Միլլերականություն կամ Յոթներորդ օրվա ադվենտիստներ Աղանդի ծագումը

 Անցյալ դարում, ամերիկյան մկրտչական եկեղեցու անդամներից ոմն Վիլիամ Միլլեր (1772-1849) իր առաքելությունը համարեց Դանիել մարգարեի գրքի մեկնաբանությունը տալ, և սկսեց միայն այդ մասին գրել ու քարոզել, ավետելով աշխարհի վախճանի մոտալուտ լինելը, իսկ հետագայում՝ նշեց նաև վախճանի ժամանակը՝ թվականը, ամիսը, օրը։ Ինչպես հայտնի է, Դանիելի գիրքը լի է խորհրդավորությամբ, որոնց մեկնությունները և բացատրությունները երբեք լիարժեք չեն կարող համարվել, քանի որ ժամանակի ընթացքում՝ նոր պատմական դեպքերի իրականանալու ժամանակ է միայն հնարավոր լինում այն հասկանալ այս կամ այն մարգարեության իմաստն ու նշանակությունը։
Դանիելի մոտ, անշուշտ, վախճանաբանական հայտնություններն են, որ գրավել են ու գրավում են մարդկանց, չնայած որ մեծ մասը պատմության թատերաբեմում արդեն կատարված մարգարեությունների ցանկին կարելի վերագրել։ Այսօր էլ, վերջին օրը իմանալու ձգտումը գրավում է շատերին։
Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ շարժման առաջնորդները՝ իրենց վերապահելով Ս. Գրքի մեկնաբանման մենաշնորհը՝ խմբակներ են կազմել և սկսել են զբաղվել Ս. Գրքի սերտողությամբ՝ «ձեռնոց» նետելով իրենց ժամանակի բոլոր եկեղեցիներին։ Շատերն են փորձել համախոհներ գտնել, և միշտ ձգտել են ավելի ու ավելի մեծացնել նրանց թիվը։ Շարժման համախոհներ գտնելու նպատակով «հայտնաբերում էին» նորանոր ուղիներ, ինքնատիպ և գրավիչ վարդապետություններ։ Այդպիսի վարդապետություններից մեկն է աշխարհի վախճանի մոտալուտ լինելու քարոզչությունը, Հիսուսի Երկրորդ գալստի օրվա ու ժամվա կանխատեսումը։ Այդ հավիտենական խնդիրը՝ սկսած առաքելական ժամանակներից, հուզել է եկեղեցուն և գրեթե բոլոր դարերում էլ եղել են մունետիկներ, որոնք գուշակել են վախճանի օրը, ժամը, տարին։ 1818 թվականին Միլլերը հաշվարկեց աշխարհի վախճանի թվականը և սկսեց ի լուր աշխարհի հայտարարել այդ մասին։ Ս. Գիրքը սովորեցնում է, որ այդ մասին ոչ մեկը չի կարող իմանալ, հետևաբար անիմաստ է այդ մասին կանխատեսումներ անելը։ Բայց այդ պարզ ավետարանական ճշմարտությունը չկասեցրեց մունետիկներին։ Նրանք շարունակում էին պնդել վախճանի՝ իրենց հաշված թվականի ճշգրտությունը, ապացուցում էին, որ միայն այդպես է հնարավոր, հիմնավորում էին զանազան մեջբերումներով…
Միլլերը աշխարհի հետագա գոյության համար «շնորհել» էր ընդամենը 25 տարի. 1843 թվականին Հիսուսի Երկրորդ գալուստով աշխարհը իր վերջը պիտի գտներ։ Նրա հաշվարկման մեթոդաբանությունը այս էր.
Դանիել 8.14 համարը հիմք ընդունելով, Միլլերը ենթադրեց, որ այդ 2300 օրերը կարելի է համարել տարիներ, և Սրբարանի մաքրության սկսվելը՝ վախճանի օրը։ Հաշվարկման համար մեկնակետ ընդունեց մ.թ.ա. 457 թվականը, և հաշվելով 2300 տարի՝ գտավ, որ 1843 թվականին (2300-457=1843) վրա է հասնելու աշխարհի վախճանը։ Եվ ինչքան մոտենում էր այդ թվականը, կրքերն այնքան ավելի էին բորբոքվում։ Միլլերին միանում են շատ նվիրված մարդիկ, որոնք համոզված էին նրա հաշվարկների իսկության մեջ և չէին կասկածում։ 1843 թվականի գալով շատերը հուսահատվեցին, բայց համառ Միլլերը շարունակեց իր պրպտումները և գալստյան օրը շտկելով՝ տեղափոխեց այն մեկ տարով։ 1844 թվականի հոկտեմբերի 21-ը՝ հրեական տոմարով նոր տարվա օրը պետք է լիներ աշխարհի վախճանի օրը։ Այդ օրն էլ եկավ ու անցավ, բայց Հիսուսի գալուստը տեղի չունեցավ։ Միլլերին համակրողներից շատերը հեռացան, Միլլերին և նրա ընկերներին հեռացրեցին մկրտչական եկեղեցուց, իսկ այդ օրը դարձավ պատմական օր՝ «Մեծ հուսախաբություն» անվանումով։ Մեծ հուսախաբության օրը մեծ մարգարեի մարգարեությունը չիրականացավ. ճիշտ է, հետագայում բացատրություններ տրվեցին և ամեն կերպ փորձեցին ՙհուսախաբության օրը» դուրս հանել գործածությունից, բայց չստացվեց։ Վախճանաբանական խնդիրների վերաբերյալ Միլլերի տեսակետը ընդհանրապես սուրբգրային չէ, ինչքան էլ որ հակառակը պնդեն հետագայի միլլերականները։ Ավետարանը շատ պարզ ասում է, որ ոչ ոք չգիտի օրն ու ժամը կամ ժամանակը (Մարկ. 13:32-37), իսկ Միլլերը հակառակն էր պնդում, նշելով անգամ օրը՝ 1844 թվականի հոկտեմբերի 22-ը։ Մեծ հուսախաբությունից հետո, բնականաբար, պետք է տրվեր ինչ-որ բացատրություն, թե ինչու չեկավ աշխարհի վերջը կամ վախճանը։ Բնականաբար, շարժման ղեկավարներից ոմանք սկսեցին հայտնություններ ունենալ, ուր, իբր, Աստված տալիս է այդ ամենի բացատրությունը։ Այսպես, Հայրում Էդսոնը, ղեկավարներից մեկը, Մեծ հուսախաբության հաջորդ օրն իսկ հայտնություն է ստանում, որ 1844 թվականի հոկտեմբերի 22-ին ոչ թե Երկրորդ Գալուստն է տեղի ունեցել, այլ Երկրորդ Գալուստի սկիզբն է եղել։ Այսինքն, ըստ այդ հայտնության Հիսուս դեռ գործեր ուներ կատարելու Երկնային Սրբարանում, նա դեռ պետք է սկսեր մաքրել Սրբարանը, որից հետո միայն տեսանելի կերպով իջներ աշխարհ։
Էդսոնի այս հայտնություն-հայտնագործությունը տրամագծորեն հակառակ է Միլլերի ասածին։ Միլլերը գրում էր. «Ես հավատում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ձգտում են հասկանալ և պատրաստ լինել Նրա Գալուստին, կարող են իմանալ այդ ժամանակը։ Ես համոզված եմ, որ այն լինելու է 1843 թվականի մարտի 21-ի և 1844 թվականի մարտի 21 միջև՝ համաձայն ժամանակի հրեական հաշվարկի։ Քրիստոս կգա՝ բոլոր սրբերի հետ՝ հատուցելու ամեն մի մարդու» (7. էջ 521): Հետևաբար Միլլերը վստահ էր, որ Հիսուսի գալուստը կլինի այնպես, ինչպես ասել էր ինքը, այսինքն, որպես հատուցման օր, որպես վախճանն աշխարհի, և այդ օրը ամենևին չպիտի լիներ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ սկսելու օր։ Երբ չիրականացան Միլլերի մարգարեությունները և նա՝ իր համախոհների հետ վտարվեց եկեղեցուց, շարժման ղեկավարությունն անցավ Միլլերի ընկերներին, որոնք իրենց հերթին մի քանի ոչ սուրբգրային մարգարեություններ անելուց հետո, ձևավորեցին մի նոր՝ միակ «ճշմարիտ» մնացորդ եկեղեցին։ Այդ մնացորդ եկեղեցին էլ դարձավ «Յոթներորդ օրվա ադվենտիստների» եկեղեցին։ Հայրում Էդսոնի մեկնությունը Միլլերի նշած օրվա վերաբերյալ, որակապես փոխեց շարժման աստվածաբանությունը, հարմարեցնելով այն նրա մեկնություններին։ 1844 թվականը հռչակվեց որպես «հետաքննական դատաստանի» սկսման օր, երբ Հիսուս Երկնային Սրբարանում պետք է որոշեր, թե ով պետք է հարություն առնի Առաջին հարության ժամանակ և ով պետք է մնա գերեզմանի մեջ և բաժին դառնա Երկրորդ հարությանը։ Շարժման մարգարեներից Ելենա Ուայտը, Ժ. Բեյթսը իրենց գործերում հռչակեցին Շաբաթ օրվա անփոփոխ լինելու վարդապետությունը և հայտարարեցին, որ սատանայի ամենամեծ հաղթանակն այն է, որ Հռոմի եկեղեցին Շաբաթը փոխարինեց Կիրակի օրով։ Ավելին, Ժ. Բեյթսը, առաջ գնալով հայտարարեց, որ Հայտնության 7-րդ գլխում նշած կնիքը՝ շաբաթ օրը պահելն է և միայն 144000 հոգի են շաբաթը պահողները, որոնք կազմում մնացորդ եկեղեցին՝ Աստծու հավատարիմները, իսկ Հայտնության 14:6-12-ում նշված գազանն ու պատկերը պաշտողները՝ Հռոմի եկեղեցին է խորհրդանշում, որը շաբաթ փոխարինել է կիրակիով։ Միլլերը մահացավ 1849 թվականին, իր գուշակած աշխարհի վախճանի օրվանից մի քանի տարի հետո, իսկ նրա համախոհ ընկերները շարունակեցին զարգացնել ու լրացնել Միլլերի վախճանաբանական հայացքները, և 1855-1863 թվականներին վերջնականապես ձևավորեցին այդ շարժումը որպես անկախ կրոնական շարժում՝ «Յոթներորդ օրվա ադվենտիստ եկեղեցի» անունով։

ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ

Նմանատիպ նյութեր