Մանիի կրոնը

Մանիքէական կրօնը ընդհակառակն մեզ դէպի ասիական Արևելք է տանում: Մենք տեսանք թէ ինչ մեծ դիրք էր ձեռք բերել հռովմէական պետութեան մէջ պարսկական արևի Աստուած Միթրան: 226-ին հաստատուել էր Նոր-պարսկական Սասանեան պետութիւնը և զուտ ասիական տարրը յաղթող էր հանդիսացել Պարթևների նկատմամբ, որոնք դեռ յարաբերութիւն էին պահպանում հելլենական քաղաքակրթութեան հետ: Պարսից պետութեան քաղաքական զօրեղացումը մանաւանդ Շապուհ Ա.-ի ժամանակ (240-269) բարձրացնում է նաև պարսկական ազգային կրօնի դիրքը: Արևելեան տիեզերական պետութիւնը պատճառ է դառնում մի նոր տիեզերական կրօնի յառաջ գալուն:
Մանիքէական կրօնի հիմնադիրն է 216-ին ազնուական ծնողներից Կտեսիփոնի մօտ Մարդինում ծնուած Պարսիկ Մանին, որ 25-30 տարեկան հանդէս է գալիս Շապուհ Ա.-ի ժամանակ իբրև նոր կրօնի վարդապետ, ճանապարհորդութիւններ է անում մինչև Հնդկաստան, Չինաստան և աշակերտներ է ուղարկում ամեն կողմ, որոնք նրան քարոզում են իբրև աստուածային ճշմարտութեան ամենամեծ մարգարէ: Իւր հայրենիքում մեծ յաջողութիւն չէ ունենում նա, և Վահրամ Ա.-ի ժամանակ 276/7 թուին խաչւում է, իսկ նրա հետևողները սոսկալի հալածանքի են ենթարկւում: Մանին թողել է իւր հետևողների համար շատ գրուածքներ և հնարել է մինչև անգամ մի այբուբեն. նրա գրքերը կոչւում էին Ա. «Գաղտնեաց գիրք», Բ. «Պատուիրանաց գիրք ունկնդիրների համար», Գ. «Կենդանացուցիչ գիրք» ևլն:
Որոշ է Մանիի ունեցած կապը քրիստոնէական-գնոստիկեան Մոգդասիլահների հետ, որոնք հրէական քրիստոնէութեան մնացորդներն էին Արևելքում: Մանիքէութիւնը պատկանում է անշուշտ սեմական բնութեան կրօններին և բաբելոնական բնոյթ ունի: Նրա հիմքն է կազմում, չնայելով նաև քրիստոնէութեան ազդեցութեան, հին պարսկական կրօնը իւր լուսոյ և խաւարի բարոյական երկուութեամբ, և այդ երկու աշխարհների կռիւը միմեանց հետ: Մանիքէութեան բոլոր խառնուրդներն ի նկատի ունենալով, ասել կարող ենք, որ սա առաջաւոր Ասիայի բոլոր կրօններից կազմուած մի սինկրետիզմ էր, այդ բոլոր կրօններն իւր մէջ պարունակող Նոր-պարսկական պետութեան հողի վրայ:
Մանիի վարդապետութիւնը հետևեալն է. լոյսն ու խաւարը` այդ նախնական պրինցիպները, որ իրար դէմ են կանգնած ինչպէս չարն ու բարին, ո՛չ թէ հոգևոր ուժերի պատկերներ են, այլ նիւթային նախատարրեր: Լուսոյ աշխարհը գտնւում է լուսոյ թագաւորի իշխանութեան ներքոյ և բաղկացած է շատ էակներից ու լուսոյ ոգիներից, որոնք մի լուսոյ երկինք ու երկիր են կազմում: Խաւարի թագաւորութիւնից ծնւում է սատանան, որ հինգ մութ տարրերի հետ մի արշաւանք է գործում դէպի լուսոյ թագաւորութիւնը: Նրա դէմ է դուրս գալիս լուսոյ թագաւորի արարած Նախամարդը` հինգ լուսոյ տարրերի հետ միասին: Նախամարդը պարտութիւն է կրում, բայց լուսոյ Աստուածը ազատում է նրան էոնների հետ: Միայն նրա լոյսի մի մասը գերի է մնում խաւարի մէջ, որովհետև մութ տարրերը միանում են լոյսի հետ: Իբրև փրկութեան սկիզբն, լուսոյ Աստուածը մի հրեշտակի միջոցով խառն ի խուռն տարրերից ստեղծել է տալիս կանոնաւորուած աշխարհը, որի մէջ` օրինակ նաև բուսական աշխարհի օրգանիզմների մէջ, լոյսը իւր ազատութեան է սպասում: Կենդանակերպերի շրջանը` 12 աստղների պատկերներով, այն անիւն է, որը իւր դոյլերի միջոցով լուսոյ ազատուած մասերը արևին ու լուսնին է հասցնում, ուր նոքա ի մի են ժողովւում և զտւում բոլորովին: Ազատութեան այդ ֆիզիքական պրոցեսսը արգելելու համար Սատանան ագահութեան, զգայականութեան և մեղքի հետ միասին ստեղծում է առաջին մարդուն՝ Ադամին և նրա մէջ է կենդրոնացնում ամբողջ լոյսը, աւելի լաւ հսկել կարողանալու համար: Որովհետև այդ կենդրոնացման շնորհիւ Ադամի մէջ լոյսը գերակշռում է, այդ պատճառով նրան ընկեր է տալիս Եւային, որի մէջ խաւարն է գերակշռում: Հակառակ լուսոյ հոգիների զգուշացուցիչ յորդորներին, որոնք էոնների, մանաւանդ Իսայի (Յիսուս) միջոցով պարզում են նրան իւր իսկական էութիւնը, Ադամը զգայականութեան մէջ է ընկնում և սերում է Սէթին, որի մէջ սակայն աստուածային լոյսը դարձեալ գերակշռող է լինում: Այդպէս կռիւ են մղում մարդու համար դեմոնները, որ նրան մոլորեցնել են ուզում և լուսոյ հոգիները, որոնք մարգարէների քարոզների միջոցով ազատութեան ֆիզիքական պրոցեսսը առաջ տանել են ցանկանում: Այդ ուղղութեամբ գործող մարգարէներն են Սէթ, Նոյ, Աբրահամ, Զորոաստր, Բուդդհա, բայց ոչ թէ Մովսէսն ու հրէական մարգարէները, որոնք ծառայում են սատանային: Լուսոյ մարգարէներից էր նաև Յիսուսը, բայց ոչ թէ սատանայի պաշտօնեայ հրէաների Մեսիան, այլ միաժամանակ երևութական կերպով հանդէս եկած մի լուսոյ էակ.-նաև Պօղոսը՝ նրանից յետոյ: Սոցա բոլորի գործը վերսկսում է Պարակլէտ Մանին, վերջին և ամենամեծ մարգարէն, լուսոյ առաջնորդն ու առաքեալը: Նա բերում է կատարեալ գիտութիւնը և ուսուցանում է ըստ այնմ ապրել, այնպէս որ նրա և իւր հետևողների մէջ, որոնք ընտրեալներն են, լուսոյ բաժանումը խաւարից իւր կատարելութեանն է հասնում: Մահից յետոյ լուսաւոր հոգիները բարձրանում են դէպի լուսոյ պետութիւնը, իսկ այնպիսի հոգիները, որոնք այստեղ դեռ ևս ընտրեալների շարքը չեն կարողանում անցնել, մտնում են լուսոյ պետութեան մէջ ծանր փորձութիւններից յետոյ միայն: Չփրկուածների հոգիները ի վերջոյ բոլոր մարմինների հետ ընկնում են խաւարի իշխանութեան տակ. աշխարհը կործանւում է և լուսոյ պետութիւնը վերջնականապէս բաժանւում է խաւարի պետութիւնից:
Այս զորեղ երկուութեանը համապատասխան է նաև Մանիի էթիկան, որ պահանջում է անպայման ճգնական կեանք, խաւար տարրերից հեռու մնալու և լուսաւորների հետ յարաբերութեան մէջ մտնելու համար: Կատարելապէս Մանիի կրօնին հետևողը պէտք է հեռու պահէ իրեն անմաքուր խօսակցութիւնից, կենդանական կերակրից և գինուց: Նա պիտի մերժէ նիւթական աշխարհի բաներով զբաղուելը, որովհետև դրանով յաջողութիւն է գտնում խաւարի պետութիւնը: Վերջապէս նա բարձր պիտի կանգնած լինի ամեն զգայականութիւնից: Սովորական են յաճախակի և խիստ պահքերը, աղօթքի կանոնաւոր ժամերը, որոնք սկսւում են լուացումներով: Մեզ մնացած աղօթքների մէջ դիմում են լուսոյ Աստծուն, լուսոյ պետութեանը, փառաւոր հրեշտակներին և վերջապէս նաև Մանիին: Այս բոլոր պահանջները կատարել և կատարեալ գիտութիւն ձեռք բերել կարող են սակայն միայն սակաւաթիւ ընտրեալները (electi): Այդ պատճառով կան նաև այլ 4 կարգեր, որոնք լրացնում են 5 սրբազան թիւը. այդ կարգերն են՝ Ա. ունկնդիրներ (auditores=catechumeni), որոնց համար անպայման պարտադիր են Մանիի «10 պատուիրանները», որոնք աւելի մեղմ են (հեռու մնալ կռապաշտութիւնից, հմայութիւնից, մարդասպանութիւնից, ժլատութիւնից, սուտ խօսելուց, անառակութիւնից ևլն): Սոքա պիտի ծառայեն ընտրեալներին և մատակարարեն նրանց բուսական կերակուր: Նոքա էլ պիտի ապրեն աշխարհից հեռու, բայց արգելք չկայ նրանց համար իրենց կոչման պահանջած աշխատանքը կատարել: Այդ պատճառով նրանք կարիք ունին կատարեալների միջնորդիչ բարեխօսութեանն ու օրհնութեանը: Բ. Երէցներ, Գ. Եպիսկոպոսներ կամ վարիչներ, և Դ. Վարդապետներ: Բոլորի գլուխն էր կանգնած ինչպէս երևում է Մանիի յաջորդը՝ Բաբելոնում: Օգոստինոսն յիշում է 72 վարդապետներ և 12 եպիսկոպոսներ:
Մանիքեցւոց աստուածպաշտութիւնը, մանաւանդ ունկնդիրներինը՝ շատ պարզ էր և կազմուած էր աղօթքներից, շարականներից և հանդիսաւոր ցերեմոնիաներից: Նոքա մկրտում էին իւղով և հաղորդութիւն էին կատարում միայն հացով: Կիրակէ օրը բոլորը, երկուշաբթի օրերը միայն ընտրեալները անց էին կացնում բացարձակ պահեցողութեամբ: Հիմնադրի մահուան յիշատակը կատարւում էր ամեն տարի Մարտին, զարդարուած դատարկ ամբիոնի առաջ խոնարհուելով (վարդապետութեան ամբիոնի տօն):
Չնայելով սկզբնական խիստ հալածանքներին, այնուամենայնիւ այս կրօնը տարածւում է շատ ընդարձակ կերպով Պարսկաստանում, Միջագետքում և արևելեան երկիրներում: Անմիջական պրոպագանդան Հռովմէական պետութեան մէջ մեծ ծաւալ սկսեց ընդունել Կոնստանդին Մեծի ժամանակից սկսած: Արևելքում նրա հետ միանում են Գնոստիկեան հին համայնքները, մանաւանդ Մարկիոնական եկեղեցիները: 280 թուին նա նկատելի է արդէն նաև Արևմուտքում: Թերևս 300 թուին պետութիւնը կարևոր է համարում այս «Պարսկական աղանդի» հետևողների և գլխաւորների համար ծանր պատիժներ որոշել (Դիոկղետիանոսի հրովարտակը Աֆրիկայի Պրոկոնսուլին): Յամենայն դէպս Հիւսիսային Աֆրիկան դառնում է շուտով քարոզչութեան ամենագլխաւոր կենդրոնը:
Սակայն Մանիի կրօնն էլ, չնայելով նրա քրիստոնէական արտաքինին, պարտութիւն կրեց պետութեան հետ միացած եկեղեցու առաջ: Պլոտինի համաստուածութեան հետ քրիստոնէութիւնն յաղթեց նաև Մանիի դուալիզմին: Մանիքէութիւնը մնայուն նշանակութիւն ձեռք բերեց միայն քրիստոնէական եկեղեցու աղանդների համար, և դեռ երկար ժամանակ այդ միջոցով ազդեցութիւն էր գործում եկեղեցու վրայ:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ