Սուրբ Հիզտիբուզիտի մասին

Պարսից Կավատ Արքայի որդի Խոսրովի ժամանակներում մեծ խռովք էր սկսվել քրիստոնյաների դեմ, և շատերը նահատակվեցին Պարսից աշխարհում և արքունիքում: Այդ ժամանակներում Մախոշ անունով մի մոգ [կար], Բերշապուհ կոչվող գավառից, Քունարաստան անունով գյուղից: Նրա ծնողները կրակի պաշտոնյա էին, և ինքը մանկությունից մոգությամբ էր վարժվել: Եվ զորեղ ու վարժ էր հրապաշտների ուսմունքում, և խոհերով` իմաստուն: Սա ինչ-որ դիպվածով թագավորի բանակում էր և տեսավ չարչարանքները մի սուրբ վկայի, որի անունը Գրիգորիոս էր: Եվ հիացավ նահատակի համարձակությամբ ու հավատքով և բարի նախանձով բռնվեց և իր մտքում ասաց. «Քրիստոնյաների Տե՜ր Աստված, նայի՜ր վրաս և ցույց տո՜ւր ինձ ճանապարհը` թե որով գնամ, և Քո նահատակի հետ ինձ համար ևս ողորմության դուռ բաց, որ արժանի լինեմ արքայությանը Քո, որ երկնքի և երկրի Տերն ես»: Եվ նույն գիշերը մի սքանչելի տեսիլ երևաց նրան. ասես ինքը սուրբ եկեղեցում էր, և սպիտակազգեստ մի այր երևաց նրան և ասաց. «Երանելի ես դու, որ այսպիսի լուսավոր եկեղեցու արժանի եղար և այսուհետ հավատալու ես Աստծուն, երկնքի և երկրի արարչին և համազոր Որդուն և համագործ Հոգուն, և այդ սովորելու ես սուրբ ավետարանից»: Եվ զարթնելով` հիշեց տեսիլը և ամբողջ սրտով հավատաց ու ասաց. «Քրիստոնյաների Աստվածն է ճշմարիտ Աստված»: Եվ այնուհետ զղջալով էր պահում մոգությունը:
Եվ դրանից հետո եկավ Սյունյաց աշխարհը, աշակերտեց` սուրբ Գրքերն ունկնդրելով, և այնտեղ քիչ ամիսներ մնալով` գնաց Այրարատ գավառը` բնակվեց Հայոց ոստան Դվինում` հարելով Խոսրով Պերոզ անունով մի մոգի, որ Հայոց համակարն էր: Եվ երանելին արհամարհանքով էր անցկացնում մոգությունը: Եվ պատահեց, որ ձմռանը` ըստ պարսիկների` մեհեկան ամսի սկզբին, իրենց սովորության համաձայն կրակին աղտեղի զոհ էին մատուցում Պերոզի ապարանքում: Եվ երանելի Մախոշը ներկա էր նրանց խայտառակությանը և բերանակապ էր կրում:
Եվ բոցը, ճարպից բարձրանալով, հասնում էր մինչև տան ելուստներն ու բորբոքվում` [դառնալով անկառավարելի]: Եվ մոգերն շտապեցին հանգցնել հուրն ու չկարողացան և դուրս գալով պատմում էին դեպքը: Եվ Հայոց հազարապետը, երբ լսեց ամբոխի ձայնը, շտապով եկեղեցու դուռը գնաց և ստիպում էր ծառայողներին վերցնել սուրբ խաչն ու բերել ապարանքը, որ թերևս հուրը մարի, ինչին ակամա հավատաց նեղության մեջ: Եվ եկեղեցու սպասավորները, սուրբ խաչի նշանը վերցնելով, արագ տեղ հասան: Եվ երբ սուրբ խաչն ապարանքի դիմաց հասցրեցին, բոցը, որ տարածվել էր, իսպառ հանգեց: Եվ Հայոց աշխարհում սա մեծ նշան եղավ պատվական սուրբ խաչով` ի խնդություն բարեպաշտների, և կռապաշտների ամոթահարության համար: Եվ Պերոզի կինը տեսնելով` մեծ գոհունակություն հայտնեց սքանչելագործ սուրբ խաչի սպասավորներին: Իսկ երանելի Մախոշը, տեսնելով այս սքանչելիքները, ջարդեց և մի կողմ շպրտեց գավազանը, որով մոգություն էր անում, նետեց նաև բերանակապը և մոտենալով` սարկավագի ձեռքից վերցրեց բուրվառը և խնկարկեց սուրբ խաչի առջև ու ցույց տվեց հավատը, որ ուներ առ Քրիստոս: Եվ խաչի սպասավորներին ճանապարհելով` ասաց. «Աղաչեցե՜ք Աստծուն նաև ինձ համար, որովհետև ես ևս քրիստոնյա եմ»: Եվ մոգերը տեսնելով` ասացին նրան. «Ի՞նչպես համարձակվեցիր այդ անել»: Երանելին ասաց. «Ես երկար ժամանակ հավատացել եմ Քրիստոսին, սակայն մոգություն էի անում, բայց այժմ այս զարմանալի հրաշքները տեսնելով` բացեիբաց ցույց եմ տալիս առ Քրիստոս ունեցած հավատս և այլևս չեմ սպասավորի հրին»:
Հաջորդ օրը մոգերը գնացին Նիխորական անվանվող Հայոց իշխանի մոտ և ամբաստանեցին երանելիին: Եվ մոտը կանչելով` դատավորն ասաց նրան. «Ա՛յ թշվառական, ինչո՞ւ ես թողնում նախնիներիդ մոգությունը և հիմար ու ուխտակորույս լինում»: Երանելին պատասխանեց և ասաց. «Իմ մասին ճիշտն եմ ասում, ո՜վ դատավոր. քսանհինգ տարեկան եմ և այդ աղանդից էի, իսկ այժմ, իմանալով ճշմարիտ Աստծուն, նախնիներիս բազմաստվածությունից հրաժարվեցի: Եվ այլևս ունայն կյանքի պատրանքները ինձ չեն կարող անջատել այս հավատից, որովհետև պատրաստ եմ տանել նաև սպասվող տանջանքները»: Եվ զայրանալով` իշխանը հրամայեց կրկնակի անգամ տասներկու հարված հասցնել երանելուն և կտրել մորուքն ու մազերը: Եվ գրառելով հարցուպատասխանը` [հրամայեց] կապել ձեռքերն ու ոտքերը և բանտ ուղարկեց: Եվ սուրբը գտավ իրեն վշտակից մեկին, որի անունն էր Ներսես, և որը երկար ժամանակ բանտարկված էր Աստծուն հավատալու համար: Եվ երանելին Ներսեսից սովորում էր սուրբ հավատքը և քսան սաղմոս և այսպես անդադար պաշտում էր Աստծուն և աղոթում:
Սակավ ժամանակ անց Նիխորականին փոխանորդեց Նախապետ կոչվածը: Եվ [նա] նստեց ատյանում, և երանելի Մախոշին բերեցին նրա առաջ: Նախապետն ասաց. «Ինչպե՞ս համարձակվեցիր հայրենի աստծուն թողնել և անծանոթ Քրիստոսին հավատալ»: Երանելին ասաց. «Աստված մեկն է` բոլորի արարիչը, որ տիրում է բարեգործների մտքերին: Նրան ճանաչելով` միտքն իմ հեռացավ բազմաստվածության երկրպագումից և ինձ առաջնորդեց ճշմարիտ աստվածգիտության»: Եվ զայրանալով` Նախապետը հրամայեց նրան սաստիկ գանահարել, և նույն երկաթե կապանքների մեջ դնելով` բանտ տարան: Եվ բանտում երեք տարի մնալով` քահանայից խնդրեց, որ ստանա տերունական կնիքը և Հիզտիբուզիտ անվանվի, որ Աստվածատուր է թարգմանվում, այսինքն Աստծու փրկած, որ և Սուրբ Հոգու պատկերն էր: Եվ բանտում զորացավ Սուրբ Հոգով և հանելով` իր հանդերձանքը տվեց կարոտյալներին, իսկ ինքը հագավ այծամազ խարազան և հողաթափեր: Եվ վայելուչ կրոնավորությամբ` պահքով և աղոթքով, անդադար սաղմոսելով` հսկման մեջ էր:
Եվ երբ ևս երեք տարի անցավ, Նախապետին հաջորդեց [մի ուրիշը], որին Քնարիկ էին ասում: Սրա քարտուղարներից մեկը, բանտ գնալով, ջանում էր խաբել երանելիին և ասում էր նրան. «Քեզ Արյաց աշխարհը բավական չէ՞ր, որ հեռացար մոգությունից` ինքդ քեզ գերի դարձնելով և կտրելով հավատքից և կրոնից»: Սուրբը պատասխան տվեց և ասաց. «Բոլոր ոչ բանականները բնազդով են ծառայում: Եվ կենդանիներին ծառայության դրեց Ստեղծողը: Նույն կերպ և մարդիկ պարտավոր են ծառայել միայն իրենց արարչին` Աստծուն: Եվ երբ աչքերս փակ էին, դատարկ բաների էի ծառայում, իսկ երբ գթաց ինձ Աստված և մտքիցս բռնելով` կապեց Իր պատվիրանների սիրուն, ինձ տոգորելով Իր շնորհի հույսով, որից չեն կարող այս կյանքի փորձությունները հեռացնել»: Եվ այս լսելով` քարտուղարապետը ցասմամբ ոտքով հրեց և սկսեց նրան փայտով անողորմաբար հարվածել: Ու նաև այլ` տարբերտարբեր տանջանքներ հասցրեց երանելիին, որ ստիպի մոգությունն ընդունել:
Այդ ժամանակ թագավորը լսեց այն բռնության և տառապանքների մասին, որ Հայոց աշխարհին էին հասցնում պաշտոնյաները, և ուղարկեց իր երեք հավատարիմ իշխաններին, որ այցելեն երկիրը: [Նրանցից] մեկի անունը Նատո էր, որ Դրովանդական էր կոչվում, երկրորդինը` Պերոզ, որ Ռեո գավառի մոգպետն էր, և երրորդինը` Խոյապ, որ արքայի սպասավորն էր: Սրանք Հայաստան գալով` շատ բաներ ուղղեցին: Եվ մի օր, [ժողովրդին] հրապարակում հավաքելով, արքունական հրամանի համաձայն [դատի] նստեցին ատյանում: Այդ ժամանակ ամբարիշտները իշխաններին տեղեկացրեցին և ասացին. «Բանտում երեք հոգի կա, որ մեր պաշտամունքը թողնելով` քրիստոնեություն է ընդունել. մի ոմն Ռաժիկ Ներսես, Ատրպատականից մի ոմն Սահակ, [և մի] պարսիկ, [որ իրեն] Հիզտիբուզիտ [է կոչում]»: Եվ [իշխանները] հրամայեցին բերել նրանց: Մոգպետն ասաց Ներսեսին. «Ինչո՞ւ քրիստոնյա դարձար»: Երանելին ասաց. «Մայրն իմ քրիստոնյա էր, և մանկուց հավատացել եմ Քրիստոսին և ձեր կրոնը բնավ չգիտեմ»: Հարցրեց նաև Սահակին, և նա ասաց. «Մանկուց եմ քրիստոնյա»: Իսկ երանելի Հիզտիբուզիտը կանգնել էր վերջում և ցածր ձայնով երգում էր վեցերորդ սաղմոսը. «Տե՜ր, Քո զայրույթով մի՜ հանդիմանիր ինձ, և Քո բարկությամբ ինձ մի՜ խրատիր» (Սաղմ. Զ. 2): Եվ [դատավորը], Ներսեսին և Սահակին թողնելով, Հիզտիբուզիտին ասաց. «Ա՛յ թշվառական, ինչո՞ւ լուսավոր կրոնը թողեցիր և նսեմավոր քրիստոնեությանը հավատացիր, և դեռ ստիպված շարունակում էիր զոհել հրին»: Սուրբն ասաց. «Այո՜, զոհել եմ… և մոգությունն ավելի լավ գիտեմ, քան դու: Եվ եթե կարգադրես պատմել և ցույց տալ, կիմանաս, թե որքան լավ է քրիստոնեությունը, քան բոլոր պաշտամունքները, որ ես քննել ու հավաստի տեղեկացել եմ. միայն քրիստոնեությունը կարող է փրկել ահազդու մահից»: Եվ լսելով` մոգպետը հրամայեց սպասավորներին պատռել սրբի պարեգոտն ու հանել կնգուղը: Եվ սկսեցին խփել երանելու գլխին և մորուքն արմատից պոկել: Եվ դատավորները հրամայեցին ևս երեք օր պահել երեք սրբերին, իսկ դրանից հետո [դարձյալ] կանչելով` [նորից] չկարողացան համոզել: Եվ փակեցին նրանց մի խցում` [թողնելով] անկերակուր: Եվ մոգպետը հրամայեց, որ ամեն գիշեր [սպասավորները սենյակը] ծխով լցնեն: Եվ նեղված սրբերը գոչում և ասում էին. «Աստված, շտապի՜ր մեզ օգնության, և, Տե՜ր, փութա՜ մեզ օժանդակել»: Եվ այսպես անդադար սաղմոսում էին մինչև առավոտ, և բանտում մնացին տասն օր: Եվ մի անգամ` կիրակի օրվա գիշերը, երբ վիճակված էր Հիզտիբուզիտին վկայել, մի տեսիլ երևաց նրան. մեկը, որ ձեռքին գավազան էր բռնել, հարվածեց իր գլխին, և արյունը հոսեց աչքերի արանքով: Եվ երևացին երեք լուսազգեստներ, որ վանեցին հարվածողին և մի ընտիր մարգարտե պսակ բերելով` դրեցին իր գլխին: Եվ արթնացնելով` պատմեց ընկերներին, և հասկացան, որ եկել է նրա ժամը:
Եվ հաջորդ օրը բանտ եկան հավատարիմ [ծառաները]` սրբերին տանելու: Եվ [վերջում] տանելու եկավ դահճապետը: Եվ Հիզտիբուզիտը, եղբայրներին հրաժեշտ տալով, գնաց: Եվ գնալիս չորրորդ սաղմոսն էր երգում` բանտից սկսած մինչև ատյան` «Երբ ձայնեցի, իմ արդարության համար լսեցիր ինձ, Աստվա՜ծ, նեղության մեջ ինձ անդորր տվեցիր…» (Սաղմ. Դ): Եվ սաղմոսը երգելով` ատյան հասավ: Եվ լսելով` բոլոր քրիստոնյաները գնացին այնտեղ` սրբի նահատակությունը տեսնելու: Եվ սուրբ Հիզտիբուզիտը կանգնեց չորս դատավորների առջև: Եվ [այնտեղ] պատրաստված էր մահվան երեք սյուն, որոնց մոտ բերելով [սրբին]` մոգպետն ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ փայտերը, որոնց վրա քեզ վիճակված է մեռնել: Խնայի՜ր քեզ, մի՜ շարունակիր համառել»: Սուրբը պատասխանեց և ասաց. «Ավելի եմ ամրացել իմ հավատքով առ Քրիստոս, որ իմ հույսն է: Դու կատարի՜ր քեզ հրամայվածը»: Եվ մոգպետը հրամայեց նրան տանել փայտի մոտ: Եվ սուրբը կամավոր և զվարթ մտքով գնաց փայտի մոտ: Եվ նրա վրայից հանեցին հանդերձները, որ հագել էր: Եվ երանելին ասաց. «Հիրավի այսպես պիտի լիներ, որովհետև իմ Տիրոջ Որդին` Միածին Փրկիչը, կամավոր խաչելության ժամանակ մերկանդամ բևեռվեց խաչին, որ մեր նախահոր մերկությունը ծածկի: [Նա], որ նաև ինձ կզորացնի, որպեսզի հաղթեմ մարմնիս սատանայական խորամանկությունները»: Եվ երբ նրան տարածեցին փայտի վրա, սկսեց երգել քառասուներեքերորդ սաղմոսը. «Ելի՜ր, Տե՜ր, օգնի՜ր և փրկի՜ր մեզ Քո անվան համար» (Սաղմ. ԽԳ. 26), «կարծես մորթելու ոչխարներ լինենք» (Սաղմ. ԽԳ. 21): Եվ երբ փայտը բարձրացրեցին, մոգպետը նրա մոտ [մարդ] ուղարկեց [իմանալու], թե գուցե ետ է կանգնել: Իսկ [սուրբն] արհամարհելով պատասխան չտվեց, մնաց բազմամբոխ ատյանում փայտին գամված, և նետերով խոցում էին նրա կողերը: Այդ օրը փայտին գամեցին նաև երկու մահապարտի, որոնց [սրբի] հետ փայտին բարձրացրին: Մեկը Խուժաստանից էր, որին երբ մոտեցրին փայտին, սկսեց համբուրել սուրբ վկայի ոտքերը և [գետնից] վերցնելով սրբի արյունով թաթախված հողը` ծոցը դրեց: Եվ դահճապետը բռունցքով հարվածեց նրա գլխին, և փայտին գամեցին սրբի աջ կողմում և վրան նետ արձակեցին, և այդպես ավանդեց հոգին: Իսկ մյուսը հրեա էր: Երբ բերեցին փայտի մոտ, սկսեց դատավորին գոչել. «Մի՜ կործանեցե՜ք, ընդունում եմ մոգությունը»: Իսկ դատավորները, ուշադրություն չդարձնելով, նրան փայտին գամեցին սրբի ձախ կողմում: Եվ երանելին երկու մահապարտների միջև, բարձր տեղում, [կիզիչ] արևի ներքո և ողջ ժողովրդի առջև ողջակիզվեց ճշմարիտ խոստովանությամբ, ինչը զարմանալի խորհուրդ էր կրում, որի մասին տերունական խոսքն ասում է. «Ով հավատա Ինձ, գործերը, որ Ես եմ անում, նա ևս կգործի, և դրանցից ավելի մեծերը» (Հովհ. ԺԴ. 12): Եվ առաքյալն ասում է. «Նրանց, որ սկզբից գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու Իր Որդու պատկերին» (Հռոմ. Ը. 29):
Այսպես քաջությամբ վկայեց սուրբ Հիզտիբուզիտը Խոսրով թագավորի քսաներեքերորդ տարում, որ քաղոց ամսի երկուսն էր, կիրակի օրվա երրորդ ժամին: Եվ [դատավորը] հրամայեց երանելու մարմինը թողնել փայտի վրա: Իսկ հավատացյալները, Աստծու հաջողությամբ, վերցրեցին սրբի մարմինը և պատեցին փառավոր հանդերձներով և մեծ պատվով հուղարկավորեցին, մեծ ուրախությամբ տոն կատարելով, որի ժամանակ փայլած լույսը երջանկացրեց ուղղափառ հավատացյալներին, որի համար մեր Տեր ամենափրկիչ Հիսուս Քրիստոսին, ամենակալ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք և պատիվ. այժմ և միշտ, [և հավիտյանս հավիտենից. ամեն]:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.