: Այո, անշուշտ, սիրում են ամեն օր: Եւ հետեւաբար, մեծեր ու փոքրեր, սիրեցեք իրար ամեն օր` մաքուր ու անկեղծ սիրով, հավատարիմ ու անսպառ սիրով: Իսկ Սուրբ Սարգսի տոնին էլ գնացեք եկեղեցի, ստացեք Աստուծո օրհնությունը, հայցեք ձեր պահապան Սբ. Սարգսի բարեխոսությունը եւ Աստուծո առաջ անկեղծորեն ուխտեցեք եւ վերուխտեցեք` սիրել ու հավատարիմ մնալ իրար կյանքի բոլոր օրերում, փորձության ու տխրության մեջ, ուրախության ու երջանկության մեջ: Աստված պահապան ձեզ, սիրելի սիրահար երիտասարդներ:

Պատրաստեց՝  Հայր Սերովբէ Իսախանեան