Մարդու կոչումի և բարոյական օրենքի մասին

Mardu kochumy - Մարդու կոչումի և բարոյական օրենքի մասին

Մարդու կոչումի մասին Աստվածաշնչի առաջին գլուխներն են խոսում. «Լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան» (Ծննդ. Ա 28): Դրանով իսկ Աստծո Խոսքը հեռանկար է բացում շրջակա աշխարհի հետ մարդու փոխգործակցության համար: Արարիչը մարդուն օժտել է երկրի վրա իշխելու և այն կառավարելու իրավունքով, որպեսզի նա իր կողմից երկնային Հոր ստեղծագործության վրա ինչոր բան ավելացնի: Աստծո ձեռքերից առաջ եկած աշխարհն ի սկզբանե գեղեցիկ էր, Տերը, այդուհանդերձ, այն մարդուն է վերընծայում ստեղծարար գործունեության և խելացի կատարելագործման համար` հրամայելով մշակել դրախտային այգին:

Սուրբ Գիրքը վկայում է, որ մարդն Աստծո «կերպարանքով» ու «նմանությամբ» է ստեղծված (հմմտ. Ծննդ. Ա 26): Վերևում ասացինք, որ Աստծո կերպարանքը մարդկային անձնավորության մեջ Աստվածային բնության արտացոլանքն է, նրա այն հատկանիշների` բանականության, ազատության, անմահության անդրադարձը, որոնցով երկրի վրա օժտված չէ ոչ մեկը` բացի մարդուց, և որ «Աստծո նմանությունը» նշանակում է այդ հատկանիշների այնպիսի կատարելագործում, որը մարդու և Աստծո միջև եղած տարածությունն է կրճատում: Նմանվել՝ նշանակում է ինքն իրեն փոխել, մոտենալ նրան, ում ուզում ես նմանվել:

«Արարիչը մարդուն կյանքի է կոչել, որպեսզի վերջինս ոգևորվի Աստվածային ու գերագույն ուժի նմանությամբ»,- ասում է սուրբ Գրիգոր Նյուսացին: Այլ խոսքով` Աստծո կերպարանքով ստեղծված մարդը՝ որպես անձնավորություն, կոչված է ինքն իրեն նմանեցնելու Աստծուն: Եվ այսպես, Աստված սկզբից ևեթ սահմանել էր մարդկային գոյության նպատակը. որպես անձնավորություն` կատարելագործվել ընդհուպ մինչև Երկնային Հորը նմանվելը և կատարելագործել դրախտի` հրաշալի այգու ձևով մարդուն վերընծայված ստեղծագործությունը:

Աստծուն նմանվելը միայն հոգու գործը չէ, քանի որ իր ներքին կյանքի վերափոխման դժվարին աշխատանքին մասնակցում է ամբողջ մարդը` և՛ հոգով, և՛ մարմնով` առանց տարանջատման: Այդ աշխատանքի մեջ ընդգրկված են բոլոր ուժերը` և՛ բանականությունը, և՛ կամքը, և՛ զգացմունքները, և՛ նույնիսկ ֆիզիկական ընդունակությունները:

Աստված մեզ այնպես է ստեղծել, որ զարգացնելով մեր կարողություններն ու ներքին հատկանիշները` գտնենք դեպի Նրան տանող ճիշտ ճանապարհը և մոտենանք՝ նմանվելու Նրա կատարելությանը:

Այդպիսի զարգացումը հատուկ օրենքի նորմերով է պամանավորված, որ Արարիչը մարդկային բնության մեջ է դրել: Այդ օրենքը բարոյական օրենքն է:

Աստծո հաստատած բարոյական օրենքը կարգավորում է մարդու ներքին կյանքը: Հետևելով նրա նորմերին` մենք մեր կյանքը կազմակերպում ենք Աստծո մտահղացմանը համապատասխան` ձեռք բերելով ներքին խաղաղություն ու ուրախություն: Օրենքը սովորեցնում է, թե մենք ինչպե՛ս պետք է վարվենք, որպեսզի մեր կյանքի ամբողջականությունը չխաթարվի, հոգևոր ու ֆիզիկական աշխարհների փոխհարաբերությունների մեջ աններդաշնակություն չմտնի: Եթե մարդն իր անձնական, ընտանեկան, հասարակական, մասնագիտական կյանքում և ցանկացած այլ գործունեության մեջ պահպանում է այդ օրենքը, ապա ընթանում է ճիշտ ճանապարհով` զարգացնելով ու կատարելագործելով ինքն իրեն:

Ֆիզիկական կեցության օրենքները խախտելով և օրգանիզմին վնաս պատճառելով` մենք ցավ ենք զգում: Նույն բանն է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ մենք բարոյական օրենքն ենք խախտում. ցավ ենք զգում և տառապում ենք: Այլ կերպ ասած` երբ մենք բարոյական օրենքին դեմ ենք գնում, ապա մեզ տառապանքների ենք դատապարտում, քանի որ խախտում ենք այն ներքին ներդաշնակությունը, որ Աստված շնորհել է մարդկային բնությանը:

Մենք անապատում չենք ապրում, մեզ մարդիկ են շրջապատում: Եվ մեզ որքա՜ն շատ տառապանքներ ու չարիք են պատճառում հարազատների, մերձավորների, ծառայակիցների հետ ոչ ճիշտ հարաբերությունները: Այդ տառապանքներից խուսափելու, մերձավորների հետ մեր հարաբերությունների մեջ ներդաշնակության հասնելու համար, ինչը ներքին խաղաղություն, հանգստություն, երջանկություն ու ուրախություն է բերում, մենք մեկս մյուսի հետ շփման ժամանակ նույնպես պետք է հետևենք բարոյական օրենքի նորմերին:

Ավելին` առանց այդ օրենքն իրագործելու՝ մարդը չի կարող զարգացնել Աստծո` իր մեջ դրված պատկերը, անկարող է Աստվածանմանության հասնել, ինչը նշանակում է` չի կարող կայանալ որպես անձնավորություն և իր կոչումն իրականացնել: Հարցեր են ծագում. ինչպե՞ս իմանանք այդ օրենքը: Ինչպե՞ս կարող ենք այն սովորել:
Տերը մարդու հոգևոր կազմության մեջ նախատեսել է առանձնահատուկ զգայուն օրգանի առկայությունը, որ խիղճ է կոչվում: Եթե մենք ապրում ենք խղճի մտոք, եթե նրա ձայնը լսում ենք, ապա իրագործում ենք բարոյական օրենքը: Եթե այդ օրենքը խախտում ենք, ապա խիղճն իր տանջալից վիճակով մեզ ազդանշան է տալիս, ինչը կոչվում է խղճի խայթ: Իհարկե, մեր խղճի վրա կարող է ազդել շրջապատող միջավայրը` կրթությունն ու դաստիարակությունը, հասարակական չափանիշները և այլն. ինչե՜ր ասես, որ չեն ազդում մարդու և նրա խղճի վրա: Ընդսմին, այդ ներգործությունները կարող են ինչպես կատարելագործել մեր բարոյական սկիզբը, ամրապնդել խիղճը, այնպես էլ կազմալուծել բարոյականությունը և թուլացնել խղճի ձայնը: Այդ ձայնն իր մեջ կարող է խլացնել նաև մարդն ինքը: Եվ այդպես հաճախ է պատահում:

Աստված բարոյական օրենքի նորմերը դրոշմել է Հայտնության մեջ՝ դրանք զարգացնելու և դուրս բերելու այն մարդկանց իշխանության ոլորտից, ովքեր կարող են իրենց և ուրիշների մեջ խաթարել բարոյական բնությունը: Դրանք Աստծո Խոսքի մեջ` Սուրբ Գրքում, առկա են միանգամայն կոնկրետ բարոյական պահանջների ձևով: Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, թե Աստծուն իրոք նմանվելու, լիակատար կյանք, կեցության ներդաշնակություն և երջանկություն ստանալու համար ինչպե՛ս պետք է վերաբերվենք ինքներս մեզ, Աստծուն և շրջապատող աշխարհին:

Բարոյական օրենքը կատարող մարդը երբեք միայնակ չի լինում, նա բախտի քմահաճույքին մատնված չէ, քանզի Աստված իր արարածին չի լքում: Նա ներկա է մեր կյանքում և գործնական ձևով օգնում է բոլոր նրանց, ովքեր կենդանի կապ են պահպանում Իր հետ: Չնայած բոլոր դժվարություններին՝ մարդը դրա շնորհիվ իր հոգևոր հատկանիշները զարգացնելու, ներդաշնակ անձնավորություն դառնալու, Աստծուն նմանվելու և իր կյանքի միջոցով շրջակա աշխարհը կատարելագործելու ընդունակ է մնում:

Կրոնը մարդու կապն է Աստծո հետ: Կրոնի օգնությամբ մարդն աշխատակցության, համագործակցության մեջ է մտնում Արարչի հետ, բարոյական օրենքի նորմերի բացահայտման, երջանիկ կյանքի ստեղծման համար հենվում է Աստվածային օգնության վրա: Ուստի` մեր գոյության նպատակն է լինել Աստծո հետ, նմանվել նրան, ապրել Աստվածային բարոյական օրենքի համաձայն և դրա շնորհիվ ձեռք բերել հոգևոր ու մարմնավոր սկիզբների ներդաշնակություն, հոգևոր հավասարակշռություն, հանգստություն, ուրախություն, խաղաղություն ու երջանկություն: Այդ լիակատար կյանքը Եկեղեցու լեզվով կոչվում է փրկություն: Ձեռք բերել այդպիսի կատարելություն` նշանակում է այն ոչ միայն գտնել այժմյան ժամանակավոր կյանքում, այլև հոգու անմահության միջոցով փոխադրել հավիտենականի ոլորտը:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»