Մեծ պահքի առանձնահատկությունները

Քառասնորդաց պահքը վեց առանձնահատկություններ ունի: Նախ՝ փակվում են Եկեղեցու դռները , երկրորդ՝ պատարագ չի մատուցվում և Ավետարան չի ընթերցվում՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, երրորդ՝ ընթերցվում են հին մարգարեությունները, չորրորդ՝ Հոգեհանգստյան կարգ չի կատարվում, հինգերորդ՝ տոներ չեն տոնվում, վեցերորդ՝ փոխվում է նաև ժամերգության կարգը:
Քառասնորդաց պահքի ընթացքում փակվում է եկեղեցու դուռը, և դռան առջև ենք աղոթում՝ երեք պատճառներով: Նախ՝ որ Եկեղեցին Դրախտի օրինակն է, և երբ մարդը մեղքի պատճառով արտաքսվեց Դրախտից, Դրախտի դուռը փակվեց հրեղեն սերովբեներով ու բոցեղեն քերովբեներով, մինչև Տերը խաչի միջոցով բացեց դուռն ավազակի համար՝ ասելով. ՙՃշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ Դրախտում կլինես՚ (Ղուկ. ԻԳ 43): Նույնպես և մենք մեր մեղքերի պատճառով եկեղեցուց դուրս ենք մնում մինչև Քրիստոսի խաչվելն ու հարությունը:
Երկրորդ՝ Նոյան տապանը եկեղեցու օրինակն է. աղոթասրահը, որը համապատասխանում է տապանի ներքնատանը, ժողովրդի տեղն է. ատյանը, որը համապատասխանում է տապանի միջին մասին՝ սարկավագների ու դպիրների տեղն է. բեմը, որը համապատասխանում է տապանի վերին մասին՝ քահանաների տեղն է, իսկ սուրբ Սեղանը պատարագներ մատուցելու տեղն է: Եվ ինչպես տապանաբնակներն այնտեղ մի տարի կերակրվեցին, այդպես էլ այստեղ Քրիստոսի Մարմնով ու Արյամբ մենք ենք կերակրվում: Եվ ինչպես այնտեղ հավաքված էին բոլոր տեսակի գազաններից ու անասուններից, այդպես էլ այստեղ հավաքվել են և՜ գազանաբարո մարդիկ, և՜ գառնուկի նման անմեղներ, և հավաքվածները չեն մեղանչում միմյանց նկատմամբ՝ ըստ հետևյալ խոսքի. ՙՑուլն ու առյուծը միասին պիտի սնվեն՚ (Եսայի ԺԱ 6): Նոյը տապանի միջոցով փրկեց կենդանիներին ջրհեղեղից, իսկ Քրիստոսի կառուցած Եկեղեցին այս աշխարհի ծովում փրկում է մեր հոգին մեղքերի ջրհեղեղից: Եվ ինչպես այն ժամանակ յոթ օր փակվեց դուռը, և այլևս ոչ ոք ներս չմտավ, և այնուհետև անձրևը սկսվեց, այստեղ նույնպես յոթ շաբաթ փակվում է դուռը, և ոչ ոք ներս չի մտնում, որից հետո կորչելու են մեղավորները հրեղեն անձրևով, ինչպես Դավիթն է ասում. ՙՄեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը՚ (Սաղմ. Ժ 7):
Երրորդ՝ բորոտներն ըստ Հին օրենքի յոթ օր բանակից դուրս էին մնում և ապա հանդերձները լվանալով ու արյան պատարագներով քահանայի միջոցով սրբվելով՝ մտնում բանակ: Բորոտ նշանակում է մեղավոր, ով զանազան մեղքերով գարշելի եղավ: Եվ մենք այս օրինակով, փոխանակ նախկին յոթ օրերի, յոթ շաբաթ եկեղեցուց դուրս ենք մնում և ապա քահանայի առջև խոստովանելով՝ լվանում ենք մեր մեղքերը և ճշմարիտ Գառան՝ Քրիստոսի Արյամբ սրբվում ու մտնում եկեղեցի:
Երկրորդ առանձնահատկություն՝ պատարագ չմատուցելու վերաբերյալ:
Սուրբ հայրերը կանոն կարգեցին, որ Քառասնորդաց պահքի օրերին պատարագ չմատուցվի, բացի շաբաթ և կիրակի օրերից, որովհետև այս օրերին ապաշխարության մեջ ենք և Եկեղեցուց դուրս, հետևաբար՝ չենք կարող Քրիստոսին պատարագել:
Դարձյալ՝ քանի որ Քրիստոս նախ պահեց այս քառասունքը և հետո եկավ Վերնատուն ու պատարագվեց, նույնպես և մենք՝ նախ պահում ենք Քրիստոսի հետ և ապա՝ թշնամուն հաղթելուց հետո, պատարագում Քրիստոսին:
Նաև Ավետարան չի ընթերցվում, որովհետև Քրիստոս մկրտությունից հետո նախ քառասուն օր պահեց և ապա՜ քարոզեց Ավետարանը: Այսպես և մենք նախ պահում ենք, ապա՝ Զատկից առաջ, ըստ կարգի, սկսում ընթերցել Ավետարանը:
Իսկ երրորդ առանձնահատկությունն այն է, որ ընթերցում ենք հին մարգարեների գրքերից ընթերցվածներ: Ինչպես Մովսեսը, քառասուն օր պահելով լեռան վրա, Աստծուց Օրենքը վերցրեց և սովորեցրեց ժողովրդին, այդպես էլ մենք քառասնօրյա այս պահքի ընթացքում կարդում ենք Հին օրենքը:
Իսկ ընթերցվածները երկու կարգի են: Մեկը մեծ կարգն է՝ ապաշխարության համար, որը սահմանեց Հակոբոս Տյառնեղբայրը, և մյուսը փոքր կարգն է, որը հետագայում սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետը սահմանեց որպես խրատ երախաներին, ովքեր մկրտվում էին Ավագ հինգշաբթի օրը: Այսպես և մենք՝ մեծ կարգն ընթերցում ենք մահացու մեղքերի ապաշխարության համար և Ավագ հինգշաբթի օրվա երրորդ ժամին արձակում ստանում, և տասներորդ ժամին լվանալով ոտքերը` սրբվում նաև ներելի մեղքերից:
Չորրորդ՝ հոգեհանգստյան կարգ չենք կատարում մինչև Ղազարոսի հարության օրը, հետևյալ պատճառներով: Նախ որ մենք՝ ողջերս, ապաշխարության մեջ ենք և Աստծուց արտաքսված՝ չենք կարող մահացածների համար միջնորդել ու բարեխոսել:
Դարձյալ՝ վեցշաբաթյա պահքը նշանակում է վեց դարերը, երբ Քրիստոսից առաջ բոլոր ննջեցյալները՝ և՜ արդարները, և՜ մեղավորները, դժոխք էին իջնում: Եվ Ղազարոսի տոնը նշանակն է Քրիստոսի գալստյան, Ով եկավ ու ազատեց հոգիները դժոխքից: Եվ ինչպես Ինքը՝ Քրիստոս, հարություն տվեց Ղազարոսին մեռելներից, այնպես էլ գերեզմանների վրա Ավետարան է ընթերցվում, որպեսզի մեծ հարության ժամանակ Տերը նաև նրանց արժանացնի Իր ձայնը լսելուն:
Հինգերորդ առանձնահատկությունն այն է, որ այս պահքի օրերին տոներ չենք կատարում: Որովհետև տոնն ուրախություն է՝ ինչպես հոգու, այնպես էլ մարմնի, դրա համար էլ, երբ տոնում ենք, ուրախանում ենք և՜ հոգով, և՜ մարմնով: Իսկ պահքը սուգ է և ապաշխարություն՝ մեր գործած հանցանքների համար. չորեքշաբթի օրը Եվայի հանցանքների, ուրբաթը՝ Ադամի, իսկ շաբաթվա մյուս օրերը՝ մեր հոգու, մտքի ու մարմնի մեղքերի համար: Դարձյալ՝ քանի դեռ պահքի մեջ ենք, ապաշխարության մեջ ենք, արժանի չենք տոներ կատարելու, բայց երբ ապաշխարությամբ քավում ենք մեր մեղքերը, արժանանում ենք տոնել և՜ տերունական, և՜ սրբոց տոները:
Իսկ շաբաթ օրը տոնում ենք մարտիրոսների տոները, որովհետև ուրբաթ օրը նրանք չարչարանակից եղան Քրիստոսին, այդ պատճառով էլ շաբաթ օրը հանգստանում են Քրիստոսի հետ: Կիրակի օրը Քրիստոսի հարության տոնն ենք տոնում, և, ըստ սուրբ հայրերի կանոնի, այս երկու օրը պատարագ է մատուցվում:
Վեցերորդ առանձնահատկությունը ժամակարգության փոփոխությունն է: Ասենք, որ կարգը չի փոխվում, այլ ավելանում են որոշ սաղմոսներ ու երգեր, և որոշ բաներ էլ պակասում են:
Իսկ եթե ասեն, թե ինչո՜ւ է միայն մի քահանա ներսում, և ինչո՜ւ է միայն նա արժանանում պատարագելու Քրիստոսին, ապա ասենք, որ սա կատարվում է երեք պատճառով: Նախ՝ որովհետև երբ մարդը հանցանք գործեց, մարդկային բնությունն այլևս արժանի չեղավ խոսակցելու Աստծու հետ, այնժամ Նա Իր մեծ խնամակալությամբ ընտրում էր որևէ մեկին և նրա միջոցով խոսում մարդկանց հետ՝ տալով օրենք կամ պատգամ, որպեսզի մարդիկ ամենևին չզրկվեն բարիքներից: Ինչպես օրինակ՝ միայն Նոյին պահեց տապանում և խոսեց նրա հետ: Նաև միայն Մելքիսեդեկին ընտրեց քահանա, ինչպես և միայն Աբրահամին ընտրեց և ուխտ դրեց նրա հետ: Եվ միայն Մովսեսին հանեց լեռն ու նրա միջոցով էր խոսում ժողովրդի հետ: Նույնպես և այլ մարգարեների էր ընտրում՝ յուրաքանչյուրին իր ժամանակին: Այսպես և այստեղ մի քահանայի միջոցով է գործում մեր հաշտարար փրկությունը:
Երկրորդ՝ ինչպես հնում միայն քահանայապետն էր մտնում սրբարան ու քավություն գործում, իսկ ժողովուրդը մնում էր դրսում, այդպես էլ այժմ մի քահանան է տաճարում քավում մեր բոլորի մեղքերը, որ դրսում ենք կանգնած:
Երրորդ՝ որովհետև միայն մեր Քահանայապետը՝ Քրիստոս, մտավ վարագույրի ներքին կողմը՝ մեզ համար Հայր Աստծու առջև կանգնելով, իսկ մեզ խոստացավ այս կյանքից հետո՝ համընդհանուր հարության ժամանակ, արժանացնել դրան: Այսպես և այս քահանան է միայն արժանացել Քրիստոս Քահանայապետի օրինակով մտնելու վարագույրի ներքին կողմը, մինչ մենք բոլորս կարժանանաք մտնելու արքայության Եկեղեցին, Քրիստոսի հարությամբ, որը բոլորիս փրկության համար է:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի