Մեր մեծերը — Վազգեն Ա (տեսանյութ)

vazgen vehapar 566x660 - Մեր մեծերը - Վազգեն Ա (տեսանյութ)

Ազգային, հոգևոր և մշակութային գործիչ Վազգեն Ա-ն Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոսն է (1955—94թթ.):

Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։
1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:

1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:

Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը:
Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին:

Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։

Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ 1994-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով: