Նովացիանական վեճեր

-Թէև ապաշխարութեան խնդրում Կալլիստոսի կոնդակը մեղմ սկզբունքների պաշտպան էր հանդիսացել` անառակութիւնն էլ ներելի մեղքերի շարքը դասելով, բայց և այնպէս թէ Հռովմում և թէ Աֆրիկայում խիստ սկզբունքների տէր մի ուղղութիւն հաստատուն արմատներ ունէր: Առանց եկեղեցուց բաժանուելու, շատ աֆրիկական եպիսկոպոսներ եկեղեցական հաղորդակցութիւնից արտաքսում էին անառակներին. բացի սոցանից խիստ սկզբունքներն իրենց որրանն ունէին մոնտանական առանձին համայնքների մէջ և ազդեցութիւն էին գործում այստեղից ընդհանրական եկեղեցու վրայ: Այստեղ կենդանի հակառակութիւն կար եպիսկոպոսական պաշտօնի գաղափարի տիրող դառնալու դէմ:
Դեկոսի հալածանքների ժամանակ անկեալների մեծ թիւը վերստին լուրջ հարց դարձրեց ապաշխարութեան խնդիրը: Կարթագենն ու Հռովմը դարձան հերձուածների ասպարէզ. երկու տեղում էլ երէցները միանում են դժգոհ ուղղութեան հետ` ընդդէմ եպիսկոպոսի: Կարթագենում Կիպրիանոսի եպիսկոպոս դառնալն արդէն առիթ էր տուել երէցների մի մասի հակառակութեան: Կիպրիանոսի փախուստ տալը հալածանքի ժամանակ նոր սնունդ տուեց այդ դժգոհութեանը և հակառակութիւնը աւելի խստացրեց: Երբ այժմ զղջացող անկեալները հին սովորութեան համաձայն նահատակների և խոստովանողների բարեխօսութեամբ կրկին ընդունուել էին պահանջում, Կիպրիանոսը չկամեցաւ շատ յառաջ գնալ այդ խնդրի մէջ և համաձայնութեան եկաւ Հռովմի հոգևորականութեան հետ այդ խնդիրը վճռել մի ժողովով հալածանքներից յետոյ, իսկ առ այժմ միայն յոյս տալ զղջացողներին, որ կընդունուին կրկին կանոնաւոր ապաշխարութիւնից և գործի քննութիւնից յետոյ:
Այդ վճիռը անկեալներին չբաւականացրեց. նոքա պահանջում էին անմիջական ընդունելութիւն, հիմնուած խոստովանողների տուած խաղաղութեան թղթերի վրայ: Կիպրիանոսի հակառակ կուսակցութիւնն անցաւ անկեալների կողմը և այսպիսի վկայականներ ունեցողներին որոշեց անմիջապէս ընդունել վերստին համայնքի մէջ, առանց ապաշխարութեան: Կիպրիանոսը զրկեց նոցա եկեղեցական հաղորդակցութիւնից և նրա վերադարձից յետոյ կայացած ընդհանուր ժողովը 251-ի գարնանը հաստատեց այդ որոշումը. այնուամենայնիւ հակառակ կուսակցութիւնը իրեն համար եպիսկոպոս ընտրեց և հերձուած յառաջ բերեց: Ընդհանուր ժողովը վճռեց նաև որ զոհած լինելու վկայական ստացածներին ընդունեն կանոնաւոր ապաշխարութիւնից յետոյ, իսկ զոհողներին ու խունկ ծխողներին միայն մահացու հիւանդութեան դէպքում ներումն շնորհեն, այն էլ հաստատուն ապաշխարութիւնից յետոյ: Նահատակների ու խոստովանողների իրաւունքների մասին խօսք անգամ չկայ:
Միևնոյն ժամանակ խնդիրն արծարծուեց նաև Հռովմում հակառակ կողմից: Փաբիանոս եպիսկոպոսի մարտիրոսական մահից յետոյ այստեղ անկարելի էր եղել ընտրութիւն կատարելը և գործերը վարում էր երէցների կոլլեգիան, որի մէջ աչքի էր ընկնում Նովացիանոսը: Սակայն 251-ին հնարաւոր եղաւ ընտրութիւն կատարել և Կոռնելիոսը դարձաւ եպիսկոպոս (251-253). անմիջապէս երևան եկան ապաշխարութեան խնդրում եղած տարբերութիւնները: Փոքրամասնութիւն կազմող խիստ կուսակցութիւնը սկսեց մեղադրել Կոռնելիոսին, թէ նա յարաբերութեան մէջ է անկեալ եպիսկոպոսների հետ և համայնքի մէջ է ընդունել մի քահանայ խնկարկողի. այդ պատճառով նոքա բողոքեցին Կոռնելիոսի ընտրութեան դէմ և աշխատում էին, որ դրսի եպիսկոպոսները, նաև Կիպրիանոսը, նրա ընտրութիւնը չճանաչեն: Միևնոյն ժամանակ Նովացիանոսին հրատարակեցին եպիսկոպոս` Կոռնելիոսին հակառակ: Նովացիանոսի դրութիւնն աւելի հաստատուն էր դառնում այն պատճառով, որ նախ` նրա կողմն էին անցել Մաքսիմոս խոստովանողն ու ուրիշները, միւս կողմից դրսումն էլ ընդարձակ շրջաններ համակիր էին նրա ուղղութեանը` այդպէս օրինակ Անտիոքի եպիսկոպոս Ֆաբիոսը: Միայն անկարելի եղաւ Կիպրիանոսին համոզել. նա յայտարարեց իրեն Կոռնելիոսի կուսակից. նոյնն արեց նաև Աղէքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսը: Այսպիսով յաջողուեց յորդորելու խոստովանողներին եկեղեցու խաղաղութեան և միութեան համար Կոռնելիոսի կողմն անցնել կրկին: Դրանից յետոյ միայն վստահեցաւ Կոռնելիոսը 251-ի ամառը մի մեծ ժողովով Նովացիանոսին եկեղեցական հաղորդակցութիւնից արտաքսել: Այս ժողովը վճռեց անկեալների ընդունելութեան խնդրում հետևել 251-ի Աֆրիկայի ժողովի որոշումներին: Մինչ Կարթագենի հերձուածը կամաց կամաց մեղմացաւ և դարու վերջին բոլորովին հանգաւ, Հռովմինը ընդհակառակը ասպարէզ հանեց բոլոր եզրակացութիւնները և դարձաւ սկզբունքների մի կռիւ:
Շուտով Նովացիանականներն այնքան առաջ գնացին, որ իբրև ընդհանուր սկզբունք յայտարարեցին, թէ ոչ մի մահացու յանցանք գործող չէ կարող վերստին ընդունուել համայնքի մէջ, որովհետև այդպիսիների ընդունելութիւնը նախ Աստուծոյ ձեռքին է, և Բ. դրանով վտանգւում է եկեղեցու սրբութիւնը և իսկական եկեղեցին վերանում է: Նովացիանականների կարծիքով ճշմարիտ եկեղեցին միայն այնպիսիների հաղորդակցութիւնն է, որոնք մկրտութեան շնորհիւ մեղքերի թողութիւն են ստացել, այժմ շնորհաց մէջ են և սուրբ (Նովացիաններ=kaqaroi): Բոլոր ուրացողներին պէտք է թողնել Աստուծոյ ողորմածութեանը, որի գործունէութիւնը կապ չունի եկեղեցու ներման հետ:
Հակառակ կուսակցութիւնը նոյնպէս առաջ գնաց և Կարթագենի մի ժողովով 252-ին որոշեց մահուան վտանգի դէպքում բոլոր զղջացող յանցաւորներին, առանց բացառութեան, վերստին ընդունել եկեղեցու գիրկը: Այստեղ մեծ դեր է խաղում ողորմածութեան սկզբունքը. եթէ Աստուած բարեգութ է, եկեղեցին էլ պարտաւոր է նոյնպէս լինել. մանաւանդ որ ըստ տիրող սկզբունքի «Եկեղեցուց դուրս փրկութիւն չկայ»=salus extra ecclesiam non est (Կիպրիանոս): Ուրեմն ուրացողներին այլ ևս եկեղեցու գիրկը չընդունելը նշանակում էր ընդհանրապէս զրկել նոցա փրկութիւնից: Համայնքի մէջ վերստին ընդունուող յանցաւորին փրկութիւնը չէր ապահովւում, այլ նրան միայն այն միջոցն էր տրւում, որ անհրաժեշտ էր փրկութեան հասնելու համար: Վերստին ընդունուելու գործողութիւնը ամբողջապէս կենդրոնանում է եպիսկոպոսի ձեռքում. մարտիրոսներն ու խոստովանողները բոլորովին կորցնում են իրենց հին իրաւունքները: Եպիսկոպոսների զօրութիւնն այնքան աւելանում է, որ նոքա մինչև անգամ հակառակ համայնքի զանկութեան որոշումներ անել կարողանում են, ինչպէս Կիպրիանոսը: Սակայն եպիսկոպոսներն ամեն բան անում էին միմեանց հետ համաձայնութեան գալով: Ընդհանրականութեան գաղափարը համայնքից անցնում է նրա միապետ եպիսկոպոսներին: Նոքա են պատկերացնում կաթուղիկէ եկեղեցու միութիւնը:
Նովացիանականները առանձին համայնքներ կազմեցին և բաւական տարածուած էին, մանաւանդ Արևելքում, մինչև Է. դարը: Ընդհանրական եկեղեցին որոշեց շատ մեղմ վարուել նրանց հետ: Նիկիոյ ժողովի վճռի համաձայն ընդունելի էր նրանց մկրտութիւնը և ոչինչ պէտք չէր պահանջել, եթէ նոքա կաթուղիկէ եկեղեցու գիրկը դառնալ ցանկանային:
Նովացիանական վէճերի հետ սերտ կապով կապուած էին Աղանդաւորների մկրտութեան մասին եղած վէճերը: Նովացիանականները կրկին մկրտում էին ընդհանրական եկեղեցուց իրենց մէջ մտնողներին, անվաւեր համարելով նրանց մկրտութիւնը: Նոր բան չէր Նովացիանականների արածը, որովհետև նոյնպէս էր վարւում նաև կաթուղիկէ եկեղեցին հերետիկոսների նկատմամբ թէ Աղէքսանդրիայում, թէ Փոքր-Ասիայում և թէ հիւսիսային Աֆրիկայում: Ամեն մէկը իւր եկեղեցին էր համարում ճշմարիտը և միայն նրա կատարած խորհուրդը վաւերական: Սակայն եկեղեցու մէջ կար մի այլ հայեացք էլ, որը յաղթող հանդիսացաւ: Այս հայեացքի հետևողները բաժանում էին խորհուրդը խորհրդակատարի անձնաւորութիւնից միանգամայն: Վերջին կարծիքի բացարձակ պաշտպան հանդիսացաւ Հռովմի Ստեփաննոս եպիսկոպոսը (253-257), որը յայտարարեց` եթէ հերետիկոսների մէջ մէկը մկրտուել է յանուն Երրորդութեան կամ Յիսուսի, այն ժամանակ կաթուղիկէ եկեղեցին պիտի ընդունէ այդ մկրտութիւնը վաւերական և լրացնէ այն միայն ձեռք դնելով կաթուղիկէ եկեղեցու գիրկը դառնալ ցանկացողների վրայ: Դորա հակառակ Կիպրիանոսը հաստատ մնաց հիւսիսային Աֆրիկայի աւանդութեան վրայ, թէև Հռովմի հասկացողութիւնը այն տեսակէտից պաշտպանութիւն գտնել կարող էր, որ Նովացիանականները, որոնց մասին էր գլխաւորապէս խօսքը, իսկապէս աղանդաւոր չէին, այլ միայն հերձուածող. մանաւանդ որ նպատակայարմար էլ էր կաթուղիկէ եկեղեցու գիրկը դառնալու համար դիւրութիւններ տալը: Ստեփաննոսը այդ պատճառով յարաբերութիւնը կտրեց Փոքր Ասիայի եպիսկոպոսների հետ, որոնց գլուխն էր կանգնած Նէոկեսարիայի Ֆիրմիլիանոս եպիսկոպոսը: Առանձնապէս զօրեղ էր կռիւը Կիպրիանոսի հետ: Կարթագենի երկու ժողովներ 255-ին և 256-ին մերժեցին ընդունել հերետիկոսների մկրտութիւնը: Մի Գ. ժողով 256-ի Սեպտեմբերին, 87 եպիսկոպոսների մասնակցութեամբ, ընդունեց Կիպրիանոսի կարծիքները: Հերետիկոս հոգևորականը, որ կորցրել է Ս. Հոգին, չի կարող իւր չունեցածը ուրիշին տալ. ուրիշ խօսքով անկարող է վաւերական մկրտութիւն կատարել: Ուրեմն ոչ թէ կրկին մկրտութիւն է պահանջածը, այլ առաջին մկրտութիւնը, երբ հեթանոսը քրիստոնեայ է դառնում: Տարբերութիւն չի դրւում աղանդաւորութեան և հերձուածողութեան մէջ: Կիպրիանոսն էլ, Ֆիրմիլիանոսն էլ իրենց հասկացողութիւնը եռանդով պաշտպանեցին Հռովմի հեղինակութեան դէմ մինչև անգամ ծանր խօսքեր ուղղելով Հռովմի եպիսկոպոսի հասցէին: Աղէքսանդրիայի Դիոնիսիոս եպիսկոպոսն էլ միացաւ նրանց հետ, դատապարտելով Հռովմի եպիսկոպոսի բռնած դիրքը: Վէճը մի պարզ վճիռ չգտաւ այժմ, իսկ Ստեփաննոսի մահից յետոյ Վալերիանոսի հալածանքների ժամանակ (257) դադարեց այն, Դոնատեան վէճերի մէջ իւր վերջնական վճիռն ստանալու համար:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ