Շաբաթապահքերի անվանումների հարցը

 Առաջավոր պահքի առաջին օրը պարսից Շապուհ արքայի կողմից նահատակվեց Սարգիս զորավարը, այդ պատճառով էլ նրա նահատակության տոնը կատարում ենք Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Սակայն այս պահքը նրա անունով չէ, այլ վերևում ասվածների հիման վրա է Առաջավորաց կոչվում, և պահքն էլ նահատակված սրբի համար չենք պահում, այլ Աստծու: Հերձվածողներից ու տգետներից ոմանք չարախոսում են մեզ, թե մենք մարդ ենք պաշտում և մարդու պահք ենք պահում: Պետք է ասել, որ ամեն պահք Աստծունն է և ոչ մարդունը: Այդպես էլ Աղուհացի առաջին շաբաթ օրը նշում ենք սուրբ Թեոդոսի տոնը, որի պատճառով էլ շատերն այդ շաբաթը նրա անունով են կոչում, իսկ Ծաղկազարդին նախորդող շաբաթը Ղազարոսի անունով է կոչվում. կան նաև շաբաթներ սուրբ Գրիգորի և սուրբ Հակոբի անուններով: Այս անվանումները միայն մի շաբաթապահքը մյուսից զանազանելու համար են, և դրանք գալիս են նրանից, որ տվյալ պահքի ավարտին հիշված սրբի տոնն ենք նշում, ինչ պատճառով էլ պահքը սրբի անունն է ստացել: Նույնպես և այս դեպքում պահքն Աստծու համար ենք պահում՝ մեր մեղքերի թողության և առաջին սրբերի հնգօրյա պահքին մասնակից լինելու համար, իսկ շաբաթ օրը տոնում ենք սուրբ Սարգսի տոնը:
Դարձյալ՝ երբ ավարտում ենք պահքը, սրբերի միջնորդությանն ենք դիմում, որպեսզի նրանց բարեխոսությամբ ընդունվեն մեր պահքն ու աղոթքները: Եվ այդ օրվա վերակացուները և տոների տերերը նրանք են, ինչպես նաև պահողներին ու հույսով տոնողներին զորավիգ եղողները, պահապաններն ու բարեխոսները՝ Քրիստոս Աստծու հրամանով:
Այսպիսով՝ երեք պատճառով է պահքը կոչվում սրբերի անունով: Առաջին՝ որ նրանց նահատակության օրն այդ պահքի օրերին է պատահել, և դրա համար նրանց մեծարում ենք մեծ տոներով՝ համաձայն Նիկիական ժողովի, որտեղ հրամայվեց մարտիրոսների հիշատակը շաբաթ օրը տոնել ու պատարագ մատուցել: Երկրորդ՝ նրանց անուններով պահքերն ենք զանազանում: Եվ երրորդ՝ նրանց բարեխոսությանն ենք դիմում, որպեսզի ընդունվի մեր պահքը, և ամենաողորմած, բարեգութ և մարդասերն Աստված, նայելով Իրեն սիրող սրբերի նահատակությանը, նրանց բարեխոսությամբ ընդունի մեր աղաչանքները և կատարի մեր խնդրվածքները՝ թողություն շնորհելով մեր բոլոր մեղքերին ու հանցանքներին, և Իր սրբերին տոնակից դարձնի բոլոր հավատացյալներին՝ Քրիստոսի հավատով, հույսով ու սիրով: Եվ Նրան փառք հավիտյանս. ամեն:

ՄԵԾ ՊԱՀՔ
Պահքի օրերը

Փրկչի հարության հրաշափառ խորհրդով, բազում ընթերցվածներով ու սաղմոսներով Եկեղեցին նշում է նախահոր փրկության տոնը: Այն հետևյալ կերպ է արվում. զատվում է յոթանասունութ օր՝ սկսած Առաջավորաց պահքից մինչև Նոր կիրակին՝ ըստ Ղուկասի ազգաբանությամբ տրված նահապետների թվի, որովհետև Ադամից մինչև Քրիստոս յոթանասունութ սերունդ է (տե՜ս Ղուկ. Գ 23-38): Եվ ինչպես առաջին մարդու հանցանքից մինչև Երկրորդ Ադամը՝ Նա, Ով Աստված է և մարդու փրկիչը եղավ, յոթանասունութ նահապետներ եղան (որոնցում ամբարված են Աստծու նախախնամության բովանդակ խորհուրդները), այդպես էլ Քրիստոսի Եկեղեցին յոթանասունութ օր է առանձնացնում և դրանցում կատարում մարդու փրկության ամբողջ խորհուրդը: Այսպիսով՝ այս յոթանասունութ օրերը հասցնում են մեզ Ադամի առաջին կերպին և արժանացնում Աստծու տեսությանը:
Այս օրերը Եկեղեցին բաժանում է մի քանի մասի: Առաջին մասն Առաջավորաց պահքի հնգօրյա շրջանն է, որն անցնում է առանց ընթերցումների` ըստ այն հինգ նահապետների թվի, ովքեր առանց Օրենքի, միայն հավատով արդարացան: Դրանք են՝ Աբելը, Ենոքը, Նոյը, Աբրահամը և Իսահակը: Ապա հաջորդում է երկշաբաթյա բարեկենդանը, որը մարմնական բարիքներ և սուրբ Հաղորդություն է պարգևում: Այնուհետև, Եկեղեցու կատարելությամբ և կատարյալ քառասնօրյա պահքով գալիս ու միանում ենք առաջին նահապետների հավատին:
Մեծ պահքի շրջանում խորհրդաբար երկու քառասնօրյա պահք է կատարվում: Առաջինը կատարվում է ըստ Մովսեսի ու Եղիայի, որը սկսվելով պահոց շրջանի առաջին երկուշաբթիից՝ հասնում է մինչև Ղազարոսի հարության օրը, իսկ երկրորդը՝ ըստ Փրկչի՝ Մեծ պահքի երկրորդ երկուշաբթիից մինչև Տիրոջ Հարության օրը: Եվ այս երկու քառասնօրյա պահքերը, միմյանց համադրվելով ու միաձուլվելով, ընդհանուր պահքի տևողությունը հասցնում են քառասունութ օրվա՝ սկիզբն ունենալով Բուն բարեկենդանի կիրակին, որի հետ միասին ստացվում է քառասունինն օր, և Զատկի օրվա ավելացումով ընդհանուրը ստացվում է հիսուն:
Առաջավոր պահքի երկուշաբթիից մինչև Զատիկ յոթանասուն օր է, և Նոր կիրակիի յոթօրյա նախատոնակի կատարմամբ ընդհանուրը ստացվում է յոթանասունութ օր: Ղպտիներն ու հաբեշները պահում են յոթանասուն օր, այդ պատճառով էլ այս պահքը կոչվում է նաև «Յոթանասնից պահք»: Եվ սա խորհրդավոր թիվ է:
Սա նախ մարդու կյանքի թիվն է, ինչպես ասում է Դավիթ մարգարեն. «Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի կամ առավելագույնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցավով ու հեծությամբ» (Սաղմ. ՁԹ 1Օ): Եվ այս խորհրդով յոթանասուն օր ենք պահում և ավարտին տոնում Քրիստոսի հարությունը, որպեսզի այս կյանքից հետո Քրիստոսի հարությանն ու փառքին արժանանանք:
Երկրորդ՝ Աստծու ժողովուրդը յոթանասուն տարի մնաց գերության մեջ Բաբելոնում և ապա ազատվեց Զորոբաբելի և Հեսու քահանայի միջոցով (տե՜ս Ա Եզր): Այդ պատճառով էլ սա խորհրդանշում է մեր պանդխտության ժամանակը. որովհետև թշվառացանք, և գերեց մեզ սատանան Դրախտից ու զանազան մեղքերով տանջեց երկրի վրա: Եվ Հիսուս, Ով Քահանա է ու Թագավոր, վերստին ազատեց մեզ:
Յոթանասունը, ըստ բաբելոնյան գերության տարիների թվի, նաև մահն է խորհրդանշում, ուր վտարվեցինք ծառայության, որից մեզ ազատեց Քրիստոս Իր հարությամբ՝ վերստին շինելով տաճարն Իր Մարմնով, Ում տաճարը մենք ենք, և Իր տան փառքն ավելի մեծացնելով՝ Նոր կիրակիին կատարում է Իր Եկեղեցու հաստատության նավակատիքը:
Բարեկենդանի կիրակիից մինչև Զատկի կիրակին հիսուն օր է: Եվ սա ունի բազում խորհուրդներ: Նախ՝ որ հիսունը հոբելյանական թիվ է, և հիսուներորդ տարում թողություն և ազատություն է լինում բոլորին՝ ըստ Մովսեսի օրենքի. եթե ծառա է, ազատություն է ստանում, իսկ եթե մեկ այլ ոք, իր տիրոջն է դառնում: Այս պահքով նաև մենք ենք թողություն գտնում մեղքերի պարտավորությունից ու Օրենքից, որով անեծքի տակ դատապարտված էինք, որովհետև, ըստ Տիրոջ խոսքի, մեղքի ծառա էինք. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. Ը 34): Սա ցույց է տալիս նաև, որ սա՜ է ապաշխարության ժամանակը, և հիսունօրյա պահքի միջոցով թողություն կգտնենք բոլոր մեղքերից ու կազատվենք սատանայի ծառայությունից:
Տարվա մեջ երեք հիսնյակներ կան, որոնցով Եկեղեցին պատվում է երեք մեծամեծ տոներ՝ Ծնունդը, Հարությունը և Վարդավառը: Առաջին հիսնյակը Սուրբ Ծնունդին նախորդող Հիսնակաց պահքն է, որը խորհրդանշում է նահապետների աստվածպաշտությունը մինչև Մովսես: Երկրորդ հիսնյակը՝ Մեծ պահքի շրջանն է, որը խորհրդանշում է մարգարեների աստվածպաշտությունը մինչև Հովհաննես Մկրտիչ, իսկ երրորդ հիսնյակը՝ Վարդավառին նախորդող հիսուն օրերն են, որը խորհրդանշում է քրիստոնյաների աստվածպաշտությունը մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը:
Դարձյալ՝ առաջին հիսնյակը խորհրդանշում է նահապետների արդարությունը՝ սկսած Ադամից մինչև Հակոբ նահապետ: Երկրորդ հիսնյակը խորհրդանշում է Օրենքը և մարգարեությունները՝ մինչև Հովհաննես Մկրտիչը, իսկ երրորդ հիսնյակը՝ մեր Տիրոջ Ավետարանի քարոզությունը մինչև աշխարհի վախճանը:
Դարձյալ՝ Ծննդյան հիսնյակը խորհրդանշում է մեր Տիրոջ աշխարհ գալը և մարդկանց մեջ շրջելը, Հարության հիսնյակը՝ Տիրոջ խաչի վրա մահանալը, դժոխք իջնելը, հարություն առնելը և հոգիներին դժոխքից ազատելը, իսկ Վարդավառի հիսնյակը՝ Տիրոջ Երկրորդ գալուստը, մեռելների հարությունը և արդարների երկինք ելնելը:
Ծննդյան հիսնյակը խորհրդանշում է նաև՝ մեր այս կյանքից ելնելը և ծնվելը հոգևոր աշխարհում, Հարության հիսնյակը՝ մեր հարությունը, իսկ Վարդավառի հիսնյակը՝ պայծառ փառքով հավատացյալների՝ երկինք վերանալը:
Պահքի տևողությունը, Բուն բարեկենդանի հետ միասին, քառասունինն օր է, որն ունի հետևյալ խորհուրդը: Երբ Բաբելոնում երեք պատանիներին նետեցին հնոցը` Նաբուքոդոնոսոր արքայի կանգնեցրած պատկերին չերկրպագելու պատճառով (տե՜ս Դան. Գ 21), այնժամ Բանն Աստված իջավ հնոցի բոցերի մեջ ու փրկեց երեք պատանիներին կրակով այրվելուց (տե՜ս Դան. Գ 49): Եվ այդ հնոցի բոցերը քառասունինը կանգուն բարձրություն ունեին (տե՜ս Դան. Գ 47), որն այս Մեծ պահքի օրինակն է, և որի ժամանակը սպառվում է քառասունիններորդ օրը՝ սուրբ երեկոյին, երբ երգում ենք Նրա օրհնությունը, Ով փրկեց մանուկներին հնոցից, իսկ մեզ՝ դժոխքից:
Արդ՝ նրանք, կրակը քառասունինը կանգուն բարձրացնելով, կռապաշտ ազգի մեղքերն իջեցրին, իսկ մենք քառասունիննօրյա պահքով քավում ենք մեր անօրենությունները, որոնք ավելի վեր են բարձրացել, քան մենք, և մի կողմ դնելով ծանր բեռը՝ նրանց նման արձակվում ենք մեղքերի կապանքներից, Քրիստոսի չարչարանքներով փրկվում պատրաստված հրի սպառնալիքից և հույսով սպասում գերությունից մեր հոգիների դարձին:
Դարձյալ՝ ծոմաջան աշխատությամբ ու շարունակ ընթերցումներով պետք է զգուշավոր լինել Ավագ շաբաթվա օրերին: Մովսեսը ղևտացիներին հատկացրած քահանայական քաղաքներից վեցը տվեց որպես ապաստան ակամա սպանողներին (Թվեր ԼԵ 11): Այդ քաղաքները քահանայական են կոչվում, որովհետև ապաշխարողները քահանաների աղոթքի միջոցով են մեղքերի թողություն ստանում: Իսկ մեզ համար այս չարչարանքի օրերն են հուսո ապաստարան՝ Տիրոջ չարչարանքներով մեզ հավիտենական մահվանից փրկելու համար:
Պահոց շրջանի բուն պահքի օրերի թիվը քառասունութ է՝ ըստ քառասունութ ապաստանի քաղաքների թվի, որովհետև հիսունից երկու կիրակին՝ Բարեկենդանը և Զատիկը, ուտիք է, և քառասունութ օրերը՝ պահք: Հեսուն ակամա սպանողներին քառասունութ քահանայական քաղաքներ տվեց (տե՜ս Հեսու ԻԱ 41), որը խորհրդանշում է քառասունութօրյա պահքը, որովհետև թողության շնորհով հույսը շատանալու էր քառասունութ օր պահողների համար՝ ըստ քառասունութ քահանայական քաղաքների, որոնց մենք, մահապարտ լինելով, ապավինում ենք, և հեռանալով կենցաղային բոլոր հեշտություններից՝ կերակրից, անկողնուց, կանանցից ու հանդերձներից, և ժուժկալ պահքով, հսկման աղոթքներով ու խարազանազգեստ՝ սպասում ենք Մեծ Քահանայապետի՝ Քրիստոսի մահվանը, Ում մահով էլ թողություն ենք ստանում ու վերադառնում մեր ստացվածքներին՝ կերակրին, անկողնուն և այլ ամենին, և ոչ ոք այլևս չի պատժի մեզ մեր հանցանքների համար:
Ինչպես ասում է Սուրբ Գրքերը. «Եթե սպանվածի մերձավորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքից դուրս, ապա սպանվածի արյունակիցը թող սպանի մարդասպանին և մահապարտ չգտնվի» (Թվեր ԼԵ 27): Արդ՝ սպանողն Ադամն էր և նրա սերունդը. այսինքն՝ մենք, որ բռնության ախտից ու դևերի պատրանքներից մղված մեր հոգիների ակամա սպանողը եղանք: Դրա համար պետք է մտնել պահքի քառասունութ «քաղաքները», որպեսզի սպանվածի մերձակա արյունակիցը չսպանի մեզ՝ ապաստանի քաղաքից դուրս հայտնաբերելով: Մեր արյան մերձավորը Քրիստոս է, Ով արյամբ ու մարմնով լծակից է մեզ, որովհետև արյամբ ու մարմնով մեզ հավասարվեց: Եվ եթե Նա մեզ հայտնաբերի քառասունութ ապաստանի քաղաքներից, այսինքն՝ քառասունութօրյա պահքից ու աղոթքից դուրս, անարժան վաստակով, ապա Իր մյուս անգամ գալստյանը կսպանի մեզ:
Եվ ինչպես որ տարվա քահանայապետի վախճանումով ազատվում էր մարդասպանը և վերադառնում իր տունը (տե՜ս Թվեր ԼԵ 28), այդպես և մենք ենք ազատվում մեր մեղքերի պատժից, երբ Ավագ ուրբաթ օրը խաչի վրա խորհրդաբար մահանում է մեր Մեծ Քահանայապետը՝ Քրիստոս, և ապա վերադառնում ենք մեր հայրենին՝ Դրախտ: Քանզի ուրբաթը Քրիստոսի չարչարանքների քառասունութերորդ օրն է` հաշված Բուն բարեկենդանից, երբ Մեծ Քահանայապետը՝ Քրիստոս, համբերելով մահվանը, կատարեց մեր փրկությունը երկրի վրա, և մարդկային բնությունը, որը մինչ այդ մահվան էր դատապարտված, ազատեց և վերադարձրեց իր նախկին ժառանգությանը: Ասվում է, որ սա հավիտենական օրենք է, որը եղավ ճշմարտության օրինակ, որովհետև դա էր այն օրինակը, որը դրվեց մեր փրկության համար:
Ինչպես Մովսեսի միջոցով կարգված հոբելյանական տարում, այսինքն՝ քառասունինը տարի հետո, ազատություն էր լինում արծաթով գնված ծառաների համար (տե՜ս Ղևտ. ԻԵ 8-11), այդպես էլ պահոց քառասունինը օրերից հետո ազատվում ենք մեղքի ծառայությունից: Եվ դու տե՜ս Աստծու մեծ խորհուրդը. ինչպես ապաստանի քաղաքներից մահապարտները դառնում են դեպի իրենց ժառանգությունը, նույնպես էլ հոբելյանական տարում ժառանգությունը դառնում է ժառանգին: Արժե և մեզ ըստ օրինակի գնալ դեպի ճշմարտությունը և Օրենքով ու մարգարեություններով Աստծու վկայած սուրբ ու խորհրդական այս պահքի օրերին հավատով ու պարկեշտությամբ, առանց նվազեցնելու պահել և սպասել մեր ճշմարիտ Մեծ Քահանայապետի՝ Հիսուս Քրիստոսի մահվանը, Ում շնորհիվ ազատվելով՝ արժանանում ենք Վերին Քաղաքին, որի դուռը պահքն է:
Քառասունինը նաև յոթ անգամ յոթն է, այսինքն՝ յոթշաբաթյա պահքը, որն այս կյանքի յոթնօրյա շրջագայության համար է:
Յոթ անգամ յոթը դրված է նաև այն խորհրդով, որ քավություն լինի յոթ գլխավոր մահացու մեղքերի համար, որոնք են՝ հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը և բղջախոհությունը, և սրանք ներգործում են մեզ վրա մեր հինգ զգայարաններով:
Յոթ տարին ուսման ժամանակն է, և մեզ համար կատարյալ ուսման ժամանակ է յոթշաբաթյա պահքը:
Յոթ թիվը կույս թիվ է ասվում իմաստունների կողմից, այն ոչ ծնում է և ոչ էլ ծնվում: Եվ մեր յոթշաբաթյա պահքով կուսություն է ստանում մեր հոգևոր մարդը (հմմտ. Հռոմ. Է 22, Բ Կորնթ. Դ 16): Արդ՝ չհղանանք չարությամբ և անօրենություն չծնենք, և չլինենք սատանայի որդիներ՝ նրա ցանկությունները կատարելով:
Աստված հանգստացավ յոթերորդ օրն Իր բոլոր գործերից, և մենք էլ յոթ շաբաթ՝ մեր չար գործերից:
Յոթերորդ օրը եբրայեցիները դադարեցնում են իրենց բոլոր գործերը, և մենք էլ չար գործեր չգործենք յոթ շաբաթյա պահքի շրջանում:
Իմաստությունն իր տունը յոթ սյուների վրա շինեց (տե՜ս Առակ. Թ 1), իսկ մենք հաստատվում ենք յոթ շաբաթվա պահքով:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի