Հունվարի 2 Եշ. Դ օր Ս. Ծննդեան պահոց

Astvacashunch 123 - Հունվարի 2 Եշ. Դ օր Ս. Ծննդեան պահոց

Եբ 12.25‐13.6։ Ղկ 21.20‐34

Եբրայեցիներ

25որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։ 26Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։ 27Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 28քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ։
13 Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ։ 2Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու։ 3Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք։ 4Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին։ 5Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ»։ 6Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

20«Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ 21Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները։ 23Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ։ 24Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»։ 25«Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ։ Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն։ 27Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով։ 28Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»։ 29Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը։ 31Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է։ 32Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 33Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 34«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը.