Նիկիական վեճեր

Հարցի այդպիսի բռնի լուծումը սակայն պատճառ եղաւ Նիկիական վէճի սկսուելուն, որն ամբողջ 60 տարի տևեց: Առաջին 3 տարին ժողովից անմիջապէս յետոյ Եւսեբիոս Նիկոմեդիացու բոլոր ջանքն եղաւ Արիոսին ազատել տալ գերութիւնից և վերադարձնել իւր տեղը: Բնական էր, որ Արիոսի ազատուելուց յետոյ ինքն Եւսեբիոսն էլ վրերադառնալու իրաւունքն ստանար, քանի որ նա միայն Արիոսի պատճառով էր աքսորուած: Նա ի վաղուց հետէ բարեկամական յարաբերութեան մէջ էր Կոստանդնի քոյր Կոստանցիայի հետ և այժմ աշխատեց օգտուել այդ բարեկամութիւնից. գործն յաջող ընթացք ստացաւ և Արիոսն յետ կանչուեցաւ (Սոկրատէս. I 14): Եւսեբիոսն ու Նիկիայի եպիսկոպոս Թէոգնիսն անմիջապէս իրենց արդարացնելու համար թղթեր գրեցին կայսրին. և վերջինս մի ժողովով արդարացրեց նրանց և վերահաստատեց իրենց պաշտօնների մէջ 328 թուին (Սոկրատես I 14): Այդպիսով սկսուեց նորից Եւսեբիոսի և իւրայինների իշխանութիւնը: Այժմ արդէն Աղէքսանդրացիք էին համարւում խռովարարներ, որոնք ոչինչ չէին արտադրել դեռ Նիկիոյ հանգանակի պաշտպանութեան համար: Հակառակորդները կարողացան կայսրին համոզել, որ լաւ է և օգտակար Աղէքսանդրացիների կուսակցութեան գլխաւորներին հեռացնել, առանց Նիկիական հանգանակին ձեռք տալու, քանի որ կայսրն իրեն կապուած էր համարում այդ որոշման հետ:
Առաջին ընկնողն եղաւ (330) Անտիոքի եպիսկոպոս Եւստաթէոսը, որը Նիկիական հանգանակի մասին վէճի էր բռնուել Եւսեբիոս Կեսարացու հետ և պաշտպանում էր omoousioz-ը, և այդ պատճառով էլ մեղադրւում իբրև Սաբելեան:
Սակայն Եւսեբեանների բոլոր ջանքն էր ի հարկէ Աղէքսանդրիայի երիտասարդ եպիսկոպոս Աթանասին հեռացնել տալ իւր թեմից: Արդէն ժողովի ժամանակ, թէև սարկաւագ և նիստերին չմասնակցող, այնուամենայնիւ նա մեծ ազդեցութիւն է ունեցել իւր եպիսկոպոս Աղէքսանդրի միջոցով ժողովականների վրայ: Ի հարկէ նա այժմ, երբ ժողովից անմիջապէս յետոյ 326-ին արևելքի ամենանշանաւոր կենդրոնի եպիսկոպոսն էր դարձել, պիտի նկատուէր Եւսեբեանների ամենավտանգաւոր հակառակորդ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ