ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ

«Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով…» (Ծննդոց 1:26-27):
Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի վրայ սողացող անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: «Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1:26-27):
Պարզ է, որ մարդու ծնունդը աստվածային է: Հիշենք Աստծու խոսքը, երբ ամեն օր մի բան էր ստեղծում. «Աստված տեսավ, որ լավ է: Աստված օրհնեց…» թող լինեն: Ուրեմն Աստծու ստեղծածները բարի էին, իսկ մարդը վեր էր դրանցից, քանի որ` «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց և մարդն եղաւ կենդանի էակ» (Ծննդոց 2:7): Որով Աստված մարդուն օժտեց խելքով, կամքով, խղճով ու Իր հոգին փչեց նրա մեջ: Մարդը սրանցով է տարբերվում կենդանիներից:
Նշանակում է`
ա. Մարդ լինել այս աշխարհում` մի շնորհք է.
բ. Իբրև մարդ ապրելը` քաջություն պահանջող պայքար է.
գ. Իսկ մարդ մնալը և մարդ մեռնելը` հաղթանակ է:
Իրապես մարդ ծնվելը մեզանից կախված չի, իսկ մարդ մնալը, ապրելը, ստեղծելը, բարի կամ չար գործեր կատարելը՝ մեզանից է կախված: Ուստի, բոլորս մարդ ենք այնքան ժամանակ, ինչքան որ գիտակից ենք մեր կոչմանը և տերն ենք մեր արժանապատվությանը:
Աստված մարդու փրկությունը այնքան կարևորեց ու արժևորեց, որ նրա համար չխնայեց նույնիսկ Իր Միածին Որդուն և ամեն ինչ արեց, որ նրան կրկին անգամ բարձրացնի ու բազմեցնի Իր Աջ կողմում:
Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանցը այսպես է բնութագրում «Մարդու կոչումը աշխարհիս վրա».
«Կյանքը կազմված է փոքր բաներից, բայց առանց այդ փոքր բաների լավ կատարման լավագույն մեծը չի ստեղծվել… Կառապա՞ն եք, կարող եք բարի, ազնիվ ու արդար կառապան լինել: Կոշկակա՞ր եք, կարող եք երեսի քրտինքով վաստակած, մաքուր հաց ուտել և կերցնել ձեր զավակներին:
Ծնո՞ղ եք: Ի՞նչ թանկագին բան է զավակը, խելոք մանչուկը, սիրունիկ աղջիկը: Արտաքուստ ինչքան փոքր բաներ են մայրական պարտավորությունները` սնունդ տալ, լողացնել երեխային, մաքրել և լվանալ նրա փաթույթները, հագնելիքը, քնեցնել ժամանակին և այլ բազմաթիվ այսպիսի մանր բաներ: Բայց այս մանր բաներից է կախված մսի այդ գնդից մտածող և զգացող, բանական և բարոյական էակ ստեղծելը»:
Դժբախտաբար կան անհատներ, որոնք Աստծու տված այս վեհ կոչումը խեղաթյուրում են ու ապրում են կենդանու կյանքով: Բնական է, որ այսպիսիները ոչ միայն որևէ արժեք չեն ներկայացնում իրենց Ստեղծողի` Աստծու, այլ նույնիսկ իրենց իսկ նմանների մոտ:
Նշանավոր Ռուս գրող Դոստոևսկին ասում է.
«Մարդ լինել մարդկանց մեջ և միշտ մարդ մնալ բոլոր դժբախտու-թյունների մեջ. չհուսալքվել ու չընկճվել. այս է ահա կյանքը, այս է նրա նպատակը»:
Ուրախ ենք վկայելու, որ կան իրապես մարդ կոչումը արժևորողներ, որոնք Աստծուն իրենց ծառայությամբ, սիրով ու նվիրումով և արդար ու բարի գործերով, արժանանում են ամենավեհ տիտղոսին. Աստված արժևորում է նրանց: Այո, գլխավորը Աստծու գնահատականն ու արժևորումն է, սակայն մարդիկ էլ իրենց բարի խոսքն են ասում, այսպիսի արտահայտությամբ. «ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴ էր»: Չմոռանանք, որ միայն Աստծու անունն է գրվում մեծատառով: Կնշանակի այդ մարդը իր բարի, արդար և քրիստոնեավայել կյանքով վաստակել է այդ պատվավոր` «ՄԱՐԴ» կոչվելու իրավունքը: Փորձենք նմանվել, այսինքն՝ ՄԱՐԴ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՄԱՐԴ ՄՆԱՆՔ, որպեսզի արժանի դառնանք լինելու Երկնքի Արքայության ժառանգորդները: Ամեն:

Սղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep/posts/890262271013978