ՍԱՐՍԱՓ ՄԱՀԻՑ ԵՎ ՄԵՌԱԾՆԵՐԻՑ

Անցյալում մարդը սարսափում էր մահվանից: Ներկայումս տարբեր հեռավոր երկրներում բնակվող պրիմիտիվ ցեղերը, որ ապրում են նախնադարյան պատկերացումներով, հեռու զարգացած քաղաքակրության կյանքից ու գաղափարներից, մահվան հանդեպ նույն սարսափն ունեն: Պրիմիտիվ ցեղերը մեռած մարդկանց վերաբերյալ սնոտիապաշտություններ ունեն: Նրանք կարծում են, որ մեռածները ցանկանում են վրեժխնդիր լինել իրենց մահվան համար և որպես հոգիներ գալով կենդանի մարդկանց մոտ` երկյուղ և աղետներ են բերում: Այս սնոտիապաշտությամբ մահը հաճախ պատկերվում է որպես մեռած մարդ` իր ոսկորներով: Որոշ ցեղեր կարծում են, որ նրանք մեռածների հարձակումներից կպաշտպանվեն և ապահովության մեջ կլինեն, եթե իրենց և մեռածների միջև ջրային տարածություն լինի: Դրա համար էլ նրանք իրենց ննջեցյալներին թաղում են հարևան կղզիներում, ուր հասնում են իրենց նավակներով: Ցեղերի անդամները վախենում են նաև մահացածների անուններից: Նրանք փոխում են բոլոր այն անունները, որոնք նման են մահացած մարդու անվանը, լինեն դրանք երեխաների, մեծահասակների, նույնիսկ կենդանիների, առարկաների և այլ անուններ: Սակայն երկար ժամանակ անց այդ անունով են կոչում երեխաներին` խորհրդանշելով մեռած մարդու վերածնունդը: Իսկ քրիստոնեության մեջ մենք հարգում ենք ննջեցյալներին, աղոթում նրանց համար` իմանալով, որ նրանց հոգիները կենդանի են և դուրս են այս երկրային կյանքից ու չեն կարող վերադառնալ մինչև Վերջին Դատաստանի օրը, երբ գերեզմաններից հարություն առնելով կատարյալ մարմիններով` ստանալու են պարգևներ կամ պատիժներ հավիտենության մեջ` ըստ իրենց ապրած կյանքի ու հավատքի:

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.