ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍՆ ՈՒ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱՆ

S. Kuys ev Zaqaria - ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍՆ ՈՒ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱՆ

Սուրբ Կույս Մարիամի անխախտ հավատն ավելի ցայտուն, ավելի հստակ ու պայծառ կերևա, եթե համեմատենք այն ժամանակվա քահանայի հավատի հետ։ Այդ քահանան Հովհաննես Կարապետի՝ Հովհաննես Մկրտչի հայրն էր։ Դարձյալ ականատես ենք ավետման։ Գաբրիել հրեշտակը տաճարում երևաց այն պահին, երբ Զաքարիա քահանան այնտեղ խնկարկություն էր կատարում։ Երբ հրեշտակն ավետեց Զաքարիային, որ նրա աղոթքները լսվել են, և նա արու զավակ պիտի ունենա, քահանան երկմտեց, թե կարո՞ղ է ծեր տարիքում զավակ ունենալ… Եվ Զաքարիան հարցրեց. «Ինչպե՞ս համոզվեմ այդ բանում, քանի որ ես ծեր մարդ եմ, և կինս էլ տարիքն առած է»։ Հրեշտակը պատասխանեց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առջև եմ կանգնում և ուղարկվել եմ քեզ այդ ավետիսը տալու։ Եվ ահա համր պիտի լինես և չպիտի կարողանաս խոսել մինչև այն օրը, երբ այս ամենը կկատարվի, քանի որ չհավատացիր իմ ասածին, որն իր ժամանակին կատարվելու է» (Ղուկաս 1.18-20)։
Սուրբ Գրքում շատ պատմություններ կան Զաքարիայի նման ծեր հասակում երեխա ունեցողների, ինչպես նաև զավակ ծնած ամուլ կանանց մասին։ Գիտենք Աբրահամ նահապետի և Սառայի դրվագը։ Սուրբ Գրքում կարդում ենք, որ ամուլ էր նաև Հակոբի կին Ռաքելը. «Աստված հիշեց Ռաքելին, նրա արգանդը բացեց, և նա հղիացավ և ծնեց Հովսեփին» (Ծննդոց 30.22-23)։
Այսուհետև Ռաքելն ունեցավ նաև Բենիամինին (Ծննդոց 35.16)։ Սամփսոնը ևս ամուլ ծնողների զավակ էր։ Դանի ցեղից Մանովեի կինն ամուլ էր, և ահա հրեշտակն ավետեց նրան, թե՝ «Դու հիմա ամուլ ես« չես ծննդաբերում, բայց պիտի հղիանաս և որդի պիտի ծնես» (Դատավորաց 13.3):
Եվ կինը մի որդի ունեցավ և նրա անունը Սամփսոն դրեց (Դատավորաց 13.24): Աննան էլ, թեև շատ աղոթասեր ու բարեպաշտ կին էր, սակայն ամուլ էր։ Աննան Աստծուց խնդրել էր, որ իրեն զավակ տա։ Աստված լսեց նրա աղաչանքն ու որդի տվեց, և նրա անունը Սամվել դրին (Ա Թագավորաց 1): Զաքարիա քահանան այս բոլորը քաջ գիտեր Սուրբ Գրքից. նրա նախահայրերից ոմանք նույնպես Աստծո զորությամբ և հրաշքով էին ունեցել իրենց որդիներին։ Ուրեմն նրան տրված խոստումը եզակի, չլսված մի բան չէր։ Բայց, այդուամենայնի, նա երկմտեց, Աստծո ամենակարող զորությանը թերահավատորեն վերաբերվեց։ Իսկ Սուրբ Կույսի պարագան բոլորովին եզակի էր։ Միայն Եսայու մարգարեության մեջ էր ասված, թե՝ «Ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և նրա անունը Էմմանուել պիտի կոչվի (Եսայի 7.14). Էմմանուել, որ թարգմանվում է «Աստված մեզ հետ» (Մատթեոս 1.23): Մի ծնունդ, որը եզակի է և պետք է անկրկնելի մնա ողջ պատմության ընթացքում։ Չնայած սրան՝ Սուրբ Կույսը հավատաց, որ Սուրբ Հոգու զորությամμ ինքը կարող է Որդի ծնել։ «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ հովանի կլինի»,- այդպես էր ասել նրան հրեշտակը (Ղուկաս 1.35):
Մենք ևս, նրա հավատացյալ զավակները, Սուրբ Կույսի կյանքի պատմությունից սովորում ենք այս հավատի դասը, որը քրիստոնյայի մեծագույն առաքինությունն է։ Հավատի այս վարդապետությունն է, որ Պողոս առաքյալի գլխավոր նյութը պետք է դառնար, և նա, մեջբերելով Ամբակում մարգարեի խոսքը, պետք է ասեր. «Արդարը հավատով պիտի ապրի» (Ամբակում 2.4, Հռոմեացիս 1.17)
ՎԱՉԵ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԻԳՆԱՏԻՈՍՅԱՆ