Հպարտության մոլորությունը

Hpartutyun - Հպարտության մոլորությունը

«Տերը հակառակ է ամբարտավաններին, նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. 4:34):

Յուրաքանչյուր մարդ կարող է հարց տալ, թե` «Ի՞նչ է ամբարտավան և կամ ո՞վ է նա»: Հայերելն լեզվի բառագրքում «ամբարտավան» բառի դիմաց գրված է հետևյալ բացատրությունը. «Մի մարդ, որը հպարտ ու գոռոզ է»: Այս բառին իբրև հոմանիշ դրված են` «ինքնահավան» և «մեծամիտ» բառերը:

Այսօր 21-րդ դարում հոգեկան հիվանդագին մի վիճակ է տիրում մեր շուրջը: Մարդիկ ուղղակի տառապում են «մեծության» և «ինքնահավանության» մոլուցքից:

Այս պատմությունը ճիշտ սրա մասին է.

«Հին Հունաստանում ապրող մի ոմն իմաստուն ոսպ (աղքատի կերակուր) էր ուտում ծառի տակ: Նրան է մոտենում մի մեծահարուստ և հպարտ մի պալատական հռետոր ու ծաղրանքով խրատում. – Ո`վ իմաստուն մարդ, եթե դու քո խելացիությանդ հետ մի քիչ էլ շողոքորթություն ու հպարտություն ունենայիր և կարողանայիր կեղծավորություն անել, այժմ պալատում փառահեղ ճաշ կուտեիր:
Իմաստունը անվրդով պատասխանում է.
— Իսկ դու, ո~վ ստախոս, եթե ոսպով բավարարվերիր, կարիք չէիր ունենա կեղծավորություն անելու և ստորանալու մեծերի առջև»:

Համեստ և խոնարհ մարդուն երջանիկ ապրելու համար բավական է աշխարհի մի խաղաղ անկյունը սիրելի անձերով շրջապատված, մի պատառ հացը ու հոգու խաղաղությունը:

Ամեն մարդ պետք է լավ ճանաչի իր անձը, որպեսզի իմանա իր բարի հատկությունները, վստահի իրեն և հաջողություն ունենա կյանքում, սակայն որևէ մեկը իրավունք չունի իրեն վերագրելու այնպիսի արժանիքներ, որոնք չունի և ոչ էլ իրավունք ունի վիրավորելու ուրիշներին, որքան էլ նրանցից բարձր լինի իր հարստությամբ, մտքով, հեղինակությամբ ու գեղեցկությամբ:
Խոնարհությունը անզորության և վախկոտության նշան չի, (ինչպես սխալմամբ կարծում են որոշ մարդիկ), ու ոչ էլ մարմնավոր և կամ մտային հիվանդություն: Նա օրհնություն, առաքինություն և շնորհք է:

Կ. Պոլսի Պատրիարք Պողոս Ադրիանուպոլսեցին իր «Խրատի Թանգարան» Գրքի «Հպարտություն» բաժնում ասում է.

«ԻԳ. Ամեն հպարտ կա’մ տգետ է, կամ հանդուգն: Տգետ է, որովհետև չունեցած բարին կարծում է, թե ունի, քանզի հպարտներին հատուկ է մտքով կուրանալ, և հանդուգն է, որովհետև ունեցած սակավ բարիքներով կամենում է ընկերների մեջ առավել բարձր երևալ, որով և արհամարհում է ուրիշներինէ իբրև բարիքներից զուրկ եղողներին»:

Հեռո’ւ մնացեք յոթը մահացու մեղքերից մեկից`ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Ամեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան