Հուլիանոս Ուրացող և հեթանոսության վերանորոգության վերջին փորձը

Յուլիանոսը կայսր դառնալուն պէս սկսեց հեթանոսութիւնը վերանորոգելու վերջին փորձը: Նա ծնուել էր 331-ին Կ.Պոլսում և մի իսկական յոյն էր թէ բնաւորութեամբ և թէ կրթութեամբ: Մօրը ամենևին չէր տեսել, իսկ հօրից և եղբօրից զրկուել էր շատ վաղ. ասում էին, որ Կոստանցիոսն է սպանել տուել նրանց: Նրան աշխատում էին ամեն կերպ հեռու պահել գահից և վերջն ուղարկել էին Կապադովկիայի Մարկելլում դղեակը՝ խիստ քրիստոնէական կրթութիւն ստանալու նպատակով: Սակայն 351-ին նա Կոստանդնուպոլիս վերադարձաւ և սկսեց վերստին զբաղուել դասական գրուածքների ուսումնասիրութեամբ, միանգամայն մոռացութեան տալով իւր ստացած քրիստոնէական կրթութիւնը: Կամաց կամաց աճեց նրա մէջ այն գիտակցութիւնը, որ ինքը Աստուծոյ կողմից ուղարկուած է Հելլենականութիւնը փրկելու համար:
Բայց ամբողջ 10 տարի նա երկդիմի դեր էր կատարում. արտաքուստ քրիստոնեայ էր, իսկ մտերիմների շրջանում բոլորովին հեթանոս: Կոստանցիոսի կասկածներից նրան ազատ էր պահում միայն Եւսեբիա թագուհու բարեհաճութիւնը: Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Աստուածաբանի հետ կարճ ժամանակ Աթէնքում զբաղուած էր իւր սիրած առարկաներով, բայց 355-ին պալատ կանչուեց և Կեսար դարձաւ: 5 տարի նա այդ պաշտօնի մէջ յաջող պատերազմական գործունեութիւն ցոյց տուեց, ազատելով Գալլիան Գերմանների ձեռքից, մինչ Կոստանցիոսը զբաղուած էր Պարթևների դէմ կռիւ մղելով: Սակայն Կոստանցիոսը նորից սկսեց կասկածել նրա վերայ և հրամայեց Գալլիական զօրքի ամենալաւ մասը իրեն օգնութեան ուղարկել: Այն ժամանակ զօրքը Յուլիանոսին կայսր հրատարակեց և 361-ի աշնանը Յուլիանոսը շտապեց դէպի մայրաքաղաք: Նիշից, Կոստանդնի ծննդավայրից, նա իւր հրովարտակը գրեց Աթէնացիներին, յայտարարելով իրեն հեթանոս և հրամայելով, որ տաճարները վերաբացուին: Կոստանցիոսը յանկարծակի մեռաւ Կիլիկիայում և Յուլիանոսը իբրև կայսր մայրաքաղաք մտաւ:
Խօսքով, գրով և գործով նա սկսեց համոզել ժողովրդին վերադառնալու իւր նախկին Աստուածներին, բոլորովին Նոր պղատոնական գոյն տալով հին հեթանոսութեանը և միևնոյն ժամանակ մեծ չափով օգտուելով քրիստոնէական կազմակերպութիւններից: Ո՛չ միայն քրիստոնէական նուիրապետութիւնը նրա համար օրինակ դարձաւ հեթանոսականը կազմակերպելու, այլ և պաշտամունքի մէջ մտցրեց քրիստոնեաների նման շարականներ: «Հրէաներից ո՛չ ոք ողորմութիւն հաւաքելու չի դուրս գալիս, իսկ անաստուած Գալիլիացիք կերակրում են նաև մերայիններին», ասել էր նա և պարտաւորութիւն դրել հեթանոս նուիրապետութեան վրայ քրիստոնեաների նման աղքատների խնամատարութիւնն ու սիրոյ գործունէութիւնն իրեն վրայ առնել:
Քրիստոնէական եկեղեցին կորցրեց իւր հեղինակաւոր դիրքը և ճանաչուեց միայն իբրև հանդուրժելի մի ընկերութիւն. քրիստոնեաները պէտք է հեթանոսներին հասցրած վնասները վճարէին, տաճարների գոյքը յետ դարձնէին և կործանուած տաճարները իրենց միջոցներով շինէին. քրիստոնեայ գիտնականները ստիպուած էին պաշտօններից հրաժարուել:
Սակայն պատմական իրողութիւնը չեղած դարձնել անկարելի եղաւ: Մի կողմից հեթանոսութեան մէջ այլ ևս ոյժ չկար,-նա ստիպուած էր իւր նշանաւոր գրուածքների մէջ խիստ գանգատուել նրանից և միւս կողմից շատ զօրեղ էր և կայսեր համար անսպասելի քրիստոնեաների դիմադրութիւնը: Յուլիանոսը հռետորների նման ուզում էր ճառերով համոզել մարդկանց, բայց դրանով փիլիսոփայ կայսրը միայն ծիծաղելի էր դառնում: Թէև վերջը նա սկսեց բռնի ոյժն էլ գործադրել, անպատիժ թողնելով քրիստոնեաների դէմ եղած արիւնահեղ խռովութիւնը Գազայում և Աղէքսանդրիայում, բայց ամեն բան ի զուր էր: Յուլիանոսը թոյլ էր տուել նորից շինել Երուսաղէմի տաճարը, բայց Նիկոմեդիան քանդող ու Կոստանդնուպոլսին սպառնացող երկրաշարժը արգելք եղաւ այդ հրամանի իրագործմանը: Կարծես Աստուած ինքը պատժում էր իւր տիեզերական կառավարութեան այս յանդուգն սրբագրութիւնը: 363-ի Յունիսի 26-ին մեռաւ ազնիւ երևակայութեամբ լի կայսրը Տիգրիսի ափին, ինչպէս հեթանոսներն են ասում, մի քրիստոնեայի նետից, ազատուելով անկարելի նպատակն իրագործելուց: Մահուան րոպէին ասում են թէ նա արտասանել է. «Դու յաղթեցի՛ր, ո՛վ Գալիլիացի» (nenikhkaz Galilaie): Բայց դա միայն մի զրոյց է, որ չի համապատասխանում Յուլիանոսի բնաւորութեան, թէև արտայայտում է ուղիղ կերպով պատմութեան վճիռը այս կարճ և ապարդիւն կեանքի համար: Պօղոս առաքեալի ծննդավայրում, Տարսոնում, Մաքսիմինոս Դազայի գերեզմանի դէմ ու դէմ, թաղուեց վերջին հեթանոս կայսրը:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ