Մոմի և մոմավառության խորհուրդները

 Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածպաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:
Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը. ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը: Վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տևեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա և վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ բնականաբար մոմեր ու կանթեղներ էին վառում` շինության տարածքը լուսավորելու համար: Այդպես էլ հետագայում եկեղեցու ներսը լուսավորելու և կատարվող արարողություններին շքեղություն ու տոնականություն հաղորդելու համար մոմավառությունը մնաց որպես ծեսի կարևոր բաղադրիչ մասը: Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը և Հին Ուխտում, և Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:

 ՄՈՄԻ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ` ԸՍՏ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ

 Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին և ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»: ;(Հովհ. Ը 12)
Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»: (Մատթ. Ե14-16)
Հիսուսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ` լուսավորելով մեր խավար հոգիները: Այդպիսով վառվող մեկ Մոմը` Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր` քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգավ, այլ ՙվառվելով՚ տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը:
Ինչպես մոմն է մեռած և խավար առանց հրի, նույնպես. «Հավատքն առանց գործերի մեռած է»: (Հակ.Բ 26)
Ինչպես մոմն ու հուրն առանց պատրույգի չեն վառվում, նույնպես էլ հավատքն ու գործն առանց սուրբ նպատակի անպիտան են: Նա, ով ունենա հավատք և Աստծո սիրո համար բարի գործ անի, նա է արժանի Աստծու արքայության և մեղքերի թողության: Վառվող մոմը խորհրդանշում է մեր աղոթքն ու ողորմությունը, որը մեր ձեռքով ընծայում ենք Քրիստոսին: Այն նաև մեր անձի փրկության խորհրդանիշն է, որովհետև մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, նույնպես և մեզ երեք բան է հարկավոր փրկության համար:
Նախ` ճշմարիտ հավատք, որ խորհրրդանշում է մոմանյութը: Երկրորդ` բարի գործեր, որ խորհրրդանշում է հուրը: Երրորդ` ճշմարիտ և սուրբ նպատակ, որ խորհրրդանշում է պատրույգը, և այն, որ ամեն բարի գործ Աստծու սիրո համար ենք անում և ոչ թե ի ցույց մարդկանց: Եվ ինչպես վառվող մոմը տարբերվում է հանգած մոմից, այդպես էլ կենդանի հավատը մեռած հավատից, որովհետև վառվող մոմից լույս է ելնում, իսկ հանգածից` դառը ծուխ: Այդպես էլ կենդանի հավատքից ելնում է ճշմարտության լույս` լուսավորելով մարդկանց ճանապարհը: Ինչպես մոմի նյութը և յուղը միշտ վառ են պահում լույսը, այսպես էլ առաքինության գործերն օգնում և միշտ վառ են պահում աղոթքների լույսը, իսկ անիրավության և մեղքերի գործերը միշտ մարմնին հակառակ են և հանգեցնում են աղոթքների լույսը: Եվ ամենից գլխավորը, մոմը նշանակն է մեր երկյուղած սիրո առ Աստված և Իր սուրբերը: Մոմը, որ վառում ենք, խորհրդանշում է այն մեծագույն և կատարյալ զոհաբերությունը, որ մարդը պետք է մատուցի իր Արարչին: Այսինքն` Աստծուն պետք է նվիրաբերի սեփական անձը` իր ինքնիշխան կամքը հոժարակամ ստորադասելով ու ենթարկելով Աստծո կամքին: Եկեղեցին իր բոլոր պաշտամունքները կատարում է խնկարկումով և մոմավառությամբ: Բերենք մի քանի օրինակ: Ծիսական արարողությունների ժամանակ քահանայի կամ Ավետարան ընթերցող սարկավագի երկու կողմում կանգնում են երկու մոմակիր, նրանք խորհրդանշում են Հիսուսի Հարությունն ավետող երկու լուսավոր հրեշտակներին, «Որոնք նստել էին, մեկը` սնարին, և մյուսը` ոտքերի մոտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն է եղել»: (Հովհ.Ի 12)
Սուրբ Ծննդյան և Զատկական Ճրագալույցներին, Տեառնընդառաջի երեկոյան հավատացյալներն իրենց ձեռքում մոմ են ունենում, որի խորհուրդները հետևյալն են: Ճրագալույցի գիշերային ժամի տոնը բազում վառվող լույսերով և մոմերով են կատարում, որովհետև այս տոնի Տերը Քրիստոսն է` երկնավոր լույսը, և հարկ է լույսով կատարել Լույսի տոնը: Մոմի լույսը խորհրդանշում է այն աստղը, որն առաջնորդեց մոգերին և կանգնեց այնտեղ, ուր Մանուկն էր: Այդ պատճառով այս օրը` երեկոյան, վառվող մոմերով ենք եկեղեցի մտնում: Տյառնընդառաջին մեր ձեռքին մոմ ենք ունենում, որովհետև ինչպես սուրբ Կույսը, Հովսեփը, Աննա մարգարեուհին և Սիմեոն ծերունին իրենց ձեռքում Քրիստոսին ունեին, այնպես էլ մենք` մոմ: Քանի որ մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, բայց և մի մոմ է, այնպես էլ Քրիստոս` երեք իրողություն: Աստվածությունը` իբրև հուր, անապական մարմինը` որպես հստակ մոմ, բանական հոգին` որպես պատրույգ, որոնցով լուսավորվեցին բոլոր արարածները: Ծերունի Սիմեոնն ասում է. «Լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար»: (Ղուկ. Բ 25-3)
Ուշագրավ է, որ ժամանակին մեր Եկեղեցում եղել է մոմի և հրի օրհնության կարգ, որը կատարվել է Տյառնընդառաջին և Զատկական Ճրագալույցի երեկոյան: Ավագ շաբաթվա Ավագ երեքշաբթի օրը մեր ձեռքերի վառվող մոմը խորհրդանշում է տասը կույսերին (Մատթ. ԻԵ 1-13): Կույսերն օրինակ են քրիստոնյաների: Նրանցից հինգը իմաստուն են, հինգը` հիմար: Իմաստուն են նրանք, ովքեր այս աշխարհում հարատևում են հավատի գործերի մեջ. այսինքն` աղոթքով, պահքով և ողորմությամբ, և սպասում են Հիսուսի Երկրորդ Գալստին: Ինչպես Ավետարանում է գրված. «Կեսգիշերին ձայն լսվեց, ահա փեսան գալիս է», հիմար կույսերը, ովքեր իրենց լապտերները հանգցրել էին (այսինքն` չունեին հավատի գործեր), պիտի մնային խավարում, իսկ իմաստուն կույսերը, ովքեր իրենց լապտերները վառ էին պահել, Փեսայի հետ պիտի մտնեին Լույսի սրահը` Երկնքի Արքայություն:
Այսպիսով, Եկեղեցում մոմ վառելով` հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերն առ Աստված: Նա խնդրում է, որ ինչպես այս մոմը` փոքրիկ լույսը, հալածեց տաճարի ներսի խավարը, այնպես էլ Լույս Քրիստոս հալածի հավատացյալների մեղքերի խավարը: Եվ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը և մոմավառությունն ունեն ներքին իմաստ և խորհրդաբար հիշեցնում են աստվածպաշտական ու փրկագործական կենսապարգև իրողությունների մասին:

Հեղինակ՝ Խադ քահանա Ղազարյան