Հունվարի 1† Դշ. Գ օր Ս. Ծննդեան պահոց։ Կաղանդ, Տարեմուտ

Astvacashunch 123 - Հունվարի 1† Դշ. Գ օր Ս. Ծննդեան պահոց։ Կաղանդ, Տարեմուտ

Եբ 12.5‐17։ Ղկ 20.41‐21-4։

Եբրայեցիներ

5եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների. 6Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. 7որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի. 8յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք. 9քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը։ 10Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին։ 11Ուստի ամրացրէ՛ք թուլացած ձեռքերը եւ կթոտած ծնկները. 12քայլեցէ՛ք ուղիղ արահետներով, որպէսզի, ով կաղ է, չգլորուի, այլ մանաւանդ՝ բժշկուի։ 13Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի. 14զգո՛յշ եղէք, չլինի, թէ որեւէ մէկը զրկուի Աստծու շնորհից. դառնութեան արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղութիւն չտայ, եւ նրանով շատերը չպղծուեն. 15եւ չլինի, թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանկութիւնը վաճառեց։ 16Գիտէք, որ, թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտռեց այն։ 17Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

41Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է. 42քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում, 43մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ»։ 44Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 45Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46«Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները։ Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։
21 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում։ 2Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ։ 3Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը։ 4Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»։