Միապետական վեճեր

Այսպէս կոչուած դիւնամիստ միապետականները շեշտում են առանձնապէս Յիսուսի պատմական, մարդկային անձնաւորութիւնը և կամենում են նրա աստուածային պատիւը հիմնաւորել նրա մէջ բնակուող մի Աստուծոյ զօրութեամբ (dunamiz): Այս ուղղութեան ամենագլխաւոր ներկայացուցիչն է մի գիտուն կաշեգործ Բիւզանդացի, Թէոդոտոս անուամբ, որ 190-ին Հռովմ եկաւ: Ըստ Եպիփանի նա ուսուցանում էր հետևեալը. Յիսուս մի մարդ էր, Աստուծոյ որոշմամբ և Ս. Հոգու հովանու ներքոյ ծնուած կոյսից: Այս ամենաբարեպաշտ և ամենաարդար մարդու վրայ է իջնում Յորդանանի մկրտութեան ժամանակ Ս. Հոգին, որին Քրիստոս են անուանում. այդ դէպքի պատճառով կարողանում է նա միայն հրաշքներ գործել: Նա Քրիստոսի հոգու մարմնացումը չէ, ուրեմն և չի կարելի նրան Աստուած անուանել. կամ շատ շատ միայն, այսպէս է քարոզում նրա հետևողների մի մասը, յարութիւնից յետոյ (որդեգրութեան վարդապետութիւն):
Այս վարդապետութիւնը գայթակղութիւն առաջ բերեց Հռովմում և Վիկտոր եպիսկոպոսը (180-198) զրկեց Թէոդոտոսին եկեղեցական հաղորդակցութիւնից: Բայց նրա հետևողներն այնքան շատացել էին, որ փորձ արին Զեփիւռինոսի ժամանակ սեպհական եկեղեցական համայնք հիմնել: Մի այլ Թէոդոտոս, պարապմամբ սեղանաւոր, կարողացել էր համոզել Նատալիս խոստովանողին իրենց եպիսկոպոս դառնալ ամսական 150 դենար վարձատրութեամբ: Սակայն վերջինս շուտով զղջաց և դարձաւ եկեղեցու գիրկը: Այս միապետականների դպրոցում իշխում էր գիտութիւնն ու Հին և Նոր Կտակարանի լուրջ քննական մեկնութիւնը:
Ամենայն հաւանականութեամբ սոցա շարքում պէտք է դնել նաև յետոյ գործող. 270-ին դեռ կենդանի (Եւս. Է. 30) Արտեմոնին (Եւս. Ե. 28), որի վարդապետութեան մասին քիչ բան միայն գիտենք: Սա էլ Քրիստոսին լոկ մարդ է ընդունել և իւր կարծիքն համարել է նախնի քրիստոնէականը, որ ընդհանուր է եղել մինչև Վիկտորի ժամանակները. միայն Զեփիւռինոսն (199-217) է վարդապետութիւնը կեղծել: Որ այդ մեղադրանքը որոշ հիմունք ունէր, ամենալաւ կերպով երևում է այն հանգամանքից, որ դիւնամիստ միապետականութիւնը Հռովմից արտաքսել կարողացան միայն նրա հակառակորդ մոդալիստ միապետականութեան օգնութեամբ և նրա ազդեցութեան տակ ընկնելով:
Մոդալիստ միապետականութիւնը ամենամեծ շեշտն է դնում Քրիստոսի աստուածութեան վրայ. և որպէսզի միևնոյն ժամանակ պահպանուած լինի Աստուծոյ բացարձակ միութեան գաղափարը, քարոզում է որ Քրիստոս ինքը ամենակարող Աստուած ու հայրն է, կամ ուրիշ խօսքով նրա մի երևոյթը` մոդուսը: Այս վարդապետութիւնն էլ նախ փոքր Ասիայում յառաջ եկաւ և այնտեղից Հռովմ անցաւ: Զմիւռնացի Նոէտը յենուելով ժողովրդական համոզման վրայ Քրիստոսի աստուածութեան մասին, հետևալ բանաձևն հրատարակեց «Քրիստոսին աւելի փառաբանելու համար». Հայրն ինքն ընդունել է իւր վրայ ծնունդ, չարչարանք և մահ մարմնով: Այս վարդապետութեան շնորհիւ է մոդալիստ միապետականութիւնը նաև հայրաչարչարութիւն (Patripassianismus) կոչւում: Համայնքի երէցները նրան պատասխանատւութեան կանչեցին, բայց նրա բացատրութիւններով գոհ մնալով` հանգստացան: Իգնատիոսի և Իրենիոսի այսպէս կոչուած Փոքր-Ասիական աստուածաբանութեան մէջ արդէն միամիտ կերպով Աստուած և Քրիստոս նոյնացել էին, այնպէս որ դժուար չէր այստեղ նոր-վարդապետութիւնը եկեղեցական գոյնով երևցնել: Սակայն երբ նա հետևողներ գտաւ, նորից պատասխանատւութեան կանչեցին և չնայելով նրա հարցին «Ի՞նչ վատ բան եմ անում Քրիստոսին փառաբանելով», եկեղեցական հաղորդակցութիւնից արտաքսեցին: Նոէտը իւր գործունէութիւնն սկսեց դեռ Բ. դարու վերջին և միայն Գ. դարու սկզբին արտաքսուեց եկեղեցուց:
Մի հակամոնտանիստի միջոցով, որ միևնոյն ժամանակ Նոէտի վարդապետութեան հետևող էր, այս ուսմունքը Հռովմ եկաւ: Այդ հակամոնտանիստը մեզ արդէն ծանօթ Պրաքսէաս խոստովանողն էր: Պրաքսէասը Հռովմից Կարթագեն անցաւ և այնտեղ մեծ յաջողութիւն գտաւ, բայց դեռ 202-ից առաջ, երբ Տերտուլիանոսը դեռ մոնտանական չէր, նրանից յաղթուեց և ստիպուեց յետ վերցնել իւր վարդապետութիւնը: Սակայն Հռովմում Վիկտոր եպիսկոպոսը Թէոդոտեանների դէմ կռուելիս շատ մօտեցել էր արդէն հակառակ կուսակցութեանը, և այստեղ Պրաքսէասը թէ իւր անտիմոնտանիստական գաղափարների և թէ իւր քրիստոսաբանութեան համար լսող ականջներ գտաւ` «Փախցնելով միաժամանակ Մխիթարչին և խաչելով Հօրը», ինչպէս ասում է Տերտուլիանոսը: Նոէտի ուրիշ երկու աշակերտներ և հետևողներ Էպիգոնոս և Կլեոմենէս այնքան զօրացրին իրենց ազդեցութիւնը, որ Զեփիւռինոս եպիսկոպոսը, որին Հիպպոլիտը տգէտ և անգրագէտ է անուանում, idiwthz kai agrammatoz, իւր ապագայ յաջորդ Կալլիստոս երէցի գործակցութեամբ բացարձակ կերպով խոստովանեց, թէ ինքը մոդալիստ միապետական է: Այդպէս ուրեմն` 3 Հռովմի եպիսկոպոս իրար յետևից պարզ կերպով մոդալիստ միապետականութեան են հետևել: Եւ պէտք է ասել, որ մինչ գիտնական Հիպպոլիտը ենթակացութեան վարդապետութիւնն էր պաշտպանում Նոէտի դէմ, հասարակ ժողովուրդը միապետական բանաձևն էր համարում իւր բարեպաշտական համոզման ամենալաւ և ամենապարզ արտայայտութիւնը: Մոդալիստներն իրենց ուսմունքը որոշ աստուածաբանական բանաձևի վերածեցին, այդպէս օրինակ` «Միևնոյնն է, որ երևցել է, ծնուել է կոյսից և իբրև մարդ ապրել է, իրեն տեսնողներին յայտնուել է իբրև որդի ծննդեան պատճառով, բայց առանց հասկացողներից ծածկելու որ ինքը հայրն է: Խաչի վրայ նա իւր ձեռքն աւանդեց իւր հոգին»:
Նոէտի վարդապետութիւնն աւելի զարգացաւ շնորհիւ Սաբելլիոս Լիբէացու, որը հայրաչարչարութեան ուսմունքը մոդալիստական Երրորդութեան վարդապետութիւն դարձրեց: Հայր, Որդի և Ս. Հոգի միևնոյն աստուածութեան երևոյթներն են. Հայրը գործում է երբեմն իբրև Որդի և այդպէս էլ կոչւում է, և ընդհակառակը. Որդին գործում է երբեմն իբրև Սուրբ Հոգի և այդպէս էլ կոչւում է, և ընդհակառակը. Հոգին գործում է երբեմն իբրև Հայր և այդպէս էլ կոչւում է, և ընդհակառակը: Սաբելլիոսն ևս Հռովմ էր եկել և այնտեղ գործում էր իւր վարդապետութեան համար:
Երբ Կալլիստոսը 217-ին եպիսկոպոս դարձաւ, ստիպուած զգաց իրեն, թէև ինքն էլ նոյն վարդապետութեան հետևող էր, եկեղեցական հաղորդակցութիւնից արտաքսել Սաբելլիոսին. նրա նպատակն էր այդ միջոցով խառնակութիւնը վերացնել իւր եկեղեցու միջից և վերստին միութիւն հաստատել: Նա մի Կոմպրոմիս հրատարակեց, որով ընդունում էր Հօր և Որդու նոյն էութիւնն ունենալը, ուրեմն իրաւունք էր տալիս մոդալիստներին. բայց միևնոյն ժամանակ գոհացնում էր և Թէոդոտեաններին (դիւնամիստներին), համաձայնելով, որ հայրը չի չարչարուել, այլ միայն չարչարակից է եղել որդուն: Վերջին նախադասութիւնը բաժանում է հօրն ու որդուն, ինչպէս ուզում էին Թէոդոտեանները:
Շարժման գլխաւորներին այս երկդիմի բանաձևն ի հարկէ չբաւականացրեց: Սաբելլիոսը նրան ուրացող անուանեց, իսկ Հիպպոլիտը յայտնեց նրան նաև իւր աստուածաբանական արհամարհանքը, նրա բանաձևը համարելով Սաբելլիական-Թէոդոտական կարկատան: Տերտուլիանոսն ևս այժմ գրեց իւր գրուածքը Պրաքսէասի և նրա հետևողների դէմ, անշուշտ Կալլիստին և նրա մարդկանց համարելով Պրաքսէասի հետևողներ: Սակայն սրանով արդէն վճռուած էր զուտ միապետականութեան վիճակը Հռովմում. նրա ոյժն այստեղ կոտրուած էր և նա կրկին Արևելք ապաստանեց: Սակայն այստեղ էլ միապետականութիւնը հանգիստ գտնել չկարողացաւ շնորհիւ Օրիգենէսի, որ մի արաբական ժողովում 224-ին յաղթեց մոդալիստ միապետական Բոստրայի Բերիլլ եպիսկոպոսին (Եւս. Զ. 33): Պարզ երևում էր, թէ դէպի ուր էր գնում զարգացումը: Սկսած այն ժամանակուանից, երբ Մեծ Աղէքսանդրացու հեղինակութիւնը Լոգոսի ենթակացութեան վարդապետութեան պաշտպան հանդիսացաւ, այդ ուսմունքը ամեն տեղ յաղթական ընթացք բռնեց:
Օրիգենէսի հետևողներն այս ժամանակ հետևեալ անձինքն էին. Ա. Դիոնիսիոս Աղէքսանդրացի, որը 232-ից Աղէքսանդրիայի դպրոցի, իսկ 247/8-ից Աղէքսանդրիայի եկեղեցու ղեկավարը դարձաւ և Մեծ անունը ժառանգեց շնորհիւ իւր աչալուրջ ու եռանդուն գործունէութեան թէ իւր թեմում և թէ նամակներով դրսի եկեղեցիներում ծագած խնդիրների նկատմամբ. հալածանքների ժամանակ սա ևս մեծ նեղութիւններ է կրել, բայց ազատուել է նահատակութիւնից և մեռել է 265 թուին: Աղէքսանդրիայի դպրոցում նրա հետևողներն էին Թէոգնոստն ու Պիերիուսը, որոնք երկուսն էլ իրենց գաղափարներով Օրիգենէսի աշակերտներ են եղել:
Օրիգենէսի Կեսարիայի ամենաառաջին և երախտագէտ աշակերտը` Բ. Գրիգոր Սքանչելագործն է, որ 5 տարի ուսել էր նրա մօտ և քրիստոնէական համոզումն ձեռք բերել. 238-ին իւր վարժապետից բաժանուելու առթիւ նրա արտասանած գովասանական ճառը մի կոթող է իրեն համար էլ: Շուտով նա Պոնտոսի Նէոկեսարիայի եպիսկոպոս է դառնում և այնպէս ամուր կազմակերպում է Պոնտոսի եկեղեցին, որ վերջինս պատուով դուրս է գալիս ոչ միայն Դեկոսի հալածանքների միջից, այլ և Գոթերի արշաւանքներից: Նոյն ուղղութեամբ նրա հետ միասին գործում էր նաև Օրիգենէսի բարեկամը, մեծ հեղինակութիւն և ազդեցութիւն ունեցող Ֆիրմիլիանոսը Կապադովկիայի Կեսարիայում մինչև 268 թիւը: Սակայն Օրիգենէսի աւանդը մնացել էր Պաղեստինի Կեսարիայում և այստեղ նորից ծաղկում է նրա ուսմունքը շնորհիւ` Գ. Կեսարիայի երէց Պամֆիլոսի գործունէութեան, որն իւր աստուածաբանութիւնը ստացել էր Աղէքսանդրացի Պիերիուսից: Նա ի մի ժողովեց Օրիգենէսի և ուրիշ եկեղեցականների գրուածքները և մատենադարանը լրացրեց սեպհական արտագրութիւններով, և դարձրեց այն մի իսկական գանձարան աստուածաբանական գրուածքների: Նա միևնոյն ժամանակ հոգս էր քաշում Ս. Գիրքն արտագրել տալու և տարածելու համար: Պամֆիլոսի դպրոցին էր պատկանում նաև Եւսեբիոս Կեսարացին: Պամֆիլիոսը 304-ին բանտում Եւսեբիոսի օգնութեամբ գրել է «ջատագովութիւն Օրիգենէսի, 5 գրքից բաղկացած, որի վրայ մի վեցերորդն էլ աւելացրել է Եւսեբիոսն ինքը Պամֆիլիոսի նահատակութիւնից յետոյ 309 թուին (մնացել է միայն առաջին գիրքը): Որ Օրիգենէսը հարևան Ասորիքում, Անտիոքում և Եդեսսայում էլ մեծ ազդեցութիւն է գործել, շատ բնական է. բայց պէտք է նկատել, որ այս տեղերը սեպհական աւանդութիւններն էլ բաւական զօրեղ էին և թոյլ չէին տալիս Օրիգենիստականութեանը տիրապետող դառնալ:
Օրիգենէսի աստուածաբանութեան այսպիսի տարածումն ու զարգացումը նշանակում էր թէ դիւնամիստ և թէ մոդալիստ միապետականութեան արտաքսումը քրիստոնէական եկեղեցուց: Լոգոսի ենթակացութեան վարդապետութիւնը քարոզելով Օրիգենեանք բնականաբար թշնամի պիտի լինէին միապետական երկու ուղղութիւններին էլ և նրանց դէմ կռիւ մղէին. մոդալիստների դէմ շեշտում էին նոքա Բանի արարած լինելը, որ ամենայն ինչ ամեն բանի սկզբից — Աստծուց ունի. իսկ դիւնամիստների դէմ շեշտում էին, որ Լոգոսը կամ Աստուծոյ Որդին ըստ էութեան Հօր պատկերն է և Աստուած է, ինչպէս նա. մի տեսակ յաւիտենական կրկնութիւն Աստուծոյ:
Միապետական վէճերի այս Բ. մասը տեղի է ունենում Արևելքում: Մոդալիստ միապետականութիւնը Հռովմից արտաքսուած Կալլիստոսի և ապա նրա յաջորդներից Դիոնիսիոսի (259-268) վճիռների պատճառով, անցաւ դէպի Կիւրենայիկա և այնտեղ արմատ բռնեց: Սոցա դէմ դուրս եկաւ Աղէքսանդրիայի Դիոնիսիոս եպիսկոպոսը և վճռական կերպով շեշտեց անձնաւորութեանց երկուութիւնը և Լոգոսի արարած լինելը այն չափով, որ նա չքաշուեց Յիսուսին համեմատել մի որթի հետ պարտիզպանի ձեռքում, կամ մի նաւի հետ նաւաշէնի ձեռքում: Նորա այդ անզգոյշ համեմատութեան դէմ բողոքեց մի ժողովով 261-ին Հռովմի Դիոնիսիոս եպիսկոպոսը, և Աղէքսանդրացին յետ վերցրեց իւր անյաջող օրինակը, ընդունելով Հռովմայեցու հետ միասին, Սաբելլիոսի դէմ, Երրորդութեան գաղափարը, բայց և նոյն բնութեան վարդապետութիւնն ու Որդու յաւիտենական ծնունդը:
Դիւնամիստ միապետականութիւնն ևս մի անգամ էլ գլուխ բարձրացրեց Արևելքում ուժեղ կերպով շնորհիւ նշանաւոր Պօղոս Սամոսատցու, որ 260-ին Անտիոքի եպիսկոպոս էր դարձել, և այն չափով վայելում էր Պալմիրայի թագուհի Զենոբիայի հովանաւորութիւնն ու պաշտպանութիւնը, որ տէրութեան մէջ ամենաբարձր պաշտօնը նրան էր տրուած. նա միևնոյն ժամանակ փոխարքայ էր և եպիսկոպոս Անտիոքում: Պօղոս Սամոսատցու նպատակն էր որքան կարելի է մօտենալ նախնի քրիստոնէութեան, մի կողմ թողնելով փիլիսոփայական աշխարհայեացքներն ու ազատելով միաստուածութեան գաղափարը և Քրիստոսի պատմական անձնաւորութիւնը կորստից: Այդ պատճառով նա քարոզում է, որ Քրիստոս ծնուել է իբրև մարդ, և ապա լցուել Լոգոսով և կամքի միութեամբ ու սիրոյ մշտնջենականութեամբ մի դարձել նրա հետ: Նա ուրեմն միայն համեմատական չափով աւելի բարձր է, քան թէ միւս մարդիկ, բայց աստուածացած է իւր բարոյական զարգացմամբ, որի համար ընտրուած է Աստուծոյ շնորհաց միջնորդութեամբ:
Պօղոսի հակառակորդները 264 թուին Անտիոքում մի մեծ ժողով գումարեցին նրա դէմ, որին մասնակցում էին Կապադովկիայից և Պոնտոսից Ֆիրմիլիանոսն ու Գրիգոր Սքանչելագործը. բայց թէ այս և թէ մի Բ. ժողով անհետևանք մնաց: Միայն մի Գ. ժողով նոյն տեղում 268-ին կարող եղաւ վճիռ կայացնել: Պօղոսին հրատարակեցին աթոռից զրկուած և նրա տեղն ընտրեցին մի ուղղափառ եպիսկոպոս: Սակայն այս վճիռն էլ անհնար եղաւ գործադրել մինչև 272 թուականը, երբ Աւրելիանոսը ոչնչացրեց Զենոբիայի պետութիւնը և յայտնեց թէ նա է Անտիոքի եպիսկոպոս, որի հետ որ հաղորդակցութիւն պահպանել կկամենան Իտալիայի և Հռովմի եպիսկոպոսները:
Ի՜նչ եղաւ Պօղոս Սամոսատցու վերջը անյայտ է մեզ. այսքանը գիտենք, որ նա շատ մեծ ազդեցութիւն է ունեցել նաև յատագաների վրայ շնորհիւ Անտիոքի երէց, ճգնաւոր և նահատակ Լուկիանոսի միջնորդութեան († 312): Վերջինս գլխաւորապէս մեկնաբան էր և բնագրի քննադատ շատ նշանաւոր չափով: Նա սրբագրել է LXX թարգմանութիւնը, որ Հերոնիմոսի վկայութեան համաձայն տարածուած էր Անտիոքից մինչև Կ. Պօլիս: Անորոշ է Լուկիանոսի դաւանական դրութիւնը, որովհետև նրա գրուածքները կորել են: Այսքանը բոլորովին պարզ է, որ նա վարդապետել է Բանի նախագոյ լինելը, բայց աշխատել է նրան որչափ հնար է Աստծուց հեռացնել միաստուածութեան պաշտպանութեան համար. նա քարոզել է, որ Բանը հաւասար յաւիտենականութիւն չունի Աստուծոյ հետ և վերագրել է նրան մարդկային արարածական կարիքներ: Յետագայում Արիոսականներին և կէսարիոսականներին Լուկիանիստ էին անուանում, որովհետև սոցա նշանաւոր գլուխները աշակերտել էին նրան: Լուկիանոսի ազդեցութիւնը նկատելի է նաև Անտիոքի դպրոցի վերջին շրջանում: Աւանդութիւն կայ, որ նա վերջը հաշտուել է եկեղեցու հետ: Ոսկեբերանի մի ուղերձը մնացել է մեզ նրա մասին, և նրա մարտիրոսութեան յիշատակը մեծ հանդիսով կատարում էին Նիկոմեդիայում:
Այնուամենայնիւ Պօղոս Սամոսատցու արտաքսմամբ վերջացած էր նաև Դիւնամիստ միապետականութեան բանը և կատարեալ յաղթութիւնը տարել էին Օրիգենէսի հետևողները: Բայց վերջիններս էլ սկսել էին արդէն կարիք զգալ որքան կարելի է մօտ լինել եկեղեցական աւանդութեանը և ամենևին չշեղուել հաւատոյ կանոնից: Այս հանգամանքը պատճառ է դառնում, որ Օրիգենէսից մեծ ազդեցութիւն կրած մարդիկ սկսում են նրան քննութեան ենթարկել և սրբագրել նրան` եկեղեցական աւանդութեան ու հաւատոյ կանոնի մտքով, և այդպիսով եկեղեցականացնել Օրիգենէսին: Մի տեսակ հակառակ շարժումն է սկսւում, որ այլ ևս չի կամենում զուտ մտահայեցողութեամբ զբաղուել, այլ ցանկանում է վերադառնալ բիբլիական րէալականութեան: Այդ ուղղութեամբ գործողների մէջ ամենից նշանաւորներն են, միևնոյն ժամանակ իբրև Օրիգենէսին սրբագրողներ և նրա հակառակորդներ, Աղէքսանդրիայի Պետրոս (300-312) և Օլիմպոսի Մեթոդիոս եպիսկոպոսները († 311): Վերջինս արդէն իւր ժամանակակիցների կողմից համարւում էր Օրիգենէսի հակառակորդ:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ