Սուրբ Մեռինոս քահանայի մասին

Անդիպատրոսի անթիպատության երրորդ տարում Աքայեցիների աշխարհում մեծ հալածանք սկսվեց, և հելլենների ազգի բազմության հավաք եղավ աստվածների մեհյաններում: Իսկ դրանից հետո, երբ տասնհինգ օր անցավ, մեզ համար տնօրինաբար մարմնացած մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Մարիամ սուրբ կույսից ծնվելու տոնը հասավ, որ փառավոր կերպով տոնում են բոլոր հավատացյալները: Եվ տոնն այս երանելի, պայծառ և լուսավոր կերպով եղավ քրիստոնյաների հավաքներում: Այնժամ չարացած անօրեն անթիպատոսը գնաց, բռնությամբ մտավ Աստծու եկեղեցին, ուզում էր հավաքել հավատացյալ քրիստոնյաներին, որ բազում տանջանքներով նրանց ստիպի զոհ մատուցել աստվածներին: Այս էր ջանում կատարել անօրեն ամբարիշտը:
Առաջ եկավ քահանաներից մեկը, որի անունը Մեռինոս էր` ծագմամբ երևելի և մեծատուն, հանճարեղ և խիստ իմաստուն, ամբողջ էությամբ երկյուղած և աստվածասեր [մի մարդ], և ասաց աթիպատոսին. «Ա՜յ վայրենի շուն և չարիմաց գազան, չարի գտիչ և որսորդ չարի, ինչո՞ւ ես ջանում խափանել Աստծու եկեղեցին»: Ապա դարձավ ժողովրդին, սկսեց քաջալերել և հորդորել բոլորին` ասելով. «Ո՛վ իմաստուն և աստվածասեր մարդիկ, փութացեք դիմանալ հանուն հավատքի ջանքի, հաստատուն եղեք` ապավինելով կենդանի Վեմին, որ Քրիստոս է, որովհետև Նա է բոլոր բարեպաշտներին շնորհում երկնքի արքայությունը: Արդ` քա՛ջ եղեք, անդրդվելի մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատի մեջ, ընկե՛ք Նրա առջև և աղաղակեցեք. «Տե՛ր, սերնդե սերունդ ապավեն եղիր մեզ, քանի դեռ կան լեռները, քանի դեռ կան երկինքն ու տիեզերքը, որովհետև Դու ես մեր հավիտենական հույսը: Փրկի՛ր մեզ, որովհետև Քեզ հուսացին մեր անձերը»: Մեծ և աստվածասեր Մեռինոս քահանայից այս լսելով` բոլորն ամրացան հավատքի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտության մեջ:
Այնժամ մեծ ցասմամբ լցվեց աթիպատոսը, շտապ բարձրացավ նստեց Փոր[ոս] կոչված տեղում, որ Դիոնիս կոչված կուռքի մեհյանի մոտ է, և հրամայեց բռնել ու իր մոտ բերել երանելիին, ոչ իբրև մտերիմ, որովհետև նախկինում անթիպատոսի բարեկամն ու սիրելին էր, այլ իբրև դատախազ և թշնամի: Երբ բերեցին և կանգնեցրին անթիպատոսի առջև, անթիպատոսն ասաց նրան. «Շտապի՛ր, զո՛հ մատուցիր Դիոնիս աստծուն, որովհետև մեծ բարեպաշտությամբ զոհեր էիր մատուցում մեր դատավոր եղած ժամանակներում»: Քրիստոսի սուրբ վկան ասաց նրան. «Ո՛վ անթիպատոս, ես դևերին զոհ չեմ մատուցում, այլ մեծ բարեպաշտությամբ և ջանքով ակնածում եմ իմ ամենակալ Թագավորին, Նրան, որ բնակվում է երկնքում: Եվ միայն Նրան եմ երկրպագում և իմ անձին փրկություն խնդրում: Իսկ դու, անթիպատո՛ս, կուռքերիդ երկրպագելով` դաժան մահվամբ և դառն տանջանքներով կսատկես»:
Եվ խիստ բարկանալով` անթիպատոսը հրամայեց կախել նրան և քերել: Եվ մինչ քերում էին սրբի կողերը, անթիպատոսն ասաց նրան. «Զո՛հ մատուցիր Դիոնիսին»: Սուրբը պատասխանեց և ասաց. «Չե՛մ զոհի, որովհետև քրիստոնյա եմ»: Իսկ դահիճները հոգնել էին սրբի կողերը քերելուց, մինչդեռ նա արհամարհում էր այդ, աղոթում էր և ասում. «Պահի՛ր ինձ, Տե՛ր, չարամիտի գայթակղության որոգայթից, որովհետև ես պատրաստ եմ չարչարանքներին և նեղություններին, որ վրաս են գալիս Քո սուրբ, մեծ և փառավոր անվան համար, ի՛մ Տեր և ի՛մ Աստված»: Այս ասելուն պես, անթիպատոսը հրամայեց հնոցը վառել, և երբ կրակը եղավ, սպասավորները, հրաման կատարելով, ավելի էին բորբոքում կրակը` ձեթով, որթերով և ձիթենու պտուղներով, մինչև բոցը բարձրանալով` հիսուն կանգունի հասավ: Անթիպատոսը գալով տեսավ բորբոքված կրակի բոցը, տագնապած զարհուրեց և տեղը նստելով` հրամայեց բերել երանելիին ու հնոցը նետել: Երբ եկավ, տեսավ հնոցի հուրը, երկինք նայեց, բարձրաձայն գոչեց և ասաց. «Մենք անցանք հրի և ջրի միջով, և հանեցիր մեզ Քո հանգստարանը, Տե՛ր»:
Եվ մինչ երանելի Մեռինոսը փառավորում էր Աստծուն, [նրան] հնոցի բոցի մեջ գցեցին, իսկ նա հնոցի մեջ շրջում էր իբրև թագավորական հանգստարանում: Եվ շատերը տեսնում էին, որ երկու փառավորագույն այրեր պտտվում էին նրա մոտ և նրան զերծ պահում կրակից և չէին թողնում, որ նա վնասվի: Եվ երանելին աղոթում էր հնոցի մեջ և ասում. «Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՜ռք Քեզ, Թագավոր հավիտենական, որ միայն մեծամեծ սքանչելիքներ ես գործում, որովհետև հավիտենական է Քո ողորմությունը: Դու ես, որ սկզբից և եթ ստեղծեցիր նախահայր Ադամին և նրան դրեցիր դրախտի փափկության մեջ: Դու նաև նինվեացիների աղոթքները լսեցիր և նրանցից հեռու տարար մահվան վճիռը: Նաև Բաբելոնի հնոցում Դու երեք մանուկներին փրկեցիր, իջնելով նրանց մոտ և քաղդեացիներին կիզելով` ցրեցիր հնոցի հուրը: Որի համար այժմ աղաչում եմ Քեզ, Աստվա՛ծ, որ առաջ էիր քան հավիտյանը, քշի՛ր այս հնոցի հուրը Քո թշնամիների վրա և հրկիզի՛ր նրանց, որ փառավորվի Քո անունը հավիտյան»:
Եվ նույն պահին ցոլաց հուրը հնոցից դուրս և տեղում կիզեց հելլենացիներից շատերին` մոտ հարյուր հիսուն մարդու: Իսկ անթիպատոսը, երբ տեսավ կատարված սքանչելիքները, շտապ ելավ ու փախավ այնտեղից և ետ նայելով` տեսավ Մեռինոսին հնոցի մեջ պարելիս որպես հանգստարանում: Նրա հետ [տեսավ] նաև երկու լուսեղեն էակներին, որոնց պայծառագույն կերպարանքները փայլում էին որպես արևի ճառագայթներ, ինչից ապշեց և խիստ զարհուրեց անթիպատոսը, հրամայեց սպասավորներին, որ գնան, հանեն սրբին և բանտ տանեն, իսկ ինքը խորհրդակցեց չար համախոհների հետ, թե ինչ դառն տանջանքներով կործանեն երանելիին: Իսկ չարի պաշտոնյաներն ու խորհրդակիցները բանսարկուի հորդորմամբ պատասխանեցին և ասացին. «Ձերդ քաջությունը թո՛ղ հրամայի, որ նրա մարմնից բարակ շերտով հեռացնեն կաշին»: Եվ դատավորին հաճո թվացին խորհրդականների խոսքերը, դարձյալ նստեց ատյանում և հրամայեց բերել Քրիստոսի մեծ նահատակ սուրբ Մեռինոսին` իբրև ապստամբի և թագավորի հրամաններին անհնազանդի:
Եվ մինչ բերում էին, սուրբը սաղմոսում էր և ասում. «Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև քաղցր է Քո ողորմությունը: Քո մեծ գթությամբ խնայի՛ր ինձ և երեսդ մի՛ դարձրու Քո ծառայից, որովհետև ես նեղված եմ: Շո՛ւտ լսիր ինձ, Տե՛ր, և արժանի արա՛ ինձ Քո փրկությանը»: Եվ երբ եկավ այնտեղ, ուր նստում էր անթիպատոսը, բոլորը նրա երեսը պայծառացած տեսան, որ փայլում էր որպես արեգակը: Մի այլ [դատավոր] ասում է. «Դո՞ւ ես Մեռինոսը, որ քո կախարդությամբ հանգցրեցիր հուրը և կրակի բոցերը ցրեցիր ու շատերին կրակի կիզմամբ կործանեցիր»: Սուրբ Մեռինոսն ասում է. «Այո՛, ես եմ, որ անվամբ Աստծու և Նրա Քրիստոսի, քո հայր սատանայի գործիքները ցրիվ տալով կործանեցի»: Անթիպատոսն ասաց նրան. «Այսուհետև քեզ չեմ ներելու, այլ կհրամայեմ, որ բարակ շերտով մորթազերծ անեն և լարի պես հյուսեն, որ ամենքին հայտնի լինի քո` կախարդության արհեստը»: Պատասխանեց Մեռինոսն ու ասաց. «Արա՛, ինչ որ հաճո կթվա քո կամքին, որովհետև քո հայր սատանան ևս այսպիսի արյունարբությամբ է բռնությամբ իշխում»:
Այնժամ անթիպատոսը, խիստ զայրանալով, հրամայեց լարահատներին, որ երանելիի մարմնից բարակ շերտեր հանեն: Եվ անօրենները մաշկը պատռում էին փոկի պես, սկսեցին երանելիի թիկունքից` հասնելով մինչև սուրբ ոտքերի գարշապարները: Իսկ սուրբն ու առավել սրբացողը բանի տեղ չէր դնում այդ, ասես մի օտար մարմին էր ընդունում չարչարանքները, ինքն աղոթում էր և ասում. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և Նա նայեց վրաս ու լսեց իմ աղոթքը: Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրա հաստատեց և ուղղեց իմ քայլերը» (Սաղմ. ԼԹ. 1-4): Ավարտելով աղոթքը` գոհացավ Տիրոջից և այդպես դիմացավ անհնարին ծանր տանջանքներին Քրիստոսի քաջ և արիագույն նահատակ սուրբ Մեռինոսը, մինչև ժողովրդի ամբողջ բազմությունը խիստ զարհուրեց: Եվ նա համբերությամբ դիմացավ ամենին` որպես մարմին առած անմարմին փառավորում էր Աստծուն:
Եվ երանելին ձեռքը վերցրեց իր մարմնից հանված կաշեշերտերից մեկը և հարվածեց դատավորի երեսին, ասելով. «Ո՛վ անօրեն և ամբարիշտ և ամենայն արդարությունների թշնամի, այդպես խրոխտացած նստել, դատում ես քեզ պես մարմնավոր մարդու և հրամայում ես անասունների մորթու պես կաշին հանել և պերճացած ցնծում ես իմ մարմնի արյան հեղումից: Չգիտե՞ս, որ այս ամենին դիմանում եմ առ Աստված [ունեցածս] հույսի համար և կրում եմ չարչարանքները, որ կենաց պսակ ստանամ Նրա սուրբ անվանը հաճոյացածների և կամքը կատարողների հետ: Իսկ դու, որ առելպահել ես իմ մարմնի կաշին, ո՛վ անօրեն և Աստծու ու մարդկանց համար անիմաստ ու անպիտան, հույս մի՛ ունեցիր փրկվելու Աստծու ձեռքից, որ ենթարկելու է քեզ հավիտենական տանջանքի և չարչարանքի, որ և չես կարողանալու դիմանալ Աստծու զայրույթին»:
Այդ ժամանակ անթիպատոսը բարկացած հրամայեց երկաթյա ճանկեր կապել և քերել սուրբ վկայի մարմնի միսը, մինչև պոկոտվելով ոսկորներն էլ հետը դուրս գան: Եվ դահիճները, հրամանը կատարելով, անողորմաբար տանջում էին: Իսկ երիցս երանելին մեծ համարձակությամբ և անփոփոխ մտքով աչքերը երկինք հառելով` այսպես էր ասում. «Դո՛ւ, որ Թագավորն ես և հավիտենական Աստված, որ փառավորված ես երկնային բոլոր զորքերի կողմից, Դո՛ւ, որ քավություն ես շնորհում բոլորին, որ անխարդախ սիրով և հավատով խոստովանում են Քո սուրբ անունը, Դո՛ւ, ի՛մ Տեր Աստված, հաճի՛ր նայել իմ տառապանքներին և ինձ արժանի արա՛ Քո անվախճան փառքը ժառանգելու»: Եվ նույն պահին երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Ահա աստվածային սուրբ փառքով փառավորվեցիր, և քեզ տեղ պատրաստվեց Աստծու արքայության մեջ, ուր կմնաս մեծ խաղաղությամբ, որովհետև վայելուչ կերպով ավարտեցիր քո նահատակության ընթացքը»: Եվ ձայնն այս լսելի եղավ անխտիր բոլորին: Եվ ոմանք ասում էին. «Հրեշտակը խոսեց նրա հետ»: Այլոց խոսքն էր, թե` «Կախարդություն գործելով ապշեցնում է բոլորին»: Իսկ ուրիշներն այլ բան էին ասում: Անթիպատոսն ամբողջությամբ կախարդություն էր համարում հնչած ձայնը և ասաց երանելի Մեռինոսին. «Այսուհետև դադարեցրո՛ւ քո կախարդությունները և զո՛հ մատուցիր աստվածներին, մանավանդ մեծ Դիոնիսին, իսկ եթե չզոհես` գիտեցի՛ր, որ կհրամայեմ մարմինդ գցել գազաններին իբրև կերակուր»: Սուրբ Մեռինոսն ասաց. «Ահա, կանգնած եմ քո առջև, արա՛` ինչ որ հաճելի կթվա քեզ, բայց գիտեցիր, որ ես քրիստոնյա եմ և դևերին զոհ չեմ մատուցում»:
Այնժամ անթիպատոսը հրամայեց բանտ տանել նրան և հաջորդ օրվա համար նախապատրաստել ասպարեզը, որ սրբին գազանակուր անեն: Հետևյալ օրը հավաքված ամբողջ ամբոխը տեսավ ոչ միայն սուրբ Մեռինոսի չարչարանքները, այլ նաև Աստծու մարդասիրությունը, որ կատարվեց նրա վրա: Երբ երանելիին ասպարեզ հանեցին, բոլորը տեսան, որ անվնաս և անսպի մարմնով ու զվարթերես էր` ինչպես սկզբում, այնքան, որ ոմանք չիմացան, թե ընդհանրապես չարչարանք է կրել: Եվ երբ եկավ, ասպարեզ մտավ և կանգնեց ամբոխի առջև, Քրիստոսի Խաչի նշանն արեց իր երեսին և սկսեց այսպես ասել. «Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի, և Նա ինձ փրկություն եղավ» (Սաղմ. ՃԽԱ. 1-3): Երբ խոսքն ավարտեց, նրան անթիպատոսի մոտ բերին հարցաքննության: Անթիպատոսն ասաց նրան. «Մեծ են քո կախարդությունները, Մեռինո՛ս»: Սուրբ Մեռինոսն ասաց. «Մեծագույն են Քրիստոսի դատաստանները»: Նույն պահին անթիպատոսը հրամայեց նրա վրա արձակել մի ամեհի և սովահար արջ, որ բազում մահապարտների էր սպանել:
Եվ երբ բերին, գազանին արձակեցին նրա վրա, [արջը] մռնչաց առյուծի նման և գնաց, մոտ երկու ժամ մնաց ասպարեզում և բնավ չմոտեցավ սրբին, այլ վերադարձավ ու մտավ իր վանդակը:
Դատավորը հրամայեց, որ վրան բաց թողնեն մի առյուծ, որ ամենամեծն էր. ոչ ոք երբևէ այդպիսի [առյուծ] չէր տեսել, և շատերն էին մահացել դրա ամեհի, դժնդակ տեսքից զարհուրելով: Սա շարժվելով գնաց սրբի առջև և ծնկները ծալելով` գլուխը գետնին դրեց և գոչելով ու մռնչալով` երկրպագեց սրբին: Ապա շուռ եկավ և վերև նայելով` տեսավ ամբոխն ու անթիպատոսին և մռնչալով զարհուրեցնում էր բոլորին: [Հետո] մոտեցավ սրբի կապանքներին, որին երկաթով էին շղթայել, և ատամներով կտրելով` բաց թողեց և նրանից արագ հեռացավ: Ապա սկսեց խոսել մարդկային լեզվով և ասաց անթիպատոսին. «Ահա փառավոր և անապական Աստծու անվամբ հանդիմանվում և կշտամբվում է քո էությունը, որովհետև հուրը և ամեն տեսակ տանջանքները և վայրենի գազանների բնազդները ճանաչեցին բոլորի Աստծուն, Նորոգողին և Ստեղծողին: Եվ Նրա հրամանով ու Նրա հավատի և սիրո համար հնազանդվեցին նրանց, որ վկայությամբ կատարում են իրենց մարտիրոսության ընթացքը, օգնական ունենալով երկնային հրեշտակների զորքերը, որոնցից շատերն այս սրբի հետ են: Նաև ես, դեմառդեմ կանգնեցվելով Տիրոջ կողմից, քեզ այսօր ասում եմ, որ դառն տանջանքով և չարաչար մահվամբ պիտի սատկես»:
Եվ նույն պահին որոտ և մեծ ճայթյուն եղավ, մինչև բոլորը, որ հավաքված էին ասպարեզում, սկսեցին զարհուրած և դողալով, բարձրաձայն, ասես միաբերան, գոչել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ օգնական եղավ այս մարդուն, որովհետև պարզորոշ տեսանք և իմացանք, որ կախարդությամբ կամ մոգությամբ չէ, որ սանձվում է կրակի զորությունը, կամ հնազանդվում են գազանները և ձախողվում տանջանքներն ու չարչարանքները: Եվ այժմ, ո՛վ անթիպատոս, արձակի՛ր այս արդարին, որից անգամ վայրի գազաններն են պատկառում, և հետայսու փրկիր անձը քո»: Եվ մեծ աղմուկով բոլորն աղաղակեցին արդարի փրկության համար: Իսկ անթիպատոսը պատասխան տվեց և ասաց. «Չեմ կարող արձակել դրան, այլ ըստ ինքնակալի հրամանի կաքսորեմ Կիզիկոն կղզին»:
Եվ մինչ առյուծը կողքին կանգնած էր, սուրբ Մեռինոսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Օրհնված է Տերը և փառավորված հավիտյան, որ թշվառիս հաղթություն շնորհեց և անօրեններին իրենց չարչարանքներով ամոթով թողեց և Իր սիրելիներին Սուրբ Հոգով պսակեց: Դու, Տե՛ր և Աստված իմ, որ կանչվում ես ամենուր և շտապ ժամանում ես, այժմ Սուրբ Հոգուդ թափանցիկ լույսով արագ ընդունիր իմ` Քո ծառայի հոգին, որ Քո բարերարությունից ստանամ մշտնջենական հանգիստը և խաղաղությամբ ու մեծ հույսով հանգչեմ»: Երբ այս ասաց երանելին, տեսան, որ առյուծը բոլորի առջև լացեց և սրբին երկրպագելով մտավ իր վանդակը: Իսկ անթիպատոսը ելնելով կամեցավ գնալ այնտեղից և բարձրացավնստեց կառքը: Եվ նույն պահին նրա վրա եղավ Աստծու բարկությունը, և չարաչար կատաղությամբ բարկացած սկսեց իր ատամներով ուտել իր մարմինը և սուսերը ճանկելով ինքնասպան եղավ: Այսպես չարը չարությամբ վերացավ մեջտեղից:
Դրանից հետո դատավորի սպասավորները վերցրինտարան Քրիստոսի երանելի և սուրբ վկա Մեռինոսին Կիզիկոն կղզին, որ Աստծու նախախնամությամբ այնտեղ ավարտի իր մարտիրոսության ընթացքը: Եվ սուրբ վկային բերեցին այն անթիպատոսի մոտ, որ այդ կղզու իշխանն էր: Սա տեղեկացավ և ստուգեց եղածը և հրամայեց սրի պատուհասով սպանել սրբին, նրա վերաբերյալ այսպիսի վճիռ գրելով. «Այրն այս անհնազանդ եղավ աստվածներին և չենթարկվեց ինքնակալ թագավորի հրամաններին: Երկարատև տանջանքներից և չարչարանքներից հետո օրենքները հրամայում են սրով սպանել»: Եվ ինքը ելնելով գնաց:
Եվ վերցնելով Քրիստոսի սուրբ վկա և երիցս երանյալ քահանա Մեռինոսին` տարան մահապատժի տեղը: Եվ նա, ծունկի իջնելով, աղոթեց և ասաց. «Արդարությա՛ն արեգակ Քրիստոս, որ Սուրբ Հոգուդ շնորհները պարգևեցիր Քո արարածներին, Քո մեծ և երկյուղալի անվան համար ընդունիր խաղաղությամբ նաև ինձ, որ գալով Քեզնից ստանամ խոստացված պարգևները»: Եվ նրան երկնքից ձայն հնչեց, որ ասում էր. «Կգաս և կհանգչես խաղաղությամբ, որովհետև արդեն բաց են քեզ համար երկնային արքայության դռները, որոնցից ներս մտնելով` կվայելես և կընդունես խոստացված պարգևները»: Եվ ձայնն այս լսելի եղավ բոլորին: [Սուրբն], արագ մոտ գնալով, սրի առաջ խոնարհեց իր պարանոցը, և դահիճը, սուրը քաշելով, հատեց Քրիստոսի վկայի` մեծ նահատակի ու արիագույն մարտիրոսի գլուխը:
Մեծ քահանա Մեռինոսը վախճանվեց սեպտեմբերի սկզբին` ամսի տասնչորսից շուտ, ամբարիշտ Դեկոսի թագավորության և Աքայիայում Անդիպատրոսի անթիպատության և մյուս անթիպատրոս` Կիզիկոն կղզու իշխանի ժամանակ: Իսկ մեզնով` թագավորության ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք և պատիվ Հոր և Սուրբ Հոգու հետ մեկտեղ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.