Հոգեբանի և հոգևորականի գործառույթների տարբերությունը. հարցազրույց

hrach hovhannisyan1 - Հոգեբանի և հոգևորականի գործառույթների տարբերությունը. հարցազրույց

Մեր զրուցակիցն է գիտությունների թեկնածու, հոգեբան Հրաչ Հովհաննիսյանը, և զրույցի թեման է հոգեբանության ու կրոնի առընչությունները:
— Պարո՛ն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ո՞րն է հոգեբանի և հոգևորականի գործառույթների տարբերությունը:
Հոգեբանի և հոգևորականի աշխատանքի արտաքին կողմերը շատ նման են. երկուսն էլ մարդու ներքին հանգստության, ներդաշնակության ու հարմարվողության ապահովման համար են արվում: Սակայն շատ տարբեր են աշխարհայացքներն ու աշխատանքի մեթոդները: Աշխարհայացքային առումով հոգեբանը հետևում է գիտական հարացույցներին, հոգևորականը՝ կրոնականին: Գործնական հոգեբանի մեթոդները կոնկրետ տեխնիկաներ են՝ եղանակներ, որոնք իրենց ստույգ դասակարգումներն ունեն և կիրառվում են ըստ իրադրության, ըստ անձի անհատական առանձնահատկությունների ու հոգեբանի հայեցողության: Իսկ հոգևորականի մեթոդը ճշմարիտ ուղին ցուցանելն է՝ բացարձակ ճշմարտության ու հավատքի ներքո: Հոգեբանը ,ճիշտ ու սխալիե, ,լավ ու վատիե մեկնություն չի անում, ի տարբերություն հոգևորականի, որը կարող է բառացիորեն դա անել և ուղղորդել մարդուն: Հոգեբանն ավելի շատ ճանապարհի ընտրության հնարավորություն է տալիս անձին, սատարում նրան՝ վեր հանելու և գործադրելու հոգեկանի պաշարները, իրեն զգալու համահունչ իր ներքին ապրումներում, մյուսների հետ համակեցության մեջ՝ հարմարվելու համար տվյալ սոցիալական միջավայրին:
— Հոգեբանությունը՝ որպես գիտություն, մարդուն առաջնորդո՞ւմ է դեպի աստվածպաշտություն, թե՞ ընդհակառակը՝ վանում:
Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Այսինքն՝ հոգեբանությունը նպատակամիտված չէ մարդուն աստվածպաշտության առաջնորդելու կամ հակառակը: Աստվածպաշտությունն ի վերուստ մարդու ունեցած կրոնական զգացմունքն ու համոզմունքն է: Մարդն իր մեջ ունի ինչպես ինտելեկտուալ, գեղագիտական կամ բարոյագիտական զգացմունքներ, այնպես էլ կրոնական զգացմունք, որը հավատով է տոգորված՝ անկախ կրոնի մասին հատուկ պատկերացումներ ունենալուց: Ի դեպ, նույն հարցը կարելի է տալ ցանկացած գիտության կամ ուսմունքի, այդ թվում և աստվածաբանության ներկայացուցչի…
— Իր աշխատանքի մեջ հոգեբանի անձնական առաքինություններն ի՞նչ կարևորություն ունեն:
Հոգեբանի անձնական կերպարը, հոգեկերտվածքը, դաստիարակությունը մեծ նշանակություն ունեն իր գործնական հարաբերություններում, քանի որ մարդկանց վրա զգալի ազդեցություն ունի անձի հեղինակությունը և նույնիսկ՝ խարիզման, որովհետև հոգեբանի աշխատանքում խնդիրների լուծումը նաև հոգեբանի ներկայանալիությունով է պայմանավորված: Կարևոր է, թե ո՞վ է տվյալ մեթոդը կիրառում: Այս իմաստով հոգեբանի և հոգևորականի գործունեությունները շատ նման են: Բայց հոգևորականի համայնքային գործունեություն ծավալելը, ժողովրդական ելույթներ ունենալն ու քարոզ խոսելը որոշ տարբերություններ են մատնանշում:

Պատրաստեց Սարգիս սրկ. Ավետիսյանը

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 2-րդ համարից