Պօէզիայի առաջին միջազգային փառատօնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պօէզիայի առաջին միջազգային փառատօնի մասնակիցներին` ուղեկցութեամբ Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի: Ողջունելով փառատօնի մասնակիցների այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին:

Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Հայաստանի գրողների միութեան նախագահին Երեւանում Պօէզիայի միջազգային առաջին փառատօնի կազմակերպման, ինչպէս նաեւ փառատօնը հայոց նուիրական սրբավայր այցելութեամբ սկսելու համար:

Վեհափառ Հայրապետը, իր խօսքում անդրադառնալով պօէզիայի բարձր կոչմանը, յորդորեց պօէզիայի մշակներին իրենց աստուածաշնորհ կարողութիւններն ի բարին ծառայեցնել` մարդկութեան բարօրութեան, ժողովուրդների միջեւ բարեկամութեան կերտման համար:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած գրողներին հետաքրքրող հարցերին: