ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

orenq 1 - ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝
ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.
բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխնանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.
գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա:
Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.
— ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հավանությամբ (19.09.97).
— վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.
— կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.
— նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով՝ նաև պետական կրթական հաստատություններում.
— գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
— ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն.
— ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում՝ ներառյալ քննչական մեկուսարաններում:
Միևնույն ժամանակ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում:
Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը (19.09.97):
Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:
Հոդված 19. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:
Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 20. Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքնվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ (19.09.97):
Հոդված 21. Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելությունից:
Հոդված 22. Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հոդված 23. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը՝
ա) գրանցում է կրոնական կազմակերպությունները, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունը լուծարքի ենթարկելու առաջարկով.
բ) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.
գ) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնական կազմակերպությունների միջև ծագող հարցերի և վեճերի լուծմանը.
դ) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները (19.09.97):
Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնագրված հարաբերությունները կարգավորում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ: Ընդունված է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից 1991 թ. հունիսի 17-ին:
Փոփոխություններ և լրացումներ կատարվել են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի
կողմից 1997թ. սեպտեմբերի 19-ին և 2001թ. ապրիլի 25-ին: