Հղիության արհեստական ընդհատումը, առանց արդարացնելու, թույլատրում է մի շարք դեպքերում

  Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ Դու ես Աստվածն իմ: (Սաղմ. 21;10-11)
Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկանց,օրհնեց նրանց՝ որպես ընտանիք, եւ պատվիրեց.«Աճեցե՛ք եւ բազմացե՛ք եւ լցրե՛ք Երկիրը եւ տիրեցե՛ք դրան»:
Այս խոսքերը ուղղված էին դեռեւս անմեղ մարդկանց, սակայն առաջին մարդկանց պատվիրանազանցությունից հետո մարդկությունը հեռացավ Աստծո նախանշած ուղուց, խրվեց բազմաթիվ մեղքերի մեջ, անկում ապրեց մարդկային բնությունը, եւ արժեզրկվեցին հենց մարդը եւ մարդկային կյանքը: Արդեն իսկ առաջին մարդկանց սերունդները դարձան եղբայրասպան եւ զոհ: Սպանության մեղքը դարձավ սովորական երեւույթ եւ Աստծուց հեռացած մարդկային ցեղի մեջ արմատացած կռապաշտության բաղկացուցիչ մաս: Սպանության տարածված ձեւ էր նաեւ անցանկալի երեխաներից ազատվելը: Եթե չէր ստացվում ազատվել նրանցից մինչեւ ծնվելը՝ այդ նպատակով գործի դրվող բազում եղանակներից հետո, ապա նրանց զոհում էին կուռքին, որը ուներ լայն բացված բոցակեզ բերան եւ առաջ պարզած ձեռքեր:
Հակաբեղմնավորիչների եւ ընտանիքի պլանավորման 21-րդ դարում թվում է՝ պետք է որ այդ խնդիրը առկա լիներ միայն մեր ժամանակների հեթանոս ցեղերի մեջ միայն, սակայն այսօր քաղաքակիրթ աշխարհում միայն կատարելագործվել են կռապաշտության այդ տեսակի դրսեւորման կերպերը եւ մեթոդները: Ինչպես նշվեց, այդ մեղքը հետեւանք էր ընտանեկան արժեքների եւ սրբությունների ոտնահարման, բարոյական տարրական նորմերի անտեսման, ինչին որ ականատես եւ ականջալուր ենք լինում ամեն օր: Մի շարք թվեր փաստում են վերը ասվածը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհում ամեն օր մոտ 900 հազար բեղմնավորումից 150 հազարը վիժեցվում է: Մեկ տարվա ընթացքում ոչնչացվում է 53 միլիոն պտուղ: Հղիության արհեստական ընդհատումը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում: Հայաստանում հղիության արհեստական ընդհատման մասին օրենքն ընդունվել է 1955 թվականին: Ըստ այդ օրենքի, կինն իր ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը մինչեւ 12 շաբաթական ժամկետը:
Որպես կանոն, տարբեր են աբորտի դիմող կանանց տարիքը, սոցիալական դիրքը, կրթական մակարդակը, դրդապատճառները: Այդ քայլին դիմում են թե՛ իրենց ամուսիններին հավատարիմ եւ անհավատարիմ ամուսնացած կանայք, թե՛ դեռահասներ, թե՛ մարմնավաճառներ, թե՛ դժբախտ կանայք եւ աղջիկներ, որոնք հղիացել են սեռական բռնության արդյունքում: Շատերն այդ քայլին են դիմում՝ չկասկածելով անգամ, որ մարդասպանության են գնում, որովհետեւ կարծում են, թե իրենց ներսում աճող պտուղը կատարյալ մարդ չէ մինչեւ ծնունդը: Շատերն էլ մտածում են, թե չեն կարողանա երեխայի համար պայմաններ ապահովել, սակայն դրանք կեղծ տագնապներ են, քանզի եթե Աստված հոգում է մյուս բոլորի համար, չի անտեսի եւ այս մեկին:
«Ինչպես որ չգիտես, թե ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպես էլ չես կարող իմանալ Աստծո բոլոր գործերը»: Սողոմոնից մինչեւ այսօր էլ դա անհայտ է գիտությանը, սակայն այնուամենայնիվ, հղիության ընթացիկ փուլերի ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել, որ 12 շաբաթական պտուղը գրեթե ամբողջությամբ կազմավորված մարդ է: Պտղի սրտիկը սկսում է բաբախել արդեն 20 օրականում: Մինչեւ 12 շաբաթը ձեւավորվում են պտղի արյունատար, նյարդային, մարսողական եւ այլ օրգանհամակարգերը, նա զգում է իր մորը, նրա մտքերը, տրամադրությունը, արտաքին աշխարհի ազդակները: Նույնիսկ աբորտի ժամանակ նա իր փոքրիկ՝ մինչեւ ութ սանտիմետրանոց մարմնով խույս է տալիս բժշկի ձեռքի գործիքից եւ ծվարում իր կյանքի առաջին հանգրվանի մի անկյունում՝ ամեն ճիգ գործադրելով՝ պահպանելու համար իր՝ որեւէ մեկին չհուզող գոյությունը: Սակայն արդարության համար պետք է նկատել, որ ոչ բոլոր կանայք են աբորտի գնում՝ առանց որեւէ խղճի խայթի եւ հոգու մորմոքի. այդ կանայք պարզապես ստիպված են ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի՝ սպանության եւ ինքնասպանության միջեւ, եւ նրանց համար ամենեւին էլ հեշտ չէ հաշտ ապրել իրենց սրտի տակ ապրող փոքրիկ ու անպաշտպան էակի կորստյան ցավի հետ: Քրիստոնեական Եկեղեցին հղիության արհեստական ընդհատումը, առանց արդարացնելու, թույլատրում է մի շարք դեպքերում. եթե մոր կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, արտարգանդային եւ թունավոր հղիության դեպքում, եթե հայտնի է, որ երեխան լուրջ արատներ ունի: Սակայն անկախ աբորտի դիմող կանանց գիտակցության մակարդակից, դրդապատճառներից, հոգեկան ապրումների առկայությունից կամ բացակայությունից, հղիության արհեստական ընդհատումը կա եւ մնում է որպես մեղք, որի համար պետք է զղջալ եւ ապաշխարել: Այն իր հերթին հանգեցնում է անպտղության, հանդիսանում է կանացի մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ:
Սիրելի՛ կանայք, թող ձեր ողջախոհությունը ձեզ մայրական բերկրանք պարգեւի ձեր յուրաքանչյուր զավակի ծննդյան կապակցությամբ:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այս ցավալի խնդրին եւ կոչ արել մայրերին չսպանել իրենց որովայնում դեռ չծնված զավակներին` այս տեսակ արգահատելի երեւույթներով մարտնչելով Աստծո դեմ: Քրիստոս ինքը մտավ ծննդյան խորհրդի տակ` ցույց տալով, որ յուրաքանչյուր ծնունդ պարգեւն է Աստծո, եւ պատահական չէ, որ երբ կինը բերկրանքի մեջ է լինում, տատիկ-պապիկները երազ են տեսնում` տանձ կամ խնձոր… եւ ասում են` տղա է ծնվելու կամ աղջիկ: Աստված ոչ միայն զավակ է պարգեւում, այլ նաեւ փորձում է ինչ-որ կերպ մեզ հասկացնել, թե ինչ սեռի պետք է լինի:
Հրեշտակը Սուրբ Կույս Մարիամի հետ իր հանդիպմանը, Տիրոջ Ծննդյան ավետիսը տվեց եւ, դրա հետ մեկտեղ, նաեւ կնոջը փոխանցեց մայրական զգացողություն: Կինը ինչքան էլ առողջ լինի, եթե չկա հրեշտակի այցելությունը, չկա ծննդյան ավետիսի խորհուրդը, չի՛ կարող ծննդաբերել:
Ովքեր նման արգահատլի քայլի անդեն դիմել են անգիտության կամ ինչ-ինչ պատճառներով, խորհուրդ ենք տալիս մի պահ հայացք նետել կատարվածին, զղջալ, ապաշխարել սրտանց, խոստովանել քահանային եւ մեղքերի թողություն ստանալ` այլեւս չկրկնելու մտադրությաբ, որպեսզի ազատվեն Աստծո արդար բարկությունից, որ պիտի թափվի մարդկային ցեղի ողջ անիրավության վրա:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան,  աղբյուր՝ «Սյունյաց Կնթեղ»