Հունվարի 3 Ուր. Ե օր Ս. Ծննդեան պահոց

Astvacashunch 123 - Հունվարի 3 Ուր. Ե օր Ս. Ծննդեան պահոց

Եբ 13.10‐16։ Ղկ 21.34-38։

Եբրայեցիներ

10Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրաւունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում. 11քանի որ այն անասունները, որոնց արիւնը քահանայապետի ձեռքով սրբարանն էր բերւում մեղքերի քաւութեան համար, այդ անասունների մարմինները այրւում էին բանակատեղիից դուրս։ 12Դրա համար էլ Յիսուս, որպէսզի իր արեամբ մաքրի ժողովրդին, չարչարուեց դռնից դուրս։ 13Արդ, եկէ՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ յանձն առնելով կրել նրա կրած նախատինքները. 14քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ, երկրի վրայ, այլ փնտռում ենք գալիք քաղաքը։ 15Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնութեան պատարագ, այսինքն՝ նրա անունը դաւանող մեր շրթների պտուղը։ 16Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

34«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. 35որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»։ 37Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց։ 38Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար։