Նոր պլատոնականություն

 Միայն եկեղեցու ներքին վէճերը չէին, որոնց վրայ քրիստոնէութիւնն ստիպուած էր ուշադրութիւն դարձնել: Արևի Աստուած Միթրայի կրօնն արդէն իւր գրաւիչ միստերիաների շնորհիւ լայնածաւալ ընդունելութիւն էր գտել հեթանոսութեան մէջ, մինչև անգամ դարձել էր բանակի Աստուած և Աւրելիանոսի դրամների վրայ էլ երևացել: Սակայն այս պաշտամունքը միայն քրիստոնէութեան համար ճանապարհ պատրաստողի դերը կատարեց: Ուրիշ էր խնդիրը հեթանոսութեան յառաջ բերած միւս երկու կրօնական երևոյթների նկատմամբ: Նոր Պղատոնականութիւնն ու Մանիի կրօնը սպառնում էին քրիստոնէութեան մրցակիցներ դառնալ իբրև բացարձակ հեղինակութիւն պահանջող երևոյթներ:
Նոր Պղատոնականութեան իսկական հիմնադիրը և զարգացնողը Եգիպտացի Պլոտինն է, որ աշակերտել է Աղէքսանդրացի փիլիսոփայ Ամոնիոս Սակկասին, բայց ինքնուրոյնութեամբ և մտքի ուժով նրանից աւելի բարձր կանգնած, հին փիլիսոփայութեան վերջնական սիստեմն է ստեղծել և 244/5-ին Հռովմ տեղափոխուելով առանձին դիրք տուել իւր վարդապետութեանը: Իւր կենդանութեան ժամանակ իսկ նա յարգուած էր իբրև ուսուցիչ և անձնաւորութիւն և վայելում էր Գալիենոսի համակրութիւնը. իսկ յետագաների վրայ նա ազդեցութիւն էր գործում իւր բազմաթիւ յօդուածներով (54), որ նրա մահից յետոյ († 270) նրա աշակերտ Պորփիւրիոսը հրատարակեց:
Նրա փիլիսոփայութիւնը հիմնւում է մի կողմից, ինչպէս իւր անունն էլ ցոյց է տալիս, ժամանակակից յունական իդէալիստական փիլիսոփայութեան վրայ, որի վրայ մեծ ազդեցութիւն ունէին Պլատոնի մտքերը, միւս կողմից ցոյց է տալիս հրէական և Գնոստիկ-քրիստոնէական ազդեցութիւն` յատկապէս Փիլոնի և Բազիլիդէսի: Հնդկական իմաստունները այստեղ էլ իրենց ձգողական ոյժը ցոյց են տալիս, թէև անկարելի է լինում նրանց հասնել: Պլոտինի սիստեմի վրայ իշխում է յայտնութիւնն ու միստիկան: Պլոտինի հիմնական նախադասութիւնն է. Աստուած, ամեն էութեան հիմքը պէտք է աւելի բարձր լինի, քան ամենայն մտածողութիւնը և էութիւն. նրանից են ելնում աստիճանական կարգաւորութեամբ բոլոր էութիւնները և բոլորի մէջ հոգին է, որ առաջնակարգ դեր է կատարում. մարմինը հոգու արարածն է, իսկ նիւթը միայն պակասութիւն է: Այսպիսով տարբերութիւն է դրւում գերբնական գաղափարների աշխարհի և զգայական աշխարհի մէջ: Որովհետև նիւթը չար է և պակասութիւն, այդ պատճառով տեսանելի աշխարհում նիւթի հետ միացած հոգիները անհրաժեշտաբար ձգտում են աստիճան առ աստիճան ազատուելով նիւթից մօտենալ կրկին Աստծուն, որ բացարձակ աննիւթ հոգի է: Այդ նպատակին հասնելու համար հոգեկան ոյժերը պիտի միանան հայեցողութեան մէջ և սպասեն, մինչև գոյութեան նախնական հիմունքը յայտնագործէ իրեն հոգու մէջ: Միստիքական յափշտակութեան մէջ է գտնում ճգնութիւնը իւր դրական կատարելութիւնը: Հրճուանքով տեղեկանում է հոգին, որ նախասկզբի հետ միանալով, կրկին Աստուած է դարձել և բարձր աշխարհի բոլոր հակասութիւններից ու գիտութիւնից:
Նոր-Պղատոնական փիլիսոփայութեան նպատակն էր հեթանոսական զօրութիւնը կորցրած կրօնի տեղ մի կրօնական փիլիսոփայութիւն դնել և դրանով բաւականութիւն տալ հեթանոսների մտաւոր պահանջներին և նրանց կործանման առաջն առնել: Բնական էր, որ նա կռուի պիտի մտնէր նաև քրիստոնէութեան հետ և մենք տեսնում ենք, որ յիրաւի Նոր-Պղատոնականութեան հիմնադիր Պլոտինը պայքարի մէջ է մտնում քրիստոնէական Գնոստիկեանների հետ, այն ինչ նրա հետևող Պորփիւրիոսը (†304) վերանորոգում է Կելսոսի ժամանակից թուլացած յարձակումը քրիստոնէութեան դէմ իւր 15 գրքից բաղկացած kata cristianwn երկի մէջ ամենաբուռն կերպով:
Պորփիւրիոսը գնում է Ապոլոնիոս Տիւյանացու ճանապարհով և նրա նման Պիւթագորասին համարում է բարեպաշտ իմաստունի իդէալը: Բոլոր, մինչև անգամ բարբարոսական կրօններն ու հրէութիւնը որոշ իրաւունք ունին: Քրիստոսն էլ մի իմաստուն մարդ էր, որ աստուածների օգնութեամբ հրաշքներ էր գործում. նա մէկն էր ամենաազնիւ հոգիներից: Բայց քրիստոնեաները եղծել են իրենց վարդապետի սկզբնական ճշմարիտ ուսմունքը և նրան իւր իսկ կամքի հակառակ Աստուած են հրատարակել ու կռիւ յայտարարել յանդուգն կերպով բոլոր միւս կրօնների դէմ: Քրիստոնեաների Սուրբ գրքերը լի են հակասութիւններով և անհաւանականութիւններով (Քրիստոս մերժում է Աստուծոյ կողմից նշանակած զոհաբերութիւնները Հին Կտակարանի մէջ. Պետրոսի և Պօղոսի վէճը Գաղ. Բ., բարոյական երկդիմութիւն Քրիստոսի վարմունքի մէջ Յովհ. Է. 8 — 14. Դանիէլի գրքի կեղծիքը, որ գրուած կարող է լինել միայն Անտիոքոս Եպիփանէսի ժամանակ ևլն): Այդ հակասութիւնները Օրիգենէսի նման այլաբանական բացատրութիւններով վերացնելը միանգամայն սխալ է: Միայն անմտութեան արդիւնք են նաև Հին Կտակարանի «Գուշակութիւնները» Քրիստոսի մասին: Առանձնապէս հակակրելի է Պորփիւրիոսի համար Պօղոս առաքեալը, որի հրէական դիալեկտիկան այս մեծ հելլենիստին ստերով լի և սոփեստական է երևում:
Հարիւր տարի էր միայն անցել այն օրուանից, երբ Կելսոսը իւր նշանաւոր գրուածքն էր գրել, բայց արդէն շատ բան փոխուած էր: Քրիստոնէութիւնը մի զօրութիւն էր դարձել և դաշն կապել հելլենական գաղափարների հետ: Բայց ի հարկէ նրա միջից չէին անհետացել «օտար առասպելները». քրիստոնեաներն այժմ էլ շարունակում էին սուր կերպով բաժանել Արարիչն ու արարածը, Աստուած ու բնութիւնը. Աստուծոյ մարդեղութիւնը, տիեզերքի ոչնչանալու և յարութեան տարօրինակ գաղափարները այժմ էլ նոյն ուժով շեշտւում էին: Ահա այս գաղափարների դէմ է դուրս գալիս Պորփիւրիոսը, համարելով ամենամեծ մոլորութիւնը: Քրիստոնեաները Աստծուց բաժանում են տիեզերքը և պնդում են վերջնի ժամանակաւոր լինելը. դա հակառակ է թէ բանականութեան և թէ միևնոյն ժամանակ կրօնական ըմբռնմանը: Բայց ինչպէս որ քրիստոնեաները սխալ կերպով բաժանում են տիեզերքն ու Աստուած (արարչագործութեան վարդապետութեամբ), այնպէս էլ սխալ կերպով միացնում են (մարդեղութեան ուսմամբ): Բայց Պորփիւրիոսը, միայն այս կէտերում է հակառակ քրիստոնէութեանը, և այն էլ ամենախիստ կերպով: Մնացած բոլոր բաներում նա գիտակցաբար համաձայն է քրիստոնէական կրօնի փիլիսոփայութեանը: Իսկ քրիստոնէութիւնը այս ժամանակ արդէն այնքան էլ խիստ չէր և պատրաստ էր որոշ զիջումներ անել հելլենական ոգուն նաև այս կէտերում: Դրանից երևում է, թէ ինչքան մօտ էին միմեանց հակառակորդներն արդէն:
Պորփիւրիոսի երկը քրիստոնէութեան դէմ գրուած ամենահարուստ և ամենահիմնաւոր գրուածքն է. մինչև անգամ առանց սխալուելու կարելի է ասել, որ այնտեղ, ուր թողել է Պորփիւրիոսը քրիստոնէութեան ու կրօնափիլիսոփայական գիտութեան վէճը. այնտեղ էլ մնում է այն մինչև այսօր: Այսօր էլ Պորփիւրիոսը դեռ հերքուած չէ. և առհասարակ նրան կարելի է հերքել միայն այն ժամանակ, երբ ամենից առաջ իրաւունք կտրուի նրան և քրիստոնէութիւնը կվերադառնայ իւր հիմնական կորիզին: Որովհետև սկզբունքի տեսակէտից դատելով, նա մեծ մասամբ իրաւունք ունի:
Պորփիւրիոսի յարձակումը այն պատճառով էր այդքան յաջողակ դուրս եկել, որ հիմնուած էր Ս. Գրքի մանրամասն ուսումնասիրութեան վրայ, և կրօնի տեսակէտով էր գրուած: Դրա վրայ աւելանում էր նաև այն, որ հեղինակը միայն լուրջ կերպով և կէտ առ կէտ հերքել էր կամենում: Մի իդէալիստ էր նա, որ դառն կերպով աշխատում էր, այն համոզմամբ, որ հերքուած բանը գոյութիւնը շարունակել չէ կարող:
Պորփիւրիոսի գրուածքը հելլենականութեան կտակն է քրիստոնէութեան վերաբերութեամբ: Քրիստոնէութիւնը այդ կտակը ոչնչացրեց, նախապէս չորս անգամ իւր ամենանշանաւոր ներկայացուցիչների միջոցով հերքելով այն (Մեթոդիոս, Եւսեբիոս, Ապոլլինարիոս և Փիլոստորգիոս). մի անփոխարինելի կորուստ է, որ մեզ չեն հասել գոնէ այս եկեղեցականների հակաճառութիւնները:
Գրուածքի թողած տպաւորութեան մասին ո՛չ մի տեղեկութիւն չունինք, բացի այն սարսափից, որ եկեղեցական հայրերն են արտայայտել: Բայց Պորփիւրիոսի գրուածքից նոյն իսկ շատ աւելի յաջող գրական երկն էլ դժուար թէ որևիցէ յաջողութիւն ունենալ կարողանար: Եկեղեցու կրօնն արդէն տիեզերական կրօն էր դարձել այն ժամանակ, երբ Պորփիւրիոսը գրեց. այդպիսի տիեզերական կրօնի դէմ յաջողութեամբ մաքառել չի կարող ո՛չ մի ուսուցչապետ, եթէ մանաւանդ գրչի հետ նա չի միացնում նաև րեֆորմատորի սուրը:
Պորփիւրիոսը միայն իբրև Արիստոտէլի տրամաբանութեան մեկնիչ շատ մեծ դեր է կատարել քրիստոնէական միջնադարի համար:
Նոր Պղատոնականութիւնն էլ ուրեմն չկարողացաւ, չնայելով Պորփիւրիոսի փորձին, կրօնի ամենաբարձր նպատակը` Աստուածութիւնը պարզ, բոլորին հասկանալի և մատչելի կերպով որոշել, և մարդկութեանը ընձեռել բարձրագոյն բարին` հաղորդակցութիւն Աստուծոյ հետ: Այդ պատճառով նա յաղթուեց քրիստոնէութիւնից, թէև պարտուած թշնամին շատ մեծ ազդեցութիւն ունեցաւ յաղթողի վրայ: Նոր Պղատոնական միստիկան դեռ իւր երկար պատմութիւնն ունի քրիստոնէութեան մէջ:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ