Նրանք եւ ես աղօթում ենք քեզ համար, որ երբեք զէնքդ ստիպուած չլինես օգտագործել

Զինուո՛ր իմ Հայոց, պաշտպա՛ն հայրենեաց։ Դու, որ գիշեր ու ցերեկ կանգնած ես սահմանին թշնամուն դէմ յանդիման, ես քեզ արիութեան ու հայրենասիրութեան դասեր չեմ ուզում տալ։

Դու ինձանից լա՛ւ գիտես, որ քո եւ իմ հայրենիքը, մե՛ր հայրենիքը սկսւում է քո պաշտպանած սահմանից, որ թիկունքում քո պաշտելի հայրդ ու մայրդ, քոյրդ ու եղբայրդ են եւ գուցէ նաեւ սիրած աղջիկդ։

Նրանք եւ ես աղօթում ենք քեզ համար, աղօթում ենք, որ երբեք զէնքդ ստիպուած չլինես օգտագործես, իսկ եթէ թշնամին ստիպի քեզ, որ այն գործածես, ապա օգտագործես պատւով ու փառքով, անվարան ու անկաշկանդ, որովհետեւ մենք քեզ ողջ ու յաղթանակած ենք սպասում։ Եւ նաեւ որպէսզի թշնամի զինուորը եւ մանաւանդ նրան պատերազմի մղող «սուլթանը» հասկանան, որ մարտի դաշտում անպարտ է հայ զինուորը եւ իրենք աւելին տանուլ կը տան, քան մինչեւ հիմա ու խնդրեն խաղաղութիւն, ինչպէս 20 տարի առաջ։

Քրիստոնեան խաղաղութիւն է ուզում, քրիստոնեան խաղաղութիւն է քարոզում ու խաղաղութեան տենչում, բայց «երբ չի մնում ելք ու ճար», ապա կոչուած ենք պաշտպանելու Աստծուց մեզ շնորհուած կեանքն ու ազատութիւնը։
Աստուած պահապան, քեզ հայ զինուոր։

Ձայնակից մեր հայրերի աղօթքին աղերսում եմ Տիրոջից, «զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի»։ Իսկ հակառակորդին էլ կ’ուզէի յիշեցնել, որ մեր Աւետարանը, որին մենք հաւատում ենք, վկայում է՝ «Սուր վերցնողը սրով էլ կ’ընկնի»։

Հայր Սերովբէ Իսախանեան