Ճշմարիտ քրիստոնեական հանդուրժողականություն

Handurjoxakanutyun - Ճշմարիտ քրիստոնեական հանդուրժողականություն

Մեր օրերում քրիստոնեություն բառի կողքին ամենաշատ գործածվող բառը շատ երկար «հանդուրժողականությունն է», բառ, որ հանդուրժում են շատ քրիստոնյաներ, գաղջ ու գոլ մի բառ, որ ամեն մեկին չի հաջողվում կուլ տալ:

Պարզ չէ միայն, թե երբվանից այդ լպրծուն բառը սողոսկեց քրիստոնեությունը բնորոշող հասկացությունների մեջ ու հարմար տեղավորվեց, ասենք, «հնազանդություն» ու «խոնարհություն» բառերի կողքին:

Համենայնդեպս այդ բառը չկար ահեղ ու կործանիչ ջրհեղեղ հարուցած, Աստծո` միայն աստծուն հատուկ զղջման մեջ, այդ բառը չկար սոդոմգոմորյան գեհեն հրդեհած, Աստծո` միայն աստծուն հատուկ զզվանքի մեջ, այդ բառը չկար նաեւ, երբ «բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ», այդ բառը չկար Հիսուսի` չվանից սարքած խարազանի հարվածների մեջ, այդ հանդուրժողությունը չկար Խաչի փրկարար թեւերի մեջ, այդ հանդուրժողականությունը ամբողջությամբ կորցրեց իր երբեւէ լինելու կենտ հնարավորությունը Հարության պայծառ Կիրակի օրը: Այդ իսկ պատճառով այն իսպառ բացակայում էր սրբերի եւ նահատակների սխրանքներում, անապատական հայրերի հանդարտ ու աղոթամրմունջ, ջերմեռանդ խոնարհության մեջ: Բայց այն հնարավոր դարձավ ծույլ ու ալարկոտ մարդկանց ամենահամարձակ ձգտումներում եւ հնարավոր դարձրեց նրանց համար մոխրագույնի հաճելի գաղջությունը: Բոլորովին պարզ չէ, թե ինչ պիտի հանդուրժի քրիստոնյան.Աստծու՞ն…պիտի պաշտի, իր խա՞չը…պիտի պարծանքով կրի, իր նմանի՞ն…պիտի սիրի, արդարությու՞նը…պիտի հետամտի, մե՞ղքը…պիտի մերժի, Չարի՞ն…պիտի ամոթահար անի. հանդուրժելու ոչինչ չի մնում: Չի հանդուրժում ո՛չ Աստված, ո՛չ առաջին Հպարտը. առաջինը` մեղքը, երկրորդը` արդարությունը, նրանք չեն հանդուրժում միմյանց: Շատ տարօրինակ է, որ այսօր հանդուրժողության մասին խոսողները, նրանք, ովքեր պնդում են, որ պետք չէ հանդուրժել որեւէ բռնություն, որ մարդկանց շահագործմանը վերջ դրվեց քրիստոնեությամբ, քրիստոնյաներին են համոզում հանդուրժել իրենց հանդեպ այլակրոնների եւ անհավատների որեւէ անհանդուրժելի վերաբերմունք: Մենք կարող ենք հանդուրժող լինել, երբ խոսքը վերաբերում է մեր անձին եւ անձնական շահին, իսկ երբ շոշափվում է Աստծո «շահհը», պետք է լինել ոչ թե կրավորական, այլ նախանձախնդիր ու պահանջատեր: Մահմեդականները ավելի պատվախնդիր են իրենց սուտ մարգարեի չեղած իրավունքները պաշտպանելիս, իսկ մենք չգիտես ինչու նախընտրում ենք հանդուրժել, երբ մեզ փորձում են համոզել, թե մեր սուրբ եւ ճշմարիտ, քաղցր ու հեզ Հիսուսը հերթական մի կրոնի հիմնադիր ու առաջնորդ է, թե Նա այլընտրանք է, բուդդաների ու մուհամմեդների շարքում: Մենք չենք վիրավորվում եւ չենք էլ վիրավորում, չենք ոտնահարում մարդկանց` «իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու իրավունքը»` փոխարենը ոտնակոխ ենք անում մեր արդար, ճշմարիտ, ողորմած Աստծո սերն ու ինքնանվիրումը, տրորում ենք մեզ համար ցավող եւ մեր մեղքերով արդեն իսկ խոցված Նրա սիրտը: «Հարգելով մարդկանց իրավունքներն» ու հաճոյանալով այլադավաններին` մենք արհամարհում ենք մեր Աստծուն. մի քիչ մտածենք այդ մասին, երբ եկեղեցում վառված մոմի առջեւ «աղոթում ենք»…մեր ցանկությունները:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ, N 32