Որքանո՞վ է տեղին մայիսին հարսանիքներ չանելու ավանդույթը. մեկնաբանում են քահանան, ազգագրագետը և հարսանյաց սրահի տնօրենը

 Տարածված կարծիք կա, որ հայ հասարակությունում մի ավանդույթի համաձայն մայիս ամսվա ընթացքում պսակադրություններ չեն կատարվում: Չնայած դրան՝ այդ ավանդույթը ոչ բոլորն են քարացած ընդունում: Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն տասը տարի է ինքը կարգված է որպես քահանա, սակայն չի եղել մի տարի, որ մայիսին պսակադրություններ չլինեն:   «Եթե մյուս ամիսներին եկեղեցում լինում է մոտ 12 պսակադրություն, ապա մայիսին 1 կամ 2: Սուրբ Հովհաննես եկեղեցում մենք արդեն պսակադրություն ունեցել ենք և մեկ-երկուսն էլ ամսվա ընթացքում կանենք»,- ասաց նա և ավելացրեց, որ «մայիս-վայիս», սնոտիապաշտ նմանատիպ այլ արտահայտություններ բավականին խորը արմատներ են գցել հասարակության մեջ, ու դրանք հանելու համար ճիգ ու ջանք է հարկավոր:

 Այն որ մայիս ամսվա ընթացքում հարսանիքների ավելանալու միտում չի նկատվում վկայում են նաև հարսանյաց սրահների աշխատողները: Երևանի կենտրոնում գտնվող հարսանյաց սրահներից մեկի տնօրեն Սվետլանա Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք գրեթե պարապուրդի են մատնվել հարսանիքների բացակայության պատճառով: Նա ընդգծեց, որ մայիս ամսվա այս 10 օրերի ընթացքում վաճառք չեն իրականացվել:

 «Մարդ չկա, ոչ մեկը հարսանիք չի անում: Մենք էլ չգիտենք ինչ անենք: Ամեն տարի այսպես է: Բայց արդեն հունիս, հուլիս, օգոստոսի համար պատվերները շատ են»,- ասաց նա:

 Սնոտիապաշտ այս երևույթը, ըստ ազգագրագետ Գոհար Ստեփանյանի, մեր հասարակություն է ներթափանցել ռուսական միջավայրից: Նա տեղեկացրեց, որ 20-րդ դարի կեսերին նման պատկերացում մեր ժողովրդի մեջ չի եղել: «Ամբողջ խնդիրն այն է, որ ողջ գարնանային շրջանը, հունիս ամսին էլ հետը, երկրագործական աշխատանքները սկսելու ժամանակն է: Երբ գյուղացին զբաղված էր երկրագործական աշխատանքով, դաշտը մշակելով, ցանելով, նա ժամանակ չուներ: Հարսանիքները միշտ եղել են աշնան բերքահավաքից հետո՝ մինչև խոր ձմեռ: Նաև ամբարները դատարկ են եղել, մթերքը վերջացած է եղել, իսկ հարսանիքների համար պետք է, որ ամբողջ մթերքը հավաքած լինեն»,- ասաց նա և ընդգծեց, որ մայիսը «մեղավոր է» այնքանով, որքանով ապրիլը, հունիսը…

 Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ ընդգծեց, որ եկեղեցին երբեք չի արգելել մայիս ամսին պսակադրություն կատարել: Նա հիշեցրեց, որ ամեն մարդու երջանկությունն իր ձեռքում է՝ անկախ ամսից կամ օրվա եղանակից:
«Ոչ մայիսի պսակվածն է դժբախտացել, ոչ ապրիլի պսակվածը «խերի մեջ կորել»: Յուրաքանչյուր մարդ, եթե խելացի եղավ, ամենածանր օրն էլ, եթե պսակադրվի, երջանիկ կլինի, եթե չկարողացավ պահել իր երջանկությունը, հազար հատ հրեշտակ էլ վերևից իջնի, պսակադրությունն էլ հրեշտակը կատարի ոչինչ հնարավոր չի լինի անել»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am