Հուլիսի 21 † Կիր. Գ. կիր. զկնի Վարդավառի

Ես 5.1-10։ Ա Կր 6.18-7.11։ Մտ 19.3-12։

Եսայի

5 Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը.Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին։ 2Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ 3Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք. 4էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի։ 5Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ Հիմա ես ինքս կ՚ասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ. կը քանդեմ նրա ցանկապատը, եւ թող յափշտակութեան ենթարկուի այն. կը կործանեմ նրա պարիսպները, եւ թող ոտքի կոխան լինի այն։ 6Կը լքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի, թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում, եւ կը պատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում։ 7Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ։ 8Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու։ 9Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին։ Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ։ 10Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք, տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու։

Ա Կորնթացիներ

18Փախէ՛ք պոռնկութիւնից։ Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք գործում։ 19Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, 20քանզի մե՛ծ գնով գնուեցիք։ Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ։
7 Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լաւ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ։ 2Բայց, չպոռնկանալու համար, իւրաքանչիւր մարդ թող իր կինը ունենայ, եւ ամէն կին՝ իր մարդը։ 3Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ. 4որովհետեւ կինն իր մարմնի տէրը չէ, այլ՝ մարդը։ Նոյնպէս եւ՝ մարդը իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը։ 5Մի՛ զրկէք միմեանց, այլ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. եւ վերստին միմեա՛նց դարձէք, որպէսզի Սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալութեան պատճառով։ 6Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով. 7որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց, մէկն՝ այսպէս, իսկ միւսն՝ այնպէս։ 8Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ։ 9Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել։ 10Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի։ 11Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

3Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»։ 4Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ 6Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»։ 8Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։ 9Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»։ 10Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»։ 11Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»։