Սուրբ Ապողոնիոս ճգնավորի մասին

 Ովքեր խորհում են բարին և ունեն հաստատուն հավատ առ Աստված, անեն ինչ տվող Քրիստոսը նրանց պատրաստում է արդարության պսակ, քանի որ Աստծու ընտրյալները կանչվում են այս արդարությանը, որպեսզի բարի պատերազմ մղելով համբերությամբ հասնեն խոստմանը, որ անսուտն Աստված խոստացավ իր սիրելիներին և ամբողջ հոգով Նրան հավատացողներին: Սրանցից մեկն է երանելի վկա և Քրիստոսի առաքինի նահատակ Ապողոնիոսը: Մեծ Հռոմում ճգնելով բարվոք ճգնությամբ փութացել էր վերին կոչման առհավատչյային և դասվեց Քրիստոսի սուրբ վկաների շարքը: Երանելին վկայեց սինկղիտոսի և Տերենտիոս հազարապետի առջև, համարձակ պատասխան տալով: Նրա պատմությունն այսպես եղավ: Տերենտիոս հազարապետը հրամայեց բերել նրան սինկղիտոսի առջև և ասաց. «Ապողոնիո՛ս, ինչո՞ւ ես ընդդիմանում անհաղթ օրենքներին ու թագավորի հրամանին և չես կամենում զոհ մատուցել աստվածներին»: Ապողոնիոսն ասաց. «Որովհետև քրիստոնյա եմ, երկնչում եմ Աստծուց, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, և զոհ չեմ մատուցում սնոտի կուռքերին»: Հազարապետն ասաց. «Բայց պարտավոր ես զղջալ այդպիսի մտքերի համար` թագավորի հրամանների կապակցությամբ, և երդվել ինքնակալ Կոմոդոսի բախտով»: Ապողոնիոսն ասաց. «Լսի՛ր այս իմաստուն պատասխանս. ո՛վ զղջա արդար ու բարի գործերից, այդպիսին իրապես անաստված և անհույս է, իսկ ո՛վ զղջա անօրեն գործերից ու չար խորհուրդներից և չդառնա դրանց, այդպիսին աստվածասեր է և հույս է ակնկալում»: Եւ ես այժմ հաստատվել եմ այս մտքին` Աստծու գեղեցիկ և պայծառ պատվիրանը պահել, սովորել եմ իմ Տեր Քրիստոսից, որ գիտե մարդկանց խորհուրդները և տեսնում է ինչ որ կատարվում է ծածուկ և հայտնի: Ավելի լավ է բնավ չերդվել և ամեն ինչին հաշտվել ու ճշմարտել, քանի որ մեծ երդում է ճշմարտությունը: Դրա համար Քրիստոսով երդվելն անվայել է, նաև անհավատության համար երդվելը: Ուզում եմ երդվել ճշմարտությամբ, ճշմարիտ Աստծով, թե ե՛ւ Թագավորին ենք սիրում, ե՛ւ աղոթում ենք Նրա զորության համար»: Հազարապետն ասաց. «Այժմ մոտեցիր և զոհ մատուցիր, Ապողոնիո՛ս, այլ աստվածների և թագավորի պատկերին»: Ապողոնիոսն ասաց. «Զղջման և երդման մասին քեզ ասացի, իսկ զոհերի համար` ես և բոլոր քրիստոնյաները անարյուն զոհ ենք մատուցում Աստծուն, հոգևոր և բանավոր պատկերների համար, որոնք կարգվեցին Աստծու խնամքով` թագավորելու երկրի վրա: Ուստի աստվածեղեն պատվիրանի հրամանով աղոթում ենք երկնքում բնակվողին, որ միակ Աստվածն է, որ արդարությամբ թագավորեն այդ աշխարհում, հավաստի գիտենալով որ ոչ թե մի ուրիշից, այլ միակ Թագավորից է, որ ամեն ինչ իր ձեռքին ունի Աստված և Նա մնաց Թագավոր»: Հազարապետն ասաց. «Մի՞թե փիլիսոփայելու ես կանչված այստեղ. քեզ թույլ եմ տվել մեկ օր, որ մտածես օգուտը և քեզ խրատ տաս քո կյանքի համար»: Եւ հրամայեց նրան տանել բանտ: Երեք օր հետո հրամայեց իր առաջ բերել և ասաց. «Քեզ ի՞նչ խրատ տվի»: Ապողոնիոսն ասաց. «Հաստատ կմնամ աստվածապաշտ, ինչպեսև առաջ ասացի»: Հազարապետն ասաց. «Սինկղիտոսի հրամանով խորհուրդ եմ տալիս քեզ զղջալ և զոհ մատուցել աստվածներին, որոնց բոլորը երկրպագում են և զոհ մատուցում: Որովհետև շատ օգուտ է քեզ, մնալ մեզ հետ, քան մեռնել չարաչար: Կարծեմ անտեղյակ չես սինկղիտոսի հրամանին»: Ապողոնիոսն ասաց. «Ես ամենակալ Աստծու հրամանը գիտեմ, եմ և մնում եմ աստվածապաշտ և չեմ երկրպագում ձեռագործ կուռքերին, որոնք ոսկուց, արծաթից կամ փայտից եղան և ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, որովհետև մարդու ձեռքի գործ են, և չգիտեն ճշմարիտ Աստծու բարեպաշտությունը: Իսկ ես սովորեցի պաշտել երկնավոր Աստծուն և միայն Նրան երկրպագել, որ բոլոր մարդկանց կենդանի հոգի փչեց և միշտ կյանք է բաշխում բոլորին: Եւ չեմ խոնարհեցնի իմ անձը խորխորատ ընկնելու, քանի որ մեծ ամոթ է անարգ բաներին երկրպագելը, և ծառայական գործ է` պաշտել սնոտիներին, և մարդիկ այդպիսիներին պաշտելով մեղք են գործում: Հիմար էին նրանց գտնողները և ավելի անմիտ` նրանց պաշտոնյաներն ու երկրպագուները: Եգիպտացիները սոխին էին երկրպագում` մոլորյալնե՛ր. աթենացիք մինչև այսօր եզան գլուխը պղնձով սարքած` պաշտում են նրան կոչելով Աթենացոց բախտ, որ և կանգնեցրին մի երևելի տեղ Արամազդի ու Հերակլեսի արձանների մոտ, որպեսզի աղոթեն նրանց: Այժմ ինչո՞վ է առավել սա, քան չորացած կավը կամ թրծած խեցին. Աչքեր ունեն և չեն տեսնում, ականջ ունեն և չեն լսում, ձեռքեր ունեն և չեն բռնում, ոտքեր ունեն և չեն գնում, քանի որլոկ ձևը գոյություն չի շնորհում: Կարծեմ թե նաև Սոկրատեսը ծաղրելով աթենացիներին` երդվեց սոսի ծառով, շնով և չոր փայտով: Նախ` մարդիկ իրենք մեղանչում են պաշտելով նրանց, երկրորդ` թշնամանում են Աստծուն, քանի որ չեն ճանաչում ճշմարտությունը: Դարձյալ եգիպտացիք սոխն ու սխտորը աստված համարեցին և պտուղները, որոնցով սնվում ենք և որոնք մտնում են որովայնը, որպես աղբ դուրս գալիս, դրանց պաշտեցին: Նաև ձկան երկրպագեցին և աղավնու և շան, և քարի և գայլի, և յուրաքանչյուրը իր մտքի ստեղծածին երկրպագեց: Երրորդ` մարդիկ մեղանչում են երբ երկրպագում են մարդկանց և հրեշտակներին ու դևերին` անվանելով աստված»: Հազարապետն ասաց. «Շատ փիլիսոփայեցիր և զարմացրիր մեզ, Ապողոնիո՛ս, բայց չգիտես սինկղիտոսի հրամանը` ոչ մի տեղ քրիստոնյա չերևա»: Ապողոնիոսն ասաց. «Բայց հնարավոր չէ, որ սինկղիտոսի մարդկային հրամանը հաղթի Աստծու հրամանին, քանի որ ինչքան մարդիկ իզուր ատում են բարեգործներին և սպանում, նույն կերպ բազմապատիկ հեռանում են Աստծուց: Բայց սա իմացիր` Աստված մահ սահմանեց ե՛ւ թագավորներին, ե՛ւ աղքատներին, ե՛ւ իշխաններին, ե՛ւ ծառաներին, ե՛ւ ազատներին, ե՛ւ փիլիսոփաներին, ե՛ւ տգետներին, իսկ մահից հետո` դատաստան բոլորի վրա: Մահերը տարբեր են լինում: Դրա համար են Քրիստոսի աշակերտները հանապազ մեռնում, զսպելով ցանկությունները և ճգնում են աստվածային Գրքի համաձայն: Որովհետև մեր մեջ ամենևին մաս չկա անառակ ցանկություններից և ո՛չ աղտեղի տեսիլքներ, և ո՛չ ցանկասեր աչք, և ո՛չ չարալուր ականջ, որ չվիրավորվեն մեր հոգիները: Արդ, քանի որ այսպիսի գեղեցիկ կյանքով և բարի հոժարությամբ ենք ապրում, դժնդակ բան չենք համարում ճշմարիտ Աստծու համար մեռնելը. քանի կանք` Աստծու համար ենք, և տանջանքներին համբերում ենք Նրա համար, որ չարաչար չմեռնենք հավիտենական մահով: Եւ մեր ունեցվածքի հափշտակության համար չենք չարանում, գիտենալով, որ կենդանի ենք և եթե մեռնենք` Տիրոջն ենք: Ջերմը, դալկությունը և այլ ախտեր կարող են սպանել մարդուն. համարենք թե դրանցից մեկից ենք մեռնում»:
Հազարապետն ասաց. «Պնդո՞ւմ ես մահդ»: Ապողոնիոսն ասաց. «Ուզում եմ մնալ Քրիստոսի հետ, այլև մահից չեմ վախենում Կյանքի նկատմամբ ունեցած սիրուս համար: Քանի որ չկա ավելի պատվական բան` քան հավիտենական Կյանքը, որ է հոգու անմահության մայրը, որ մնաց այստեղ` գեղեցիկ կյանքում»: Հազարապետն ասաց. «Չիմացա` ինչ ասացիր»: Ապողոնիոսն ասաց. «Ինչ անեմ, քանի որ Աստծու Բանը սրտի տեսանող է, որպես տեսնող աչքի լույս»: Այնտեղ կար մի փիլիսոփա, որ ասաց. «Ապողոնիո՛ս, քեզ թշնամանիր, որովհետև շատ մոլորված ես, թեպետ կարծում ես, թե խորին բաներ ես խոսում»: Ապողոնիոսն ասաց. «Ես աղոթել սովորեցի և ոչ թշնամանել, իսկ քո կեղծավորությունը սրտիդ կուրությունն է խոստովանում, քանի որ անմիտներին ճշմարտությունը թշնամանք է թվում»: Իշխանն ասաց.
«Ինձ պարզ բացատրիր` ի՞նչ ասացիր»: Ապողոնիոսն ասաց. Աստծու Բանը հոգիների և մարմինների փրկիչ է. Հրեաստանում եղավ մարդ, կատարեց բոլոր արդարությունները և պայծառորեն լցված աստվածեղեն իմաստությամբ` ուսուցանում էր պարկեշտ կրոնավորություն, որ պատշաճ էր մարդկանց որդիներին, և` լռեցնել մեղքի սկիզբը: Եւ սովորեցրեց խաղաղեցնել բարկությունը, չափավորել ցանկությունը, մեղմացնել ախորժանքը, մերժել տրտմությունը, հաղորդ լինել ողորմության, աճեցնել սերը, վանել սնափառությունը, հեռու մնալ վրիժառությունից, քինախնդիր չլինել, արհամարհել մահը, ոչ թե անիրավությամբ, այլ համբերելով անօրեններին. հավանել Աստծու օրենքները, պատվել թագավորներին, պաշտել Աստծուն, հավատալ Աստծու անմահ Հոգուն, դատաստանի հետ մահ ակնկալել, հարությունից հետո պարգևներ սպասել. որ տրվում են Աստծու բարեպաշտությամբ ապրածներին»:
Այս ամենը սովորեցնելով` խոսքով և գործով, մեծ հաստատամտությամբ փառավորվեց ամենքից երախտիքի համար, որ անում էր, սպանվեց հետո, ինչպեսև նախորդ իրենց իմաստուններն ու արդարները: Որովհետև արդարները անիրավներին հանդուգն են թվում, ինչպեսև աստվածային Գիրքն է ասում. «Կկապենք արդարին, որովհետև հանդուգն է մեզ թվում» (Իմաս. Բ. 12, Եսայ. Գ. 10): Նաև հելլենացվոց իմաստուններից մեկն ասաց. «Արդարը կխոշտանգվի, կանպատվվի և հետո կխաչվի»` ինչպես աթենացիները անիրավ մահվան վճիռ տվին, զրպարտեցին` հավատալով ռամիկին, նույնպեսև մեր Փրկչին հետո անօրենները մահվան վճիռ հատեցին: Անօրենները նախանձելով մարգարեներին, որ Նրանից առաջ էին և Նրա մասին կանխապես ասացին` «Կգա և բոլորին բարիք կգործի և բոլոր մարդկանց առաքինության կհամոզի և` պաշտել բոլորի Հայր և Արարիչ Աստծուն»,- որին և մենք հավատալով երկրպագում ենք, որովհետև սովորեցինք Նրանից պարկեշտ պատվիրաններ, որոնք չգիտեինք և այսուհետև չենք մոլորվի, այլ բարվոք կյանքով ապրելով հանդերձյալ Հույսին ենք սպասում»:
Իշխանն ասաց. «Ես կարծում էի, թե գիշերը այդ մտքից հրաժարվեցիր»: Ապողոնիոսն ասաց. «Ես նույնպես հույս ունեի, թե գիշերը կփոխվեն քո մտքերը և իմ պատասխաններից կբացվեն հոգուդ աչքերը և սիրտդ կպտղաբերի, և կպաշտես բոլորի արարիչ Աստծուն և Նրա մշտական ողորմությամբ կաղոթես, քանի որ անարյուն և սուրբ է Աստծու զոհը` մարդկանց ձեռքով արված ողորմությունը մարդկանց հանդեպ»: Իշխանն ասաց. «Ուզում եմ քեզ արձակել, սակայն չեմ կարող սինկղիտոսի հրամանի պատճառով, բայց մարդասիրաբար քեզ տալիս եմ վճիռը»: Եւ հրամայեց սուսերով կտրել գլուխը: Ապողոնիոսն ասաց. «Գոհանում եմ իմ Աստծուց, քո վճռի համար»: Եւ դահիճները տարան իսկույն գլխատեցին, մինչդեռ [նա] փառավորում էր Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որին փառք հավիտյանս. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2009