ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՀԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՍՊԱՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՐ

 Պատարագիչ քահանան՝ բուրվառը ձեռքին« խնկարկելով ցած է իջնում բեմից և ժողովրդի մեջ շրջում է մեծաշուք, հանդիսավոր թափորով, որին ընկերանում են զույգզույգ շարված դպիրների ու սարկավագների շարքերը, որոնք թափորին վեհություն են տալիս։ Պատարագիչը, խնկարկելով, վերստին բեմ է բարձրանում։ Այս խնկարկությունը խորհրդանշում է Հիսուսի երկնքից իջնելը, աշխարհի վրա շրջելն ու կրկին երկինք բարձրանալը։
Ինչպես Քրիստոսը երկնքից երկիր իջավ, այդպես էլ քահանան խորանից իջնում է ժողովրդին օրհնելու. ճիշտ այդ պատճառով բարեպաշտ հավատացյալները Պատարագի շուրջառն քղանցքին են դիպչում և համբուրում բժշկության համար, ինչպես գրված է Ավետարանում. «Եվ աղաչում էին Նրան, որ թեկուզ միայն նրա հագուստի քղանցքին դիպչեն, նրանք, որ դիպան, բժշկվեցին» (Մատթեոս ԺԴ 36, Մարկոս Զ 56, Գործք Ե 15, ԺԹ 12 և այլն)։ Այսպես, քահանան խորան է բարձրանում ժողովրդին հոգեպես կազդուրելուց հետո։ Խնկարկությունն այստեղ խորհրդանշում է շնորհների բաշխումը հավատացյալներին։ Բայց ընդհանրապես խունկը աղոթքի հաճության նշան է։ Ինչպես խունկը անուշահոտ բույր ունի և հաճելի է մարդկանց, այնպես էլ աղոթքը՝ սրտից բխող աղոթքը հաճելի է Աստծուն։ Ուրեմն պետք է սրտանց աղոթել, որպեսզի Աստված մեզ արժանի անի Սուրբ Պատարագին մասնակցելու և միևնույն ժամանակ կատարի մեր բարի խնդրանքները։