Ոչ թե ձեր թուղթ ու գրերը բերեք եկեղեցի, այլ դուք հաստատվեք եկեղեցում

Tuxt u gir - Ոչ թե ձեր թուղթ ու գրերը բերեք եկեղեցի, այլ դուք հաստատվեք եկեղեցում

Տխո՞ւր եք, խնդիրնե՞ր ունեք, ալեկոծվա՞ծ եք, հոգսերի ու դժվարությունների մե՞ջ եք, հիվա՞նդ եք, ինչ-որ բան տանջու՞մ է ձեր խիղճը, ձեր հոգում ծանրացած քա՞ր կա, որ չեք կարողանում թոթափել, որեւէ մեկի հետ կիսվել, այցելե՛ք եկեղեցի, խոսե՛ք ձեր քահանայի հետ: Լինելով Քրիստոսի առաքյալները` քահանաներն ավելին են տեսնում, քան որեւէ մեկը:
Սատանան թուղթ ու գրի եւ զանազան միջոցներով մարդուն կապեց ու կապում է իր հետ, որպեսզի երջանկության արժանի, բայցեւ կարոտ մարդուն դժբախտության դռներում պահի եւ կորստյան մատնի, սակայն Քրիստոս իր Փրկարար Արյունը հեղեց, մարդուն ազատեց սատանայի ճիրաններից եւ երջանիկ ու խախաղ ապրելու հույսը տվեց, որպեսզի «Ով Նրան հավատա, հավիտենական կյանք ունենա եւ առավել եւս ունենա»:
Հավատից պետք է բխի եւ մկրտությունը, որը մեզ լվանում է նախնյաց մեղքերից եւ ազատագրում սատանայից: Պողոս առաքյալը այսպես է ասում. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք»: Մկրտված մարդը, որ հաստատուն է հավատքի մեջ եւ մասնակից է ամեն կիրակի եկեղեցում մատուցվող Սուրբ եւ Անմահ Պատարագին, հաղորդակից է Տիրոջ Կենսաբեր Մարմնին եւ Արյանը, նրան ոչ թուղթ ու գիր, եւ ոչ այլ չար բան չի ազդի, չի սասանի:
Ո՛չ թե ձեր թուղթ ու գրերը բերեք եկեղեցի, այլ դու՛ք հաստատվեք եկեղեցում` որպես մի տունկ դրախտային: Երբ եկեղեցում եք թողնում ձեր համար արված թուղթ ու գիրը կամ այլ բան, դա ձեզ չի ազատում դրանից. միեւնույն է` դուք կապված եք դրան, քանի դեռ չգիտեք ճշմարտությունը: Մի՛ զբաղվեք ինքնախաբեությամբ:
Քահանայի հետ զրույցը կամ խոստովանությունը մնում է քահանայի, տվյալ անձի եւ Աստծո միջեւ: Խոստովանությունը բացարձակ գաղտնի է: Քահանան իրավունք չունի բացել այն, բայց երբ բացեց, նզովյալ կկոչվի եւ կարգալույծ կարվի: Անգամ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86 — րդ հոդվածի, անգամ իրավապահ մարմինները իրավունք չունեն հարցաքննելու քահանային՝ խոստովանվողի խոստովանության մասին տեղեկություններ իմանալու նպատակով, ինչքան էլ որ խոստովանվողի հանցանքը ծանրագույն լինի, իսկ այն քահանան, որը կբացի խոստովանությունը, ենթակա կլինի նզովքի եւ կարգալույծի: Աստված ամեն պայման ստեղծել է մարդուն խաղաղեցնելու եւ երջանկացնելու: Գնանք ընդառաջ Տիրոջ պատգամին եւ, Երկնային շնորհների հովանու ներքո, կապրենք խաղաղության ու անդորրության մեջ: Իզուր չէ Դավիթ սաղմոսերգու մարգարեն ասում. «Բարձրյալին քեզ ապավեն դարձրու եւ չարիքն ու տանջանքները չեն մերձենա քո տան հարկին»

Հեղինակ՝ Տ. Ահարոն քհն. Մելքումյան