Սուրբ Դեմետրիոսի վկայաբանությունը

Demettrios - Սուրբ Դեմետրիոսի վկայաբանությունը

 Արդ, այն չար ժամանակ, երբ Թեսաղոնիկե քաղաքի աստվածամարտ Մաքսիմիանոս թագավորը բազում և պես–պես կտտանքներով [տանջում էր] բարեպաշտության սպասավորներին, որովհետև նա շատ ընկղմված էր կռապաշտության խորքերում, միշտ հետապնդում էր նրանց, որ աստվածապաշտության կրոնի հետևորդ էին, մատնում էր բանտի ու տանջանքի: Իսկ քրիստոնյաները, որ կային քաղաքում, ոմանք հետևելով իմաստուն Պողոսին, տեղի էին տալիս ժամանակի բարկությանը, թաքցնում իրենց [համոզմունքները] որոշ ժամանակով, իսկ ուրիշները քաջաբար բազմամբոխ քաղաքի մեջ հայտնապես խոստովանում էին: Սրանցից մեկը, որի անունն էր Դեմետրիոս, առաքինի ու քաջ այր, բնավ չվախեցավ մահից, [որ դրված է բնությամբ,] և անտեսելով թագավորի ահագին սպառնալիքները` բացահայտորեն խոստովանում էր իր քրիստոնյա լինելը և փրկչական անունը, որ ուներ իր հոգում` բազում համարձակությամբ պատեհ և անպատեհ ժամանակ ըստ առաքելական խրատին ավանդում էր բոլոր իրեն մոտեցողներին: Այս երանելին լինելով քաջատեղյակ աստվածային Գրքին, նրա պարունակած կենդանարար խորհուրդներին, բոլորի առջև քարոզում էր, նաև ուսուցանում էր, թե առաջին մարդը ճշմարտությունից մոլորվելով անհնազանդություն արեց, ուստի մահկանացու եղանք, և կռապաշտությունը մտավ աշխարհս: Դրա համար ամենիմաստ Բանն Աստված` անճառաբար ծնված Աստված Հորից, մարմին հագած աշխարհ եկավ և Ինքը աշխարհին Լույս ծագեց, կանգնեցրեց ընկածին և բարձրացրեց գլորվածին, գտավ կորսվածին և սրբեց մեղքի բոլոր կեղտերից: Միայն ա՛յս չբարեգործեց, այլև իր խոսքը բոլոր ընդունողներին սովորեցրեց սրբության արդարություն, հեզություն և հնազանդություն, սեր և խաղաղություն, արհամարհելով ժամանակավորը, և` հանդերձյալ կյանքի հույսով ընդունել մշտնջենական և անժամանակ կյանքի առհավատչյան: Եվ այսպիսի խոսքերով երանելին մխիթարում էր բոլոր նրանց, որ մոտենում էին իրեն: Նրա համբավը տարածվել էր բազում վայրերում, և շատերը այնուհետև գալիս էին նրա մոտ:
Այնժամ թագավորի նշանակած մարդիկ շրջում էին քրիստոնյաներին փնտրելու: Բռնեցին երանելի Դեմետրիոսին, տարան աստվածամարտ Մաքսիմիանոսի առջև` իբրև մեծ որս բռնած: Իսկ թագավորը այն ժամին նստել էր քաղաքի ասպարեզում դիտելու մենամարտիկներին, որոնք մարտնչելու էին ամբողջ ժողովրդի առաջ: Այնտեղ տախտակամած էր կազմած և քարակոփ տեղ էր պատրաստված նրանց համար, որ գալիս էին նստելու: Այնտեղ կար Լեոս անունով մի մարդ` հաղթանդամ և հսկայազոր, որ մենամարտելիս զարհուրանքով դողացնում էր բոլորին, այլև բիրտ և սպանող մարդու համբավ ուներ, շատ սիրելի էր Մաքսիմիլիանոսի աչքին, առաջնակարգ պատերազմող էր համարվում, որովհետև այն աշխարհում նրան նման չկար: Երբ թագավորը մոտեցավ ասպարեզին` դահիճները նրա առաջ բերին Դեմետրիոսին: Իսկ նա հարցրեց, թե քրիստոնյա է, հրամայեց նրան տանել բաղնիքի կամարի մոտ, ուր կրակ էին վառել, որովհետև բաղնիքն ատյանի մոտ էր: Հրամայեց Լեոսին բերել իր մոտ, հայտարարեց հրապարակավ, թե ով կամենա մենամարտել նրա հետ, բազում պարգևներ կստանա: Այնժամ ատյանի մեջ հայտնվեց մի մանուկ, որի անունը Նեստորիոս էր, քրիստոնյա, որև նախապես գնացել էր երանելի Դեմետրիոսի մոտ, որպեսզի աղոթք անի իր համար: Օրհնելով նրան` [Դեմետրիոսը] մարգարեացավ` «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով կհաղթես Լեոսին և կմարտիրոսանաս»: Սա հանեց իր հանդերձները և իրեն ամփոփելով մի պատմուճանով, վազելով գնաց հանդեսի տափարակը Մաքսիմիանոսի հանդիման, կանչեց Լեոսին մենամարտելու իր հետ: Թագավորը տեսավ նրա մանկական հասակը, զարմացավ, իր մոտ կանչեց Նեստորիոսին և այսպես ասաց նրան. «Գիտեմ, որդյա՛կ, որ շատ
ստանալու համար կամ քո աղքատության պատճառով այդպես ցանկանում ես կյանքից զրկվել զորավոր և հաղթանդամ Լեոսի ձեռքով: Այժմ ես ափսոսում եմ քո մանկական հասակի վայելչությունը, զարդարված ամենայն գեղեցկությամբ, քեզ տալիս եմ բազում գանձ, միայն թե զերծ մնա հսկայազոր և հաղթող այրի հետ մարտնչելուց, գնա՛, խնդա և ուրախ եղիր քո գեղեցկությամբ»:
Այնժամ Նեստորիոս մանուկը չխաբվեց թագավորի խոստումից և նրա խրատը չընդունեց և չզարհուրեց Լեոսի գովքից, այլ միայն վստահ Դեմետրիոսի մարգարեությանը և ուժ առնելով Քրիստոսի զորությունից` այսպես պատասխանեց թագավորին. «Ես, ո՛վ թագավոր, ունեցվածքի և կամ այս անցավոր կյանքի համար չեմ եկել այստեղ, այլ որպեսզի ինձ ավելի ընտիր ցույց տամ քան Լեոսը և հասնեմ լավագույն կյանքին»: Երբ այս լսեցին թագավորը և նրա շուրջը եղած բոլոր մեծամեծները զայրույթով լցվեցին, Նեստորիոսի ասածները հպարտություն էին համարում և գրգռում էին Լեոսին մենամարտել նրա հետ և կարեվեր խոցել, որպեսզի [Նեստորիոսը] իսկույն մահանա: Այնժամ դիմակայեցին միմյանց. մանուկ Նեստորիոսը հոգով զորացած` թափ տվեց, տապալեց Լեոսին, որ իսկույն մահացավ: Թագավորն այդ տեսնելով շատ բարկացավ, մանավանդ երբ տեղեկացավ նաև, որ Նեստորիոսը քրիստոնյա է, և փոխանակ խոստումներին, որ նախապես մունետիկների միջոցով Լեոսի հետ մենամարտողներին պարգևել էր խոստանում` հրամայեց իբրև քրիստոնյայի գլխատել մանկանը:
Երբ այս բաները այսպես եղան` թագավորը հույժ տրտմեց, քանի որ երկուսի մահը ցավ էր իրեն, ու ելնելով աթոռից տխուր դեմքով կամեցավ արքունիք գնալ: Այն ժամանակ, որոշ բանսարկուներ չարախոսեցին նրա մոտ, թե Դեմետրիոսն է եղել պատճառն այս ամենի: Իսկ նա, վայրի գազանի նման զայրագնած, այնտեղ, ատյանում հրամայեց գեղարդով հարվածել [Դեմետրիոսին]: Եվ այսպես մահացավ սուրբը բարի խոստովանությամբ ի Քրիստոս, որ հոկտեմբեր ամսի քսանվեցն էր: Իսկ նրա սուրբ մարմինը աստվածամարտ Մաքսիմիանոսը հրամայեց դուրս գցել` գազանների և թռչունների կեր: Այնժամ երկյուղած վկայասեր մի քանի եղբայրներ գիշերով եկան, գողացան նրան և տարան–թաղեցին քաղաքի մի տան մեջ, որոշ ժամանակ մնալու, մինչև Տերն այցելի և հայտնաբերի սրբերի նշխարները:
Կարճ ժամանակ անց սկսեցին մեծամեծ նշաններ և զորություններ լինել նրանց, ովքեր սուրբ վկային օգնության էին կանչում: Այսպես հռչակվեցին բժշկությունները, որ կատարվեցին սրբի անունով: Այն ժամանակ ոմն Ղևոնդիոս` այր աստվածասեր, որ Լյուրիկեցոց աշխարհից էր, եկել էր Թեսաղոնիկե քաղաքը իբրև եպարքոս: Եվ առավ այն տունը, որտեղ սրբի նշխարներն էին` նեղ ու անձուկ: Քանդելով այն` սրբեց և ընդարձակեց տեղը և կառուցեց մեծապայծառ տաճար հանուն սրբի, ուր մեծամեծ բժշկություններ էին կատարվում ի փառս և ի գովություն ամենասուրբ Երրորդության և համագոյ բնության` Հոր և Որդու և Սուրբ Հոգու այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ.