ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Հանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն
«Ո՛ արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր` բոց հրոյ»:
«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին` կրակի բոց»: (Եբր. Ա 7)

Աստծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նրա հայտնությունն ասում, որ մարդն է Աստծո արարածների կենտրոնը, գլուխն ու նպատակը: Սա է պատճառը, որ նախ բոլոր արարածները ստեղծվեցին, ապա նոր մարդը, որ պատկերն է Աստծո, իսկ նրա մարմնավոր կյանքի մեջ տեսանելի է ամբողջ աշխարհը: Մարդու այս մեծ նշանակությունն առավել ևս բարձրանում է, երբ նկատում ենք, որ նրա համար են ստեղծված մինչև անգամ հրեշտակները, որոնք ստեղծվել են արարչության առաջին օրը` լույսի հետ, ի սպասավորություն փրկությունը ժառանգողների: Լինելով երկնաբնակ` նրանք իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածության մեջ կենցաղավարող մարդու հետ և մարդու համար:
Սիրելինե՛ր, լինելով անդրանցական ոլորտի բնակիչներ` հրեշտակները հանդես են գալիս որպես Աստծո երկնային հրեղեն բանակներ և ունեն իրենց զորագլուխ ղեկավարները` ի դեմս Գաբրիելի, Միքայելի, Ռափայելի և Սուրբ Գրքում հիշվող այլ առաջնորդ հրեշտակապետների:
Մարդկային մեր կյանքում ամեն հաջողված կառույց առաջ է եկել երկնային համանման իրականության հետևելու արդյունքում: Դրա վառ օրինակներից են Եկեղեցին, պետությունը, իսկ դրա մեջ` բանակը: Այդ կառուցվածքն առավել ակնառու է բանակի պարագային, քանի որ կրկնում է երկնային նվիրապետությունը և դրանց մեջ` «անմարմին գոյացությունների» երկնաքաղաքացի զվարթունների գործառույթների զգալի մասը, ինչի արդյունքում մեծագույն հաջողություններ է արձանագրել, քանի որ իր հիմքում ունեցել է կատարելատիպը: Քրիստոնեությունն ընդունելուց ի վեր, երբ հայոց արքան, զորքն ու ամբողջ ազգը մկրտվեցին Արածանիի ակունքներում, հայ զինվորը մարտի էր գնում մկրտված, մեղքերի թողություն և Ս. Հաղորդություն ստացած` պատրաստ կռվելու մինչև վերջ և կյանքը զոհաբերելու հավատի, հայրենիքի և ազգի ապագայի համար:
Սիրելինե՛ր, Աստված ազգերին կամք է շնորհ անում` ունենալու բանակ, պետականություն և եկեղեցի, եթե ազգերն իրենց գիտակցության մեջ ունենում են սրբության գաղափար: Նման ազգերին առիթ է ընձեռվում կերտելու նվիրական արժեքներ` համաձայն Աստվածային կամքի, ինչպես որ եղավ հայոց ժամանակակից բանակի կայացման պարագայում: Նվիրյալ հայորդիների ջանքերով, որ մարտնչում էին իբրև շարքային զինվոր ու աշխարհազոր, և Եկեղեցու օրհնությամբ` բազում կորուստներով ու անպատմելի հաղթանակներով կայացավ մեր բանակը, որն ամբողջ հայ ազգի համար դարձավ մի տեսակ տապան, որ փրկեց ու պաշտպանեց հայրենիքը պատերազմի արհավիրքներից ու նենգ թշնամուց:
Նորաստեղծ բանակն Աստված վերօրհնեց հաղթանակներով: Բազում նվիրյալների արյամբ շաղախվեց վերածնունդի շաղախը, որը միավորեց հայությանը` Մայր Հայաստանում ու Արցախում: Նորաստեղծ մեր բանակը կանգնեց այդ հողի և վերջինիս արդար մշակի պաշտպանության դիրքերում, բազում մարտեր մղեց և ամեն անգամ մարտի դաշտից դուրս եկավ հաղթանակած` եռագույնն ու Տիրոջ խաչը վեր պարզած: Սա վկայություն էր համայն աշխարհին, որ հայ հողի համար պայքարողը հրեշտականման հայ զինվորն է, ով մարտի է բռնվում` լի առ Աստված հավատով և հայրենիքի հանդեպ տածած որդիական պարտքի խորը զգացումով: Հայրերից ժառանգած հավատը, ուժն ու կորովը, հայրենիքի հանդեպ ունենցած սերը շարունակում են արգելք լինել նահանջի ճամփին, արգելք` պարտության առաջ, պարտադրելով չլսված հաղթանակներ, որոնք պետք է իրենց արժանի տեղն ունենան ռազմարվեստի պատմության դասագրքերում: Դրանք պետք է ավելացնեն այն հերոսապատումները, որոնցով հայ մանուկը սնվում է դեռևս մայրական գրկում ու մեծանում:
Այո՛, Հայկի ամրոցի, Արամի տան, քաջարի արմենների ու նրանց ներկայիս հետնորդների մասին ազգերը հիացումով են խոսում: Երբեմն կանոնավոր բանակով, երբեմն աշխարհազորով, երբեմն փոքրիկ ջոկատներով կամ էլ ֆիդայական շարժումներով կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, Մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիվը: Բոլոր այն զինվորները, ում երկրային կյանքն ավարտվել է հենց մարտի դաշտում, պահապան հրեշտակների ուղեկցությամբ միացել են երկնային զորքերին, որպես հաղթանակած եկեղեցի, իրենց մարտը շարունակելու աներևույթ մարտադաշտում ու չարի դեմ պայքարը հասցնելու տեսլական ավարտին ու փառքին:
Չնայած այն հանգամանքին, որ Աստվածաշնչում ուղղակի կերպով չի նշվում, որ ամեն մարդ Աստծո կողմից օժտված է պահապան հրեշտակ ունենալու շնորհով, սակայն սուրբգրային բազում տեղիներ մեզ ուղղակի և անուղղակի կերպով հուշում են, որ երկնային զորքերը մարդու կողքին են` վառ պահելու այն լույսի հատիկը, որ Աստված դրեց մարդ արարածի մեջ: Երեք կարգապետությունների բաժանված հրեշտակների ինը դասերի հայտնութենական պաշտոններից մեկը յուրաքանչյուր ադամորդու և հատկապես արդարներին հովանավորելն ու պահպանելն է: Ըստ հրեական ավանդության յուրաքանչյուր ազգ ունի իր պահապան հրեշտակը: Դանիել մարգարեն իր գրքում ակնարկ է անում հույների և պարսիկների հրեշտակների մասին: Այս տրամաբանությամբ է նաև, որ քրիստոնեական մեր պատմության ընթացքում թե՛ բանակն իր ամբողջության մեջ և թե՛ առանձին զորատեսակներն ունեցել են իրենց հովանավոր ու պահապան սուրբերը, ում առաջնորդությամբ խիզախության ու անձնուրացության վեհ գաղափարներով դաստիարակված մեր հայրերը սրբազան մարտի են դուրս եկել և իրենց մահով ապրեցրել շատերին: Այսօր նպատակ ունենք վերականգնելու զորատեսակների բարեխոս սուրբերի և մասնավորապես հրեշտակաց դասերի պահպանությանն ու բարեխոսությանը հանձնվելու ավանդույթը:
Հրեշտակների կողմից մարդկանց պահպանության գաղափարը Նոր կտակարանում առաջինը տվել է Փրկիչը` իհարկե ակնարկելով մանուկներին, իսկ արդեն Գործք Առաքելոցում հրեշտակի հովանավորությանն արժանանում է Պետրոս առաքյալը: Հրեշտակների պահպանության հայցի բազմիցս հանդիպում ենք Հայ Եկեղեցու ժամակարգության մեջ. ՛Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց»,- ասելով խնդրում ենք, որ Տերը մեզ զօրուգիշեր աներկյուղ պահի սատանայի հրեղեն նետերից:
Այս երևույթը տեսնում ենք մակաբայեցիների շրջանում, ովքեր, իմանալով իրենց բերդի պաշարման մասին, սկսեցին աղաղակել Աստծուն, որ բարի հրեշտակ առաքի իսրայելացիներին փրկելու համար: Հրեշտակի պաշտպանության են արժանանում Նաբուգոդոնոսորի գերած երեք մանուկները` հնոցում այրվելիս, Դանիել մարգարեն` առյուծների գբում, Տիրոջ առաքյալները` Երուսաղեմում: Նույն փորձառությունն է առկա նաև շատ ու շատ սրբերի կյանքում:
Թե՛ մարդիկ և թե՛ հրեշտակները արարված են և Աստուծո կողմից կոչված են սպասավորելու նրան: Դրա վկայությունն է նաև այն, որ ադամորդու փրկության համար Աստծո Որդին ոչ թե հրեշտակացավ, այլ մարդացավ: Հետևաբար ո՞վ կհանդգնի արհամարհել ու գայթակղեցնել Աստծո զավակներին, եթե այսչափ բարձրագույն զորությունները, ովքեր մշտապես տեսնում են երկնավոր Հորը, կյանքի են կոչվել նրանց պահպանելու ու խնամելու առաքելությամբ: Ուստի սուրբերի բարեխոսությամբ և հրեշտակների պահպանությամբ զորացած հայ զինվորը արժանի է դաստիարակվելու քրիստոնեական առաքինությունների ոգով և լինելու Հայրենիքի ու Հայ Եկեղեցու նվիրյալը: Մեր հայրերը հավատում էին, որ արդար ռազմիկի հոգին մահից հետո բարձրանում է Աստծո մոտ և դառնում հրեշտակ:
Բոլորս քաջ գիտակցում ենք, որ աշխարհի վրա դեռ շարունակվում է չարի և բարու, լույսի և խավարի հրաբորբոք մարտը, որը դեռ երկար պիտի տևի: Արարչագործության հենց սկզբում Աստված իր արարածներին` իր նմաններին և լուսեղեններին, բաժանեց բանակների` երկրայինի ու երկնայինի, զինվորյալների ու հաղթանակածների, որոնք տարբեր հարթություններում չարի որդիների դեմ պայքար են մղում մինչ օրս: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների և այս խավար աշխարհի տիրակալների» : Ուստի հանգամանքները մեզ ստիպում են մեր արդար պայքարում ավելի ու ավելի մարտունակ բանակ ունենալ, ավելի կազմակերպված ու առաջադեմ, քան երեկ ունեցածը: Չարի դեմ բարու դրամատիկ ճակատամարտը ծավալվում է ողջ տիեզերքում, Աստծո արարած տեսանելի ու անտեսանելի, ֆիզիկական ու վերզգայական բոլոր ոլորտներում: Ամեն անգամ բարիք գործելիս միանում ենք լուսակիր զորաց գնդին, և մեր կողքին է լինում մեզ ոգեշնչող ու օժանդակող պահապան հրեշտակը, իսկ երբ մեր կամքին հակառակ կամ անգիտությամբ ենթարկվում ենք օտար ներշնչման, անձնատուր ենք լինում մեզ կործանող սատանայական գայթակղությանը ու չարիք գործում, հարում ենք խավարի անկյալ ոգիների աշխարհին:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Աստվածաշունչը մի շարք դրվագներ է ներկայացնում, որոնցում հրեշտակները ոչ միայն պահպանում են Աստծու սիրելիներին, այլև սպանում են ու ոչնչացնում Տիրոջ կամքին ու ծրագրին հակառակվողներին և կամ նրա ժողովրդին նեղողներին:
Եվ քանի որ մեր բանակն ու զորքը այսօր հրեշտակների օրինակով ու կարգապետությամբ և որոշակի գործառույթներով հանձն է առել ամենքիս պաշպանությունը, մեր աղոթքն է առ Աստված, որ հրեշտակային զորքերն ու Բարձրյալի ամենափրկիչ աջը միշտ սատար լինեն հայոց Բանակին ու հայ զինվորին` անառիկ պահելու Հայոց աշխարհի սահմանները:
Մեր աղոթքն է առ Աստված, որ մարտի դաշտում և անկայուն խաղաղության ընթացքում թշնամու դավադիր գնդակից ընկած հայ զինվորների շիրիմներին երկնային խաղաղությունն իջնի : Թող նրանց լուսավոր հոգիները Ուրիել հրեշտակապետն ուղեկցի աստվածատեսության: Վիրավոր զինվորին թող Ռաֆայել հրեշտակապետն Աստծո բժշկությունը հասցնի: Իսկ Միքայել հրեշտակապետը հաղթություն պարգևի նրա բազկին:
Մեր աղոթքն է, որ Գաբրիել հրեշտակապետն ավետի մեր ազգի նոր սերունդի ծնունդը, ում երակներում խտացած կլինեն նախնյաց ավանդը, մարտիկի ոգին, հավատի լույսը, ով կապրի ոչ թե հարաբերական, այլ ավագ եղբայրների կողմից կերտված կայուն խաղաղության պայմաններում, նորի ու լուսավորի հանդեպ լցված լավատես ակնկալիքներով:
Բոլորիս միասնական աղոթքով թող երկնավոր զորքերի բարեխոսությունն ու պահպանությունը միշտ լինի մեր երկրավոր զորքի հետ: Թող Տիրոջ առատ օրհնությունը լինի մեր բանակը կազմող յուրաքանչյուր անձի` ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը. այսօր և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Օրհնությամբ`

ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Աղբյուր՝ www.armchaplain.com