Պատմություն եւ խոսք դժոխքի իրական լինելու մասին

 Արդ, այսօր ինձ մոտ եկեք ամեն տեսակ մեղավորների խմբեր, հող լիզելով բերանքսիվայր ընկնենք Աստծո առջեւ եւ բարձրագոչ ձայնով օրհնենք նրան, եւ բարեբանելով փառաբանենք ամեն ժամ, քանզի ողորմեց մեզ եւ սկզբից հայտնեց դժոխքի անունը, տանջանքը եւ չարությունը, որովհետեւ արդար եւ վայել չէր Աստծուն, եթե մեզնից պահեր եւ կոծկեր դժոխքը եւ հետո այնտեղ գցեր մեզ:
Մինչդեռ ինչպես սկզբից էլ ողորմած ու բարի էր Աստված, ցույց տվեց եւ մեզ հայտնեց դժոխքի մասին գործով եւ խոսքով՝ բոլոր սուրբերի միջոցով, որպեսզի դուրս գանք չարից եւ չմտնենք դժոխքի տանջանքների մեջ:
Արդ, բարի եւ շահավետ է մեզ դժոխքի սպառնալիքը քան արքայության խոստումը: Եվ ով իմաստությամբ քննի՝ կարդարացնի իմ խոսքերը: Քանզի մեղքից հեռանում ենք ոչ թե հանուն Աստծո տեսության, որին ցանկացան սերովբեները, եւ ոչ էլ ի սեր անճառելի բարիքի եւ արքայության: Այլ դժոխքի սպառնալիքի եւ ահագին ամոթի պատճառով ենք հեռանում մեղքից եւ ջերմ արտասուքով ապաշխարում, որով ազատվում ենք:
Իսկ եթե հեշտաքարոզ եւ քաղցրաբան մեկը ձեզ մոտ գա եւ ասի, թե դժոխք չկա, Քրիստոս ավերել է այն, թե Աստված բարի եւ քաղցր է՝ իմացեք, որդիներ, որ մեղքի հայրը՝ սատանան է խոսում նրա շուրթերով եւ նա չգիտի. որպեսզի տգետներն ու մեղսասերները լսեն այս, թե դժոխք չկա եւ ուրախանալով շտապեն դեպի մեղքը: Եվ մահը գողի նման գալիս է հանկարծակի ու նրանց տանում դժոխքին գերի: Եվ Աստված եւ բոլոր սուրբերը քարոզում են, թե կա դժոխք, մինչդեռ դու դիվաբան քարոզում ես, թե՝ չկա: Իմացեք իմ որդիներ, այն մարդը, ով Աստծուն ողորմած եւ քաղցր է կարծում, ու ասում, թե տանջանք չկա, նա ստուգապես սատանայից ավելի անմիտ, անողորմ ու չար է: Նույնպես եւ նա, ով ասում է, թե չկա հարություն ու գործերի հատուցում, նմանապես եւ նա, ով խրատում է Աստծուն, թե ինչո՞ւ ստեղծեցիր այս կամ այն: Որովհետեւ մեղավորներիս համար ավելի մեծ բարիք կա, քան այն, թե մեռելներից հարություն չենք առնելու եւ չենք կրելու ահագին ամոթը մեծ հրապարակում, ու չենք տանջվելու գեհենում:
Արդ, երանի կլիներ մեզ, եթե անասունների նման հարություն չառնեինք: Բայց վայ մեզ որովհետեւ ստուգապես պետք է մեռելներից հարություն առնենք՝ Աստծո եւ Նրա բոլոր սուրբերի վկայությամբ: Եվ ով չի հավատում, թե կա դժոխք եւ հարություն՝ նա անձամբ կկրի տանջանքի փորձառությունը, երբ հարություն առնի մեռելներից, եւ այնժամ անօգուտ եւ անշահ կհավատա, կլա եւ կողբա: Նա ինքն իրենով կլցնի դժոխքի լայնությունն ու խորությունը եւ կտանջվի նրա մեջ, որովհետեւ նաեւ ես՝ իբրեւ մսեղեն զանգված ընկած լինելով անբավ մեղքերի տակ, բոլոր մեղավորներից ավելի կարիք ունեմ դժոխքի տրոհմանն ու ավերմանը: Ուրեմն ավելի լավ է ինձ տանջվել անշեջ գեհենում, քան թե խաբել մարդկանց եւ ասել, թե չկա դժոխք, կամ սուտ համարել Աստծո եւ նրա սուրբերի սպառնալիքը դժոխքի վերաբերյալ: Արդ, փառավորյալ է մարդասեր Աստված, որ գործով եւ ճշմարտությամբ արարեց, օրինակեց եւ մեզ հայտնեց, թե կա դժոխք, որ այսպիսին է: Որովհետեւ երբ Ադամն ու Եվան խախտեցին պատվիրանը, Քրիստոս ամենեւին չխնայեց նրանց, այլ արտաքսեց նրանց Իր փառքից ու բարիքից: Եվ երբ մարդկանց ցեղը՝ ամեն տեսակ մեղքի մեջ անասունի նմանվեց, նա չողորմեց նրանց, այլ ջրեհեղեղով ջնջեց նրանց: Եվ երբ հիմարանալով, հակառակ նրա սկսեցին աշտարակ կառուցել, նա ցրեց նրանց՝ բաժանելով նրանց լեզուները: Եվ երբ Սոդոմում բազմացավ անկարգ ու անսահման չարագործությունը՝ նա անսահման կրակով վերից կիզելով նրանց իսպառ այրեց:
Ահա, որդիներ, Աստված սկզբից այս բաներն արեց, որպեսզի հավատաք նրա սպառնալիքներին, թե անդարձ ամբարշտին վերջին օրը դժոխք է ուղարկելու: Քանզի Աստված նույնն է եւ չի փոփոխվում. տալով դժոխքի օրինակը նա բազում հարվածներ եւ ցասում բերեց մարդկանց վրա՝ մեղքերի պատճառով, որպեսզի դուրս գան դժոխքի տանջանքից. մահտարաժամ, սով սրածություն, երաշտ, հիվանդություն, դիվահարություն, աղքատություն եւ այլ բազում զայրույթ ու բարկություն: Եվ դարձյալ Աստված սաստում է իր խոսքով եւ սպառնում է Իր սուրբերով, ինչպես այն, որ ասում է թե՝ «Բորբոքված հուր կա Իմ բարկության մեջ, որ կիզելով այրում է մեղավորներին եւ իջեցնում դժոխքի հատակը», եւ թե՝ «Վրեժի օրը պետք է հատուցեմ նրանց, ովքեր ճաշակել են վիշապների գինին սոդոմացիների այգուց», որ չարագործն է: Եվ Ենոքն ասում է, թե՝ «Տերը բյուրավոր հրեշտակներով գալու է հատուցելու ամբարիշտներին եւ նրանց, ովքեր չար խոսեցին նրա մասին»: Եվ Դավիթն ասում է. «Տերը դատում է իր ժողովրդին եւ մեղավորների վրա հուր եւ ծծումբ է տեղացնելու» (Սաղմոս 10; 7): Եվ Հովելն ասում է, թե՝ «Վա՜յ, վա՜յ, որովհետեւ մոտ է Տիրոջ օրը՝ զարհուրելի դառնությամբ» (Հովել 1:15): Եվ Հոբն ասում է. «Սոսկալի մահվան են արժանի չարերը, որովհետեւ նրանք բորբոքեցին Աստծո բարկությունը, խորշակահար պետք է լինեն, հողմն ու մրրիկը քշելու է նրանց, եւ հողմի առջեւ հարդի նման են լինելու» (Հոբ 21; 18): Եվ Քրիստոս՝ մեր հույսը, ավերեց դժոխքը: Իսկ ով չար գործերով կառուցի այն՝ լսելու է Քրիստոսից, որ ասում է, թե՝ «Գնա անշեջ կրակի մեջ» (Մարկ. 9; 42): Ամովսը ասում է. «Մի ցանկացեք Տիրոջ օրը, որովհետեւ այն չար ու խավար է» (Ամովս 5; 18-20): Եվ Ովսէ մարգարեն ասում է. «Վա՜յ, քանզի Տիրոջ օրը եղեգի նման այրելու է ամբարշտին»: Եվ Միքիան ասում է. «Տիրոջ օրը բորբոքված հնոցի նման է լինելու եւ մեղավորները՝ եղեգի, ու կրակը այրելով չորացնելու է նրանց»: Եվ Ամբակումն ասում է. «Երբ իմ անձը բարկությունից խռովվի, Քո բարկության ժամանակ հիշիր, երբ բարկությամբ արթնանաս երկրի եւ նետաձիգ լինես ամբարիշտներին» (Ամբակում 3; 2): Եվ Դանիելն ասում է. «Նայում էի, մինչեւ որ աթոռներ դրվեցին եւ մի Ծերունի նստում էր այնտեղ: Նրա առաջից հոսում էր կրակե հորդ մի գետ, հազար-հազարավորներ պաշտում էին նրան եւ բյուր-բյուրավորներ նրա շուրջն էին: Եվ ննջեցյալները հարություն առան հողից՝ ոմանք կյանքի համար եւ ոմանք անարգանքի, նախատինքի եւ ամոթի համար» (Դանիել Է 9-10): Եվ Հովհաննես Մկրտիչն ասում է. «Ով բարի պտուղ չի բերում՝ նրան հատելու է Աստծո հրամանների կացինը եւ կրակն է նետվելու» (Մատթ. 3; 10, Ղուկ. 3; 5), եւ թե՝ «Ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից», Նրա, «որի քամհարը իր ձեռքում է եւ կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում» (Մատթ. 3; 7, 12), որ արդարներն են, եւ «հարդն այրելու է անշեջ հրով», որ մեղավորներն են: Եվ հավատքի վեմ Պետրոսն ասում է. «Տերը չի ուշացնի իր գալուստը, բայց Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, եւ տարերքը հրով կիզված պիտի լուծվի, եւ երկիրն ու ինչ գործեր որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն, եւ լինելու է նոր երկինք ու նոր երկիր, ըստ խոստումի» (Բ Պետրոս 3; 9-10, 13): Եվ Պողոսը՝ Քրիստոսի լեզուն, ասում է, թե «Աստծո արքայությունը չեն կարող ժառանգել արվագետները, շնացողները, մարդասպանները, հարբեցողները, բամբասողները եւ գրգռողները, որովհետեւ նախանձի կրակը ուտելու է նրանց» (Ա Կորնթ. 6; 10), նաեւ նրանց, ով այստեղ պատրաստեց փայտ, խոտ, եղեգ, որ չարի գործերն են: Կրակը փորձելու է նրանց հարության օրը, եւ մեղավորների խմբերը պատժվելով մնալու են կրակի մեջ:
Նաեւ մեր Աստծուց՝ Քրիստոսից, որ Հայր Աստծո սրտի անմիջնորդ Ծնունդն է, անդադար լսում եք, նրանից, որ Իր Սուրբ Ավետարանի բազում տեղերում պատմում է դժոխքի մասին իր խոսքի մեջ փոխաբերաբար ասելով, թե՝ այնժամ Թագավորն իր ձախ կողմում կանգնեցնելու է այծերին եւ ասելու, թե՝ «Անիծյալներ, հեռացեք ինձանից արտաքին խավարի մեջ» (Մատթ. 25; 30) եւ այլն: Նաեւ՝ մի ազնվական հեռու աշխարհ գնաց՝ ստանալու իր թագավորությունը եւ վերադառնալու: Եվ ստանալով թագավորությունը հետ դարձավ ու կոտորեց իր թշնամիներին: Եվ նրան, ով չէր բազմացրել արծաթը, կապել տվեց եւ նետեց կրակի մեջ (Ղուկ. 19; 12-27): Նաեւ պատժեց նրան, ով իր անբավ մեղքերի դիմաց ստացավ Աստծո թողությունը, բայց ինքը ոխակալ հոգով չթողեց ընկերոջ մեղքը, այլ խեղդում էր նրան: Տերն իմացավ այս եւ կապել տվեց նրան եւ նետեց անխուսափելի տանջանքի մեջ, ասելով ՝ «Տուր քո տնտեսության հաշիվը» (Ղուկ. 16; 2):
Եվ Աստված Ադամին ստեղծեց Սիոն լեռան հողից: Հին օրենքը, մարգարեները եւ պատարագը այնտեղ հաստատվեց եւ տաճարը այնտեղ կառուցվեց: Այդ պատճառով Բանն Աստված այնտեղ մարմին հագավ մեծ խորհրդով, որ կանխանշված էր վաղ ժամանակներից: Այդ պատճառով այնտեղ ծնեց եւ ազատեց Եվային եւ այնտեղ խաչվեց ու փըրկեց Ադամին, եւ այնտեղ իջավ դժոխքի մեջ, ազատեց արգելափակված հոգիներին, ավերեց դժոխքը, կապեց սատանային, հարություն առավ մեռելներից եւ ոչնչացրեց մահվան զորությունը: Եվ արդ, սա այն դժոխքն է, որ սատանան եւ մարդկանց մեղքն ու անհավատությունը կառուցեցին մինչեւ մեր Աստծո՝ Քրիստոսի գալուստը: Եվ հավատացինք ու հավատում ենք, որ Քրիստոս ավերեց դժոխքը:
Այժմ քննենք ու իմանանք, թե այս դժոխքը, որ Քրիստոս ասում է, թե աշխարհից դուրս է, որտեղի՞ց բուսեց կամ որտեղի՞ց եղավ: Որդիներ, երբ Քրիստոս ավերեց այն դժոխքը, որ շինել էր սատանան, կար ուրիշ ավելի դառն դժոխք, որ այս աշխարհի մեղքերի եւ չար գործերի շատանալու հետեւանքով սատանան կրկին շինեց: Ահավասիկ մեզ օգուտ եւ շահ չեղավ առաջին դժոխքի ավերումից, որովհետեւ ամեն մեղավոր ինքն է շինում դժոխքը, որ առաջինից չար է: Դատաստանի օրը Քրիստոս յուրաքանչյուր ադամորդու ուղարկում է իր շինության մեջ: Այդ պատճառով Քրիստոս մեր Փրկիչը ասում է, թե՝ Երկինք, Իմ Հոր մոտ ուղարկեք ձեր գանձերը եւ մի՛ եղեք սատանայի գանձապահն ու մշակը, որովհետեւ ինչ չափով չափեք՝ Ես ձեզ այն չափով եմ չափելու (Մատթ. 6; 20, 7; 2, Մարկոս 4; 24, Ղուկաս 6; 38:
Ահա, Աստծո քահանաներ, իմ եղբայրներ եւ կարգակիցներ, իմացաք, որ ամեն ադամորդի ինքն է շինում իր դժոխքը եւ արքայությունը: Այս պատճառով, աղաչում եմ ձեզ բարի օրինակ եղեք մարդկանց մեջ: Որովհետեւ եթե մենք՝ քահանաներս ծույլ եւ ագահ, գինեսեր, զրկող եւ ապականված լինենք՝ չենք կարող խրատել մեր ժողովրդին: Եվ եթե գայթակղվեն՝ նրանց արյունը Աստված մեզնից պիտի պահանջի, ինչպես մարգարեին ասաց, որին հսկիչ կարգեց (Եսայի 21; 6, Երեմիա 6; 17): Իսկ եթե մենք մեղավորներին բարի օրինակ լինենք՝ խոնարհ, անոխակալ, սուրբ, ողորմած, համբերող, պարկեշտ եւ աղոթարար՝ նրանք մեղավորները կշահեն եւ մենք կկարողանանք սովորեցնել եւ խրատել նրանց, որով կփրկվենք նրանց արյունից: Քանզի քահանան աղ, լույս եւ Աստծո հրեշտակ է մարդկանց մեջ: Եվ ով խոսքով գործի եւ մեղավորին դարձի բերի այնպիսին Աստծո բերան կկոչվի, եւ առաքյալների ու մարգարեների հետ միասին Աստծուց վարձ կստանա: Եվ Քրիստոսին փա՜ռք հավիտյանս. ամեն:
Բայց որքան մեծ է մեր պատիվը մարդկանց առջեւ այս կյանքում, նույնքան սաստիկ է մեր տանջանքը այն կյանքում, եթե մեր չար գործերով գայթակղենք մարդկանց: Իսկ եթե անարատ ծառայենք Քրիստոսի ժողովրդին, նա՝ Քրիստոս մեզ առաջամարտիկի վարձ կտա: Ահա, որդիներ, ձեզ պարզ խոսքով հիշեցրի Աստծո օրենքը եւ արքայության հանգիստը, դժոխքի չարությունը եւ սոսկալի տանջանքը:
Եվ Հայր Աստծուն, նրա Միածնին եւ Սուրբ Հոգուն վայել է փառք եւ անլռելի ձայնով օրհնություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:

«Սյունյաց Կնթեղ» N 70
Գրաբարից փոխադրեց
Հակոբ Քյոսեյանը