Սուրբ Աբդլմսեհի մասին

 Սկսենք նահատակության պատմությունը սուրբ Աբդլմսեհի, որ թարգմանվում է Քրիստոսի ծառա: Նաև` սքանչելի զորությունների և բուժումների մասին, որ Աստված նրա անունով կատարում էր Իրեն ապավինողներին: Քանի որ Աստված արդարև սքանչելի է սրբերի մեջ, և փառավորված է նրանց մահը` նրա առջև: Եւ մշտապես ականջալուր է նրանց աղոթքին, նրանց բարեխոսությամբ փրկում է իր ժողովրդին, և նրանց նահատակությամբ ամոթահար է անում դևերի բանակները, և խափանելով խորտակում է վիշապի խորամանկությունը, երբ [սա] մարտնչում է Իր սրբերի դեմ: Սրբերը կյանքի արմատ են և առողջություն են տալիս հիվանդացողներին` ըստ Տիրոջ անսուտ խոսքի, թե` «Ով հավատա ինձ` գործերը, որ ես անում եմ, նաև ինքը կանի» (Յովհ. ԺԴ. 12): Եւ այժմ ամբողջ տիեզերքում են նրանց հիշատակները, և երանելի են իրենց կյանքում, և նրանց մահով փառավորվում է Տիրոջ անունը, և սրբերի եկեղեցիները նրանցով են պայծառանում և զարդարում են իրենց մանուկներին Քրիստոսի պսակով: Նրանք բանավոր պատվական ակունք են, փայլուն ավելի քան լուսատուները` անմահ Արքա երկնային Թագավոր Քրիստոսի թագին: Որին և աղաչում ենք նրանց աղոթքով օգնել մեզ մեր բոլոր նեղությունների մեջ և փրկել բոլոր փորձություններից: Այստեղ սկիզբ դնենք պատմությանը սուրբ Աբդլմսեհի, որ թարգմանվում է Քրիստոսի ծառա:
Հայոց 91 թվին, երբ իսպառ վերացած էր պարսից իշխանության մոգությունը, և հրեաներն ավելի համարձակ էին Շիգարացոց աշխարհում, մի հրեա մարդ, Շիգար քաղաքից, շատ հարուստ, որի ունեցվածքը բազում էր և անունը Ղևի էր, այն ժամանակ հրեաների մեջ երանելի էր: Նա ուներ բազում որդիներ և նրանցից մեկին ուղարկում էր իր ոչխարներն արածեցնելու: Նա նրանցից փոքրն էր, տասնմեկ տարեկան, և անունը` Ասեր: Սա արածեցնում էր իր հոր եզների նախիրը և տանում ջուր խմեցնելու, ուր գալիս էին բոլոր հովիվները` իրենց խաշանց խմեցնելու: Եւ նրա շատ հասակակիցները` գալիս էին, հավաքվում այնտեղ: Նրանցից ոմանք քրիստոնյաների զավակ էին, իսկ ոմանք` մոգերի: Ու մինչ բազում նախրապաններ հավաքվում էին այնտեղ հաց ուտելու, նրանցից առանձին էին նստում քրիստոնյաները, իսկ մի փոքր հեռու` մոգերի երեխաները: Եւ Ասերը միայնակ էր մնում, որովհետև հրեա ընկեր չկար: Եւ [նա] ուզում էր ուտել քրիստոնյա մանկանց հետ, իսկ նրանք գարշ էին համարում հրեության պատճառով: Բայց սիրված էր քրիստոնյաներից: Եւ հնար էին փնտրում, թե ինչպես կարենան նրան մոտեցնել իրենց, և ամբողջ օրը նրան պատմում էին Քրիստոսի հավատի մասին, և սուրբ մարտիրոսների ճգնությունը, որ լսել էին իրենց ծնողներից: Դրանից հետո իրենց սովորության համաձայն մոտակա մի տեղ հավաքվել էին հաց ուտելու: Ասերը ելավ և փութով գնաց նրանց մոտ ու ասաց. «Ո՛վ եղբայրներ իմ սիրելի, ասացեք, թե ի՞նչ հնարքով մոտենամ ձեզ և կերակուր ուտեմ և գարշելի չլինեմ ձեր աչքին»: Պատասխանեցին մանուկները միաբան. «Եթե քո ամբողջ սրտով հավատաս և մկրտվես հանուն Հիսուս Քրիստոսի` անմիջապես կխառնվես մեր խմբին, և կմոտենաս մեզ անհապաղ, մեր կերակուրին, ըմպելիքին, ամեն ինչին, քանի որ քրիստոնյաներին չի կարելի ուտել և ըմպել հրեաների հետ»: Պատասխանեց Ասերն ու ասաց. «Ահա՛ ջուրը. ի՞նչն է պակաս ինձ մկրտելու»: Պատանիներն ասում են. «Այդպես չէ, պետք է եկեղեցում քահանայի միջոցով մկրտել»: Ասերն ասաց. «Հիմա մինչև եկեղեցի հեռու է, և մեզ հետ քահանա չկա, իսկ ես իմ հոր և եղբայրների ահից չեմ կարող հայտնապես մկրտվել, ուստի և զրկվում եմ ձեզ հետ միաբան լինելուց, և իմ մտորումներն անիմաստ են դառնում: Եթե իսկապես ճշմարիտ է ձեր Աստված Քրիստոս, և խոնարհ հոգին ընդունելի է նրա առջև, ավելի քան ողջակեզները, ինչպես ինձ սովորեցնում եք, կընդունի իմ խոհերի պատարագը և չի անտեսի կամքիս հոժարությունը, և ձեր միջոցով կիրագործի իմ մկրտությունը: Արդ, մի՛ հապաղիք, այլ ելեք Քրիստոսի մեծ զորությամբ ու հույսով, մկրտեցեք ինձ հանուն Նրա, և Նա ամեն ինչ կկատարի»:
Երբ պատանիները տեսան նրա հոժարությունը և կատարյալ հավատը Քրիստոսի հանդեպ, հանեցին նրա հագուստը, իջեցրին նրան ջուրը և միաբան այսպես ասացին. «Մկրտվում է Քրիստոսի այս ծառան հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու». և աղոթելիս, մկրտության ժամանակ ասում էին. «Դու` Քրիստոս Աստված, հաստատիր բոլոր օրհնությունները, որ ասում են քահանաները լուսավոր մկրտության ժամին, և սրան ընդունիր կատարյալ մկրտությամբ քո բոլոր հավատացյալների հետ»: Եւ երեք անգամ նրան ընկղմեցին ջրի մեջ, ինչպես որ նախապես տեսել ու սովորել էին: Իսկ երբ նրան ջրից հանեցին, մեկառմեկ մոտենալով համբուրեցին նրան, և իրենց գիրկն առնելով պատվեցին մեծ պատվով, նաև իրենց նոր հանդերձանքից հագցրին և մեծ ուրախությամբ նստեցին նրա հետ ճաշակելու կերակուր: Եւ նրան պատվում էին որպես փեսա առագաստի: Եւ նրա դեմքը պայծառացավ, և լուսավոր ճառագայթներ էին ելնում նրանից, քանի որ Սուրբ Հոգու շնորհներն ընդունեց պատանիների խոսքի միջոցով, և նրան կոչեցին Աբդլմսեհ, որ թարգմանվում է Քրիստոսի ծառա:
Եւ հովիվների խմբերն ու մոգերի որդիները սքանչացած զարմացան այդ հրաշալիքով, որ մարդկանց ձեռքով կատարվեց, որովհետև անուշ հոտ բուրեց նրանց, և ասացին. «Մեծ է քրիստոնյաների այս խորհուրդը»: Ու մինչ նստած էին մանկունք ցնծությամբ, պատվիրեցին Քրիստոսի ծառային զգուշությամբ պահել Տիրոջից ստացած ավանդը և չխառնվել հրեաներին, և ոչ նրանց կերակուրներին: Նա հավանելով խոստացավ մեծապես կատարել նրանց ասածները ջերմեռանդ սրտով` հանուն Քրիստոսի: Նրանցից մեկն ականջին ոսկի գինդ ուներ: Նա ասաց իր ընկերներին. «Քանի հավատի այսպիսի գործ ձեռնարկել հանդգնեցինք, մենք պարտավոր ենք հաստատուն մնալ առանց երկյուղի: Ահա գիտենք, որ հրեաները արուի ականջը չեն ծակում. արդ, եկեք բացառենք սրա վերադարձը հրեության, ծակենք ականջը և ոսկե գինդն այս անցկացնենք»: Եւ պատանիներին հաճո թվաց, և ասացին. «Բարվոք է ասածդ, այդպես պետք է անել»: Եւ ծակեցին նրա աջ ականջը և ոսկե գինդ անցկացրին: Եւ ելան ըստ սովորության արածեցրին իրենց հոտերը: Եւ մտքում ասում էին, թե ի՛նչպես է հանդիպելու ծնողներին, և կամ ի՛նչպես կընդունեն նրան, երբ տեսնեն գինդը:
Քրիստոսի ծառան արևամուտին խաշներով հանդերձ գալիս է իր մոր տունը: Եւ երբ նա ներս է մտնում` մայրը տեսնում է նրան, հառաչելով բարձրացնում է ձայնը և ասում. «Որդյա՛կ իմ, Ասեր, քեզ ի՞նչ է եղել. այդ ի՞նչ է քո ականջին, կամ ո՞վ խաբեց քեզ, և քո հոր տանը այսպիսի մեծամեծ չարիք հասցրիր: Չէ՞իր լսել օրենքը, որ պատվիրեց Մովսեսը, թե չծակվի իսրայելացի արուի ականջը, եթե ծառան կամենում է հավիտյան բնակվել իր տիրոջ հետ: Այժմ, եթե հայրդ իմանա` նա ինքը քեզնից կլուծի օրենքի վրեժը: Եւ չգիտեմ` քեզ ի՞նչ անել, քանի որ ականջիդ այդ նշանը թաքցնելու չէ»: Այնժամ սուրբն սկսեց քաղցրությամբ ասել իր մորը. «Մի՛ երկնչիր, մայր իմ, և քո մտքերը այս բանի համար քեզ չնեղեն, որովհետև ես այժմ քրիստոնյա եմ և ծառա Քրիստոսի և հավիտյան պաշտում եմ Նրան, Նա իմ Տերն ու Աստված է: Մովսեսի օրենքը չի պատժում ծառաներին, որ սիրում են իրենց տերերին: Նա հրամայեց ականջը գավթի դռան մոտ ծակել, որպեսզի իր տիրոջը ծառայե հավիտյան: Այսպես պատահեց և ինձ այսօր, մկրտության դռան մոտ ծակվեց իմ ականջը, և հաստատվեց իմ ուխտը Նրա հետ հավիտյան»:
Մայրն ասում է նրան. «Ինչո՞ւ այդպես շտապ քրիստոնյա դարձար, կամ ո՞վ արեց քեզ Քրիստոսի ծառա, և կամ ո՞վ սովորեցրեց այդ բաները, որ խոսում ես»: Սուրբն ասում է. «Նա, որ աշակերտներին ասաց` «Ով ինձ հավատա` չի ամաչի հավիտյան»: Ու դարձյալ ասում է. «Երբ ձեզ տանեն դատավորների առջև` մի՛ հոգացեք, թե ինչ խոսեք: Որովհետև այժմ ձեզ կհուշեմ մի բան, որ ձեր թշնամիները հակառակվել չեն կարողանա: Նա է, որ սովորեցրեց ինձ և խոստացավ բազում այլ բաներ ուսուցանել»: Եւ մորը պատմեց ամեն ինչ որ լսել էր պատանիներից, և` թե ինչպես մկրտեցին նրան ջրով, և կամ ի՛նչպես իրենից վերացավ նեխության աղտեղությունը և բուրեց հոտ անուշության ի Քրիստոս: Իսկ նրա մայրը իմաստությամբ լսում էր նրա ասածները և մտածելով սքանչանում էր նրա գեղեցիկ տեսքով: Եւ նրան 30 օր թաքցրեց իր տանը, խանդաղատում էր նրան և երկյուղ ուներ թե հանկարծ նրա հայրը չիմանա և բարկանալով սպանի նրան իր ազգի նախատինքի համար և հրեաների երկյուղից:
Իսկ սուրբը ամեն օր առավոտ կանուխ դաշտ էր գնում իր խաշներն արածեցնելու նրանց հետ և իր ընկերներից սովորում էր հաստատուն մնալ Քրիստոսի հավատին: Եւ երեկոյան մութին վերադառնում էր մոր մոտ: Նրա հայրը, քանի որ զբաղված էր իր տան աշխարհական գործերով այն օրերին չէր հետաքրքրվում իր զավակով: Հայրերից ոմանք այն պատանիների, որ առիթ եղան նրա փրկության, պատահեցին մի վանքում, որ Վերին Շեգարում էր, սուրբ Պողոսի և նրա հետ նահատակված երեք մանկանց տոնին, լսեցին այն սրբերի պատմությունը և եկան իրենց տներում պատմեցին սրբերի նահատակությունը: Եւ օրհնում էին Աստծուն: Եւ պատանիները լսեցին դա իրենց հայրերից, խոսում էին միմյանց հետ այնտեղ, որ սովոր էին հավաքվել միասին: Եւ սուրբը երբ լսում էր` առավել ևս հաստատվում էր հավատքի մեջ և բորբոքված էր ի սերն Աստծու, որովհետև նրա վրա ծագել էր Քրիստոսի լույսը, և իմանալով սրբերի ճգնությունը` աղոթում էր սրբությամբ արժանի լինել այն սրբերի պսակներին:
Եւ մի գիշեր, մինչ ննջում էր իր մոր տանը, տեսավ իրեն իբր խավար գուբի մեջ էր և չարչարվում, տանջվում էր Դադանի ու Աբիրոնի ժողովրդի հետ (Թիւք, ԺԶ. 27-33): Եւ հառաչանքով մռնչում էր ու լալիս դառնորեն խավարի մեջ, որ բռնված էր: Մտքով անցկացրեց պատանիների ասածները և Քրիստոսի լույսը: Ու մինչդեռ տագնապում էր տանջանքի մեջ և խորհում էր, թե ի՞նչ կլինի, հանկարծակի երևաց լուսավոր կերպարանքով մի երիտասարդ և իշխանաբար բախեց խավար գուբի [դուռը] և մանկան աջը բռնելով հանեց գուբից և նրան կանգնեցրեց մանկանց մեջ, որ նրա շուրջն էին, և [սրանք] ձայները բարձրացնելով օրհնում էին Աստծուն:
Եւ նա մտքում ասում է. «Ո՞վ ես, Տեր, ի՛նչպես առաջնորդ եղար ինձ նեղությանս մեջ և փրկեցիր ինձ»: Երիտասարդն ասում է. «Ես եմ Քրիստոսը, որին հուսացիր դու և դիմեցիր իմ անվանը: Արդ, զորացի՛ր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ օթևան է պատրաստված այս մանկանց հետ, և կան ու պահվում են քեզ անապական և հավիտենական պսակներ: Եւ կարճ ժամանակ անց քեզ կընդունեմ ինձ մոտ, քանի որ Ինձնով զգեստավորվեցիր այս մանկանց միջոցով, և որոշել եմ քեզ դարձնել Իմ արքայության ժառանգորդ»: Այնժամ սուրբը երկյուղով բռնված` ընկավ երեսնիվայր և փառավորում էր Աստծուն և ասում. «Գոհանում եմ քեզնից, Քրիստոս, Տեր իմ և Աստված իմ, որ փրկեցիր ինձ խավար կապարանից ու չարաչար տանջանքներից, աղաչում եմ Քեզ, Տեր իմ, պատմիր ինձ նրանց մասին, որ տանջվում էին ինձ հետ, ովքեր են: Որովհետև երբ ես գուբից ելնում էի, խորխորատը նորից փակեց իր բերանը նրանց վրա»: Քրիստոս ասում է նրան. «Նրանք են, որ խաչեցին ինձ, քո հոր տան ազգը»: Սուրբն ասում է. «Տե՛ր Հիսուս, մի՛ հեռացնիր ինձ Քո ողորմությունից, այլ հաստատ պահիր կատարելու Քո կամքը, լինելու Քո ճշմարտության քարոզիչ, որպեսզի տեսնեմ և հագենամ Քո աստվածության լույսով` երբ երևա Քո փառքը»:
Ու մինչ այս ամենը խոսում էր սուրբը, նրա ձայնից արթնացավ մայրը, արթնացրեց որդուն և ասաց. «Քեզ ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ, և ի՞նչ է խոսքդ, որ խոսում ես ասես սիրելիիդ հետ»: Սուրբը գոհությամբ պատասխանեց և ասաց մորը. «Քրիստոսն է, որին հավատացի և մկրտվեցի հանուն նրա, և հանեց ինձ խավարի գուբից և դժոխքի անդունդից և կապանքի տնից: Նա՛ էր, որ խոսում էր ինձ հետ»: Ասում է մայրը նրան. «Ինչպես է Նրա տեսքը»: Սուրբն ասում է. «Գեղեցիկ տեսքով երիտասարդ, որ ի վիճակի չեմ պատմելու: Նրա դեմքից փայլեր էին արձակվում, Նրա հագուստը պատռած և կողը խոցված էր, ձեռքերն ու ոտքերը մեխերով ծակված, և Նրա վրա գիր` «Սա է Քրիստոս Հիսուս, որին հրեաները խաչեցին Երուսաղեմում, որ Իր վրա վերցրեց Ադամի հանցանքը. սա է Գառն Աստծու, որ վերացնում է մեղքը աշխարհի, և ինքն է օրենսդիր ու սրբերի ժողովարան, և նահատակների պսակիչ»: Եւ ես տեսա շուրջս իմ հասակակիցների, որ օրհնում էին Նրան ու ասում. «Ո՛վ Տեր, փրկի՛ր, ո՛վ Տեր, առաջնորդիր, Օրհնյալ, որ գալիս ես Տիրոջ անունից, օվսաննա բարձունքին, օրհնություն Դավթի որդիներին»: Եւ մինչ նրանք փայլում էին զանազան պսակներով, նրանցից ոմանք իրենց ձեռքին ունեին արմավենու ոստեր, մյուսները ոսկե բաժակով մատուցում էին իրենց արյունը` երկնային Թագավորի առջև ցնծագին ուրախությամբ, և ասում էին. «Սա է մեր Աստվածը, որին հուսացել ենք. կցնծանք և ուրախ կլինենք Նրա փրկությամբ»: Այսպես և ես, մա՛յր իմ, ցանկացա դասակից լինել լույսի մանուկների առագաստին և նրանց հետ երգել օրհնության երգեր, բայց չէին թողնում ինձ իսկույն մոտենալ նրանց: Իսկ իմ անձը կարոտում է խառնվելու նրանց, և երանի մնացած լինեի տեսիլքով ուրախանալու այն սրբերի մեջ: Այն քունը արթնությունից ավելի էր: Զի եթե երազի մեջ այնպես լուսավոր և հաճելի էր այն երևույթը, ո՞րքան առավել` եթե դեմ-հանդիման տեսնեմ աննվազ և անսպառելի Լույսը: Եւ իմ հոգու բաղձանքն ինձ ստիպում է լինել նրանց բազմության հետ, և հույժ զարնված եմ նրանց սիրով: Եւ ինձ նախընտրելի էր մեռնել նրանց հետ, քան ստանալ լայնատարած այս աշխարհի վայելչությունը»: Երբ մայրը լսեց այս ամենն իր որդուց, տագնապած պղտորվեց նրա սիրտը այս խոսքերի համար և ջանում էր թաքցնել իրողությունը, որ չլսեն նրա հայրն ու եղբայրները:
Եւ ասում է. «Որդյա՛կ, քո խոսքերը պղտորեցին իմ միտքը, չէ՞ որ երազները մեծ մասամբ սուտ են»: Սուրբն ասում է «Ավելի շատն այն է, որ ճշմարիտ է, ինչպես իսրայելացիներինը, կամ այն ժամանակ` Հովսեփը Փարավոնի օրոք, Դանիելը` Բաբելացոց օրոք, -արդարանում էին մեկնությամբ: Բայց ես դեմ-հանդիման տեսա սքանչելիքը Նրա, որ Տեր Հիսուս Քրիստոս ինձ հայտնեց: Արդ դու կլինես իմ քարոզչության սկիզբը, ո՛վ մայր իմ, և հավատա` ում ես հավատացի և ինձ պատրաստեցի մեռնելու Նրա հետ»: Երբ իր որդուց լսեց մեռնելու մասին` հորդաբուխ արցունքներով սկսեց լալ: Սուրբն ասում է նրան. «Ո՛վ մայր իմ, մի՛ լար, և թող չխռովվի քո սիրտը, որովհետև ահա Հովսեփի մեռնելուց հետո նրա ոսկորները ամուր պարիսպ եղան իր ազգին, ու եթե կենդանի չէին Աբրահամն ու Սահակը, Հակոբը, Աստված Մովսեսին չէր ասի. «Ես եմ Աստվածն Աբրահամի, Սահակի և Հակոբի»,- և մեռելների Աստված չէ, այլ ողջերի: Արդ ճշմարիտ կենդանի են Աստծու առջև նրանք, որ մեռնում են Նրա հույսով: Այժմ քեզ աղաչում եմ, մայր իմ, լսի՛ր իմ խոսքը և հավատա՛ Քրիստոսին, և մկրտվիր հանուն Նրա, և կփրկվես նրանց չարաչար տանջանքներից, ովքեր խաչեցին Նրան, և կատարյալ կլինի քո անունը որդուդ մոտ բերկրանքով` անանցական աշխարհում, և կլինես ինձ մայր, հավերժի մեջ: Արդ, մի՛ հանիր քո մտքից իմ խոսքն ու պատվերները, այլ հավատա՛ Նրա ճշմարտությանը, որ բարձր է ամեն խորհուրդից ու մտքից»:
Այնժամ մոր խավարյալ մտքին աստվածգիտության լույս ծագեց, և որդուն պատասխանելով ասաց. «Հավատում եմ Աստծուն, որին հավատացիր, որդյակ իմ, և պատշաճ պահի կիրագործեմ խոսքս: Առայժմ մեր խորհուրդները ծածուկ մնան քո հորից ու եղբայրներից, որ չլսեն ու սպանեն ինձ ու քեզ»:
Եւ սուրբն առավ մախաղն ու իր հովվության ցուպը, ասաց. «Ո՛ղջ եղիր, մայր իմ, քեզ հանձնում եմ Քրիստոսին: Ես գնում եմ իմ ընկերների մոտ, և եթե ուշանամ` դու ևս արի իմ ետևից»: Այս ասում էր նախանշելով իր մահը և մոր հավատքը: Ու ելավ սովորության համաձայն գնաց իր հոտերի ետևից: Եւ երբ մի փոքր հեռացավ` հանդիպեց մի եպիսկոպոսի. սուրբը գնաց ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Աղաչում եմ քեզ, տեր իմ, օրհնի՛ր ինձ և կնքիր սուրբ Խաչի նշանով, և կատարիր իմ մկրտությունը»: Եպիսկոպոսն ասում է. «Ո՞րտեղից ես ինձ ճանաչում կամ ո՞վ պատմեց քեզ իմ մասին, քանի որ եպիսկոպոսական զգեստով չեմ»: Սուրբն ասում է. «Ով որ ինձ հայտնեց քո մասին, իսկ քեզ ճանապարհ հանեց գալու ինձ մոտ, Նա ծանուցեց»: Զարմացած եպիսկոպոսն ասում է նրան. «Եւ ես ստացել եմ քեզ օրհնելու պատվեր` քեզ պսակելուց առաջ, և օրհնյալ կլինես»: Եւ իր աջ ձեռքը դրեց նրա գլխին` նրան ավանդելով Սուրբ Հոգու շնորհները, և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, հաճո եղար Նրա առջև, և արժանի եղիր Քրիստոսի չարչարանքով մահուն. և մանկունք, որ քեզ մկրտեցին` հրավիրված կլինեն հրեշտակների կարգը»: Այսպես արեց ծերունին ու գնաց իր ճանապարհը: Իսկ սուրբը գնաց մանուկների` իր ընկերների մոտ ու պատմեց նրանց տեսիլը, որ տեսավ, և ամեն եղածը: Եւ [նրանք] զարմացան սքանչելիքից և երկյուղով լցվեցին լսածից, քանի որ կատարվեց նրա մկրտության խորհուրդը, և թե ինչպես զորությամբ լցվեց Քրիստոսի ծառան` պատահած տեսիլքով: Եւ այն օրը ուրբաթ էր, և հրեաների մեծ տոն էր, և նրա հայրը մեծ ուրախություն էր անում այն օրը: Հրավիրեց իր ազգատոհմը և սիրելիներին ընթրիքի և ուղարկեց, որ կանչեն իր որդուն: Եւ նրա եղբայրները շաբաթամտին հավաքվել էին հրավիրված տեղը: Թեև մոտ էր Ասերը, խուսափեց մտնել իր հոր տունը, իսկ ծառաները հետամտելով բռնեցին նրան և տարան հրեաների հավաքին:
Երբ նրա հայրը տեսավ [նաև մյուս հրեաները] նրա ականջագինդը, զայրացավ և ասաց նրան. «Ասեր, ո՞վ խաբեց քեզ և այդպես խայտառակ արեց. չէ՞ որ դա ծառաների կերպարանք է, որոնք մնացել են իրենց ազատության մեջ»: Սուրբն ասում է. «Մի՛ խռովիր, հայր, գիտեմ ասածդ, որովհետև ես Քրիստոսին ծառա գրվեցի և քրիստոնյա եմ»: Երբ հայրը դա լսեց, մեծ ցասումով զայրացավ, խփեց նրա երեսին, գցեց ժողովրդի մեջ և ոտքով կոխոտում էր: Հավաքվածները ելան նրան փրկելու և ասում են. «Իսպառ մի՛ բարկանար, եղբայր, որովհետև մանուկ է և կարող է զղջալ և ուղղության գալ, մանավանդ այսօր, թո՛ւյլ տուր դրան, որ մեր ուրախությունը չխափանի, քանզի այսօր մեծ զատիկ է»: Այնժամ բոլորը լռեցին և նստեցին ուտելու, ըմպելու և ուրախանալու: Եւ նրան ողոքելով կանչում էին, որ ուտի իրենց հետ, և նա ասում է նրանց. «Մի՛ խռովիք, որ ես քրիստոնյա եմ, և քրիստոնյային պատիվ չէ ուտել հրեայի հետ»:
Եւ հայրն ամոթահար եղավ այս խոսքերից, ելավ նորից ծեծելու նրան, և չթողին: Երեք անգամ ասում են սրբին` «Ե՛կ, որդյա՛կ, կե՛ր մեզ հետ, և մեղմացրու քո հոր զայրույթը, քանի որ ներեցինք Մովսեսի պատվիրաններն արհամարհելդ այն բանի համար, որ ականջիդ է` քո տգիտության պատճառով, նաև այս տոնի պատվին: Արդ, լսի՛ր, որդյա՛կ, արի՛, կեր մեզ հետ»: Սուրբն ասում է. «Թե իմանայիք եղած սքանչելիքը` չէիք ստիպի, որ ուտեմ ձեզ հետ, բայց քանի որ Մովսեսի օրենքի նույն առագաստը կա ձեր սրտերի վրա, ուստի խորհում եք այդպես»: Իսկ նրանք, երբ լսեցին` զարմանում էին խոսքի կորովությունից և միմյանց ասում էին. «Մի՞թե դրան տեսիլ է երևացել, որովհետև դրանք հրեայի խոսքեր չեն, իսկ դա չի տկարանում Աստծու առջև: Քանզի մարգարեներին բազում փառավորություն եղավ մանկության ժամանակ, ինչպես Մովսեսին, Հեսուին, Գեդեովնին, Սամփսոնին, և Դավթին, Սողոմոնին, Երեմիային, և Դանիելին, Անանիաններին և սրանց նմաններին: Չէ՞ որ մեծ բան չէ, եթե այժմ լինի մեր ազգից, որովհետև փոքր բան չենք Իսրայելի ցեղերի մեջ, և Աստծու օրենքը մեր պարծանքն է»: Սուրբն ասում է նրանց. «Ում որ խաչեցին մեր հայրերը Երուսաղեմում, Նրան տեսա և գիտեմ, որ Նա Գառն է Աստծու, որի մասին վկայեց Հովհաննեսը Հորդանանում, և ես մկրտվեցի հանուն Նրա, և Նրա ճշմարտության համար կմեռնեմ: Իսկ դուք եթե չքավվեք Նրա մկրտությամբ` պարտական կլինեք ձեր հայրերի գործերի համար, քանի որ արդար արյուն հեղեցին և իրենք կորան իրենց անօրինությունից: Իսկ ովքեր հավատացին Նրան` փրկվեցին: Ահա ձեզ ասացի. վերացրեք պատրվակը, որ կա ձեր սրտերի վրա և կհավատաք ու կմկրտվեք, և կքավվեն ձեր մեղքերը»: Այնժամ բոլորը ցասումով լցվեցին այս խոսքերից և գրգռում էին նրա հորը, որ կորցնի նրան: Իսկ նրա ծառաները, երբ աղմուկը տեսան, թողին սրբին, որ փախչի: Այնժամ նրա հայր Ղևին ելավ, գազանաբար հարձակվեց դառնացած սրտով, առավ դաշյունը, գնաց նրա ետևից, և մանուկը նրա առաջից արագ-արագ գնաց մինչև ջրհորը, ուր մկրտվեց, և իրիկնադեմ էր: Եւ դառնալով դեպի հայրը` ասաց. «Ո՛վ արյունարբու գազան, պահիր քո շաբաթը և քո սուրը իր տեղը դարձրու, եթե Մովսեսի աշակերտ ես, պարտքի տակ մի՛ գցիր անձդ, որ օրինազանց լինես, իսկ եթե քրիստոնյա ես ինձ նման, ձեռքդ մի՛ շաղախիր Քրիստոսի ծառայիս արյունով: Սա ոչ թե ինձ սպանելուդ համար եմ ասում, այլ որպեսզի դու գեհենի որդի չլինես»: Նրա հայրը լսելով այս ամենը` առավել ևս զայրացավ և կրճտում էր ատամները նրա վրա: Իսկ սուրբը հասնելով այնտեղ, ուր մկրտվեց, ծունր իջավ լալով, աղոթում էր ասելով. «Ո՛վ Քրիստոս, Քեզ հավատացի, ինձ ընդունիր Քո սուրբ անվամբ մկրտվածների շարքը և այս ջրհորի վրա դուռ բաց ինձ, մտնելու քո վկաների մոտ և խառնվելու Քո նահատակների դասին: Ահա քեզ եմ մատուցում արյունս` սուրբ պատարագ, որ Քո Տերությանը հաճո լինի անուշաբույր, և իմ ընկերների հետ, որ ինձ ցույց տվիր, քեզ փառավորեմ արժանի արա և ինձ, փառավորել Քեզ և մտնել իմ Աստծու սեղանիդ առջև, որ ուրախ ես դարձնում իմ մանկությունը: Քեզ օրհնությամբ խոստովանեմ, Աստված, Աստված իմ: Իսկ իմ թշնամական ու նենգավոր հորը մեղք մի՛ համարիր սա, քանի որ չգիտե` ինչ է անում: Նաև իմ մորը, որ ծնեց ինձ, տո՛ւր չարչարակից լինել իմ մահվան` պսակակից Քո հատուցումներին: Եւ ովքեր կատարում են իմ հիշատակը և հիշում են ինձ նեղության պահին, լսիր և ողորմիր, և օգնիր նրանց և բժշկիր ախտերն ու ցավերը հոգու և մարմնի: Ահա իմ սրտի խորհուրդն ու արյունս Քեզ պատարագ եմ մատուցում, այն բանի փոխարեն, որ ինձ եղբայրդ անվանեցիր, և ինձ հանեցիր տիղմի գուբից և ցույց տվիր ճշմարտությունդ, և ինձ դարձրիր Քո անվան քարոզիչ և չգարշեցիր իմ հայրենի պղծությունից: Ահա որպես գառ ինքս ինձ ի սպանդ մատուցեցի Քեզ, Քեզ համար պարանոցս սրի դեմ դրի և եղա օտար իմ եղբայրներին, հեռացա իմ մոր որդիներից: Ո՞ւր եք, եղբայրնե՛ր իմ սիրելի, եկեք տեսեք իմ պատերազմը. ձեզ քարոզելու փոխարեն` եկեք ուրախացեք ձեր վարդապետության պտուղով: Ահա այժմ ավարտում եմ իմ ճանապարհը` որ հարթեցիք ինձ համար: Եկեք զվարճակից եղեք ինձ իմ փեսայանալու օրը և ուրախացեք իմ արյան բխմանը, որ հեղեցի Քրիստոսի սուրբ արյան համար: Իմ ընկերակիցներ ու սննդակիցներ, ո՞վ ձեզնից թաքցրեց իմ պսակման օրը: Սա է ժամանակը հայտնելու սիրելիներին, և` ովքեր ճանաչում են եղբայրներին: Ձեզ ո՞վ ցույց կտա իմ արյան հեղումը և նահատակակից կլինի ճգնությանս: Ո՛ղջ եղեք այժմ և աղոթեցեք, որ արժանի լինեմ ձեզ տեսնելու Թագավորի առագաստին: Ո՛ղջ եղիր,- ասում է,- մա՛յր իմ, որ ծնեցիր ինձ և քո գրկում կրեցիր ինձ: Ո՛ղջ եղեք, եղբայրնե՛ր իմ, իմ մոր որդիներ. երանի թե կյանքի արգանդից ինձ եղբայր լինեիք»: Ու մինչ սուրբը խոսում էր այս ամենը, հայրը գազանա- բար հարձակվեց նրա վրա, և սրբի գլուխը խոնարհեցնելով վեմի վրա, որ ջրհորի ափն էր, կտրեց պարանոցը ձեռքի սրով: Եւ հեղեց արյունը վեմի վրա: Եւ սուրբը թավալվելով իր արյան մեջ` ասում է. «Տեր իմ Հիսուս Քրիստոս, իմ հոգին Քո ձեռքն եմ հանձնում»: Իսկ հայրը նրա վախճանվելուց հետո գնում է իր տունը, հիմարացած, ավետիս է տալիս մորն ու եղբայրներին Ասերի մահվան մասին և ցույց է տալիս նրանց սրբի արյամբ թաթավուրը: Այդ լսելով` մեծ կոծ արեցին նրա համար: Իսկ մայրը թեև դառնացած էր որդու մահվան սգով, բայց մխիթարում էր ինքնիրեն, քաջալերված իր որդուց լսածներով և խորհում էր ժամանակ գտնել, որ հավատա ու մկրտվի ի Քրիստոս: Եւ հույս ուներ, թե սրբի հավատով արժանի լինի տեսիլին, որ երևաց: Եւ քիչ օրեր անց կառուցվեց սրբի վկայարանը, և մայրը ծածուկ մկրտվեց իր որդու գերեզմանի մոտ: Հաջորդ օրը սովորության համաձայն երիտասարդներն եկան այն տեղը և տեսան սրբի մարմինը արյան մեջ, ձայները բարձրացրին ու լացին դառնապես, պատռելով հանդերձները ծեծում էին իրենց երեսները և ասում. «Ո՛վ սուրբ գառդ Աստծու, ո՞վ նախանձեց քո գեղեցկությանը, կամ ո՞վ ապականեց քո պայծառ գեղեցկությունը, ո՞վ շաղախեց իր ձեռքը քո արյունով, եղբա՛յր մեր, կամ ո՞վ զրկեց մեզ քո եղբայրությունից: Ո՛վ ծնունդդ մեր քարոզության և մեր ուսման ծաղիկ ցանկալի, պատարագ` կանխավ արված մեր ձեռքով: Արդ ստույգ գիտենք, որ հաճեց Տերը քեզ` պսակյալիդ, քեզ հանեց տիղմի գուբից, ինչպես պատմեցիր մեզ: Ահա այնտեղ բազում են քո եղբայրները, որոնց դու տեսար, և այժմ մենք, այստեղ ենք, և լսելիքները չեն լսի քո քաղցրաբարբառ խոսքը: Քրիստոսի ծառա և ճշմարիտ վկա, որ այժմ մոտ ես Նրան, աղաչիր մեզ համար, արժանանալու քո տեսությանը վերին Երուսաղեմում և ցնծալու քեզ հետ` երբ խառնվես ճգնավորների դասերին, և Նրա գալստյանը ընդառաջ ելնել` պատրաստ և հաղթական պսակներով»: Նաև այլ բազում այսպիսի խոսքերով լալիս ու ողբում էին նրան: Եւ յուրաքանչյուրը ցուպ վերցրեց, փորեցին հողը և թաղեցին երանելիի մարմինը հողը արյունախառն հավաքելով, իջեցրին գերեզման: Ու հառաչելով երկնքին էին նայում ու ասում. «Արդ կքաջալերվենք, Քրիստոս, դիմելու Քեզ. լսի՛ր այժմ, կատարիր օրհնություններս, որ լինում են թաղման ժամին հրավիրվածներիս` քահանաների ձեռքով, կատարիր այժմ այս սրբի թաղմանը»: Եւ կափարիչ դրեցին վեմը, որի վար սպանվեց Քրիստոսի ծառան, և տրտմագին գնացին իրենց տները: Այս ամենն արեցին շտապով, որովհետև օրն իրիկնանում էր, իսկ երկիրը գազանների բնակատեղի էր: Եւ նրանցից ոչ ոք իր տանը չպատմեց եղածները, որպեսզի նրանց չասեն` «Դուք եղաք նրա մահվան պարտական` նրա մկրտությամբ»: Բայց նրանք չէին դադարում ամեն օր գալ նրա շիրմին, լալ ու ողբալ: Իսկ քիչ օրեր անց, անցորդ վաճառականներ էին գալիս իրենց ուղտերով ու գնում արևելքից արևմուտք: Եւ գիշերով գալով սրբի գերեզմանի մոտ, տեսնում էին` վառ կրակ կար սրբի տապանի վրա, որ լուսավորում էր ամեն կողմ: Վաճառականներից ոմանք թեքվեցին տեսնելու մեծ սքանչելիքը: Եւ երբ հասան սրբի գերեզմանին` տեսնում էին վեմը, որի տակից լույս էր ելնում արեգակի ճառագայթների նման, և սքանչացան: Եւ այնտեղից անուշ հոտ էր բուրում, ավելի քան բոլոր անուշ խունկերը: Ու քանի որ հավատացյալներ էին այդտեղ եկողները, իմանալով` իրենց մտքում ասում էին. «Սա մեծ գանձ է և սուրբ վկաներից մեկը և հայտնի չեղավ այս աշխարհում: Եկեք դրան վերցնենք և տանենք մեր երկիրը և հոգևոր շահ ստանանք ի Քրիստոս, որին հավատացինք: Որովհետև Նա պատմեց մեզ և ցույց տվեց և կամեցավ այս վկայի պատվական ոսկորներով օգտավետ դարձնել»: Եւ բանալով հողը` վերցրին գերեզմանի կափարիչ վեմը, առան սրբի արյունաթաթախ մարմինը և տեսան շատ դեռատի հասակը, իմացան, որ նոր է մահացել սուրբը: Փռեցին պատվական կտորներ, փաթաթեցին նրան ու վերցրին իրենց ընկերների մոտ ավետելու թե` «Այսօր մեծ գանձ գտանք»: Եւ ուրախությունից չէին հետևում իրենց գնալու վայրին, այլ դարձան իրենց աշխարհը: Եւ այլևս գերեզմանից լույս չերևաց, և հաստատվեցին իրենց հավատով սրբի հանդեպ: Նրանց մեջ մի հավատացյալ մարդ կար, շատ հարուստ` բազում ունեցվածքով, անունը Նաթեր, նրա կինը ամուլ էր: Նա հայտնապես իր ընկերների առջև ուխտեց, ասելով. «Եթե Աստված այս սրբի աղոթքով արու զավակ տա ինձ ու մխիթարե ինձ ու տիկնոջս, իմ ծախքով սրան աղոթատուն կկառուցեմ և կպատվեմ այնտեղ սրա ոսկորները իմ ամբողջ կյանքում, կզարդարեմ [աղոթարանը] ամեն տեսակ երևելի սպասքով` ինչ որ հարկ է, և այս սրբին կանեմ ինձ որդի ու ժառանգորդ իմ ծնունդների փոխարեն: Եւ երբ ստուգեմ սրա ինքնությունը, տուն կկառուցեմ սրա հիշատակին, և իմ որդուն, որ Աստված կտա, այս սրբի աղոթքով` կանվանեմ իր անվամբ: Եւ սուրբն այս ինձ որդի կլինի, իսկ ես կլինեմ իր աշակերտն ու ծառան: Եւ Քրիստոս սրա հետ ինձ բաժին կհանի անանցական աշխարհից»: Իսկ երբ հասան իրենց երկիրը, այն մարդը վերցրեց սուրբ վկայի մարմինը, մեծ պատվով դրեց իր տանը, ցույց տվեց յուրաքանչյուրին և պատմեց ուխտը, որ դավանեց Աստծու առջև հանուն սրբի: Երբ [նրանք] լսեցին` ցնծացին ու փառավորեցին Աստծուն, որ ընդունի ուխտը և սրբի աղոթքով կատարե նրանց խնդրանքը: Եւ Աստված բացեց նրա կնոջ արգանդը, և հղացավ, և ուրախություն եղավ նրանց մեջ: Այնժամ հավատացյալ այրը շտապեց վկայարան կառուցել սրբին և արագորեն վերջացրեց, զարդարեց պես-պես սպասքով, և ինքն ու ընտանիքը շտապով այնտեղ աղոթում էին և Աստծուն աղաչում էին, որ շնորհի իրենց խնդրածը, և իմանան Քրիստոսի նահատակի անունը: Իսկ սրբի ընկերները երբ եկան այնտեղ ըստ սովորության ողբալու, տեսան վեմը գլորած, իսկ գերեզմանը` դատարկ, և միայն անուշ հոտ էր բուրում այնտեղից. հիացան բոլորը մեծ երկյուղով, հառաչեցին բարձրաբարբառ: Մեկն ասում էր. «Գազանը հափշտակեց»,- և մեկը` «Իր հայրն է տարել թաղելու»: Եւ սքանչացած գնացին իրենց տները, և բոլորին պատմեցին եղելությունը, թե ինչպես մկրտեցին նրան, կամ ինչպես էր նա խոսում իրենց հետ, կամ ինչպես գտան նրան անկենդան, ինչպես թաղեցին նահատակին: Եւ արագորեն տարածվեց նրա համբավը ամեն տեղ, թե` Ղևին որդուն սպանեց քրիստոնյա լինելու պատճառով: Այս համբավից և երիտասարդների պատմածից ճշմարտությամբ իմացան, որ Ասերն սպանվեց իր հոր ձեռքով հանուն Քրիստոսի: Եւ այժմ արդարև Ասերը հարուստ է և հարստացնող, քանի որ Ասեր` նշանակում է հարստություն: Այն հավատացյալները ջերմեռանդ հավատով ելան գնացին այն տեղը և տեսան նրա արյունով ներկված վեմը, և գինդի հետքը քարի վրա, ուր դրոշմված էր գինդի չափի գիծը և ասացին. «Արդարև մեծ գանձ հեռացավ մեր աշխարհից»: Եւ գերեզմանի վրա փոքրիկ վկայարան կառուցեցին և այն վեմը դրին վկայարանի մեջ: Եւ վեմի վրա կանգնեցրին տերունական խաչի Նշանը և վրան գրեցին. «Սա Քրիստոսի վկա սուրբ Աբդլմսեհի կատարման վայրն է»: Եւ այն աշխարհի հավատացյալները միշտ գալիս էին տարբեր կողմերից, նրա անվամբ բուժվում էին իրենց հիվանդություններից: Եւ տարածվեց համբավը բժշկության, որ Տերն անում էր սրբի միջոցով` ամբողջ արևելյան աշխարհում: Եւ երբ մյուս տարին եկավ, այն վաճառականները եկան անցնելու նույն նճանապարհով, սրբի գերեզմանի մոտով: Երբ հասան երանելիի անվան [հետ կապված վայրը], մեծ փափագով մտան աղոթելու սրբի վկայարանում: Եւ տեսան վկայարանի մեջ դրված վեմը և նրա վրա` սուրբ խաչի Նշանը, հարցրին անցորդներին` «Ի՞նչ է այդ սրբի անունը, ինչո՞ւ պսակվեց դա»: Եւ պատմեցին նրանց ամբողջ ճշմարտությունը: Իսկ իրենք ուրախությամբ լցված պատմեցին եղած սքանչելիքները, թե ինչպես գերեզմանի վրա բորբոքվում էր հուրը, կամ ինչպես սրբի մարմինն առան-տարան իրենց աշխարհը և կառուցեցին վկայարան հավատացյալ այրի ձեռքով, և բժշկությունները, որ լինում էին սուրբ վկայի միջոցով: Իսկ սպասավորները խնդրում էին սրբի նշխարներից մի մաս` ի պատիվ վկայարանի: Քիչ օրեր անց շնորհեցին սպասավորների ցանկացածը: Իսկ հավատացյալ այրը, որ առել էր սրբի մարմինը, երբ իր տուն դարձավ, գտավ իր կնոջը` ծնած որդի գեղեցկատես ու զվարթ երեսով: Եւ առավ որդուն, մկրտեց սրբի վկայարանում, և անվանեց նրան Աբդլմսեհ` սրբի անունով, ինչպես և տեսավ վեմի վրա գրվածը: Եւ մեծ ուրախություն արեց այն օրը ամբողջ ժողովրդին: Իսկ սուրբը տեսիլքով երևաց նրա կնոջը` ծնունդից առաջ և ասաց. «Ահա որդի կծնես իմ կերպարանքի նման և նրան կկոչես իմ անվամբ»: Կինն ասում է նրան. «Եւ ո՞վ ես, տեր իմ, որ իմ որդուն քո անվամբ կոչենք»: Սուրբն ասում է. «Երբ ամուսինդ վերադառնա ճանապարհից և խաղաղությամբ գա աշխարհից` ուր ես եմ սնվել, նա կպատմի իմ մասին»: Եւ կինը զարթնելով սքանչանում է: Եւ երբ իր ամուսինը եկավ, նա պատմեց տեսիլը, և այն ամենը եղավ բոլոր հավատացյալների համար հրաշալի ուրախությամբ, և սրբի անունը հռչակվեց ամբողջ աշխարհում` արևելքից արևմուտք, և բոլորը, որ խնդրում էին հանուն նրա` Աստված բժշկություն էր ուղարկում և առողջություն հիվանդներին: Եւ նրա ճգնության հոտը բուրում էր ամբողջ տիեզերքով, ավելի քան բոլոր անուշ խունկերը: Եւ նրա նահատակությունը լսվում էր ամեն բերանից, ավելի քան թագավորների, ախոյան զորավարների [գործերը], որոնք հաղթությամբ դառնում են պատերազմից: Եւ բոլոր քրիստոնյաները պարծենում էին նրանով, նրա անունն աճում էր հավատով առ Քրիստոս, և նրա միջոցով Աստված շնորհում էր աշխարհին բժշկություն: Եւ բոլոր հավատացյալները օրհնում էին Քրիստոս Աստծուն:
Իսկ սրբի հայր Ղևին ծերությանը տագնապում էր դևերից և մի օր [դևը] շատ լլկելով նրան զգետնեց, և [մարդիկ] լսեցին, որ ասում էր. «Որդյա՛կ իմ Ասեր, ըստ իմ արժանիքների քեզնից հատուցում չստանամ»: Եւ իսկույն իր որդիները վերցրին նրան, տարան կապեցին Քրիստոսի ծառայի արյունով ներկված վեմին, և իսկույն բժշկություն ստացավ, հավատաց Քրիստոսին ու Նրա ծառային, և նույն ջրհորի մոտ մկրտվեց իր ամբողջ տնով: Սուրբն այսպես որսում էր բոլորին Քրիստոսի հավատքին և ամեն կողմից հորդորում էր գալ հավատի, և [նրանք] հոգու և մարմնի առողջություն էին ստանում:
Եւ մի օր տաճիկների մեծամեծներից մի շատ հարուստ մարդու ուղտի երամակները խուճապով գնացին անապատ վայրեր, և բնավ չգտան նրանց հետքը: Իսկ երբ նրանց գտնելու հույսը հատեց, դիմեցին աղոթելու, և [նա] ուխտեց, ասելով. «Ծառա Քրիստոսի և սուրբ վկա, եթե ինձ վերադարձնես իմ կորուստը, դարձողների տասից մեկը քեզ կտամ: Եւ երբ այրն իր տունը դարձավ` նրա բոլոր ուղտերը իրենց ձագերով իր տան մոտ էին, և դրանցից ոչ մեկը չկորավ: Երբ հաշվեց` շատ ուրախացավ, և զղջաց, և սրբին չտվեց խոստացած տասանորդը, և ասաց. «Բավական է սրբին միայն տասն ուղտ, քանի որ չաշխատեց հավաքելու և ոչինչ չարեց նրանց համար»: Եւ նրա բարեկամներն ասում են. «Այդպես չէ, ո՛վ մեծդ, այլ խոստացածդ տուր նրան, գուցե այլ բան պատահի քեզ, և դիմես ու չօգնի»: Բայց նա չկամեցավ, մտքով անցկացնելով ուղտերի բազմությունը, որ կպակասեր իրենից, տագնապում էր. և առանձնացրեց տասն ուղտ, որ ինքն ուզեց, և ուղարկեց սրբի վկայարանը: Իսկ մի օր ուղտերը արոտ հանեց, ելնելով իսկույն ցրվեցին և տարան ծառաներին, որ հեծած էին ուղտերին, և նրանց հետքը ոչ մի տեղ չերևաց: Եւ այրն իմացավ իր ուղտերի կորուստը, ամոթ զգաց, և աղաչում էր իր բարեկամներին, որ գնան սրբի մոտ և երաշխավոր լինեն` ինչի համար ուխտեց: Եւ երբ գնացին` տեսան հեռվից, որ ուղտերը հավաքված են և գալիս էին սրբի վկայարանը: Նրանք ուղտերի բազմությունը տեսնելով երկյուղով լցվեցին, կարծեցին թշնամական գունդ է, և երբ մոտեցան և տեսան իրենց ուղտերի նշանները` սքանչացած ասացին. «Իրապես մեծ և զորավոր է այս նահատակը. նրա ուխտը ստելու դիմաց ահա բոլոր ուղտերին իր մոտ հավաքեց: Այժմ աղաչեցե՛ք, որ իրեն վերցնի առաջին խոստման համաձայն, իսկ մերը թողնի մեզ հետ գնալու»: Եւ ջոկեցին ու տվին լավերից ու վատթարներից տասանորդը, և ծառաներից թողին արածեցնելու ուղտերը, և երբ կարգավորեցին, աղոթեցին Աստծուն, և սրբի անունով ասացին. «Ո՛վ սուրբ ծառա Քրիստոսի և քաջ նահատակ, քոնը վերցրու և արձակիր, որ մերը գա մեզ հետ»: Եւ ուղտերը երեսները դարձնելով` գնացին նրանց հետ: Տերը նաև բազում այլ սքանչելիքներ էր անում սրբի միջոցով` բուժում դիվահարների, ամեն ցավից նեղվողների. և նա փառավորում էր Քրիստոսի սուրբ անունը: Որի համար և մենք` հավատացյալներս, կատարելով սուրբ Աբդլմսեհի հիշատակը` օրհնում ենք արարածների Արարիչ Հորը, հաստատող և համագոյ Որդուն և Սուրբ Հոգուն` զորացուցիչ և պարգևաբաշխ բոլորին: Եւ Քրիստոսի նույն ծառային և բոլոր սրբերին բարեխոս ունենք ամենքի Աստծու առջև, որպեսզի խոստացված բարիքին հասնենք, ի Քրիստոս Հիսուս, Տեր մեր, որին վայել է փառք և զորություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2009