Մի մեծ ու բարի նպատակ (առակ)

Jrel - Մի մեծ ու բարի նպատակ (առակ)

Մի երիտասարդ վանական նստած մի բլուրի վրա նայում է դեպի երկինքը, արևածագին: Մեկ այլ վանական մոտենում է ու ասում.
-Եղբայր, ժամերգության ժամանակն է, եկ գնանք վանք, օգնիր մեզ ժամերգությանը:
Երիտասարդ վանականը պատասխանում է.
-Ես մի բարի ու մեծ նպատակ ունեմ. սպասում եմ այն պահին, երբ ժամանակը գա, ես դառնամ եպիսկոպոս ու հանուն Աստծո փառքի գործեմ ու ծառայեմ այնչափ, որչափ ոչ ոք չի ծառայել:
Կեսօրին մոտենում է մի այլ վանական և հարցնում.
-Ի՞նչ ես անում այդ բլրի վրա . ընկերդներդ քո կարիքն ունեն, հիմա պետք է նրանց օգնել:
Երիտասարդ վանականը պատասխանում է.
-Երբ այս երեկո վանահայրը վերադառնա և ինձ շնորհի խոստացված հնարավորությունն ու կարողությունը, ես կօգնեմ ոչ միայն իմ ընկերներին, այլև բոլոր նրանց, ում Աստված իմ առջև կբերի:
Երեկոյան` արևամուտին, երիտասարդ վանականը լսում է, որ վանահայրը յոթ օր հետո է վերադառնալու վանք և տխրում է ու շրջվում, ետ նայում, տեսնում է Հիսուս վանքի բակում մի դույլով թառամած ու թոշնած ծաղիկներն է ջրում` հարցնելով ու ասելով երիտասարդ վանականին.
-Ի՞նչու ես մենակ մնացել այդտեղ… Նախ ցած իջիր այդ բլուրի վրայից, ապա օգնիր ջրել քո խնամքին թողնված այս թառամած ծաղիկները…, չէ որ ինձ համար նույնքան թանկ են այս փոքրիկ ծաղիկները, որքան և խրոխտ ու բարձրաբերձ լեռները…: Նպատակդ պետք է լինի այն, որ գործես ու ծառայես տվյալ պահին քո շրջապատում այնքանով, որքանով կարող ես օգնել, այլ ոչ թե բարձրանաս բլուրի վրա ու սպասես, թե երբ է գալու այդ պահը…., չէ որ ես երբեք չէմ սպասել, թե երբ ինձ պիտի թագավոր հռչակեն, որպեսզի մարդկանց օգնեմ, այլ մեծ եռանդով ու սիրով գործել եմ ու ծառայել ոչ թե ինձ համար, այլ մարդկանց համար…:

Շատ անգամ այն նպատակը, որը մարդը համարում է բարի ու աստվածահաճո, չի արժանանում Աստծո արձագանքին ու կամքին…, քանի որ այդ նպատակի մեջ մարդը կենտրոնանում է իր անձի, ես-ի ինքնադրսևորման վրա…, այլ ոչ թե այն պարզ ու հասարակ ծառայությունը իրագործում, որն Աստված ակնկալում է իրենից և որը կարող է ամեն օր իրականացնել ու իր կյանքը հոգևոր օրհնություններով զարդարել…

Հովհաննես սարկավագ Մանուկյան